Հայաստանի ապակենտրոնացման անհրաժեշտությունը
Մարտական եղբայրության ստեղծման առաջին իսկ որոշումից մենք առանցքային ենք համարել, որպեսզի մեր կազմակերպությունը լինի ոչ թե երևանյան, այլ համահայաստանյան: Այժմ, աստճանաբար սկսում ենք իրանցնել մեր այդ նպատակը: Դա ենթադրում է գործի մի քանի ուղղություն:
- Մարտական պարապմունքների տարածումը մարզեր, և հատկապես սահմանամերձ և ստրատեգիական կետեր: Այժմ արդեն իրականություն է Նոյեմբերյանի ծրագիրը, բայց պատրաստվում են նաև հաջորդները:
- Եղբայրության բջիջների ստեղծումը Երևանից դուրս, որի հիմքը կլինեն վերջին պատերազմի մասնակիցները, բայց նաև տեղի ակտիվ, պասիոնար և ինքնուրույն մարդիկ ու խմբերը: Այստեղ էլ որոշ քայլեր արդեն արվում են:
- Ոչ երևանակենտրոն Հայաստանի հայեցակարգի մշակումը, այդ հայեցակարգից բխող կոնկրետ ծրագրեր ու նախագծեր: Այս ուղղությամբ էլ կա նախնական աշխատանք և նախնական պայմանավորվածություններ:
Մեր այս մոտեցումն ինքնանպատակ չէ, այլ բխում է մեր պատկերացումներից Հայաստանի ներկայի և ապագայի մասին:
Նախ՝ մենք համարում ենք, որ Երևանում իր ներուժի մեծ մասը կենտրոնացրած Հայաստանն ապագա չունի, կեսնունակ չէ՝ նույնիսկ, եթե չլինի արտաքին վտանգ: Ներկայիս Հայաստանն ըստ էության քաղաք պետություն է, այլ ոչ թե երկիր: Դա ունի հետևանքներ բոլոր ուղղություններով՝ քաղաքական, ռազմական ու տնտեսականից մինչև հոգեբանական, աշխարհայացքային և այլ:
Երկրորդ՝ Հայաստանի քաղաքական և հանրային կազմակերպություններն այլևս չպետք է լինեն երևանյան ակումբներ: Իրական կազմակերպությունը պետք է լինի համահայաստանյան:
Երրորդ՝ քաղաքական հարցերի լուծման մենաշնորհն այլևս չպետք է լինի երևանյան "պրոգրեսիվ միջավայրի" մենաշնորհը: Այս միջավայրի իրական ներուժը շատ թույլ է, իսկ հավակնությունները՝ շատ մեծ: Ըստ էության նա կարող է միայն դատարկություն ծնել՝ մտքում, խոսքում և գործում: Մի այդպիսի դատարկություն էր, օրինակ, 2018-ի այսպես կոչված հեղափոխությունը, որն այդ միջավայրի ծնունդ էր և նրա հայելին է, որքան էլ հիմա շատերը հրաժարվեն իրենց զավակից: Այսօր էլ այդ հանրային շերտից ելնում է մեծամասամբ միայն նվնվոց, անորոշություն, թուլություն, իռացիոնալիզմ:
Քաղաքական և հանրային հարցերի լուծման կենտրոնն ու բանալին պետք է դուրս բերվի Երևանից, և բաշխվի երկրով մեկ՝ համաչափ: Մենք դրել ենք այդ նպատակն ու հասնելու ենք դրան: