Կռվողի կամքը վերածենք կազմակերպված ուժի

Հրանտ Տեր-Աբրահամյանի ելույթը «Մարտական եղբայրության» հիմնադիր հավաքին Սարդարապատում՝ նվիրված 2020 թվականի պատերազմի մեկամյակին:

Մենք վտանգի իրականությանը հակադրում ենք Վերջին կայզորի գաղափարը: Վերջն կայզորը նա է, ով մեծագույն վտանգի առջև, չի ընկճվում, չի նահանջում, այլև ավելի է համախմբում իր ուժերը, ավելի մեծ հավատով է լցվում, և ի վերջո հաղթում է: Վերջին կայզորը ոչ թե պեսիմիստական, այլ հաղթող գաղափար է: Դա ոչ միայն ռազմական գաղափար է: Ավելի լայն է՝ այսօր պետք է ձգտենք նրան, որ հայ ժողովորդի ամբողջ ներուժը բացահայտվի, վերելք ապրի ի հակադրություն վտանգի: Պետք է ունենանք ուժի, մտքի, ստեղծագորածական վերելք: Պետք է ունենանք վերելք գիտության, արվեստի: Սա պետք է լինի մեր պատասխանը՝ պատրաստ ենք պայքարի և ստեղծագործության: Մեծ նպատակներ պետք է դնենք, որ ելք կերտենք իրավիճակից:

Ողջունում եմ այստեղ հավաքված Մարտական եղբայրներին, հյուրերին, համակիրներին:

Այսօր հավաքվել ենք այս սուրբ մարտավայրում՝ 2020 թվականի անկախության պատերզմի մեկ տարին հիշելու, հիշելու մարտի դաշտում ընկած մեր եղբայրներին: Միաժամանակ՝ ապրողներով հաստատելու պայքարի կամքը, դիմադրության ոգին: Հավաքվել ենք հաստատելու մի քանի պարզ, բայց կարևոր ճշմարտություններ:

1. Կռվողը չի պարտվել

Աառաջինը, հավաքվել ենք հաստատելու, որ կռվողը չի պարտվել:

Պատերազմում պարտվել է պետական ապարատը, քաղաքական ղեկավարությունը, քաղաքական վերնախավերը, ռազմական ղեկավարությունը:

Բայց չի պարտվել կռվողը՝ նա ով չի նահանջել, պայքարել է մինչև վերջ, պահել է իր դիրքը՝ սպան, զորակոչիկը, կամավորը: Խոսքը հենց մինչև վերջ կռվողի մասին է՝ բոլորս էլ հասկանում ենք, որ եղել են նաև դասալքության, խուճապի դեպքեր: Ի դեպ, դրան մեղքի առյուծի բաժինը նույնպես ղեկավարությանն է, որովհետև պատերազմների ժամանակ ճակատաի կազմակերպումն ապահովելը ղեկավարության թիվ մեկ խնդիրն է:

Կռվողը չի պարտվել, ու չի էլ կարող պարտվել: Ինչպե՞ս կարող է մարդը, ով մինչև վերջ շարունակել է իր պայքարը պարտված համարել ինքն իրեն, և այդպիսին համարվել այլոց կողմից:

Չի պարտվել նաև հայ ժողովուրդը: Պատերազմի ժամանակ թիկունքում մնացած ժողովուրդը մեծամասամբ ի հայտ է բերել հավատարմություն իր պետությանը, հավատ իր բանակին, ինքնակազամեկրպման լավ օրինակներ է ցույց տվել: Մինչև վերջին օրը ժողովորդի մեծ մասը հավատարիմ է մնացել, և միայն շատ քիչ մասն է տրվել թշնամական քարոզչությանը: Հայ ժողովորդի մեղքը չէ, որ իր ազգային-պետական համակարգերը համարժեք չգործեցին իրավիճակին:

Հենց այս փաստերից ելնելով՝ կռվող տեսակի անկոտրունությունից, և հայ ժողովորդի հավատարմությունից, պետք է վերագտնենք մեր նոր հավատքը, նոր ուժը, նոր վճռականությունը:

2. Պատերազմն այսօր շարունակվում է

Մենք հավաքվել ենք փաստելու, որ պատերազմն այսօր շարունակվում է: Պատերազմը միայն լայնածավալ ռազմական գործողությունները չեն: Կան պատերազմի տարբեր տեսակներ: Այսօր Հայաստանի դեմ շարունակվում են թշնամական գործողություններ՝ սահմանային սադրանքներ, միջադեպերի, ճնշման այլ ձևերի միջոցով: Սա նույնպես պատերազմ է՝ ոչ ինտենսիվ պատերազմ: Սա պետք է անպայման գիտակցել, որովհետև այս պատերազմում նույնպես դրված է՝ հաղթել թե՞ պարտվել հարցը:

Խաղաղություն չենք ստացել: Չեինք էլ կարող ստանալ: Որովհետև նպատակն ի սկզնանե խաղաղությունը չէր՝ ո՛չ թշնամու, ո՛չ մյուս ներգրավված ուժերի: Նման նպատակ չի եղել ո՛չ մինչև պատերազմը, ո՛չ պատերազմի ընթացքւոմ, ո՛չ էլ պատերազմից հետո: Դա այժմ պարզ պետք է լինի բոլորին, ակնառու:

Հիմա էլ չկա էդպիսի նպատակ: Կա նպատակ՝ վերաձևավորելու տարածաշրջանը, և ամեն մեկը փորձում է պոկել այնքան, որքան կարող է: Եթե ուժ չցուցադրենք, եթե ռեալիստորեն, սառնասրտորեն չգնահատենք իրավիճակը, կմնանք նորից որբ ու անտեր:

Հենց պատերազմի շարունակությունը վկայություն է նրա, որ Հայաստանին վերջնական չեն ջախջախել: Եթե քեզ խփում են, ուրեմն դու կաս: Ուրեմն կան նպատակներ, որոնք դեռ պետք է լուծեն: Ուժի կառումն ինքնանպատակ չի, այլ միջոց է ստիպելու գնալ թշնամու պայմանների: Նշանակում է, թշնամին չի համարում, որ հասել է իր բոլոր նպատակներին՝ նույնիսկ լայնածավալ պատերազմի արդյունքներով:

3. Հույսներս պետք է դնենք նախ մեզ վրա

Մենք հավաքվել ենք հաստատելու, որ հույսներս պետք է դնենք նախ մեզ վրա, առաջին հերթին մեզ վրա: Մարդիկ պետք է ինքնակազմակերպվեն, հույսը դնեն հենց իրենք իրենց վրա, բացահայտեն սեփական ներուժը: Դա անհատից է սկսվում՝ չպետք է սպասել, որ մեկը քանի քո գործը, հետո խմբերից, վերջանում է ազգով:

Շատերն են այսօր նորից հույսները դրել թղթե շերեփի վրա, արտաքին ուժերի վրա: Մեկը, թե հեսա ռուսները կհասկանանա իրենց սխալը, հեսա արդեն հասկացել են: Իբր ռուսներն էլ չգիտեն ինչ են արել ու անում, ու ինչի համար: Իբր ռուսներն են սխալ գործել, ոչ թե մենք: Լավ կլինի, մենք հասկանանք մեր սխալը, որովհետև մենք ենք պարտվել, հետևաբար սխալներ գործել:

Մյուսը, թե Ֆրանսիան հեսա խաչակիր բանակ կուղարկի: Կամ՝ Իրանը Բաքուն կգրավի: Տասնյակ անգամներ այս նույն ձախորդ ճամփեքով անցել ենք մեր պատմության մեջ, բայց դեռ չենք հագենում, չենք հոգնում՝ սերունդ սերնդի հետևից այս նույն հույսերն ունենալուց, թե մեզ՝ առանց մեր ջանքի, մեկը կփրկի:

Բնականաբար մենք պետք է ունենանք արտաքին աջակցություն, ձգտենք դրան: Բայց սկզբունքը պետք է ճիշտ հասկանանք՝ մեզ կօգնեն միայն մեկ պայմանով, եթե դիմադրելու կամք լինի Հայաստանում, եթե տեսնեն այդ կամքը:

4. Զոհվածների զոհողությունն իզուր չէր

Հավաքվել ենք հաստատելու, որ զոհվածների զոհողությունն իզուր չէր: Շատերը՝ թշնամական քարոզչության օգնությամբ դեռ պատերազմի ժամանակ սկսեցին խոսել մսաղացի մասին, գլուխներն ուտելու մասին: Այս առումով մի բան հիշեցնեմ:

Հայ ժողովուրդը մեծագույն կորուստներ է ունեցել վերջին 100-120 տարում: Դրանց ճնշող մեծամասնությունը չի եղել մեր ազգային պայքարի արդյունքում, այլ եղել է կամ օտարի պատերազմներում, կամ կրավորական զոհեր են եղել՝ կոտորածների, ցեղասպանության:

100 հազարից 300 հազար մարդ զոհվել է երկրորդ համաշխարհայինում: Դա եղել է ոչ մեր պատերազմում: Մի սերունդ առաջ էլ մի միլիոն ու կես զոհել ենք Առաջին Համաշխարհայինում, սրան էլ գումարած Անտանտի և Թուրքիայի բանակներում զինվորագրածներին: Նույնիսկ Օսմանյան կայսրության համար զոհված զինվորներ են ունեցել, օրինակ, Սարիղամիշի ճակատամարտում 1914 թվականին: Այ սրանք են եղել մսաղացները: Չեմ հիշատակում այլևայլ կոտորածների մասին՝ Օսմանյան կայսրության թե Ռուսական կայսրության մեջ: Դրանք իրականացվել են քրդերի կամ թաթարների ձեռամբ, բայց այդ կայսրությունների թողտվությամբ և որոշմամբ: Ահռելի թվեր են սրանք՝ միլիոններ, հարյուր հազարներ:

Ամենից քիչ զոհեր հայ ժողովուրդը տվել է, երբ կռվել է, պայքարել է իր քաղաքական նպատակների համար, իր սեփական կռիվներում՝ 1918-20, 1988-94, 2016, 2020 թվերին: Դրանք բոլորն էլ ցավալի են, ինչ խոսք: Բայց թվերը համեմատելու չեն: Այնտեղ խոսում էինք միլիոններից, այստեղ՝ հազարներից: Իր ոչ մի կռվում հայ ժողովուրդը 10.000 զոհ չի տվել:

Դա բնական է, որովհետև ազգային պայքարը ի տարբերություն համաշխարյաին պատերազմների չի պահանջում այդքան մեծ զոհեր: Ավելին, եթե ազգային պայքարում հաղթում ես, դու էլ չես ունենալու զոհեր, էլ ուրիշի համար ստիպված չես զոհելու: Օրինակ, 300 հազարը ֆանտաստիկ թիվ է, դրանոց կարելի էր ամբողջ Արևմտյան Հայաստանն ազատագրել, ընդ որում ոչ թե մեկ անգամ, այլ մի քանի անգամ: Եթե մենք անկախ լինեինք, այդ զոհերը չեինք ունենա, եթե անկախության համար ոչ թե 300, ոչ թե 100, այլ 10 հազար մարդ զոհվեր 1920 թ.:

Մարդիկ, որոնք մեր պատերազմը կոչում են մսաղաց, որս, ոչ միյան վիրավորում են հիշատակը, այլև ապալեգիտիմացնում են հայ ժողովորդի պայքարը: Եթե վաղը թշնամին հարձակվի Երևանի վրա, ի՞նչ են ասելու: Երևանն էլ հանձնենք, թե՞ դիմադրենք: Ինչպե՞ս դիմադրենք, եթե նախապես ապալեգիտիմացրել ենք դիմադրության գաղափարն իսկ:

Եթե այսօր հրաժարվենք ինքնապաշպանությունից, ապա ոչ թե զոհեր չենք ունենա, այլ նորից կունենանք տասնապատիկ, հարյուրապատիկ մեծ զոհեր, բայց ոչ թե մեր կռիվներում, այլ նորից կրավորական զոհ կդառնանք կամ ուրիշի պատերազմներում թնդանոթի միս:

Այսօր ինքնապաշտպանությունը, դիմադրությունը թիվ մեկ խնդիրներն են: Սրան զուգահեռ պետք է լինի դիվանագիտությունը, արտաքին հարաբերությունները, բանակցությունները, դաշնակիցներ փնտրելը: Ոչ թե մեկը մյուսին հակադրված, այլ մեկը մյուսին փոխլրացնող: Բայց ինքնապաշտպանությունն ու դիմադրությունն առաջին տեղում՝ դրանք են հիմքերի հիմքը: Ցավալի է, բայց այս պարզ ճշմարտությունը նորից պետք է հիշեցնել հայ ժողովորդին:

5. Ի՞նչ էր Սարդարապատը

Սարդարապատում ենք: Ի՞նչ էր Սարդարապատը: Հայկական բանակը պրոֆեսիոնալ անվերջ նահանջում էր: Ու պատրաստվում էր էլի նահանջեր, լքել նաև Երևանը, Էջմիածինը: Սիլիկյանը: Երևանի խորհուրդը մտածում էր, թե ինչպես հանձնվի թուրքերին, աղուհացով դիմավորի: Բայց Երևանում հասունացել էր ժողովորդական շարժում: Մեկ օրում չէ, այլ ամիսների աշխատանք էր դա: Սրա մասին չեն խոսում, ներկայացնում են որպես ինչ որ հրաշք, տարերային պոռթկում, կամ էլ իբր մեր սպայությունը հանկարծակի, մի օրում կերպարանափխվեց:

Իրականում Արամ Մանուկյանն ու Վանի կոմիտեն նախապատրաստել են դիմադրությունը՝ քարոզչական, կազմակերպչական: Մի օրում ճակատամարտ չես հաղթի, տարրերային պոռթկամբ չես հաղթի: Ու երբ զորքը հասավ Սարդարապատ, ժողովորդական շարժումը ստիպեց նրան կռվել, ոգի տվեց, կամավորներ գնացին: Նույն նահանջող սպաները: Սա է Սարադրապատի խորհուրդը՝ կազմակերպված ժողովրդական պայքրաի խորհուրդը:

Երկու տարի անց՝ 1920-ին նույն հայկական բանակը՝ իր ոգով, էությամբ, կանոնով, լեզվով ռուսական բանակը պարտվեց, նույն զորավարները՝ ավելի լավ պայմաններում, ավելի թույլ թշնամուն: Ինչո՞ւ, որովհետև սա ժողովորդական բանակ չէր, ազգային կռիվ չէր, այլ զուտ պրոֆեսիոնալների չափում՝ թուրք և ռուս: Ու չկար մեկը, ով պատերազմին տար ժողովորդական բնույթ:

Մեր պայքարը, մեր կռիվն ազգային, անկախական, ժողովորդական պայքար ու կռիվ է: Մենք դրանում կարող ենք հաղթել միայն, եթե ժողովրդական, ազգային դիմադրության ոգի ձևավորենք, տանք դրան կազմակերպված բնույթ, շարժման վերածենք:

6. Կռվողի կամքը, ոգին վերածենք կազմակերպված ուժի

Այսօր այստեղ ենք, որպեսզի կազմակերպենք, կապիտալի վերածենք այն ուժը, այն ոգին, այն դիմադրությունը, որը եղել է պատերազմի ժամանակ՝ ճակատում, թե թիկունքում: Կռվողի կամքը, ոգին վերածենք կազմակերպված ուժի:

Պատերազմի մասնակիցն իր աչքերով տեսել է իրականությունը՝ պետության անկազմակերպ վիճակը, բայց և իրենքվ մարմնավորել է ներուժը: Նա այսօր ամենա թանկ մարդկային կապիտալն է Հայաստանում: Նա պետք է իր խոսքն ասի, իր օարակագերը պարտադրի, իր ծրագերն առաջ տանի, ստեղծագործի: Սա հրացանով մարդը չի միայն, այլ նաև՝ կամքի, ինտելեկտի, ոգու տեր մարդն է: Ինտելեկտը վախկոտությունը չէ: Վախն անջատում է ուղեղը: Տեսանք, որ էլիտաները բան չունեն ասելու: Ունեին մի տարի ժամանակ: Հայաստանի նոր էլիտա է պետք, և այդ նոր էիտան, պետք է գա ռազմի դաշտից:

Ոչ թե ռազմի դաշտից եկածը պետք է թելադրի իր կամքը մյուսներին: Ոչ էլ առավել ևս ծառայի ինչ որ մեկի նպատակներին: Այլ ռազմի դաշտից եկածը պետք է դառնա այն կորիզը, այն ուժային բևեռը, որն օգնի մեր ժողովորդին վերագտնելու իր հավատքը, իր կամքը, իր դիմադրողականությունը: Սա այն պայմաններում, երբ ակնհայտ է, որ պատերազմի ավարտից մեկ տարի անց էլ հայկական էլիտաները՝ քաղաքական, մտավորական և այլ, չունեն որևէ ասելիք, չունեն ելքի ծրագիր մեր ժողովորդի համար:

Կլաուզեվիցն ասում էր, որ պատերազմի առավել մեծ ինտելեկտուալ լարում պահանջող գործն է: Այսօրվա ռազմական տեսաբան Լյուտվակն ասում է, որ պատերազմն ունի իր ուրույն տրամաբանությունը՝ ոչ ստանդարտ, ապարադոքսալ տրամաբանությունը: Այսօրվա ճգնաժամային, փաստացի պատերազմական վիճակում, միայն այդպիսի ոչ ստանդարտ տրամաբանությամբ, քայլերով կարող ենք ելքեր գտնել: Հին ճամփեքը տրորված են ու տանում են փակուղի:

7. Վերջին կայազորի գաղափարը

Վտանգը, որն ասյօր կախված է մեր պետության, մեր ժողովորդի գլխին ակնհայտ է: Դա իրապես մեծ, կենսական վտանգ է: Երբ ասում ենք, որ չի բացառվում, որ հայերի վերջին սերունդը լինենք Հայաստանում, դա չափազանցություն չէ: Սրա գիտակցումից չպետք է խուսափել, չի կարելի խոսափել:

Բայց մենք ասում ենք՝ վտանգից ոչ թե պետք է հուսահատվել, ոչ թե պետք է խուճապի մատնվել, այլ հակառակը՝ վտանգը պետք է վերածել այն ուժի, որ կմոբիիզացնի, կհամախմբի, որը կօգնի բացահայտել մեր ներուժը, կազմակերպել այն, բռունցքի վերածել: Առողջ օրգանիզմի հակադարձը մեծ վտանգին հենց սա է՝ համախմբում, ուժերի կենտրոնացում, կազմակերպում, նույնիսկ ՝վերելք:

Մենք վտանգի իրականությանը հակադրում ենք Վերջին կայազորի գաղափարը: Վերջն կայզորը նա է, ով մեծագույն վտանգի առջև, չի ընկճվում, չի նահանջում, այլև ավելի է համախմբում իր ուժերը, ավելի մեծ հավատով է լցվում, և ի վերջո հաղթում է: Վերջին կայզորը ոչ թե պեսիմիստական, այլ հաղթող գաղափար է: Դա ոչ միայն ռազմական գաղափար է: Ավելի լայն է՝ այսօր պետք է ձգտենք նրան, որ հայ ժողովորդի ամբողջ ներուժը բացահայտվի, վերելք ապրի ի հակադրություն վտանգի: Պետք է ունենանք ուժի, մտքի, ստեղծագորածական վերելք: Պետք է ունենանք վերելք գիտության, արվեստի: Սա պետք է լինի մեր պատասխանը՝ պատրաստ ենք պայքարի և ստեղծագործության: Մեծ նպատակներ պետք է դնենք, որ ելք կերտենք իրավիճակից: Պարտություն կարող ենք կրել բոլորը, պարտությունը աղետ չէ, աշխարհի վերջ չի, եթե պարտվածը կարողանում է իր մեջ ուժեր գտնել նորից ոտքի կանգնելու, ապրելու, պայքարելու, ստեղծագործելու: Եթե չի հրաժավում իր ինքնությունից:

Մելիքը երբ խփում է Դավիթին, ասում է, ափսոս էր Դավիթ՝ հող էր հող դարձավ: Բայց երբ թոզնուդումանն իջնում է, Դավիթն ասում է՝ կենդանի եմ Մելիք, զարկի հերթն իմն է: Այսօր մենք պետք է ապացուցենք, որ Դավիթը կա, որ Դավիթը կենդանի է, որ Դավիթը հողեղեն չէ, այլ հրեղեն է: Ու գալու է նրա զարկի հերթը:

2021 թվականի սեպտեմբերի 26

Սարդարապատ

Social