«Քաղաքական մտքի գրադարան»

Մարտական եղբայրություն միաբանության նախագիծ

Որպես շարքի առաջին հատոր ընտրված է իր ժամանակին շատ հայտնի գործիչ և գաղափարախոս Ռուբեն Դարբինյանի (1883-1968) «Ռուսական վտանգը» ընդհանուր անունեվ երկերի մոտ 500-600 էջանոց ժողովածուն: Հատորի անվանումը արտացոլում է դրա առանցքներից մեկը կազմող հոդվածաշարի (հետագայում որպես գրքույք տպված) անունը, սակայն, հատորի բովանդակությունը շատ ավելի մեծ է լինելու՝ ընդգրկելով հեղինակի մեծ և փոքր երկերը՝ 1910-ականներից մինչև 1960-ականներ, բայց բոլորն էլ միավորված ի վերջո մեկ առանցքի՝ Հայաստանի անկախության գաղափարական հիմնավորման շուրջ

2021 թվականի դեկտեմբերի 23-ին «Մարտական եղբայրության» և «Կողբ» կրթութան, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի միջև ստորագրվեց «Փոխըմբռնման հուշագիր», որտեղ ի մասնավորի կողմերը պայմանավորվեցին «քաղաքական փիլիսոփայության ոլորտներում համագործակցության և համատեղ ջանքերով «Հայ քաղաքական մտքի պատմություն» շարքի գրքերի հրատարակման համար»:

Ի կատարում այս պայմանավորվածության իրացվում է «Հայ քաղաքական մտքի գրադարան» նախագիծը, որի շրջանակներում կողմերը համագործակցում են նաև «Անտարես» հրատարակչության հետ:

Շարքի հիմնական խնդիրներից է՝ «հրապարակել եւ վերահրատարակել հայ քաղաքական և հասարակական մտքի հիմնականում մոռացված գործերը՝ որպես առանցք ունենալով անկախության գաղափարի ձեւակերպման և զարգացման փուլերը»: Շարքը նախագծելիս մենք հիմնվել ենք այն մտքի վրա, որ «Իրականությունն … այն է, որ քաղաքականը եւ քաղաքական միտքը ոչ միայն հոգևորի, մշակութայինի անբաժան, հարազատ եւ ոչ ստորադաս մասն է, այլեւ հենց ինքն է պայմանավորում և ստեղծում «հոգեւորը» Պայմաններն ու հանգամանքները, որոնցում ծաղկում կամ անկում է ապրում «հոգեւորը» ստեղծվում են քաղաքականության կողմից» և որ «Հանրությունը, որը չունի քաղաքական միտք՝ չկա որպես ինքնիշխան, ինքն իրեն կառավարող, ինքն իր համար խնդիրներ եւ նպատակներ սահմանող, այլ կա միայն որպես գաղութային կցորդ, դեկորացիա, հոգեւոր գավառ: Իսկ այսպես կոչված հոգեւորն առանց քաղաքականի դառնում է թուլության, սեփական խեղճության արդարացման հոմանիշ՝ իբր քաղաքականապես թույլ ենք, բայց մշակութապես հզոր ենք»:

Շարքի հրատարկան հիմքում ընկած է նաև այն միտքը, որ «բավական չէ սոսկ հին գործերի վերահրապարակումը: Խնդիրն այն է, որ վերահարպարակվածը դառնա այսօրվա, ներկայի կենդանի մաս: Այսպես սահմանված նպատակի համար պետք է հատուկ ծրագրով իրականացվող գործ: Նախ՝ պետք է լինեն ոչ թե առանձին, իրար հետ չկապված, տարբեր ձեւաչափերով ու մոտեցմամբ իրականացված հրատարակություններ, այլ միասնական հղացքով, միասնական մոտեցմամբ, միասնական ծրագրով իրականացվելիք շարունակական գրաշարք»:

Այս նպատակից ելնելով մտահղավցել են շարքի առաջին մի քանի հատորները, որոնց մեջ կլինեն 19-20-րդ դդ.-ի տարբեր ուղղությունների հայ քաղաքական մտքի հիմնականում մոռացված կամ միայն նեղ շրջանակներում հայտնի հեղինակների գործերը:

