Համագործակցության սկզբունքների հարցը
Քաղաքական խմբի հավաք
Շաբաթ օրը՝ հուլիսի 8-ին, տեղի ունեցավ «Մարտական եղբայրություն» միաբանության Քաղաքական խմբի հերթական հավաքը:
Օրակարգում էր հանրային և քաղաքական դաշտի տարբեր խմբերի և անհատների հետ համագործակցության սկզբունքների հարցը:
Խնդիրը ծագել էր գործնական հողի վրա, քանի որ վերջին շրջանում Եղբայրությանը համագործակցության տարբեր առաջարկներ են եղել:
Որոշվեց, որպեսզի ամեն կոնկրետ առաջարկին պատասխանը չլինի տարրերային և սուբյեկտիվ, ունենալ նախապես մշակված, սկզբունքերից բխեցրած, քիչ թե շատ հստակ սահմանելի և որոշման վերածված հիմքեր:
Քաղաքական խմբի անդամներից մեկը ներկայացրեց այն ուժերի ցանկը, որոնց հետ համագործակցությունը բացառվում է կամ հնարավոր է միայն ծայրահեղ դեպքերում:
Նա հիմնավորեց իր առաջարկը մի քանի սկզբունքներով՝ Հայաստանի անկախության նկատմամբ դրսևորած վերաբերմունք, ռուսական քաղաքականության նկատմամբ դրսևորած վերաբերմունք և այլն:
Ըստ այդմ՝ պետք է համագործակցության դաշտից բացառվեն այն ուժերն ու անհատները, որոնց վերաբերմունքն Հայաստանի անկախությանն անվերապահ չէ, նաև այնպիսիք, որոնք անտեսում են «ռուսական խնդիրը»:
Այս առաջարկի շուրջ ծավալվեց բանավեճ:
Առաջարկվեց չափանիշներին ավելացնել ու հատկապես կարևոր համարել 2020 թվականի պատերազմի ընթացքում դրսևորած վարքը:
Ըստ այդ առաջարկի՝ պատերազմի ժամանակ հայ ժողովորդին անվերապահ դիմադրության կոչով հանդես չեկած, ինչպես նաև փաստացի հանձնվելու՝ ռուսական միջնորդությանը դիմելու կոչերով հանդես եկող ուժերը որպես հակապետական պետք է համարվեն «սև ցուցակի» մաս:
Միաժամանակ հեղափոխություն արած ժողովորդին դեպի պարտություն տարած, իսկ այժմ էլ իր քարոզչությամբ պարտությունն արդարացնող իշխանությունը նույնպես պետք է դիտարկվի որպես այդ ցուցակի մաս:
Շեշտվեց, որ խոսքը ոչ թե այս կամ այն ուժի շարքային անդամների մասին չէ, այլ վերնախավերի, այլև՝ ոչ թե ցանկացած շփման, այլ քաղաքական համագործակցության մասին է:
Ի վերջո որոշվեց ընդունել եղած նախագիծը որպես հիմք, և որոշ փոփոխություններով համարել Միաբանության դիրքորոշում՝ համագործակցության հնարավոր առաջարկներին ընդառաջ:
Որոշվեց, որ ցանկալի համագործակցության ցանկը կքննարկվի հաջորդ հանդիպմանը: