ԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական առաջնային դիրքորոշումներ

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Բացահայտ սուտ է, որ Հայաստանը մտնում է խաղաղության դարաշրջան՝ հաշվի առնելով միջազգային, տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև՝ վերլուծելով Ադրբեջանի և այլ ռեգիոնալ ուժերի քաղաքականությունը։ Կա ոչ թե կայուն և տևական խաղաղության հեռանկար, այլ խաղաղության հաստատման ժամանակավոր պատրանք։
Ծայրահեղ միամտություն է հավատալ, որ այսպես կոչված «Խաղաղության պայմանագիր»-ը կարող է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղության երաշխիք դառնալ։ Տևական և կայուն խաղաղությունը չի հաստատվում թուղթ ու գրիչով, այլ միայն ուժային հավասարակշռությամբ։
Հայաստանի և Հայաստանի քաղաքական ուժերի գլխավոր կարգախոսը պետք է լինի ոչ թե «խաղաղություն», այլ անվտանգություն։ Միայն այդ կարգախոսն է համարժեք արտահայտում միջազգային և տարածաշրջանային իրավիճակը։
Պահպանելու և զարգացնելու համար իր անկախությունը, ինչպես նաև՝ օգտվելու համար այսօրվա աշխարհում ստեղծվող հնարավորություններից, Հայաստանի թիվ մեկ նպատակը պետք է լինի հնարավորինս կարճ ժամանակում նորից վերածվել ուժային գործոնի, այսինքն՝ վերականգնել ուժին ուժով պատասխանելու կարողությունը և կամքը։
ԱՌԱՋՆԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ
Ա․ Խաղաղության իրական, այլ ոչ թե թղթե երաշխիքների պահանջներ Ադրբեջանից.
-
2020 թ-ից հետո զբաղեցված Հայաստանի տարածքների ազատում (Ջերմուկում, Վարդենիսում և այլն),
-
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի քաղաքականությունից հրաժարում, այդ թվում՝ պետական քարոզչության դադարեցում և պետական հովանու տակ գործող կազմակերպությունների լուծարում,
-
Բաքվի բանտերից հայ գործիչների և զինվորականների ազատում։ Նրանց նկատմամբ ապօրինի դատավարության ընթացքում կորզված ցանկացած վկայության Հայաստանի դեմ օգտագործման բացառման պարտավորության ստանձնում
-
Հայաստանի դեմ «ագրեսիայի», «օկուպացիայի», «ցեղասպանության» և նմանատիպ մեղադրանքների և քարոզչության դադարեցում,
-
Հայաստանից «կոմպենսացիաներ»-ի և ցանկացած այլ բնույթի վնասների հատուցման պահանջներից պայմանագրային հրաժարում,
-
Ընդհանրապես՝ հայատյացության քարոզից և գաղափարախոսությունից հրաժարում:
Բ․ Ո՛Չ՝ Սահմանադրության փոփոխության առաջիկա հանրաքվեին, որն անցկացվում է Ադրբեջանի ուղիղ վերջնագրային պահանջով՝ որպես Խաղաղության պայմանագրի ստորագրման պայման։
Առաջիկա հանրաքվեին Ո՛Չ ասելը հայ ժողովորդի լավագույն հնարավորությունն է վերահաստատել իր ինքնիշխանությունը՝ արտաքին վերջնագրին չենթարկվելու կամքի ցուցադրման միջոցով։
Հանրաքվեին Ո՛Չ ասելը՝ լավագույն և առաջնային հնարավորությունն է նաև պարտության մատնել ներկա կառավարությանն՝ անկախ ընտրությունների արդյունքներից։
Գ․ 2025 թվականի օգոստոսի ութի Վաշինգթոնյան եռակողմ հռչակագրի կետերի վերանայում։ Հատկապես անընդունելի է դրանում տեղ գտած «անխոչընդոտ հաղորդակցություն» ձևակերպումը 3-րդ կետում, ինչպես նաև՝ ռևանշի (անգլերեն տեքստում՝ revenge) բացառման մասին ձևակերպումը 5-րդ կետում։
«Անխոչընդոտ ճանապարհ» ձևակերպումը փաստացի նշանակում է միջանցք, այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանության փաստացի սահմանափակում՝ անկախ նույն փաստաթղթում տեղ գտած այլ ձևակերպումներից։
Իսկ ռևանշի բացառման կետը անսպառ լծակ է Ադրբեջանի ձեռքին՝ Հայաստանի ներքին գործերին ցանկացած պահի և ցանկացած առիթով միջամտելու համար՝ մտացածին ռևանշիզմ գտնելու պատրվակով։
Դ․ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դենոնսացիա (միակողմանի հրաժարում)։ Սա ունի և՛ գործնական, և՛ խորհրդանշական իմաստ։
Նոյեմբերի 9–ի փաստաթուղթը չի չեղարկվել, և, որպես միջազգային քաղաքական հայտարարություն, շարունակում է գործել, քանի դեռ դրա տակ կան կողմերի ստորագրություններն՝ անկախ հետագա զարգացումներից, և ցանկացած պահի այն կարող է նորից դառնալ Հայաստանի նկատմամբ պահանջների առարկա, եթե փոխվի համապատասխան միջազգային իրավիճակ։
Բացի այդ նոյեմբերի 9–ը Հայաստանի ստորացման, դիմադրության անհարկի դադարեցման և ռուս-թուրքական դաշինքի գերակայության ընդունման խորհդանիշն է։
Ե․ Կտրականապես դեմ ենք Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հեռանկարին՝ «վերադարձի» անվան տակ, որը, որպես հերթական պահանջ, մոտակա տարիներին ներկայացվելու է Հայաստանին, կամ, որի շուրջ, հնարավոր է, արդեն կան ոչ հրապարակային պայմանավորվածություններ։
«Վերադարձի» ծրագիրը, որն ակտիվորեն նախապատրաստվում է Ադրբեջանի կողմից, նպատակ ունի Հայաստանը վերջնականապես դնել վերահսկողության տակ՝ ադրբեջանցիների անվտանգության ապահովման և այլ պատրվակներով։
Զ․ Եթե Ադրբեջանը կամովին չի ազատում 2021-2022 թթ-ին Հայաստանից օկուպացված տարածքները, ապա դրանք պետք է ազատագրվեն հատուկ ռազմական գործողությամբ՝ Հայաստանի համար հարմար իրավիճակում։
Է․ Արցախի հարցը փակ չէ։
Արցախի հարցը ձևակերպել և բարձրացրել է հայ ժողովուրդը՝ զանգվածային ժողովրդական շարժմամբ, և այն չի կարող չեղարկվել որևէ միանձնյա կամ կուսակցական որոշմամբ։
Հայության իրավունքներն Արցախում լիովին հիմնավոր են թե՛ համամարդկային արդարության, թե՛ միջազգային իրավունքի տեսակետից, և այսօր էլ ունեն միջազգային աջակցության ներուժ։
Սեփական իրավունքից հրաժարվելը, ուժի ճնշման տակ, ոչ թե իմաստության՝ այլ քաղաքական անհեռատեսության նշան է։
Արցախի հարցում այսօր էլ ունենք միջազգային աջակցության ներուժ, սակայն պետք է գիտակցենք, որ միայն միջազգային երաշխիքներով խնդրի արծարծումը պատրանք է՝ հարցն իրապես դնելու համար. այն պետք է ունենա ուժային ապահովում։
Զ․ Քաղաքական, իսկ անկախ և անաչառ դատարանում՝ դատաքննության արդյունքներով, նաև իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն՝
ա․ բոլոր այն անձինք և խմբերը, որոնք 2020 թվականի պատերազմի ընթացքում գործել են որպես թշնամու փաստացի համագործակից, քարոզել են կամ այլ ձևով նպաստել են Արցախի հանձնմանը՝ դիմադրության դադարեցմանը, ռուս-թուրքական խաղաղապահ զորքի տեղակայմանն Արցախում։
բ․ Նոյեմբերի 9-ին հանձնվելու և ռուս-թուրքական զորքն Արցախում տեղակայելու համաձայնությունը ստորագրող քաղաքական ղեկավարությունը։
Համապատասխան արդյունքներով այդ անձինք և խմբերը պետք է ենթարկվեն օրինական պատժի՝ թե՛ պետական դավաճանության, թե՛ սահմանադրական կարգի դեմ ուղղված այլ հանցակազմերի հատկանիշներով։
Քաղաքական պատասխանատվությունը ենթադրում է նաև քաղաքական գործունեության և պաշտոնների զբաղեցման արգելք։
Է․ Հետսովետական Հայաստանում քաղաքական վերնախավերի կողմից ապօրինի կերպով կուտակված հարստությունը պետք է արտակարգ իրավական գործընթացների (ժամանակակից աշխարհում փորձված անցումային արդարադատության գործընթացների) միջոցով վերադարձվի հանրությանը։
Քաղաքական առաջնորդները, որոնք Արցախյան հարցի շնորհիվ զբաղեցրեցին բարձրագույն դիրքեր և կուտակեցին մեծ հարստություն, իսկ հետագայում, փաստորեն, հրաժարվեցին արցախյան շարժման հռչակյալ նպատակներից, պետք է քաղաքական և իրավական պատասխանատվություն կրեն։
Ը․ Նորից Ուժային գործոնի վերածվելու և անկայուն աշխարհում իր անկախությունը պահպանելու և զարգացնելու համար՝ Հայաստանն այլ տարբերակ չունի, քան ընդունելու ակտիվ պաշտպանության ռազմական դոկտրինը, որը ենթադրում է արագություն, շարժունակություն, կանխարգելիչ հարվածներ, պատերազմի տեղափոխում թշնամու տարածք։ Հակառակը՝ պասիվ, սպասողական պաշտպանության՝ «բունկերների», դոկտրինը «հերոսական պարտության» անխուսափելի ճանապարհն է։
Թ․ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, և լուրջ քննարկման դրվի Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի վերանայման հարցը։ Այս քայլերով պետք է գնահատական տրվի հետսովետական Հայաստանի անվտանգության համակարգին, որն ապացուցեց իր կատարյալ անարդյունավետությունը՝ սկսած 2020 թվականից։ Որպես ընդհանուր սկզբունք՝ պետք է ընդունվի Հայաստանի տարածքում օտար ռազմական ուժի ներկայության բացառման ձգտումը։
Հայաստանի քաղաքականության նպատակը պետք է լինի ոչ թե գոյատևումը, այլ՝
Անկախության, Վերելքի, Վերածննդի և հայոց նոր Հաղթանակի կերտումը։