Որպես շարքի առաջին հատոր ընտրված է իր ժամանակին շատ հայտնի գործիչ և գաղափարախոս Ռուբեն Դարբինյանի (1883-1968) «Ռուսական վտանգը» ընդհանուր անունեվ երկերի մոտ 500-600 էջանոց ժողովածուն: Հատորի անվանումը արտացոլում է դրա առանցքներից մեկը կազմող հոդվածաշարի (հետագայում որպես գրքույք տպված) անունը, սակայն, հատորի բովանդակությունը շատ ավելի մեծ է լինելու՝ ընդգրկելով հեղինակի մեծ և փոքր երկերը՝ 1910-ականներից մինչև 1960-ականներ, բայց բոլորն էլ միավորված ի վերջո մեկ առանցքի՝ Հայաստանի անկախության գաղափարական հիմնավորման շուրջ: Չնայած նրան, որ Ռուբեն Դարբինյանն եղել է իր ժամանակի և միջավայրի առավել հայտնի գործիչներից և քաղաքական հրապարակախոսներից, սակայն շատ հատկանշական է, որ նրա երկերի որևէ լիարժեք ժողովածու չի հրապարակվել նրա մահվանից հետո ո՛չ սփյուռքում, ո՛չ հայրենիքում: Սփյուռքում որպես Երկեր հրապարակվել են միայն հուշերը, իսկ Հայաստանում՝ «Ռուսական վտանգը» գրքույքը՝ 1990-ականների սկզբին, որը վաղուց մոռացվել է:

Ռուբեն Դարբինյանի անունն այսօր գրեթե հայտնի չէ նեղ շրջանակներից դուրս, և սա չնայած նրան, որ Ռուբեն Դարբինյանը եղել է Դաշնակցության ղեկավար գործիչներից՝ Բյուրոյի անդամ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (հակաբոլշևիկյան պայքարի առավել թեժ ամիսներին, 1920-ի գարնանից), Փետրվարյան ապստամբության փաստացի ղեկավարներից:

Նա խմբագրել է ՀՅԴ բոլոր առավել կարևոր թերթերն ու պարբերականները՝ 1920-ին Երևանի «Հառաջը» (փաստացի ՀՀ գլխավոր թերթը), 1921-ի փետրվարյան ապստամբության Փրկության Կոմիտեի պաշտոնաթերթ «Ազատ Հայաստանը», ապա Սփյուռքում մինչև իր կյանքի վերջ (այսինքն՝ 40 տարուց ավելի)՝ «Հայրենիք» օրաթերթը և «Հայրենիք» ամսագիրը՝ այդ թվերի Դաշնակցության երկու առավել կարևոր պարբերականները: Բացի այդ նա ժամանակին աշխատակցել կամ խմբագրել է «Ազատամարտ», «Գործ» և այլ պարբերականներ:

Փաստացի՝ 1920-ից սկսած նա եղել է Դաշնակցության հիմնական գաղափարախոսը և գլխավոր ինտելեկտուալներից մեկը: Մասնավորապես նրան կարելի է համարել 1921-ի հակասովետական փետրվարյան ապստամբության գաղափարախոսը:

Տասնամյակների ընթացքում լինելով առավել կարևոր պարբերականների աշխատակից և խմբագիր, հասկանալի է, որ Ռուբեն Դարբինյանը հեղինակել է բազմաթիվ հոդվածներ: Դրանց մեջ, բացի Ռուսական վտանգը շարքից առավել հայտնի է «Հայ քաղաքական մտքի դեգերումները» շարքը («Հայրենիք» ասմագրում 1923 թ.): Բայց բացի այս և մյուս առավել ծավալուն հոդվածաշարերից, նա ամենօրյա ռեժիմով անդրադարձել է օրվա քաղաքական խնդիրներին իր խմբագրականներում, որոնք արդեն միայն դրանով հայոց պատմության կարևոր մասն են՝ անմիջական արձագանքը լինելով այնպիսի իրադարձությունների ինչպիսիք էին հայ-թուրքական պատերազմը, Կարսի անկումը, Փետրվարյան ապստամբությունը, Լոզանի պայմանագիրը և այլն, և այլն:

Կարծում ենք, ուշադիր ընթերցողը ինքը կարող է գուշակել, թե ինչու այդքան կարևոր դիրքեր զբաղեցրած և այդքան բեղմնավոր հեղինակը մոռացված է նույնիսկ և հատկապես իր իսկ հարազատ կուսակցության կողմից, և ինչու անվանապես անկախ Հայասատնում 30 տարի ոչ մի համակարգված ջանք չի գործադրվել նրա անունը հայտնի դարձնելու համար:

Այդ առումով չափազանց կարևոր ենք համարում հենց ներկա իրավիճակի մեջ «Ռուսական վտանգը» հատորի հրապարակումը, որը կլինի ոչ թե 1990-ականների սկզբիբ մի խումբ հայրենասերների կողմից արված հրատարակման սոսկ վերահրատարակումը, այլ հարստացած բազմաթիվ նոր նյութերով և համարժեք նախաբանով ու ներածականով:

Ռուբեն Դարբինյանի հատորի պատրաստությունն ընթացքի մեջ է, և հավանաբար գիրքը պատրաստ կլինի հրապարակման մինչև 2022-ի վերջ:

Social