Մարտական եղբայրության մեկ տարին

Իրականացված ծրագրերը և հետագա քայլերը

Սեպտեմբերի 2-ին լրանում է «Մարտական եղբայրություն» միաբանության առաջին հրապարակային հայտարարության մեկ տարին:

Սեպտեմբերի 2-ին լրանում է «Մարտական եղբայրություն» միաբանության առաջին հրապարակային հայտարարության մեկ տարին:

Այս առիթով ճիշտ ենք համարում ներկայացնել անցած մեկ տարվա մեջ մեր գործունեության համառոտ հաշտետվությունը:

I

Մարտական եղբայրության իրականացված ծրագրերը (2021-ի սեպտեմբեր-2022-ի սեպտեմբեր)

1 Մարտական պարապմունքներ

Վեցամսյա մարտական պարապմունքների կուրսը՝ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետ համագործակցաբար:

Նույն համագործակցության շրջանակներում սկսվեց նաև մարտական պարապմունքների բազայի կառուցումը՝ համատեղ օգտագործման համար:

Մարտական պարապմունքների կուրսը, որն իրականացվում է «Մեծն Տիգրանի» բազմամյա փորձի հիման վրա մշակված ծրագրով տևում է 6 ամիս՝ ներառնելով շաբաթը երեքական պարապմունք:

Սրանց մեջ մտնում են տակտիկական–դաշտային, դասարանային–տեսական և կրակային պարապմունքները:

**Ավելի մանրամասն ` **«Մարտական եղբայրության» մարտական պարապմունքները:

Տեսանյութերը տեղադրված էն մեր յութուբ ալիքում՝

2 «Պատերազմ և գրականություն» ծրագիր

Ծրագրի հիմնական նպատակն է 2016 և 2020 թվականի պատերազմների մասնակիցների գեղարվեստական ստեղծագործությունների, հուշագրությունների և այլ նյութերի հրապարակումը, տարածումը և մեդիա աջակցությունը:

Որպես ծրագրի առաջին հրապարակում պատրաստվել է 2020 թվականի մասնակից Ալբերտ Մկրտչյանի «Հրետանավորի օրագիրը» («Անտարես» հրատարակչության և «Կողբ» հիմնադրամի հետ համագործակցաբար), որի հրապարակման ծախսը հավաքվել է հանրային հանգանակությամբ: Գիրքը հրապարակվել է 2022-ի հուլիսին, իսկ շնորհանդեսը տեղի կունենա 2022-ի սեպտեմբերի մեջ:

Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև «Գրական մրցույթի» կազմակերպումը, որի մասին կհայտարարվի մոտ շրջանում:

Տես նաև՝ «Պատերազմ և գրականություն» ծրագիրը:

Հարցազրույց Ալբերտ Մկրտչյանի հետ`

Աշխատանք է տարվում առնվազն ևս երկու գրքի հրապարակման ուղղությամբ:

3 Հայ քաղաքական մտքի գրադարան

«Կողբ» կրթութան, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի հետ համատեղ «Մարտական եղբայրությունն» իրացնում է «Հայ քաղաքական մտքի գրադարան» նախագիծը: Շարքի հիմնական խնդիրներից է՝ «հրապարակել եւ վերահրատարակել հայ քաղաքական հիմնականում մոռացված գործերը՝ որպես առանցք ունենալով անկախության գաղափարի ձեւակերպման և զարգացման փուլերը»:

Որպես շարքի առաջին հատոր ընտրված է իր ժամանակին հայտնի գործիչ և գաղափարախոս Ռուբեն Դարբինյանի (1883-1968) « Ռուսական վտանգը » երկերի մոտ 500-600 էջանոց ժողովածուն: Հատորն ընդգրկելու է հեղինակի մեծ և փոքր երկերը՝ 1910-ականներից մինչև 1960-ականներ, բոլորն էլ միավորված մեկ առանցքի՝ Հայաստանի անկախության գաղափարի շուրջ:

Այս պահին ընթանում է գրքի համար նյութերի հավաքման, թվայնացման, խմբագրման, ինչպես նաև անհրաժեշտ ծանոթագրություններ կազմելու փուլը: Հավանաբար գիրքը պատրաստ կլինի հրապարակման մինչև 2022-ի վերջ-2023-ի սկիզբ: Ըստ նախնական պայմանավորվածության այն կհրապարակվի «Անտարես» հրատարակչությունում:

«Հայ քաղաքական մտքի գրադարանը» շարունակական է լինելու , և այսօրվանից արդեն նախագծվում է հաջորդ հատորների բովանդակությունը:

Ավելի մանրամասն՝ «Քաղաքական մտքի գրադարան» նախագիծը:

4 «Զինված ժողովուրդ» հայեցակարգը

Պատրաստվել, հրապարակվել և քննարկման են դրվել «Զինված ժողովուրդ» հայեցակարգի նախնական դրույթները, որոնք վերաբերում են Հայաստանի պաշտպանության ոլորտի արմատական բարեփոխմանը , և հիմնված են լայն համաշխարհային և ազգային փորձի վրա:

