«Մարտական եղբայրություն» նախաձեռնող խմբի հայտարարությունը (2021 09 02)
Հայ ժողովրդի պայքարը հանուն իր ազատության և անկախության շարունակվում է, և դրա ելքը դեռ վճռված չէ
Ա. Իրավիճակի գնահատականը
Պատերազմը շարունակվում է
Չհայտարարված պատերազմը Հայաստանի դեմ շարունակվում է:
Չնայած լայնածավալ ռազմական գործողություններ չկան, բայց պատերազմը շարունակվում է սահմանային անընդհատ լարվածությամբ և միջադեպերով:
Նշանակում է՝ նույնիսկ պարտության և ծանր կորուստների գնով չենք ստացել խոստացված խաղաղությունն ու կայունությունը:
Նշանակում է, որ մեր դեմ գործող ուժերը չեն հասել իրենց վերջնական նպատակներին: Նշանակում է, որ հայ ժողովրդի պայքարը հանուն իր ազատության և անկախության շարունակվում է, և դրա ելքը դեռ վճռված չէ:
Շարունակվող պատերազմի նպատակը հայ ժողովրդին վերջնականապես ծնկի բերելն է, զրկելն է ինքնիշխանության՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի նույնիսկ այն մնացորդներից, որոնք դեռ պահպանվել են այսօր:
Պարտության պարազիտները
Հարցականի տակ է դրված հայոց պետության դիմադրողականությունը, ինքնապաշտպանության կարողությունը, որը ցանկացած պետության հիմքերի հիմքն է:
Ի հեճուկս ճակատագրական այս իրավիճակի՝ Հայաստանի խոշոր քաղաքական միավորները չունեն լուծումներ, չունեն ասելիք և պատերազմից նույնիսկ մեկ տարի անց ի զորու չեն եղել ներկայացնել Հայաստանի փրկության և ելքի ծրագիր: Օտարամոլ, թույլ, և անմիտ՝ նրանք ապացուցել են իրենց անպետքությունը երկրին և ժողովորդին:
Ավելին՝ կազմակերպված փորձ է արվում տարբեր արտաքին և նրանց ծառայող՝ ներքին ուժերի կողմից պարտությունը վերածել Հայաստանի գոյակերպի, աշխարհայացքի և գաղափարախոսության՝ պարտությունը ներկայացնելով իբրև անխուսափելի և անշրջելի իրողություն, որի հետ հայ ժողովուրդը պետք է հաշտվի հավետ՝ հրաժարվելով այդպիսով իր ազատությունից և անկախությունից:
Բ. Ի՞նչ է անհրաժեշտ
Դիմադրության կորիզ
Այս իրավիճակում անհրաժեշտ է ուժի բևեռացում, հանրային առողջ բջիջների ինքնակազմակերպում, քայլ առ քայլ համախմբում:
Պետք է ձևավորվի և ամրանա դիմադրության կորիզը, որը կմարմնավորի Հայաստանի վերածնունդը, և որի դավանանքը կլինի՝ հավատ և հենք սեփական ուժերին և հրաժարում հայկական վերնախավերի օտարամոլ, քաղքենի էությունից: Պետք է նո՛ր հավատքի, նո՛ր վճռականության և նո՛ր պայքարի դրոշ բարձրացվի:
Կռվողը չի պարտվել
Ուժի նման բևեռացումը, դիմադրողականության կորիզի ձևավորումը լավագույնս հնարավոր է 2020 թվի պատերազմի մասնակիցների միջավայրից:
Հայ ժողովուրդը և նրա կռվող զավակները չեն պարտվել պատերազմում:
Պարտվել է պետությունը, վերնախավերը, բարձրաստիճան սպայության մի մասը, բայց չի պարտվել մինչև վերջ կռվող զինվորը, սպան, կամավորը, նա ով չի լքել իր դիրքը, չի ընկճվել կորուստներից ու զոհողություններից:
Նա սեփական աչքով տեսել է դառն ու դաժան իրականությունը՝ պետության անկարողությունը, բայց նաև իր իսկ պայքարով մարմնավորել է հայ ժողովրդի դիմադրության չմարող ներուժը:
Ո՞վ պետք է լռի և ո՞վ պետք է խոսի
Կռվողի ձայնն այսօր Հայաստանում լսելի չէ: Անվտանգությունից, ինքնապաշտպանությունից, պատերազմից ու խաղաղությունից, մյուս հիմնարար խնդիրներից խոսում են բոլորը, և առավելապես՝ երկիրը պարտության հասցրած վերնախավերը, բայց հազվադեպ՝ բուն կռվի մասնակիցները: Մինչդեռ պիտի լիներ հակառակը. շատերը պիտի լռեին՝ խոսքը տալով պայքարի ծանրությունն առաջին գծում իրենց վրա վերցրածներին:
Գ. Հռչակագիր
Ազգային դիմադրություն
Ելնելով այս իրողություններից և անհրաժեշտություններից՝ հայտարարում ենք «Մարտական եղբայրություն» նախաձեռնության մասին:
«Եղբայրության» նախաձեռնող խմբի անդամների ճնշող մեծամասնությունը 2020 թվականի պատերազմի մասնակիցներն են, որոնց, բացի պատերազմին մասնակցելուց, միավորում են ընդհանուր գաղափարները և արժեքները:
«Մարտական եղբայրությունը» կուսակցական պայքարից դուրս է: Մեր նպատակները՝ բարձրագույն՝ պետական և ազգային, այլ ոչ թե կուսակցական քաղաքականության մակարդակում են՝ ինքնիշխանություն, անվտանգություն, ինքնապաշտպանություն և գաղափարախոսություն:
«Եղբայրությունն» իրեն իրավունք է վերապահում խոսքով և գործով իր դիրքորոշումը հայտնել ազգային և պետական բոլոր խնդիրների վերաբերյալ՝ բացառելով կուսակցական մանր գզվռտոցի մեջ ներգրավվելը:
Միաժամանակ՝ մեր դռները բաց են բոլորի առաջ՝ անկախ քաղաքական ընթացիկ դիրքորոշումից՝ պայմանով, որ ընդունելի են «Մարտական եղբայրության» գաղափարներն ու նպատակները:
Վերջին կայազորը
«Մարտական եղբայրություն» իրեն գիտակցում է որպես հայկականության վերջին կայազոր՝ պատրաստ մինչև վերջ պայքարել հանուն Հայաստանի անկախության և անվտանգության՝ չհանձնվելով նույնիսկ լիակատար մենակության մեջ, և հասնելով իր պայքարի անխուսափելի հաջողությանը:
Վերջին կայազորի համար վտանգը ոչ թե ընկճվելու, այլ համախմբվելու, գործելու և հաղթելու առիթ է:
Այսօր, երբ ոտնակոխ է հայության արժանապատվությունը, «Մարտական եղբայրությունը» պատրաստ է տեր կանգնել երկրի և ազգի պատվին, և ըստ անհրաժեշտության՝ լուծել նաև «թշվառ, անտեր» հայրենիքի՝ «քեն, ոխ և վրեժ»:
Համախմբման կոչ
Նախաձեռնող խումբը կոչ է անում 2020-ի պատերազմի բոլոր մասնակիցներին, որոնց հարազատ են «Մարտական եղբայրություն» գաղափարները, արժեքներն ու նպատակները՝ միանալ նախաձեռնությանը՝ համատեղ ուժերով կառուցելու և զարգացնելու հայկական դիմադրության կառույցը:
«Մարտական եղբայրություն» անդամ կարող են լինել նաև նրանք, ովքեր չեն մասնակցել պատերազմին, սակայն կրողն են Միաբանության գաղափարների ու արժեքների:
Միայն համախմբված՝ ի զորու կլինենք հասնել այն մեծ նպատակներին, որոնք դրված են մեր Հայրենիքի առաջ:
Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամենայն Հայոց աշխարհիս: