Ուկրաինական պատերազմի վերջին զարգացումներն ու փորձը

«Ռազմական անակնկալ գործոնի» կարևորությունը, դասական ժամանակներից եղել է հիմնարար հասկացություն։ Ոչ մի մեթոդ կամ ռազմավարություն երբևէ հնացած չէ, և յուրաքանչյուր պատերազմ կարող է ամբողջությամբ տապալել նախորդի փորձը։ Ուստի մենք պետք է միշտ զգոն մնանք և պատրաստ լինենք պատերազմում անսպասելիին։

Հուլիսի վերջին օրերին միանգամից մի քանի ամերիկյան և անգլիական լրատվամիջցոներ հայտնեցին, որ սկսվել է ուկրաիանական հակահարձակման երկրորդ փուլը, որը շատերը նաախապես անվանեցին վճռական:

Ըստ այդմ` ուկրաինական Զինված ուժերը մարտի մեջ են մտցրել մինչ այդ չօգտագործած, արևմուտքում պատրաստություն անցած ռեզերվային ուժերը: Այն որ նման ուժեր, որոնք դեռ չեն մտել մարտի մեջ կան, հայտնում էին մինչ այդ նաև ռուսական աղբյուրները:

Համաձայն նույն աղբյուրների վերանորոգված հակահարձակման մեջ նորից ներգրավվել էր արևմտյան զրահատեխնիկան: Հարցն այն է, որ մինչ այդ` զրահատաեխնիկայի բավականին մեծ կորուստներից հետո, ուկրաինական հակահարձակման մարտավարությունը փոխվել էր` փորձում էին գործել հետևակային գրոհային փոքր խմբերով: Հակահարձակման գլխավոր ուղղությունն անփոփոխ է` հարավային ճակատը:

Հակահարձակման նոր փուլի մասին հայտարարվեց նաև պաշտոնապես` դա հիշատակել էր և Զելենսկին, և Պուտինը:

Նորոգված հակահարձկման մասին լուրերից անցել է արդեն մեկ շաբաթից ավելի, սակայն, դրա արդյունքները փաստացի մնում են նույնն` ինչ նախորդ երկու ամսվա մեջ: Ուկրաինացիներին հաջողվել է հարավային ճակատի երկու ուղղություններում` Օրեխովյան և Վրեմյևսկի մի փոքր առաջխաղացում գրանցել` մեկ-երկու գյուղի չափով, սակայն, ճակատային գիծն էական փոփոխություններ չի կրել, ռուսական պաշտպանության մասշտաբային լուրջ ճեղքման հասնել չի հաջողվել: Շարունակվում է միևնույն դիրքային, հյուծող պատերազմը:

Այս դիրքային կռիվը դառնում է ուկրաինական պատերազմի սովորական պատկեր: Անցաց տարվա ամռանն ու այս տարվա ձմռանն ու գարնանը նույնն էր ռուսական հարձակման պատկերը` մեծ զոհեր աննշան առաջընթացների դիմաց, առանց ճակատի լուրջ ճեդքումների (միակ, այն էլ շատ մասնակի բացառությունը Բախմուտի գրավումն էր Վագների կողմից, որն ինքը տևեց ամիսներ, պահանջեց մեծ զոհեր, ու մեծ հաշվով որևէ ռազմավարական արդյունքի չբերեց ու չէր կարող բերել): Այս տիպի կռվի համար բնորոշ է հետևակի և հրետանու գերակայող դերը, և զրահատեխնիկայի և այլ մանևրային կռվի միջոցների դերի նվազումը: Մյուս բնորոշ հատկանիշը` մարդկային մեծ կորուստներն են ի համեմատություն արագ, մանևրային կռվի:

Նման բնույթի պատերազմ աշխարհը չէր տեսել, թերևս Իրանի և Իրաքի միջև 1980-ական թթ:-ի պատերազմից հետո: Ամեն դեպքում իրան-իրաքյանը համարվում էր բացառություն, և դրա փորձին մեծ նշանակություն չէր տրվում, քանի որ ինքնին պարզ էր թվում, թե դա զուտ երկու տեխլոգիապես հետամնաց պետությունների պատերազմ է` ժամանակավրեպ մարտավարությամբ: Իսկ դրանից առաջ վերջին խոշոր «դասական դիրքային» պատերազմը եղել է Առաջին հաաշխարհայինը, հատկապես դրա արևմտյան` ֆրանսիական ճակատը: Համարվում էր, որ Երկրորդ համաշխարհայինը և դրան հետևած հիմնական պատերազմները լիովին ժխտեցին և ժամանակավրեպ անտիկվարիատի վերածեցին Առաջին համաշխարհայինի հիմնական փորձ` դիրքային մղձավանջը: Ոչ ոք աշխարհում մինչև ուկրաինական պատերազմի վերջին իրադարձություններ լուրջ չէր գնահատում նման փորձի կրկնության հնարավորությունը, քանի որ ենթադրվում էր, որ հաղթահարվել է դրա տեխնոլոգիական հիմքը` սկզբում տանկերի, հետագայում հատկապես օդուժ զարգացմամբ:

Երբ անցյալ տարի և այս տարվա սկզբում ռուսական հարձակումը վերածվեց դիրքային «հրմշտոցի»`հիմնական ենթադրությունն այն էր, որ դա զուտ ռուսների խնդիրն է, ռուսական վատ համակարգի հետևանք է: Հիմա, ուկրաինական հակահարձակումը, որը տևում է արդեն երկու ամիս, և դրա նոր` «վճռական» փուլն էլ, կարծես, թե ցույց են տալիս, որ խնդիրն ավելին է քան զուտ ռուսական արխայիկությունը: Եվ եթե այս իրողությունը վերջնականապես հաստատվի, ապա, դա կարևոր եզրակացությունների կարող է բերել: Իհարկե, առայժմ ոչ Հայսատանում քանզի Հայաստանը թևակոխում է խաղաղության դարաշրջան, և մեզ նման թեմաները հետաքրքիր չեն:

Ինչո՞ւ է, ուկրիանական հակահարձակումը վերածվում դիրքային մղձավանջի: Մասնագետները բնականաբար բազմաթիվ պատճառներ կնշեն և նշում են` սկսած ստրատեգիկ մակարդակից մինչև տեխնիկական: Դրանց զգալի մասը ճիշտ դուրս կգա: Սակայն նեղ մասնագիտականից դուրս կա մի կարևոր պատճառ, որն արտահայտում է ռազմագիտական առավել ընդհանուր` տեխնոլոգիայից անկախ և բոլոր ժամանակների համար անփոփոխ օրինաչափություն:

Խոսքը ռազմական անսպասելիության գործոնի մասին է, որը հիմնարար ռազմագիտական կատեգորիաներից է` սահմանված դասական ռազմական մտքի կողմից մինչև մեր օրերը:

Այս գործոնի կարևորության մասին ուկրաինական հակահարձակման, իսկ մինչ այդ` ռուսական անցած տարվա ամառվա գործողության կոնտեքստում խոսել ենք դեռ մինչև հակահարձակման սկիզբը: Խնդիրն այն է, որ ուկրաինական հակահարձակումը զրոյական անսպասելիություն ուներ հակառակորդի համար, թե’ իր բուն փաստի, թե’ կարևորն` ուղղության առումով: Այն որ Ուկրաինան նախապատրաստում է հակահարձակում բաց խոսվում էր թե’ միջազգային մամուլում, թե’ պաշտոնապես ոչ թե նույնիսկ օրերի և շաբաթների, այլ ամիսների ընթացքում: Դրա մասին արդեն երևի նույնիսկ դպրոցական երեխեքը գիտեին: Հայտնի չէին միայն ժամկետները, որոնք անընդատ հետաձգվում էին:

Ինչ վերաբերում է ուղղությանը, ապա, պատերազմում վճռական արդյունքի հասնելու համար, Ուկրաինան, չուներ էլ փաստացի այլ տարբերակ բացի հարավային ուղղությամբ գլխավոր հարվածը հասցնելու: Մյուս ուղղությունը` արևելյանը ստրատեգիական խնդիրներ լուծող չի: Բնականաբար դա լավ գիտակցում էին նաև ռուսները: Իսկ արդեն ենթաուղղությունների մակարդակում ուկրաինացիները կատարեցին նույնպես առավել կանխատեսելի ընտրութունը` դեպի մեծ հիմնական ճանապարհներ:

Ռազմական պատմությունը վկայում է, որ այս աստիճանի կանխատեսելիությամբ հաջողության հնարավոր է հասնել միայն, եթե քանակական, տեխնիկական, հոգեբանական առավելությունը թշնամու նկատմամբ շատ բարձր է: Իհարկե, կանխատեսելիությունը չի կարող լինել միակ գործոնը, որը բացատրում է ուկրաինական պատերազմի դիրքային փակուղին, սակայն, կարծում ենք այն ընկած է մյուս կարևոր գործոնների հիմքում:

Կանխատեսելիության խնդիրը կապ ունի նաև մե’ր` 2020-ի պատերազմի փորձի հետ: Մեր պարտության հիմքում, բացի ամենից նույնպես ընկած է այդ հիմնարար գործոնը, թեև այլ մակարդակում, և այլ կերպ դրսևորված: Մեր դեպքում խոսքն ավելի շատ պատերազմի քաղաքական առաջնորդման, նաև ռազմական ստրատեգիական մակարդակի կանխատեսելիության մասին է: Ամբողջ պատերազմի ընթացքում մենք երբեք նույնիսկ փորձ չարեցինք դուրս գալ պատերազմի նախապես գծած թե’ քաղաքական, թե’ ռազմական ստրատեգիական սցենարից: Անշուշտ խոսքը ոչ թե մեր սցենարի մասին էր, որը մենք մեծ հաշվով ոչ էլ ունեինք, այլ հակառակորդ ուժերի` Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան: Սա առանձին և բավականին ծավալուն խոսակցության թեմա է, որին մի օր անպայման կփորձենք անդրադառնալ:

Վերադառնալով ուկրաինական պատերազմի թեմային:

Անկախ գոյացման պատճառներից դիրքային փակուղին հիշեցնում է մեզ մի կարևորագույն հանգամանք:

Ռազմական պատմության փորձը վկայում է, որ գրեթե միշտ սխալ են դուրս եկել ռազմագիտական այն տեսակետները, որոնք շտապել են այս կամ այն պատմական փուլում հռչակել պատերազմի այս կամ այն ձևը միակ «ժամանակակից», և դրա հիման վրա են կառուցել ռազմավարությունը և բանակի կառուցումը:

Այսպես, օրինակ, մինչև Նապոլեոնը համարվում էր, որ մեծ վճռական ճակատամարտերի ժամանակն անցել է, բայց Նապոլեոնյան պատերազմների փորձը հակառակն ապացուցեց: Նապոլեոնից հետո սկսեցին համարել, որ դիրքային պատերազմն այլևս խորն անցյալում են, և արդիական են միայն արագ, մանևրային, հարձակողական գործողությունները: Առաջին համաշխարհայինը կատարելապես ժխտեց այդ եզրակացությունը: Դրանից հետո սկսեցին համարել, որ մանևրային պատերազմի դարն այլևս անցել է, և արդիական է դիրքայինը: Երկրորդ համաշխարհայինը կատարելապես ժխտեց այս պատկերացումը` վերադարձնելով նապոլեոնյան մանևրային գործողությունների «ռոմանտիկան»:

Մեր օրերում նույնպես տարբեր տեսակետներ են պոպուլյար «ժամանակակից» միակ ճիշտ պատերազմ վարելու ձևի մասին: Օրինակ, նույն վերջին հայ-ադրբեջանական պատերազմից հետո համարվեց, որ հետևակի և հրետանու դերը կտրուկ իջել է, և հնարավոր է պատերազմ հաղթել, օրինակ, միայն անօդաչուներով: Ուկրաինական փորձն էլ ճիշտ հակառակն է գալիս ապացուցելու` հետևակն ու հրետանին առանցքային դեր ունեն: Ո?րն է ճիշտը:

Իրականությունն այն է, որ ճիշտ են երկուսն էլ` ըստ իրավիճակի:

Շատ կարևոր է հաշվի առնել առավել արդիական և վերջին ռազմական փորձը, բայց այն պայմանով, որ դրանից արված եզրակացությունները չեն ընդհանրացվում և միակ «արդիական» համարվում: Եթե ռազմական պատմությունը մեզ մի բան սովորեցնում է, ապա դա այն է, որ ռազմական գործողությունների տարբեր ձևերը, մեթոդները կամ համագոյակցում են: Ռազմական գործողություններ վարելու հիմնական մի քանի կերպն աշխարհի պես հին են, և դրսևորվում են տեխնոլոգիական միանգամայն տարբեր դարաշրջաններում, ինչպես, օրինակ դիրքային պատերազմը 18 -ր դարում և 20-րդ դարի սկզբում, կամ մանևրայինը 19-ի սկզբում ու 20—ի կեսին: Նույնը պարտիզանականին է վերաբերում, որը պատմության մեջ մի քանի անգամ վերջնականապես հնացած է համարվել, բայց ամեն անգամ անսպասելիորեն վերածնվել է: Եվ այսպես շարունակ:

Ուկրաինական պատերազմի վերջին փորձը նախևառաջ հենց այս ճշմարտությունն է հուշում` երբեք հնացած ու վերջնականապես անհամարժեք դարձած չհամարել որևէ մեթոդ: Մյուս կողմից` միշտ պատրաստ լինել, որ ամեն նոր խոշոր պատերազմ կատարելապես հերքելու է նախորդի փորձը, որն այդքան խնամքով վերածվել էր տեսության և դոքտրինի:

Մարտական եղբայրություն միաբանության վերլուծական խումբ

Social