Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի գլխավոր միտքն այն է, որ պետությունը կարելի է պահել դիվանագիտական հավերժ խուսանավումներով։
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է`
Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի գլխավոր միտքն այն է, որ պետությունը կարելի է պահել դիվանագիտական հավերժ խուսանավումներով։
Լավ դիվանագիտությամբ կարելի է միշտ պետությունը փրկել արհավիրքներից, պատերազմներից և ձախողումներից։
Օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ասել է, որ լավ թագավորն այն թագավորն է, որ կարողացել է երկիրը հեռու պահել պատերազմներից։
Այսօր էլ անընդհատ մեր ժողովրդին սնուցում են, որ պետք էր խուսափել 2020 թ-ի պատերազմից կամ շուտ ավարտել, և որ ձախողել ենք դիվանագիտությունը։
Հիմա, 2025 թ-ին ուկրաինական ճակատում շատ հնարավոր է հրադադար հաստատվի և Ռուսաստանը նորից ակտիվանա Հարավային Կովկասում, և բացի դա Արևմտյան հարձակում լինի Իրանի վրա։
Նման պայմաններում Հայաստանն էլ կարող է ներքաշվել պատերազմի մեջ։
Ու նորից շատ լուրջ մարդիկ մեզ ասելուն են՝ ճիշտ դիվանագիտություն չվարեցինք ու պատերազմի մեջ ընկանք, Ռուսաստանից երես թեքեցինք ու պատերազմի մեջ ընկանք, Արևմուտքի հետ բավարար չսերտացանք ու պատերազմի մեջ ընկանք։
Իրականում այդ ամենը քաղաքական անմտություն է։
Երբ պատերազմը հասունանում է, դրանից խուսափելն անհնար է, որքան էլ ուժեղ դիվանագիտություն վարես։
Հայաստանը մեղավոր չէ, որ 2020 թ-ին պատերազմ է սկսվել, ոչ էլ մեղավոր կլինի եթե այն 2025 թ-ին սկսվի։
Եվ Հայաստանը քայքայող քարոզչություն է ձախողման հիմքում դնել դիվանագիտական սխալ աշխատանքը։
Երբ պատերազմ է սկսվում ու բնակչության մոտ այն միտքն է, թե դիվանագիտությամբ կարելի է խուսափել պատերազմից, կամ դիվանագիտությամբ կարելի է կանգնեցնել պատերազմը, ապա պետության պայքարը պատերազմի դաշտում թուլանում է։
Պետք է հասկանալ, որ դիվանագիտությունն ընդամենը պատերազմի արդյունքները ձևակերպող գործիք է ու դրա համար պետք է հաղթել պատերազմը, որպեսզի հետո դիվանագիտությունն արդյունք տա։
Հիմա ամենամեծ լսարան ունեցող մեդիա ռեսուրսներն առավոտից երեկո թմբկահարում են՝ 1997 թ-ին սխալվեցինք, 2016 թ-ին սխալվեցինք, 2019 թ-ին սխալվեցինք, Լավրովի պլանը պիտի ընդունեինք, Նիկոլը պիտի 2019 թ-ին հողերը տար և այլն։
Սա հենց թշնամական քարոզչությունն է Հայաստանի հանդեպ` պայքարի կամքը կոտրելու համար, որպեսզի Հայաստանը հասկանա, որ ի վիճակի չէ պատերազմ հաղթելու, որ փրկությունը դիվանագիտությամբ խուսանավելն է, այսինքն՝ հզոր թշնամիներին զիջելը։
Մեծ մտավախությունն այն է, որ 2025 թ-ի հավանական պատերազմին Հայաստանը կգնա հենց վերոնշյալ մտքերով՝ դիվանագիտությունը ձախողեցինք, գոնե հիմա մի բան զիջենք պրծնենք։
Սակայն դիվանագիտական խուսանավման փրկարար դերն անընդհատ շեշտելու թշնամական գործողության փոխարեն, պետք է պետությունը կազմակերպել պատերազմի ու պատերազմի ժամանակ էլ՝ թեկուզ քիչ զենքով, թեկուզ քիչ զինվորով աշխատել հաղթելու ուղղությամբ։
Իսկ հաղթել հնարավոր է ցանկացած հակառակորդի։
Եվ հաղթանակն էլ հակառակորդին ոչ մի թիզ հող չզիջելը չէ։
Հաղթանակը հակառակորդի քաղաքական ծրագիրը ձախողելն է և քո պատերազմելու ներուժը պահպանելը։
Օրինակ՝ 2020 թ-ի պատերազմում Հայաստանը կարող էր հաղթել նույնիսկ, եթե կորցներ ամեն ինչ՝ պահելով միայն Քարվաճառը և Լաչինը:
Դա ռեալ հնարավոր էր։