30 տարի առաջ և 30 տարի անց
Սև ամոթը, կորցրած պատիվը և նորից ուժեղ դառնալու խնդիրը
Ուղիղ 30 տարի առաջ
1992-ի ամռան վերջին-աշնան սկզբին՝ Առաջին արցախյան պատերազմի ամենա ծանր շրջանն էր:
1992-ի ամառային հարձակման արդյունքում թուրքերը գրավել էին Լեռնային Ղարաբաղի մոտ 50 տոկոսը: Սեպտեմբերի առաջին օրերին ճակատի գիծը հյուսիսում անցնում էր Գանձասար-Չլդրան ուղղությամբ: Ոչ միայն Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մեծ մասը, այլև Ասկերանի, Մարտունու, Հադրութի շրջանի բավականին զգալի հատվածներ թուրքերի հսկողության տակ էին:
Աշնանը թուրքերը փոխեցին հարձկաման հիմնական ուղղությունը, և սկսեցին գրոհել Լաչինի միջանցքի ուղղությամբ: Թուրքերը գրոհեցին Լաչինի միջանցքը միաժամանակ և՛ հյուսիսից, և՛ հարավից: Հատկապես հոկտեմբերի առաջին կեսին Լաչինի ուղղությամբ մարտերը թեժացան՝ թուրքերին հաջողվեց որոշ հատվածներում հասնել Լաչինի ճանապարհին, բայց հայկական հակահարվածը հետ շպրտեց նրանց: Սրանից հետո՝ ճակատը քիչ թե շատ կայունացավ, պատերազմը վերածվեց ավելի շատ դիրքայինի՝ մինչև 1993-ի հայկական խոշոր հակահարձակումները:
30 տարի առաջ դրությունը շատ ծանր էր. շատերի համար Արցախն արդեն կորած էր համարվում, հայկական վերահսկողության տակ մնացել էր նախկին ԼՂԻՄ տարածքի մոտ 50 տոկոսը, ամեն բան մազից էր կախված, և պարտությունը թվում էր շատ մոտ:
Եվ եթե պարտության հեռանկարը շրջվեց հաղթանակի հեռանկարի, ապա, դրա գլխավոր պատճառն այն է, որ ծանր, անդառնալի թվացող անհաջողությունները չբերեցին ընկճման, ներքին լքման, պայքարողականության վերացման:
Իսկ դա այդպես եղավ, որովհետև ռազմական գործողությունների հիմքում դեռ ամուր էր զգացվում ժողովորդական շարժման շունչը: Արցախի հարցը դեռ չէր հասցրել վերջնականապես վերածվել ժողովորդական հարցից՝ դիվանագիտական կազուիստիկայի:
Սակայն եթե օբյեկտիվորեն ավելի քան հնարավոր ելքը՝ պարտությունը տեղի ունենար 1992-ին, վստահ եղեք, որ պակաս չէր լինի իմաստունների, որոնք կբացատրեին պարտության անխուսափելիությունը, օրինաչափությունը և այլընտրանք չունենալը: Նման փթած իմաստությունների և իմաստունների պակաս երբեք չենք ունեցել, և չենք էլ ունենա: Հակառակի պակասն է միշտ սուր զգացվում:
Ընդ որում՝ նաև ասեմ, որ որքան էլ փթած ներսում, բայց արտաքուստ նրանց փաստարկները լինելու էին համոզիչ, և այսօր լինելու էին գրեթե բոլորի կողմից ընդունված անհերքելի համարվող ճմշարտություններ: Շատ համոզիչ կերպով ապացուցվելու էր, որ այդ պատերազմում հայերն ի սկզբանե դատապարտված էին պարտության:
Դա բարդ չէ ապացուցել, եթե ապացուցման թիրախը կենցաղային բանականությունն է, որը տեղյակ չէ բանականության շատ ավելի բարդ ու բարձր այնպիսի տեսակների մասին, ինչպիսիններից է, օրինակ, պատմական բանականությունը կամ ռազմական գործողությունների ծավալման տրամաբանությունը:
30 տարի անց
2022-ին մենք լքեցինք Լաչինը՝ վերջին նյութական մնացորդը մեր երբեմնի հաղթանակի, որը հասցրեց 30 տարի ապրել, շնչել որպես նորից հայկական դարձած Բերձոր:
Լքեցինք անփառունակ, անամոթ, անպատիվ, ինչպես որ մինչ այդ նույն՝ անփառունակ, անամոթ, անպատիվ կերպով թողեցինք Շուշին, Քարվաճառը, մյուսները…..:
Դարերի ընթացքում առաջին անգամ կորուստների փոխարեն մի երկու կտոր հող ավելացնելը մի բուռ մնացած սեփական կենսական տարածքին, 26 տարի ունենալը դա յուրացնելու, շենացնելու, անառիկ դարձնելու համար, բայց ի վերջո նույնիսկ դրա մի մասը չպահելը, այլ նորից կորցնելը՝ անփառունակության, անտաղանդության, անխելքության, ստրկամիտության գագաթնակետ է: Դառն ու անպատմելի ամոթ և խայտառակություն է:
Ամոթ, որն անպայման պետք է վերապրել
Ամոթ, որն անպայման պետք է վերապրել, մինչև դրա սև խորքերը՝ առանց փորձելու փախչել, խուսանավել, արդարանալ: Առանց այդ վերապրման հնարավոր չէ Հայաստանի ապագայի որևէ առողջ հոգեբանական հիմք:
Պարտության արդարացումներ փնտրելը, համարելը պարտությունն անխուսափելի, նշանակում է Հայաստանի ապագայի վրա խաչ քաշել:
Հարցն այն չէ, որ պարտությունը չունի օբյեկտիվ պատճառներ և հիմքեր: Ամեն մի օբյեկտիվ պատճառի վրա, պատրաստ եմ ավելացնել ևս տասը՝ այնքան իրականում շատ են և խորքային օբյեկտիվ պատճառները: Այսինքն՝ խնդիրն այն չէ, որ օբյեկտիվ պատճառներ չկան կամ դրանք անտեսելի են:
Բայց ավելի կարևոր ճշմարտությունն այն է որ ցանկացած լուրջ պայքար, առավել ևս պատերազմ՝ հենց օբյեկտիվ հանգամանքների հաղթահարման ջանք է:
Պայքարի իմաստը հենց դա է:
Եթե չկան նպատակին հասնելու խանգարող բազմաթիվ օբյեկտիվ խոչընդոտներ, ապա ո՞րն է պայքարի իմաստը: Պայքարի խնդիր դրվում է, երբ խնդիրը թվում է դժվար լուծելի, երբ օբյեկտիվ բարդություններն ավելի շատ են քան նպաստող հանգամանքները: Կա՞ սրանից ավելի պարզ միտք:
Պատմական փորձով բազմիցս ապացուցված օրինաչափությունն այն է, որ աշխարհի երեսին գրեթե չկա պատերազմ կամ պայքար, որի ելքը նախապես կանխորոշված լինի: Ցանկացած պայքար, և առավել ևս պատերազմ այնքան բարդ, բազմաշերտ, բազմագործոն երևույթ է, որ ոչ ոք և ոչինչ չի կարող կանխորոշել դրա ելքը: Սա ռազմագիտական գրականության մեջ քննարկված և ընդունված դրույթ է, և Հայաստանի գիտուններն ու իմաստունները չէ, որ իրավունք ունեն սրա հետ վիճելու՝ իրենց նեղ մտահորիզոնով, և կյանքներում մի վայրկյան իսկ ծախսած չլինելով թեմայի լուրջ ուսումնասիրության վրա:
Օրինաչափությունը նաև այն է, որ որևէ պատերազմի ցանկացած ելք՝ պարտություն կամ հաղթանակ պոստֆակտում միշտ էլ առանց մեծ ջանքի բացատրվում է որպես օրինաչափ և օբյեկտիվ՝ սրա հիմքում նույնպես պատերազմ երևույթի բազմաշերտ, բազմագործոն բնույթն է:
Արդարացում չկա և չպետք է լինի պարտությանը:
