Զանգեզուրի միջանցք և Արևմտյան միջնորդության բացառում

Ադրբեջանի քարոզչությունը 2024 թ-ի ապրիլի 20—ից մայիսի 1-ը

Ներկա իրավիճակում ադրբեջանական քարոզչությունը պնդում է, որ Տավուշում ընթացող «սահմանազատման» գործընթացը կայացել է շնորհիվ նրա, որ իրենք կարողացել են բացառել արևմտյան երկրների միջնորդությունը, և Հայաստանն ու Ադրբեջանը երկուսով են հասել պայմանավորվածության:

Տեղեկանք-ամփոփում Մարտական Եղբայրություն միաբանության «ՎիԿա» վերլուծական խմբից

1.

Ադրբեջանական քարոզչությունն ու պաշտոնական խոսքը շարունակում է ռուսականի հետ սինխրոնացված հակաարևմտյան քարոզչական գիծը:

Ներկա իրավիճակում ադրբեջանական քարոզչությունը պնդում է, որ Տավուշում ընթացող «սահմանազատման» գործընթացը կայացել է շնորհիվ նրա, որ իրենք կարողացել են բացառել արևմտյան երկրների միջնորդությունը, և Հայաստանն ու Ադրբեջանը երկուսով են հասել պայմանավորվածության:

Այսինքն, ադրբեջանական քարոզչությունը Հայաստանում տարվող քարոզչության ճիշտ հակառակ իրավիճակն է ներկայացնում, որը պնդում է, որ «սահմանազատումն» ունի ռուսական ազդեցությունից ազատվելու երանգ: Ադրբեջանում «առանց միջնորդներ» խոսույթը, որպես կանոն, հասկացվում է` «առանց արևմտյան միջնորդներ»:

Այսպես, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Կոնուլ Նուրուլլաևան, մեկնաբանելով Տավուշում իրականացվող սահմանագծումն ու սահմանազատումը, այն անվանել է հավաքական արևմուտքի և, մասնավորապես, Ֆրանսիայի դեմ հաղթանակ:

Ավելին, հենց Իլհամ Ալիևը, մայիսի 1-ին անդրադառնալով «սահմանազատման» գործընթացին, նշել է, որ «երկու երկրները կարողացել են հասնել դրան` առանց միջնորդների»։ Դա, ըստ Ալիևի, վկայություն է, որ «մեզ պետք չեն միջնորդներ»: Բայց որպեսզի կասկած չմնա, թե հատկապես որ միջնորդների մասին է խոսքը, Ալիևն ավելացրել է` «մանավանդ այնպիսի միջնորդները, որոնք իրենց նպատակներն են հետապնդում, չեն ուզում օգնել, այլ ուզում են միջամտել մեր տարածաշրջանի գործերին` հանուն իրենց քաղաքական և տնտեսական նպատակների»: Ակնհայտ է, որ այստեղ նա խոսում է Արևմուտքի մասին, քանի որ, ըստ ռուս-ադրբեջանական քարոզչական լեզվի` «տարածաշրջանի գործերին միջամտողներ» անվան տակ թաքնված են արևմտյան երկրները:

Թեման ավելի բացված է minval.az կայքում, որը հրապարակել է «Հիբրիդային պատերազմ Ադրբեջանի դեմ. Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Բրյուսելը առաջնագծում են» վերնագրով հոդվածը:

Հոդվածում ուղիղ սպառնալիք կա` Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն հանդուրժելու Արևմուտքի ակտիվացումը տարածաշրջանում և ստիպված են լինելու պատերազմել Հայաստանի Հանրապետության դեմ:

Եթե սրան ավելացնենք այն, որ Մոսկվա կատարած իր այցի ժամանակ Ալիևը Ռուսաստանին անվանել է տարածաշրջանում հիմնական անվտանգային երաշխավորը, ապա պատկերը վերջնականապես պարզ է դառնում:

Եղած փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ռուսաստան-Ադրբեջան համագործակցությունը շարունակում է ուժի մեջ մնալ, և պնդումներն առ այն, որ հայ-ադրբեջանական ներկա գործընթացն ուղղված է ռուսական ազդեցության թուլացմանը` անհիմն են: Տեղի ունեցող գործընթացները ներգծվում են ռուս-ադրբեջանական համագործակցության մեջ:

2.

Խոսելով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին, և համարելով դրա միտումները դրական, Իլհամ Ալիևը նորից հիշատակել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Նա հղում է կատարել նոյեմբերի 9-ի հռչակագրի 9-րդ կետին, և ասել, որ չնայած այդտեղ չկա միջանցք բառը, սակայն խոսքը գնում է Նախիջևան-Ադրբեջան ճանապարհի մասին, որը պետք է վերահսկվի ռուսական սահմանապահ զորքի կողմից: Ըստ Ալիևի, Հայաստանն արդեն երեք տարի է չի կատարում այդ կետը, ինչը շատ հիասթափեցնող է: Նա նորից պնդել է, որ այդ կետը պետք է կատարվի:

Այսպիսով, հերթական անգամ, ամենաբարձր մակարդակով հաստատվում է, որ Ադրբեջանը շարունակում է պնդել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի վրա: Դա նշանակում է, որ Խաղաղության պայմանագիրն, ըստ ադրբեջանական պատկերացումների, չի կարող կնքվել առանց այդ կետի իրականացման:

Նույնը հաստատվում է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովի հայտարարությամբ, ըստ որի` ԽՊ-ին հնարավոր է հասնել, եթե կատարվեն Ադրբեջանի երեք պայմանները` Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, Նախիջևանի բլոկադայի դադարեցումը Հայաստանի կողմից համաձայն նոյեմբերի 9-ի հռչակագրի 9-րդ կետի, և «որոշ արտաքին խաղացողների» Հարավային Կովկասում «բաժանարար գծերի ստեղծման և ապակայունացման» փորձերի դադարեցումը: Հասկանալի է, որ այստեղ նույնպես նկատի ունի Արևմուտքին:

Պարզ է, որ Ադրբեջանի մեկնաբանմամբ ԽՊ-ն հնարավոր է միայն այն դեպքում, եթե կատարվի «զանգեզուրյան միջանցքի» պահանջը, և բացառվի արևմտյան գործոնը, այսինքն` խաղաղությունը կնքվի ռուս-ադրբեջանական ծրագրով:

Հասկանալի է, որ այս մոտեցումը բացառում է Հայաստանում տարածված այն պատկերացումները, թե իբր հնարավոր է Ադրբեջանի հետ ԽՊ կնքել` թուլացնելով ռուսական ազդեցությունը կամ խուսափելով ռուս-ադրբեջանական պահանջների կատարումից:

3.

Բաքվում պաշտոնական արարողությամբ բացված «Արևմտյան Ադրբեջան հեռուստաընկերություն»-ը, որի խնդիրը պիտի դառնա ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ադրբեջանցիներին և աշխարհին ներկայացնել օկուպացված Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտություններն ու այնտեղ հետվերադարձի հայեցակարգը։

Այս թեմայի ավելի մանրամասն վերլուծությանը կանդրադառնանք մեկ այլ անգամ:

Social