30 տարի առաջ: Աղդամի ճակատամարտի հոգեբանական նշանակությունը և արդիականությունը
Մտորումներ հաղթանակի և պարտության հոգեբանական ազդեցության մասին
Անցած շաբաթ մենք անդրադարձանք 30 տարի առաջ տեղի ունեցած Աղդամի ճակամարտի ընացքին:
Բայց այսօր երբ հայության մեջ ուժային քաղաքականությունը համարվում է խելագարություն, և ի պատասխան առաջին պատերազմի մասին հիշեցումների գերիշխում է՝ «այն ժամանակ ուրիշ էր» իր անգերազանցելի իմբիցիլությամբ փայլատակող «փաստարկն», շատ կարևոր է անդրադառնալ Աղդամի հաղթանակի նաև հոգեբանական նշանակությանն ու դրա արդիականությանը:
Երևի ամենա հեշտը դա սեփական փորձով ներկայացնելն է:
Երբ մերոնք մտնում էին Աղդամ ես դպրոցը նոր ավարտած 16 տարեկան պատանի էի: Արդեն 7 տարի է, ինչ ապրում էի Թիֆլիսում, չնայած ծնվել եմ Երևանում: Կապը Երևանի հետ 1992-93 թթ.-ին շատ էր դժվարացել, Երևան-Թիֆլիս ճանապարհն անվտանգ չէր՝ հատկապես դրա վրացական հատվածը: 1992-ի ամառվանից Երևանում չէի եղել՝ կյանքումս առաջին անգամ այդքան երկար:
Այդ ժամանակ իմ հիմնական կապի միջոցը Հայաստանի հետ դարձավ Հայկական պետական ռադիոյի ամենօրյա լրատվությունը ռազմաճակատից: Ամեն օր ես լսում էի դրանք, և գրանցում աշակերտական կանաչ տետրերի մեջ, որոնք ցայսօր պահպանվել են:
1993-ի ռազմական հաղթանակների մասին լուրերը, որոնք սկսեցին գալ փետրվարից՝ Մարտակերտի շրջանի զգալի մասի ազատագրումը, հետո Քարվաճառի գործողությունը, շատ ոգևորիչ էին, մանավանդ նախորդ տարվա ծանր պարտություններից հետո:
Բայց Աղդամ ուրիշ էր:
Քելբաջար մերոնց մտնելը հոգեբանորեն հեղափոխական էև և անհավատալի՝ հայը դուրս է գալիս իրեն «սահմանված» տարածքից, կարմիր գծերից կամ վանդակից, բայց թվում էր, որ դա բացառություն է:
Երբ մերոնք մտան Աղդամ, պարզ դարձավ, որ բացառություն չկա:
Հասկացող մարդկանց պարզ էր այն ժամանակ էլ, որ, եթե ԼՂԻՄ տարածքից դուրս չգանք, որքան էլ քաջ կռվենք, վերջը՝ պարտությունն է: Բայց հայկական շատ խորն արմատավորված տաբուներ ու պատկերացումներ կային, որոնք թվում էր հնարավոր չէ, որ հաղթահարվեն: Ի դեպ, հենց այդ տաբուները չխախտելու ու գծված սցենարով, գծված վանդակի մեջ կռիվ անելու պատճառով է նաև, որ մենք պարտվեցինք 2020-ին: Բայց դառնանք Աղդամին:
Ինչպես և ցանկացած հայ, ես մեծացել էի այն պատման մեջ, որ հայերս անընդատ կորցրել ենք՝ տարածքներ, ժողովուրդ, քաղաքներ: Ես տեսել ու շփվել եմ իմ մեծ տատիս հետ, որը Կարսեցի էր, ես իրանից լսել եմ Կարսի մասին, որը կորցրել ենք: Գրքերից չեմ իմացել ու զգացել այդ ամենն, այլ սկզբում՝ տանն, ընտանիքում, դեռ մինչև դպրոց գնալը: Հիշում եմ նաև, թե ինչպես ավելի մեծ տարիքում քեռուս հետ գնացել էինք Պատմության թանգարան, և քեռիս ասեց, նայի քարտեզներին՝ Հայաստանն անընդատ փոքրացել է: Չմանրամասնեմ՝ բոլորդ գիտեք այս զգացողությունը: Եթե նույնիսկ հաղթանակներ ենք ունեցել, ապա զուտ պաշտպանական՝ Սարդարապատի պես:
