Պարտությունից դեպի Հաղթանակ

«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը Քարվաճառի ազատագրման 30-ամյակի առթիվ

Քարվաճառը վերածվել է գերռազմականացված գոտու, որը մշտական պլացդարմ է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեմ, և չի դադարելու այդպիսին լինելուց՝ նույնիսկ, եթե կատարենք բոլոր վերջնագրերն ու պահանջները:\nԲայց այսօր նշում ենք 30 տարի առաջ եղած Քարվաճառի հաղթանակը, որպեսզի հիշենք մի քանի պարզ ճշմարտություն:


ա. Սեփական ուժերի և ինքնազմակերպման վրա հենվելով, հնարավոր է հասնել հաղթանակի դժվարին պայմաններում

բ. Ծանր պարտությունների շրջանը կարելի է շրջել փայլուն հաղթանակների շրջանի, եթե կա միտք ու կամք

գ. Միջազգային հարաբերություններում գերակայող է ուժային գործոնը, իսկ հաջող դիվանագիտությունը հնարավոր է միայն ուժային գործոնի վրա հենված

Այս օրերին լրանում է 1993-ի Քարվաճառի ազատագրման ռազմական գործողության 30-ամյակը:

Հենց այսօր ավելի քան կարևոր է հիշել ու հիշեցնել այս փայլուն հաղթանակի տարեդարձը:

1992-93 Ծանր պարտություններից դեպի փայլուն հաղթանակներ Ի՞նչ էր Քարվաճառի օպերացիան իր ժամանակի մեջ:

Դա ոչ միայն պարզապես ռազմական հաղթանակ էր, այլ իսկական բեկում էր պատերազմի մեջ՝ ռազմական, քաղաքական և հոգեբանական:

1992-ի ամառնավից մինչև 1993-ի հունվարը Արցախյան պատերազմի առավել ծանր փուլն էր հայերիս համար: Թուրքերը կարողացել էին գրավել Շահումյանի և Մարտակերտի շրջաները: Արցախի մոտ կեսն էր միայն մնացել՝ այսօրվանից էլ ավելի փոքր կտոր:

1993-ի փետրվարից հնարավոր եղավ պատերազմի ըթնացքը շրջել: Փետրվար- մարտին մի քանի համարձակ, արագ, անսպասելի հարվածներով հնարավոր է դառնում ազատագրել Մարտակերտի շրջանի մի զգալի հատվածը:

Սակայն Մարտակերտի շրջանի լիարժեք ազատագրումն անհնար էր այնքան ժամանակ, քանի դեռ թուրքերը հնարավորություն ունեին միաժամանակ երկու-երեք ճակատով հարվածել Մարտակերտի ուղղությամբ:

Հատկապես կարևոր էր Քարվաճառի խնդիրը, որն աշխարհագրորեն մեկ ամբողջություն է Մարտակերտի հետ:

1993-ի մարտ-ապրիլ՝ Քարվաճառի հաղթանակը՝ ռազմական, հոգեբանական, քաղաքական, պատմական նշանակությունը

Այս տրամաբանությամբ է, որ 1993-ի մարտի վերջին, հետաձգելով Մարտակերտ շրջկենտրոնի ազատագրումը, հայկական զինուժը նախագծեց և իրականացրեց Քարվաճառի գործողությունը:

Ընդամենը մի քանի օր՝ մարտի 27-ից մինչև ապրիլի առաջին մի քանի օրը տևած մարտերում Քարվաճառի շրջանը ազատագրվեց թուրքերից:

Ավելին՝ նույն մարտական գործողության ընթացքում ազատագրվեց նաև Լաչինի շրջանի հյուիսային հատվածը, որն այն ժամանակ դեռ թուրքերի ձեռքում էր:

Սա իսկական բեկում էր: Չհաշված Լաչին քաղաքի և շրջակայքի ազատագրումը 1992-ին, առաջին անգամն էր, որ հայկական զինուժը դուրս էր գալիս նախկին ԼՂԻՄ պարտադրված սահմաններ-վանդակից, և տեղափոխում էր պատերազմը թշնամու տարածք:

Հիմք էր դրվում Արցախի շուրջ անվտանգության գոտու առանց որի անհնար կլիներ հասնել պատերազմի ավարտի և հաշտության պարտադրման թշնամուն:

Քարվաճառի գործողությունը նաև պատմական հաղթանակ էր, քանի որ դարերի ընթացքում առաջին անգամ հայերս ոչ թե զուտ պաշտպանվում էինք, կամ առավել ևս կորցնում էինք, այլ հետ էինք բերում տարածքներ:

Կարևոր է հիշել, որ թե՛ Մարտակերտի, թե՛ Քարվաճառի 1993-ի հաղթանակները ձեռք են բերվել ոչ պատահականորեն, այլ մշակված մարտավարությամբ՝ ճնշում մի քանի ուղղություններով՝ գլխավոր և օժանդակ, արագություն, շարժունակություն, թևանցիկ և թիկունքային հարվածներ:

Քարվաճառի ազատագրմանը հետևեց նաև միջազգային ճնշումը:

Ոչ միայն Թուրքիան, այլև՝ ԱՄՆ-ը, Ռուսաստան, Իրան, ՄԱԿ և այլն պահանջում էին այս կամ այն ձևակերպմամբ հայկական ուժերի դուրս բերում Քարվաճառից: Հայկական ուժերը, սակայն, ոչ միայն Քարվաճառից դուրս չեկան, այլև շուտով հերթով մտնելու էին նախկին ԼՂԻՄ-ին սահմանակից մյուս տարածքները:

2020-ի դեկտեմբեր՝ անպատիվ խայտառակություն

27 տարի անց՝ 2020-ի դեկտեմբերին, առանց ռազմական որևէ հաջողության հասնելու այս ճակատում, Ադրբեջանի բանակը մտավ Քարվաճառ:

Դա եղավ, որովհետև հայկական պետության քաղաքական ու ռազմական ղեկավարությունը չունեցավ ո՛չ բավարար ինտելեկտ ու գիտելիք, ո՛չ էլ բավարար կամք՝ չընկճվելու պարտություններից, և դիմադրության շարունակության ելքեր փնտրելու:

Դիմադրության շարունակությունը նոր միջազգային պայմաններում կարող էր բերել նաև արտաքին դիվանագիտական աջակցություն:

Դիմադրության հենակետերից մեկը կարող էր դառնալ հենց նույն Քարվաճառը: Բայց մենք նախընտրեցինք չխախտել նախապես գծված «պլանը», ենթադրելով, որ ծանր պարտությանը կհետևի բաղձալի խաղաղությունը: Բնականաբար խաղաղությունը չեկավ, և չի էլ գալու: Դրա փոխարեն փաստացի պատերազմը շարունակվում է, բայց մեզ համար առավել աննպաստ դիրքերում:

Փայլուն հաղթանակի խորհդանիշ Քարվաճառը հանձնվեց առանց մեկ կրակոցի, և ոչ ոք մեզանից այդ օրն ամոթից չմահացավ:

Հասարակությունը չուներ արագ ինքնակազմակերպման և դիմադրության ներուժ, իսկ քաղաքական ուժերը զբաղված էին միմյանց դեմ հանուն իշխանության պայքարով, ինչպես և նախապես ծրագրավորված էր:

Հաղթանակի խորհդանիշից Քարվաճառը վերածվեց խայտառակության խորհդանիշի:

Ստացվեց, որ մենք մի ազգ ենք, որն ի զորու չեղավ պահել նույնիսկ մի փոքր տարածք, որը դարերի կորուստներից հետո, կարողացել էր ազատագրել: Պատճառները խորն են: Սովետական Ադրբեջանի շրջանում մի քանի տասնյակ հազար բնակչություն ունեցող շրջանը, չկարողացանք նույնիսկ մեկ տասնյակ հազար մարդով վերաբնակեցնել և յուրացնել: Այսօր պարզ է արդեն, որ դա մտածված քաղաքականություն էր, այլ ոչ թե պարզապես անմտություն:

2020-ի պատերազմում մեզ հաղթեցին նույն մարտավարությամբ ինչ մենք էինք հաղթում 1993-ին:

Որովհետև նույնիսկ մեր հաղթանակների փորձը մենք երբեք չվերածեցինք համակարգի, ինչպես այսօր չենք իմաստավորում նաև պարտության փորձը:

2023-ի ապրիլ՝ ինչպես 30 տարի առաջ հարցերը լուծվում են և լուծվեու են ուժով

Այսօր երբեմնի անվտանգության գոտու սկիզբ և հենակետ Քարվաճառը դարձել է նոր և մշտական վտանգի աղբյուր:

Միամիտ հույսերը, թե զիջելով, կստանանք հանգիստ կյանք և անվտանգություն, այսօր առավել քան անհամոզիչ են:

Անցել է երկու տարուց ավելին և Քարվաճառը վերածվել է գերռազմականացված գոտու, որը մշտական պլացդարմ է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեմ, և չի դադարելու այդպիսին լինելուց՝ նույնիսկ, եթե կատարենք բոլոր վերջնագրերն ու պահանջները:

Բայց այսօր նշում ենք 30 տարի առաջ եղած Քարվաճառի հաղթանակը, որպեսզի հիշենք մի քանի պարզ ճշմարտություն:

ա. Սեփական ուժերի և ինքնազմակերպման վրա հենվելով, հնարավոր է հասնել հաղթանակի դժվարին պայմաններում

բ. Ծանր պարտությունների շրջանը կարելի է շրջել փայլուն հաղթանակների շրջանի, եթե կա միտք ու կամք

գ. Միջազգային հարաբերություններում գերակայող է ուժային գործոնը, իսկ հաջող դիվանագիտությունը հնարավոր է միայն ուժային գործոնի վրա հենված

դ. Պատերազմում հաղթելը խելքով է, կազմակերպվածությամբ և ստեղծագործությամբ, այլ ոչ թե շաբլոնով ու դատարկ միտինգային կոչերով: Հաղթանակն՝ արվեստի գործ է, իսկ պարտությունը՝ բթամիտների և ծույլերի բաժին:

Հիշում ենք, և մտքում պահում ենք բազմաթիվ հնարավորություններ ու հեռանկարներ, որոնք այսօր էլ բաց են ստեղծագործ մտքի և կազմակերպված կամքի համար:

Ինչպես այսօր վտանգի աղբյուր դարձաց Քարվաճառի, այնպես էլ ընդհանրապես Հայաստանի (ներառյալ Արցախ) հարցի լուծումը՝ ուժի, այդ թվում մտավոր և հոգեբանական ուժի դաշտում է, այլ ոչ թե թղթերի, խաղաղապահ ուժերի և միջազգային միջնորդության:

Մեր գործն է այսօր՝ հավատալ սեփական ներուժին, հենվել դրա վրա, ինքնակազմակերպվել՝ հեռանկարում ունենալով մի նոր համազգային շարժում, որից կվերածնվի հայոց պետականությունը:

Երևան, 2023 04 05

Social