«Մարտական եղբայրություն» միաբանության մասին
«Մարտական եղբայրություն» միաբանությունը գաղափարական մարտական միություն է:
Այն մտահղացվել է և ձևավորվել 2021 թվականի ամռանը՝ հուլիս-օգոստոս ամսիներին տեղի ունեցած հիմնադիր կորիզի քննարկումներում, և հրապարակայնորեն հռչակվել է 2021-ի սեպտեմբերի 2-ին, ինչպես նաև 2020-ի պատերազմի մեկ տարվան նվիրված Մարտական եղբայրության հիմնադիր հավաքում, որը տեղի ունեցավ 2021-ի սեպտեմբերի 26-ին Սարդարապատում:
Մարտական եղբայրության հիմնադիր անդամների կորիզը՝ 2020 թվականի պատերազմի մասնակիցներն են, սակայն անդամությունը սահմանափակված չէ միայն պատերազմի մասնակիցներով:
Մյուս կողմից՝ պատերազմի մասնակից լինելը բավարար պայման չէ Մարտական եղբայրության անդամ լինելու համար՝ եղբայրությունը պատերազմի մասնակիցների «արհեստակցական միություն» չէ: Միաբանության մաս լինելու պարտադիր պայմաններից է գաղափարականը, որի սկզբունքները շարադրված են Մարտական եղբայրության հիմնադիր փաստաթղթերում:
Մարտական եղբայրության առավել հիմնական գաղափարներն են՝ նախ՝ անմնացորդ նվիրվածությունը Հայաստանի անկախությանը՝ բացառելով որևէ զիջում այդ հարցում:
Երկրորդ՝ պայքար և ինքնապաշտպանություն, որը նշանակում է, որ մեր պայքարն առաջին հերթին մեր ուսերին է, և պետք է վարվի սեփական ուժերի վրա հենքով՝ այդ ուժերի կենտրոնացմամբ և համախմբամբ: Չբացառելով դաշնակցային հարաբերություն որևէ արտաքին ուժի հետ, Մարտական եղբայրության գաղափարաբանությունը շեշտում է նախևառաջ հենքը սեփական ուժի վրա, որի դեպքում է միայն հնարավոր ձեռք բերել իրական դաշնակիցներ:
Մեր նպատակներից ու խնդիրներից են.
Տարածել և քարոզել անկախության և պայքարի գաղափարները
Պայքարել պարտվողականության և ընկճվողականության դեմ
Հայաստանով մեկ միավորել, համախմբել, կազմակերպել կռվող, մարտունակ, գաղափարական որակների կրող մարդկային ներուժը, վերածել այդ ուժը խմբային Նժդեհի
Միավորել պայքարողի ու կռվողի մարտական ուժը, մտքի և գաղափարի զորության հետ՝ կոտրելով մեզանում ամրացած անհեթեթ կարծրատիպերը մտքի և ուժի տարանջատվածության և հակադրության մասին
Այս ամենի հիմամբ ապագայում ձևավորված տեսնել զանգվածային, գաղափարական հզոր շարժում:
Մեր բռնած գործն ու ձևակերպած նպատակները հեշտ չեն, և հենված են բացառապես սեփական կամքի, մտքի և ռեսուրսի վրա, սակայն, մեր սկզբունքն է՝ հեշտ գործերը թողնել հեշտ մարդկանց, իսկ դժվարները ձևակերպել որպես մեր նպատակ:
Համաձայն իր հռչակված նպատակների Մարտական եղբայրությունը հենվելով սեփական ուժերի վրա, և համագործակցելով իր գաղափարակից կառույցների հետ արդեն իրացրել է կամ իրացնում է մի քանի նախագիծ, և պատրաստում է նորերը:
Իր կազմակերպչական սկզբունքով Մարտական եղբայրոթյունը միաբանություն է, այսինքն՝ սովորական կազմակերպություն չէ, առավել ևս կուսակցություն չէ, այլ ավելի նման է միջնադարյան ուխտի, ինչն էլ արտահայտված է անվան մեջ՝ եղբայրություն, միաբանություն:
Դա նշանակում է, որ Մարտական եղբայրության ներքին հարաբերությունները կարգավորվում են բարոյական, արժեքային, հոգևոր սկզբունքներով: Դրա արտացոլումներից է Մարտական եղբայրության անդամի Երդումը:
Մարտական եղբայրության դավանած հիմնարար արժեքներն են քաջությունն է և արիությունը:
Քաջությունը մենք հասկանում ենք այդ բառի հնագույն իմաստով՝ «լավ, ընտիր, առաքինի, ազնիվ, խիզախ» (ըստ Աճառյանի), որը հականիշն է վատությունը՝ «չար, վախկոտ, թույլ, ծույլ»:
Քաջ արմատի այս հին իմաստն այսօրվա լեզուն պահպանել է «քաջ գիտակցել» կապակցության մեջ: «Քաջ գիտակցություն»-ը լավագույն արտահայտում է Մարտական եղբայրության գաղափարական, արժեքային և բարոյական դիրքորոշումը՝ միություն մարտունակ ուժի, գիտակից մտքի և բարձր բարոյականության:
Հետևելով հին հայերենի լեզվամտածողության մեջ արտացոլված սկզբունքներին մենք համարում ենք, որ լավագույն և առավել սթափ գիտակցությունը, այսինքն և միտքը՝ քաջ ու անվախն է, իսկ վախը, թուլությունը, ծուլությունը նույնացնում ենք վատության հետ:
Սրանից էլ բխում են Միաբանության մյուս բարոյական արժեքները՝ նվիրվածություն, հավատարմություն, ասպետականություն, կենսասիրություն, համարձակություն, ժուժկալություն, սառնասրտություն, իսկ հայ ազգի և նրա անկախության հակառակորդների ու դավաճանների դեմ, ինչպես նաև հանուն անկախության պայքարում՝ անողոքություն, ազնիջողականություն, վճռականություն:
Մենք համարում ենք, որ մեր պայքարն ու մեր պատերազմը չի ավարտվել, քանի որ և քանի դեռ պայքարը հանուն Հայաստանի անկախության՝ դրա պահպանման և վերանորոգման շարունակվում է: