Չորս գյուղերի զիջումն Ադրբեջանին ոչ մի միլիմետր չի մոտեցնում խաղաղության պայմանագրին
Այսպես կոչված «սահմանազատման» մասին
Իրականությունն այն է, որ 4 գյուղերի զիջումն Ադրբեջանին ոչ մի միլիմետր չի մոտեցնում խաղաղության պայմանագրին:
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է.
Այսպես կոչված «սահմանազատման» մասին:
Սա գրում եմ այն մարդկանց համար, ովքեր քարոզչությամբ գեներացվող հիսթերիայից գլուխները դեռ չեն կորցրել և ի զորու են սառը դատել և ուշադիր կարդալ, հետևել փաստարկներին, այլ ոչ թե բղավոցներին ու լաչառությանը:
Իշխանական քարոզչությունն ասում է, թե իբր տեղի ունեցողը մեծ հաջողություն է և կարող է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման սկիզբ լինել և տևական խաղաղության մեկնակետ դառնալ: Բացի այդ, ասում են, իբր ռուսների դեմ է ուղղված գործընթացը և դառնալու է ռուսական ազդեցությունից ազատվելու սկիզբը։
Երկու պնդումն էլ չունեն որևէ լուրջ հիմնավորում:
Նախ՝ խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի պահանջներն անփոփոխ են և մնում են ուժի մեջ:
Այդ պահանջների մեջ են ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, «կոմունիկացիաների հարցը» (իմա՝ Զանգեզուրի միջանցք) և այլն:
Դրա մասին վկայում են թե’ ադրբեջանական քարոզչության մոնիթորինգը, թե’ Ադրբեջանի, այդ թվում՝ Իլհամ Ալիևի պաշտոնական հայտարարությունները:
Ավելին, երբ վերջերս Հայաստանը
Ադրբեջանին փոխանցեց խաղաղության պայմանագրի հետ կապված առաջարկությունների ութերորդ փաթեթը, Արարատ Միրզոյանը նշեց, որ կողմերը համաձայնության չեն հասել երկու կետերի շուրջ՝ միմյանց տարածքային ամբողջականության և կոմունիկացիաների հետ կապված: Այսինքն ոչ մի բանի շուրջ համաձայն չեն, որովհետև այդ երկուսից զատ ուրիշ լուրջ սկզբունք չկա էլ:
Սա էլ, ուրեմն, Հայաստանի պաշտոնական հաստատումն է:
Բայց նման լուրերի վրա չի սևեռվում քարոզչությունը, որովհետև դա միանգամից փլուզում է ամբողջ կառուցվածքը:
Իրականությունն այն է, որ 4 գյուղերի զիջումն Ադրբեջանին ոչ մի միլիմետր չի մոտեցնում խաղաղության պայմանագրին:
Երկրորդի վերաբերյալ։
Ռուս-ադրբեջանական դաշինքի քայքայման որևէ լուրջ նշան չկա: Թե ինչու պետք է լինի, պարզ չի:
Ադրբեջանական քարոզչությունը շարունակում է համաձայնեցված աշխատել ռուսականի հետ:
Օր ու գիշեր ադրբեջանական քարոզչությունը պնդում է, որ խաղաղությունը հնարավոր է միայն, եթե «ոչ տարածաշրջանային ուժերը» (իմա՝ Արևմուտքը) չմիջամտեն գործընթացին:
«Կումունիկացիաների բացման» հարցը (իմա՝ միջանցքի պահանջը) շարունակում է մնալ երկուսի համատեղ մոտեցման հիմքում:
Փաստացի երկուսն էլ այսպես թե այնպես, ուղղակի կամ անուղղակի շարունակում են կասկածի տակ դնել Հայաստանի սահմանները:
Իմիջայլոց, Հայաստանն այդպես էլ դուրս չի եկել նոյեմբերի 9-ի համաձայնագրից, որտեղ բան չի մնացել, բացի «կոմունիկացիայի» պահանջից:
Ի դեպ, ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է տեղի ունեցածն այնպես, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացան հասնել «հաջողության»՝ չնայած Արևմուտքի սադրանքներին: Ինչո՞ւ եմ սա հիշատակում: Մեր քարոզիչներն ասում են՝ «բա տեսա՞ք, թուրքերն էլ ասում են, որ առանց միջնորդների որքան լավ է»: Խաբում են մեր ժողովրդին, որովհետև ադրբեջանական քարոզչությանը հետևող ցանկացած ոք գիտի, որ իրենց լեզվով «առանց միջնորդների» նշանակում է «առանց Արևմուտքի» և նույնիսկ «ռուսների հետ»։
«Ադրբեջանի հետ հաշտվենք, որպեսզի ռուսներից պրծնենք» պատկերացման կրողները կա’մ իրականությունից կտրված լուսնոտներ են, կա’մ էլ դիտավորյալ մոլորեցնողներ: Այս նույն մարդիկ են, որոնք ցայսօր չեն ընդունել, որ «Ղարաբաղը տանք, պրծնենք» իրենց նախկին դավանանքը կատարյալ ֆիասկո ապրեց:
Ամփոփում
-
«4 գյուղերի սահմանազատումը» ոչ մի կապ չունի խաղաղության պայմանագրի հեռանկարի հետ և միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքմանը:
-
«4 գյուղերի թեման» ոչ մի կապ չունի ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետ:
Եթե որևէ մեկն ուզում է իրապես առարկել սրան, պետք է՝
-
ապացուցի, որ խաղաղության պայմանագրի հետ կապված պահանջներն ակտուալ չեն, «կոմունիկացիաների հարցը»՝ հատկապես: Փաստացի պետք է ապացուցի, ոչ թե ուղղակի պնդի:
-
որ տեսնում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ճգնաժամ: