Պատերազմի ամենօրյա սպասումը և պատասխանատվության հարցը
Պատերազմը շարունակվում է, որովհետև պատերազմի հարցը չի եղել միայն Արցախը:
Հերթական անգամ Հայաստանի ժողովուրդը լարված սպասում է լուրերին` արդյոք նորից պատերազմ կարող է սկսվել:
Իրականությունը, սակայն, այն է, որ ուժային բախումն ի վերջո անխուսափելի է:
Եթե դա չլինի վաղը, դա կլինի մեկ ամիս անց, վեց ամիս անց, մեկ տարի անց. սա կախված է այլևայլ իրավիճակային հանգամանքներից, բայց ընդհանուր տրամաբանությունը դրանից չի փոխվում:
Ավելին` պատերազմը փաստացի չի էլ ավարտվել: Այն այսպես թե այնպես շարունակվում է:
Հարցը միայն դրա համեմատական ինտենսիվացման և համեմատական թուլացման փուլերն են: Բայց պատերազմը շարունակվում է ոչ թե որովհետև մենք դա ուզում ենք կամ չենք ուզում: Պատերազմը շարունակվում է, որովհետև շարունակությունն ունի օբյեկտիվ հիմքեր:
Պատերազմը շարունակվում է, որովհետև պատերազմի հարցը չի եղել միայն Արցախը: Պատերազմի նպատակների մեջ մտել և մտնում է նաև Սյունիքի հարցը:
Կա՛մ Հայաստանը պետք է զիջի նաև Սյունիքի հարցում, կա՛մ պետք կռիվ տա Սյունիքի համար: Բայց մեր ժողովորդին սա չեն բացատրում: Փոխարենը կերակրում են միֆերով` իբր Սովետական Հայաստանի սահմանների մեջ կարող ենք պարփակվել ու հանգիստ ապրել:
Պատերազմի ավելի մեծ ու վերջնական նպատակն է Հայաստանի անկախությունը:
Դա նույնպես հնարավոր չէ պաշտպանել առանց ուժային գործոնի:
Բայց փոխարենը մեր ժողովորդին կրկին միֆեր են հրամցնում: Իբր հնարավոր է անկախանալ զուտ դիվանագիտական կամ ցուցադրական քայլերով` առանց կռվի: Հանուն անկախության պայքարը շփոթում են անկապ հայտարարությունների և ժեստերի հետ:
Գործնականում փոխարենն ամեն օր ավելի են զիջում անկախության դիրքերը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նրա նպատակների մեջ չի մտել ու չի մտնում Հայաստանի հետ վերացական խաղաղությունը, հարևանների հետ լավ ապրելը և նման հեքիաթներ հոգով աղքատների համար:
Ադրբեջանը պետություն է, որը քաղաքականություն է վարում, այլ ոչ թե հեքիաթներով ապրում ինչպես հայկական էլիտաները կամ հայկական մտավոր խավը:
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը չունի անմեղ հայկական աչուկներ:
Ադրբեջանին պետք է այնպիսի «խաղաղություն», որտեղ նա լինելու է անվանապես անկախ մնացած Հայաստանի հատվածի գերիշխողը:
Դրա համար այն բանից հետո, երբ Հայաստանի փաստացի առաջին դեմքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Ադրբեջանը նոր պահանջներ է դնում, այլ ոչ թե շտապում խաղաղություն ստորագրելու: Այդ պահանջներն են` ադրբեջանցի թուրքերի վերադարձը Հայաստան, «ռազմական հանցագործների» պատիժը, հրաժարումը որևէ միջազգային միջոնորդությունից Ղարաբաղի հարցում և այլն:
Այս ամենից Ադրբեջանը չի հրաժարվելու, ինչպես երբեք չի հրաժարվելու Սյունիքի միջանքցի պահանջից: Եվ այս ամենը նշանակում է` կամ զիջումներ այս հարցում, կամ կռիվ այս ամենի համար: Չկա երրորդ ճանապարհ:
Հայաստանի կամքն այսօր պարալիզացված է:
Հաաստանը վախեցած ճագարի պես սպասում է, թե երբ իրեն կհարվածեն, ու ամեն անգամ, երբ հարվածը հետաձգվում է Վաշինգթոնյան զանգով, շունչ է քաշում: Բայց ամեն այդպիսի մի զանգ գին ունի: Հրաժարվելով հարվածից` Ադրբեջանը ևս մեկ զիջում է կորզում:
Մի օր զանգը կարող է չլինել կամ ուշանալ, կամ չազդել, և այդ ժամանակ լինելու է հարվածը: Այդ պահը մի օր գալու է: Որովհետև չի կարող մի պետության անկախությունն ու անվտանգությունը հավետ կախված լինել միայն զանգից: Իսկ որպեսզի կախված չլինի միայն զանգից, պետք է արմատապես այլ քաղաքականություն քան այսօր է վարվում:
Հետո` արդեն կլինեն պատրաստի արդարացումները, թե ինչու չկարողացանք դրան համարժեք դիմակայել: Նման արդարացումները երբեք չպետք է ընդունվեն, և կանխավ պետք է մերժվեն:
Հնարավոր բոլոր ձախողումների պատճառը քաղաքականությունն է, այլ ոչ թե ռազմական ուժը, որն ընդամենը գործիք է:
Բայց ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցնում ու չի պատրաստվում վերցնել:
Նախևառաջ կառավարությունը, որը երեք տարի քաղաքական կուրս է վարում դեպի միֆական խաղաղության դարաշրջան, և չի ուզում ընդունի իրականությունը` պատերազմը շարունակվում է, և դրանից բխեցնի իր քայլերը:
Երեք տարին բավարար ժամկետ էր պատրաստվելու նոր բախմանը, մանավանդ, որ խոսքը մի քանի օրանոց արագ և կետային օպերացիաների մասին է, այլ ոչ թե մի նոր 44 օրյայի մասին:
Թող ոչ ոք չխաբի, թե քայլեր ենք արել, զենք առել և այլն: Երկրի պաշտպանության համակարգը կարգի բերելը զենք առնելով չի: Իրենց բաժին պատասխանատվություն չեն զգա նաև նրանք, որոնք ավանակի համառությամբ` հակառակ ակնհայտ փաստերի պնդում են, որ ամբողջ խնդիրը Ղարաբաղն է, և բավական է հրաժարվել դրանից ու ղարաբաղյան շարժման ժառանգությունից ու կլինի խաղաղություն ու անկախություն:
Պատասխատվություն չեն վերցնի իրենց վրա նաև նրանք, ովքեր դեռ պատերազմից էլ առաջ, և պատերազմի ժամանակ էլ քարոզում էին «հարցի լուծում» ռուսական խաղաղապահ զորի ներգրավմամբ:
Սրանք իրենց կարծիքով ընդհանրապես «երկաթե ալիբի» ունեն` իբր եթե առանց կռվի զիջեինք, ռուսական զորքն իրոք խաղաղություն կապահովեր: Այսինքն` ռուսները խաղաղության համար էին գալիս Ղարաբաղ, հո ուրիշ բան իրենց պետք չէր:
Պատասխանատվություն չեն վերցնի իրենց վրա նաև նրանք, որոնք պատերազմից անմիջապես հետո փրկեցին այսօրվա կառավարությունը` իրենց իբր խիստ անհաշտ ընդդիմադիր կեցվածքով, ու ցայսօր էլ փրկում են ու դեռ պատրաստվում են փրկել: Հինգերորդ շարասյունը, որն իր ապահով գոյությունը շարունակում է պահպանել իբր հույժ անկախական կառավարության հովանու ներքո:
Անպատասխանատվության այս մթնոլորտից կա միայն մեկ ելք:
Մենք` հանրության այն հատվածը, որը գիտակցում է, որ պատերազմը շարունակվում է, և ուժային լուծումն անխուսափելի է պետք է ինքնակազմակերպվենք վերջապես ու պատասխանատվությունը վերցնենք մեզ վրա:
Թվում է, թե մեր դիմաց հզոր ուժեր են: Իրականում նրանց մեծ մասը թղթե վագրեր են, որոնք կչքվեն ասպարեզից այն պահին, երբ Հայաստանում կհայտնվի քիչ թե շատ կազմակերպված, զուտ հայկական շահ և տեսակետ ներկայացնող ուժ` իր գաղափարներով, ծրագրերով և վճռականությամբ:
Հրանտ
«Մարտական եղբայրություն» միաբանություն