Կարծրատիպեր չե՛ք ջարդում

ռուս-թուրքական վանդակի ցիկլերից մեկի տիպիկ դրսևորում է

Այն, ինչ այսօր ձեզ թվում է չտեսնված նորարարություն, ընդամենը կրկնությունն է այն գաղափարախոսության ու քաղաքականության, որը Սովետական Հայաստանում իրականացվել է 1920-1930-ական թթ.: Մանրուքները կարևոր չեն, հիմնականի մասին է խոսքը:

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է.

Այն, ինչ հիմա անում է ներկայիս կառավարությունը, ընդամենը ռուս-թուրքական վանդակի ցիկլերից մեկի տիպիկ դրսևորում է։

Իշխող թիմի բավականին հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ նախկինում առողջապահության նախարար, հիմա, երևի, պատգամավոր (հաստատ չգիտեմ, չեմ հետևում նրանց տեղաշարժերին), վերջին շրջանում արդեն որերորդ անգամ գրում է, թե, իբր, իրենց քաղաքականությունը «100-ամյա կարծրատիպեր ջարդելն է»:

Ռուս-թուրքական վանդակը փլուզվի ձեր պատմափիլիսոփա գլուխներին, իրո՞ք:

Իրականում ոչ մի կարծրատիպ, այն էլ՝ 100-ամյա, դուք չեք ջարդում:

Ճիշտ հակառակը:

Այն, ինչ անում եք հիմա, ընդամենը ռուս-թուրքական վանդակի ցիկլերից մեկի տիպիկ դրսևորում է: Շեշտում եմ՝ ցիկլերից մեկի, քանի որ ռուս-թուրքական վանդակի խնդիրը հենց այն է, որ ունի ցիկլեր, միշտ նույնը չէ:

Այն, ինչ այսօր ձեզ թվում է չտեսնված նորարարություն, ընդամենը կրկնությունն է այն գաղափարախոսության ու քաղաքականության, որը Սովետական Հայաստանում իրականացվել է 1920-1930-ական թթ.: Մանրուքները կարևոր չեն, հիմնականի մասին է խոսքը:

Սա հենց ռուս-թուրքական վանդակի պարտադրած այն գաղափարախոսությունն է, համաձայն որի՝ տարածաշրջանի գլխավոր խնդիրը հայկական ինքնությունն է, ազգային-քաղաքական պահանջներն ու պայքարը, և երբ այդ ինքնությունը չեզոքացվի, տարածաշրջանում խաղաղություն կտիրի:

Սա, կրկնեմ, 1920-30-ականներին եղել է Սովետական Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը:

Կարդացեք այդ ժամանակի քաղաքական առաջնորդների, հրապարակախոսների ելույթները, նաև՝ գրականությունը: Ոչ մի նոր բան դուք չեք անում և չեք ասում:

Այս գաղափարական մոդելը վաղուց ստեղծված ու արխիվացված է ռուսական կայսրության կողմից:

Դուք ընդամենը սրա, չգիտեմ՝ գիտակից թե անգիտակից, գործիքն եք:

Եթե ընդունենք չգիտակցելու վարկածը, դուք պարզապես տեղյակ չեք, որ կայսրությունների քաղաքականությունները երբեք չեն լինում ձեզ պես միաչափ ու միագիծ:

Ձեզ թվում է, թե ռուսական կայսրությունը փորձել է միայն կոնֆլիկտի գաղափարը վերահսկել ու տարածել:

Չարաչար սխալվում եք: Ռուսական կայսրությունը վաղուց մշակել և կիրառել է նաև «հաշտության» մոդելը:

Այդ երկուսից մեկի կիրառումը կախված է կոնկրետ իրավիճակից: Եվ սա է ռուս-թուրքական վանդակի կարևոր օրինաչափություններից մեկը:

Սովետական Հայաստանի պատմության մեջ երկուսն էլ կիրառվել են՝ Թուրքիայի հետ Սովետական Միության հարաբերություններին համապատասխան: Դուք գիտեք միայն երկրորդ մասը՝ այն, ինչ կիրառվել է 1960-1980-ականներից, բայց բժշկից կամ այլ մասնագիտություններից պատմափիլիսոփա դառնալու ճանապարհին ձեզ նեղություն չեք տվել մանրամասն ուսումնասիրելու մոդելներն ու քաղաքականությունը, դրանց բազմաշերտությունը:

Իհարկե, ձեզ կարող է թվալ, թե դուք, ի տարբերություն դարասկզբի հայ բոլշևիկների, այս ամենն անում եք հակառուսական գծի մեջ:

Թե որքանով եք դուք իրականում այդպիսի գծի մեջ, այլ խոսակցություն է:

Բայց, կզարամանաք. հայ բոլշևիկները նույնպես պաշտոնապես հակառուս էին, քանի որ խստորեն քննադատում էին Ցարական Ռուսաստանի քաղաքականությունը:

Այնպես որ, նույնիսկ այստեղ օրիգինալ չեք:

Բայց հարցը նույնիսկ դա չէ: Բոլորովին պարտադիր չէ, որ դա անեք գիտակցված: Մի մասդ կարող է անկեղծ հավատալ, թե Հայաստանն այժմ անկախացնում եք ռուսական ազդեցությունից:

Ավելի վատ ձեզ համար, որովհետև անգիտակցությունն ու անմեղսունակությունը քաղաքականության մեջ պակաս մեղք չեն:

Իսկ գործնականում սրբացրել ու բոլոր հայկական հանրապետություններից միակ լեգիտիմ եք հռչակել Սովետական Հայաստանն իր սահմաններով: Այս փաստից որքան ուզում եք փախչեք, հեռու չեք փախչի:

Բայց մի շատ կարևոր կարծրատիպ էլ եք «ջարդում»:

Հայկական քաղաքականության դարավոր ավանդույթի վատագույն տարրը միշտ եղել է հավատը «աշխարհի», «միջազգային հանրության», «արտաքին ուժերով սեփական անվտանգությունն ապահովելու», «թղթի» հանդեպ:

Դուք դարերի այս ավանդույթը ոչ միայն փայլուն կերպով վերականգնեցիք, այլև կատարյալի հասցրեցիք: Թե բա՝ միջազգային իրավունքն ու լեգիտիմությունն է մեր անվտանգության երաշխավորը:

Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան՝ ոչ թե նման, այլ կրկնակն եք ձեր նախկին սերունդների: Պարզապես հայ գործիչների սերունդներն ամեն անգամ մի նո՛ր միջազգային թղթի մեջ են տեսել հայ ժողովրդի անվտանգության երաշխիքը: Թե որքան կորուստներ ենք կրել սրա արդյունքում, առանձին երկար թեմա է:

Այնպես որ, հանգիստ եղեք. ձեզնից ավելի կարծրատիպային հայ գործիչներ (բառիս վատ իմաստով) միգուցե չեն էլ եղել: Դուք այդ առումով մտնելու եք քրեստոմատիաները, գուցե անգամ Փարիզի «Չափերի ու կշիռների պալատում» ընդգրկվեք որպես նմուշ նրա, թե ինչպիսին է վերջին դարերի հայ գործչի տիպական մտածողությունն ու կերպարը: Ձեզնով են չափելու:

Թե բա՝ կարծրատիպ եք ջադում..

Social