Ո՛չ արդարացում, ո՛չ ներում: Պարտությունն աներելի մեղք է: Հենց մեղք է, այլ ոչ թե սովորական սխալ: Սա գիտակցելը հոգեբանական անհրաժեշտություն է, նախապայման՝ բոլոր տեսակի ապագա ծրագրերի, գործողությունների, պայքարի: Չի կարելի արդարացնելով սեփական թուլությունը, նորմալ համարելով այն, դառնալ նորից ուժեղ, հաղթող, ինքնիշխան:
Պարտությունն արդարացնողը, դա անխուսափելի համարողը Հայաստանին զրկում է անկախության հնարավորությունից: Որովհետև անկախությունը խոսք չէ, կարգախոս չէ, դատարկ կարգավիճակ չէ, այլ ուժ, բովանդակություն, նյութական շոշափելի երևույթ, պայքար: Թուլության վրա կառուցված անկախություն չի լինում:
Ի՞նչ անել:
Նախքան բոլոր ծրագրերը և մարտավարությունները, պետք է լինի ճիշտ հոգեբանությունը: Եվ ճիշտ հոգեբանությունը, քաջ գիտակցությունը, պետք է հնարավորություն տա տեսնել իրականությունը, իրական աշխարհը:
Իրական աշխարհում պատերազմը մեր դեմ շարունակվում է ու շարունակվելու է՝ ուզենք թե չուզենք: Որովհետև պատերազմի նպատակը Արցախը չէր կամ միայն Արցախը չէր:
Մենք կամ պիտի ընդունենք՝ նորից և արագ ուժեղ դառնալու դիրքորոշումը կամ անընդատ ապրելու ենք ողորմելի նվնվոցի ու սին հույսերի միջակայքում՝ մի օր խուճապի, մի օր էլ անհիմն հուսադրման գիրքն ընկնելով:
Նոյեմբերի 9-ի հռչակագիրը շարունակվելու է կետ առ կետ իրացվել՝ այնպես, ինչպես այդ կետերը մեկնաբանվում են հաղթողների կողմից: Իրացվելու է ուժի նոր կիրառմամբ՝ այնքանի, որքանի անհրաժեշտ կգտնեն հաղթողները:
Լաչինին հետևելու է Զանգեզուրյան միջանցքի հարցը, ինչպես նաև Արցախում հայկական զինված ուժերի հարցը:
Հետո (կամ զուգահեռ) գալու են հարցեր, որոնք դուրս են նոյեմբերի 9-ի թղթից, բայց ի սկզբանե պետք է ընդգրկված լինեին դրա մեջ՝ սահմանազատում, անկլավներ և այլն:
Թե ինչ հարցեր կհետևեն սրանից հետո Ադրբեջանի կողմից, կախված է արդեն իրավիճակից: Օրինակ՝ ինչպես և երբ կդրվի Զանգեզուրի օկուպացիայի խնդիրը:
Հայաստանի անկախության հարցը
Եվ գլխավոր հեռանկարն է մնալու՝ Հայաստանի անկախ կարգավիճակի հարցը: Այս հարցը որոշ չափով հետաձգվել է պայմանովրված ուկրաինական պատերազմի ընթացքով, սակայն, հետաձգումը չի նշանակում վերացում: Նույնիսկ, եթե ռուսները վերջնական անհաջողություն կրեն Ուկրաինայում, դա դեռ չի նշանակում Հայաստանի անկախության փրկություն: Նախ՝ անհաջողության տարբեր չափեր կան՝ միյան կատարյալ ստրատեգիկ պարտությունը կարող է ստիպել Ռուսաստանին հրաժարվել իր նեոսովետական ծրագրից, որը սովորական քմահաճույք չէ, այլ ի վերջո ռուսական պետության ամենա խորքային ներքին մղումը: Մյուս կողմից, մենք այսօր հավասարապես պատրաստ չենք ո՛չ ռուսական հաղթանակից, ոչ էլ պարտությունից բխող սցենարներին: Եվ երկուսի դեպքում էլ պատասխանը նույնն է՝ պետք է նորից դառնանք գոնե նվազագույն ուժային գործոն՝ այլ տարբերակ գոյություն չունի:
Հրանտ