Այս գիտակցությամբ մեծացել ենք բոլորս՝ կոտորվող, կորցնող, աշխարհից նեղված ազգ:
Աղդամը հենց այս պատճառով ցնցում էր:
Հին աշխարհը՝ բորբոսնած, սարդոստայնոտ հայկական աշխարհը փլվում էր, ու գալիս էր նորը՝ չտեսնվածը, ուժեղը, տղամարդկայինը, վառ աարևոտը:
Հայերս ոչ միայն պաշտպանվում ենք, ոչ միայն ազատագրում ենք, այլև ուրիշի քաղաք ենք գրավում…..: Սա էր նոր իրականությունը: Եվ դա անսահման հաճելի էր, թարմ օդ էր հոտած հայկական ավանդական լացուկոցի սենյակում, թևեր էր տալիս:
Հետագայում, երբ ինչ որ պահից սկսեցինք ասել Աղդամի ազատագրում, երևի մի բան կորցրեցինք այդ կենդանի զգացողությունից: Մարտակերտն ազատագրում էինք, Քելբաջարը, որը լի է հայկական պատմական հետքերով՝ նույնպես կարելի էր կոչել ազատագրված:
Բայց Աղդամի գրավումը 1993-ին ոչ ոք չէր զգում որպես ազատագրում, այլ բոլորս հասկանում էինք, որ թուրքի որջ ենք մտել, ու դա էր ամենալավը, դա էր նորույթը, որը նաև պարզ էր դարձնում, որ մոտ ենք իսկական հաղթանակի:
Հուսամ ոչ ոք դասախոսություն չի կարդա ինձ, թե պատմական Հայաստանի մեջ մտել է նաև Աղդամի տարածքը: Ես շատ լավ գիտեմ նման փաստերը, բայց հիմա դրանից չեմ խոսում, այլ կենդանի զգացողությունից, և այն հանգամանքից, որ հայկական հին ներկայության տեսանելի հետքեր Աղդամում չկային: Աղդամ մտնելը հաստատ նույնը չէր, ինչ մտնեինք Վան կամ Մուշ:
Եվ հենց այդ զգացողությունն էր, որ հեղափոխական էր: Հայը հաղթող է, հայը մտնում է ուրիշի քաղաքներ, հայն էլ կրավորական ու տառապող լացկանը չի, հայն ինքն է լուծում իր խնդիրները, այլ ոչ թե մուրում է աշխարհից:
Թվում էր՝ նոր հայն էր ծնվում: Եվ այդ առումով Աղդամը պետք է դառնար մեր հայրենիքը՝ նոր հայերիս հայրենիքը:
Տարիներ անց, ես նաև եղա Աղդամում: Այդ այցիս զգացողությունները նույնքան սուր էին, և գրեթե խորհդավոր: Թշնամու ավերակ քաղաքը հաճելի էր, և ճիշտ էր: Այդտեղից սկսվում էր Հայաստանը: Երևանի պաշտպանությունն ու ապահովությունը……
Ինչպես տեսաք անցած անգամ Աղդամի ճակամարտը տևել է 44 օր՝ ուղիղ այնքան, որքան 2020-ի պատերազմը: Այն հեշտ չի եղել՝ եղել են հայկական գրոըների անհաջող փորձեր, լուրջ կորուստներ թուրքերի հակագրոհներ: Բայց համառորեն ու հետևողականորեն Աղամի գործողությունն իրացվել է:
Ես ուզում եմ պատմել հատկապես ինձնից ավելի երիտասարդներին, որոնք այդ օրերը չեն հիշում:
Երբեք չպատկերացրեք, որ 1993-ի ամռանը շատ բնական ու հեշտ էին թվում հայկական հաղթանակները: Ես հիմա չեմ խոսում ռազմական կողմի մասին, այլ հոգեբանական, աշխարհայացքային:
Ոչ թե միայն 1988-ին, այլև 1991-ին, և 1992-ին և հենց նույն 1993-ի սկզբին ոչ ոք չէր պատկերացնում, որ ԼՂԻՄ տարածքն օղակող ադրբեջանական քաղաքներ մտնելու է հայկական զորքը, և մտնելուց հետո էլ՝ մնալու է այդտեղ: Ռազմական օպերացիաներ պլանավորողները կարող էին սրա մաիսն պատկերացում ունենալ, ասենք, 1993-ին: Բայց մնացածիս համար սա իսկական շրջադարձ էր, իսկական նոր աշխարհ, անհավատալի հեքիաթ: Մանավանդ 1992-ի ծանր ռազմական պարտություններից հետո: Մանանանդ հաշվի առնելով հայ հանրության միամտությունը, որն, օրինակ, նույն1988-ին նույնիսկ առաջնորդների մակարդակով լուրջ մտածում էր, որ հնարավոր է Արցախի խնդրի խաղաղ լուծում:
Հիմա, տարիներ անց, ապշած հասկանում ես, որ հին ավանդական հայկական քաղաքական մտածողությունը ոչ մի տեղ ոչ միայն չէր կորել, այլև անհավանական վերածնունդ է ապրում:
Ապշեցուցիչ է իրոք տեսնել, թե որքան կեսնունակ էր դա՝ նորից աշխարհից ողորմություն խնդրելը որպես գերագույն իմաստություն դիտարկող, նորից՝ հեսա Թուրքիան կփլվի, Ռուսաստանը կպարտվի-ի վրա լրջորեն հույսը դնող, նույնիսկ սկզբի պահին՝ ռուս խաղաղապահ առաքելությանը հավատացող……: Նորից՝ սեփական ուժերի վրա հույսը դնելը համարվում է «խենթություն», և սա ան դեպքում, որ իսկական խելագարություն է՝ ոչ մի հաշվարկի վրա չհիմնված գժանոց համարելը, որ հնարավոր է խաղաղության հարց լուծել …թղթով:
Թվում է՝ պարտությունն է մեղավոր:
Բայց այդպես չէ:
Առողջ օրգանիզմի արձագանքը պարտությանը՝ ոտքի կանգնելու փորձն է, ոչ թե «ես թույլ եմ, բան չեմ կարող» ողորմելի լացուկոծը:
Մեղավորը պարտություն չէ:
Պատերազմով և Հաղթանակով ծնված Պետությունը ոչինչ չի արել տարիների ընթացքում, որ Հաղթանակը դառնա աշխարհայացք:
Հիշում եմ, 2022-ի սեպտեմբերին, սահմանի գյուղերից մեկում էի, որի վերևի դիրքերն անմիջական հարձակման էին ենթարկվել հենց այդ օրերին:
Գյուղի դպրոցում էինք: Պատին կախված էին Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին նկարներ, քարտեզներ: Արցախյան պատերազմի մասին՝ ոչինչ: Սա 31-ամյա Հայաստանի Հանրապետությունն էր, որը ծնվել էր պատերազմ վարելով ու հաղթելով: Սրանով ամեն բան ասված է:
Հենց այս՝ Հաղթանակը չմարսած ու չյուրացրած, այն աշխարհայացքի չվերածած լինելու պատճառով է, որ այսօր ստիպված ենք սկսել նորից նույն կետից:
Մեզ պարտադրվում է նոր/հին պայքար:
Մեզ թվում է, թե կարող ենք փախչել, պախկվել միջազգային հանրության մորական փեշի տակ, խուսափել ճակատագրից:
Բայց իրականությունն այն է, որ նա ով մի անգամ ձեռք բերած Հաղթանակը չի գնահատում, նա ով պարտվում է, ստիպված է լինում նորից կռվել:
Իսկ խաղաղությունն՝ ինքնավստահների և հաղթողների համար է:
Հրանտ «Մարտական եղբայրություն» միաբանություն