Այս հարցի շուրջ «Մարտական եղղբայրության» նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք քննարկում, որին մասնակցեցին տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ և հետաքրքրված անհատներ:

Զինված ժողովուրդ հայեցակարգի նախնական դրույթների հետ կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝ «Զինված ժողովուրդ հայեցակարգ» :

Տես նաև այստեղ. «Պատմական բոլոր խոշոր հաջողությունները կապված են զինված ժողովուրդ սկզբունքի հետ»:

Առաջիկայում պատրաստվում ենք շարունակել և լայնացնել պաշտպանության ոլորտի վերաբերյալ առաջարկների, ծրագրերի և նախագծերի ներկայացման գործը:

5 Պատերազմի մասնակիցների ձայնը լսելի դարձնել

Իր գործունեության մեկ տարվա ընթացքում «Մարտական եղբայրությունը» փորձել է իր հնարավորությունների սահմաններում անել ամեն բան, որպեսզի պատերազմի մասնակիցների ձայնը լսելի դառնա ինչպես բուն պատերազմի մասին քննարկումներում, այնպես էլ ընդհանրապես քաղաքականությանը, անվտանգությանը, պաշտպանությանը և այլ ոլորտներին վերաբերող կարևորագույն հարցերում: Մենք կարևորում ենք, որ պատերազմի և անվտանգության մասին խոսույթը դադարի լինել մի խումբ խոսացող գլուխների՝ խոշոր կուսակցությունների ներկայացուցիչների, փորձագետների և այլ «իմաստունների» մենաշնորհը:

Այս նպատակին հասնելու համար նախաձեռնել ենք և մասնակցել ենք տասնյակ հարցազրույցների, որոնց մասնակցել են և՛ «Մարտական եղբայրության» անդամները, և՛ պատերազմի այլ մասնակիցներ :

«Մարտական եղբայրության» անունից տարածվել են բազմաթիվ հայտարարություններ ՝ գաղափարական, քաղաքական, անվտանգության հարցերի վերաբերյալ, որոնք արտահայտում են մարտական եղբայրների տեսակետները:

Նույն նպատակին է ծառայում և մեր գրական ծրագիրը:

Այս պահին մենք կարողացել ենք միավորել մեր շուրջ պատերազմի գաղափարական մարտիկների մի կորիզ, և նպատակ ունենք լայնացնելու այն՝ կազմակերպություններ ստեղծելով ամբողջ Հայաստանի տարածքով:

Մենք նաև շնորհակալ են այն լրատվամիջոցներին, որոնք հատկապես ակտիվ համագործակցեցին մեզ հետ, ինչպես նաև մեր հայտարարությունները տարածողներին: Կոչ ենք անում մյուս լրատվամիջոցներին ևս ավելի ակտիվ լինել՝ պատերազմի մասնակիցների ձայնը լսելի դարձնելու գործում՝ անընդատ նույն դեմքերին խոսեցնելու և լսեցնելու փոխարեն:

6 Արշավներ

Անցած մեկ տարվա ընթացքում կազմակեպել ենք մի քանի արշավներ Հայաստանի տարբեր նշանավոր վայրեր, որոնց մեջ՝ Տափերական ամրոցը Վեդիի տարածաշրջանում Հայաստանի անկախության 30-ամյակին, Նժդեհի գերեզմանը Եղեգնաձորի Սպիտակավոր եկեղեցում Մեծ Եղեռնի հերթական տարելիցին, Տիգրանաշեն (Քյարքի) և Դժոխքի ձոր ՝ մայիսի 28-ին և այլն:

Մեր արշավների թիրախն են Հայաստանի առանցքային հոգևոր և մարտական-ռազմավարական կետերը: Նպատակն է՝ երկրի կենդանի զգացողությունը, հոգևոր, հոգեբանական և մարտավարական պատրաստությունը, բացօդյա քննարկումները:

Առաջիկայում նախատեսում ենք լայնացնել մեր արշավային ծրագրերը:

7 Մեդիա

Բացի մեր ֆեյսբուքյան էջից, որը պարբերաբար թարմացնում ենք՝ ներկայացնելով մեր տեսակետներն ու նորությունները մեր մասին, ստեղծել ենք նաև մեր յութուբյան ալիքը և «Վահագն» կայքը , որը պետք է դառնա մեր «պաշտոնաթերթը»:

Երկուսն էլ դեռ զարգացման փուլում են, և առաջիկայում նախատեսում ենք ավելի ակտիվորեն թարմացնել դրանք, այդ թվում էքսկլյուզիվ նյութերով:

8 Համագործակցություն

Մեկ տարվա մեջ անցկացրել ենք հանդիպումներ և քննարկումներ տարբեր կազմակերպությունների և անհատների՝ գործիչների, փորձագետների հետ, որոնց մի մասի հետ մշակել ենք համագործակցության տարբեր՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ ձևաչափեր:

Մեր լավ ընկերներներից են ՝ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը, «Կողբ» հիմնադդրամը, «Բարձունք» ՀԿ-ն և շատ ուրիշներ, որոնց հետ համատեղ նախագծերը մասամբ արդեն ներկայացրել ենք: Մեր համագործակցության ցանկն ու ցանցը նախատեսում ենք հետևողականորեն լրացնել նաև ապագայում:

«Կողբ» հիմնադրամի հետ 2021-ի դեկտեմբերի 23-ին «Մարտական եղբայրությունը» ստորագրել է փոխըմբռնման հուշագիր կրթության ոլորտում համագործակցելու և համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Այս հուշագրով կողմերը մասնավորապես պայմանավորվեցին համագործակցել քաղաքական փիլիսոփայության ոլորտում, ինչպես նաև համատեղ ջանքերով իրացնել «Հայ քաղաքական մտքի գրադարան» շարքի հրապարակումը: Ավելի մանրամասն տես այստեղ:

9 Հավելյալ ծրագրեր

Թեև ոչ «Մարտական եղբայրության» անունով, սակայն, «Մարտական եղբայրության» գաղափարների և նպատակների շրջարկում են Եղբայրության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանի նախագծերից՝

«Ռուս-թուրքական վանդակ» հաղորդաշարը`

«Քաղաքական տեսություն» հաղորդաշարը`

II

Հետագա ծրագրերը՝ մինչև 2023-ի սեպտեմբեր

Ճիշտ է, անցած մեկ տարվա մեջ հասցրել ենք իրականացնել մեր ծրագրավորվածի մի մասը միայն , սակայն, տրամադրված ենք ակտիվ և հետևողական շարունակելու ու ծավալելու մեր գործը:

Մոտակա ամիսներին իրականացվելիք ծրագրերի և նախագծերի ցանկում են հետևյալները.

1 Անվտանգության և պաշտպանության ոլորտներում

Ռազմական պատմության և ռազմական տեսության դասընթացներ : Այս ծրագիրը նախնական մշակման փուլում է:

Ավելի երկարատև հեռանկարում՝ «Ռազմական գրադարան» (ռազմական պատմության և ռազմական տեսությանը վերաբերող լավագույն գրականության թարգմանություն հայերեն), ինչպես նաև «Ռազմապատմական հանդեսի» հրապարակում:

«Զինված ժողովուրդ» հայեցակարգի հետագա մշակում , որն ի վերջո պետք է հիմք դառնա պաշտպանության համակարգի բարեփոխման փիլիսոփայության ծրագրի:

Պատերազմի պատմություն նախագիծը : 2020 թվականի պատերազմին վերաբերող դաշտային նյութի հավաքում և ուսումնասիրություն:

2 Գաղափարական և քաղաքական ոլորտներում

Հայաստանակենրոն (հակակողմնորոշումային) ազգայնական գաղափարախոսության հետագա մշակումը, քարոզը և ներկայացումը

Անկախության գաղափարի քարոզչությունը

Ելքի ծրագրի մշակումը և մաս առ մաս ներկայացումը: Ելքի ծրագիրը պետք է ոլորտ առ ոլորտ ուղենիշներ ներկայացնի Հայաստանը պարտության հետևանքներից դուրս բերելու ուղղությամբ

Ազգային հեղափոխության հայեցակարգի մշակումն ու ներկայացումը

Արտաքին քաղաքականությանը վերաբերող հայեցակարգեր և քննարկումներ:

Քաղաքական փիլիսոփայության ոլորտում նախագծերի մշակում և իրականացում: Հատկապես քաղաքական բանականության, քաղաքական ռացիոնալիզմին նվիրված դասախոսությունների, հաղորդաշարերի և այլ ձևաչափերի պատրաստում

3 Մյուս ոլորտներում

Հոգևոր ոլորտում: Այցելություններ և արշավներ Հայաստանի պաշտամունքային վայրեր, ծեսերի և տոների կազմակերպում, հին հայկական հավատքի, ինչպես նաև քրիստոնեության և Հայաստանում ծագած ու զարգացած այլ հոգևոր ուսումքների արժեքների ուսումնասիրություն և արծարծում:

«Պատերազմ և գրականություն» նախագծի շարունակություն և ընդլայնում: Գրական մրցույթների կազմակերպում:

Պատերազմի մասնակիցների իրավունքների պաշտպանություն : Այսօր պատերազմի մասնակիցները այլևայլ խոչընդոտների են հանդիպում առողջապահական, սոցիալական և այլ ոլորտներում: Միայն համակարգված և համատեղ ջանքերով է հնարավոր դրանց լուծում տալ:

Մարզական պարապմունքների կազմակերպում:

Կազմակերպչական ոլորտում

Ծավալում և կազմակերպում Հայաստանի մարզերում

III

«Մարտական եղբայրություն» միաբանության մասին հղումներով

Մեր Հավատամքը

Մեր հիմնադիր փաստաթուղթը

Նախաձեռնող խմբի հայտարարություն

Մարտական եղբայրության Երդումը

«Պայքարը հանուն անկախության շարունակվում է»

«Պարտությունը վերածել հաղթանակի»

Մեր մասին համառոտ

Նաև կարող եք ծանոթանալ մեր գաղափարներին , քաղաքական դիրքորոշումներին , պաշտպանության ոլորտի մասին պատկերացումներին:

Social