Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Ռուբեն Դալլաքյանը գրում է.

1992 թ. մայիսի 8
Հայոց զորքն ա...

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Ռուբեն Դալլաքյանը գրում է.

1992 թ. մայիսի 8 Հայոց զորքն ազատագրեց Շուշին։ Բայց ինչպե՞ս։ Այս կարևոր հարցն ինքներս մեզ քիչ ենք տալիս։ Արդյո՞ք թվապես բազմապատիկ գերազանցում էինք թշնամուն, միգուցե առաջատար տեխնոլոգիայի զինտեխնիկա՞ ունեինք, կամ գոնե դրա քանա՞կն էր շատ։ Իսկ ինչպե՞ս են ընթացել բուն գործողությունները ճակատային մարտե՞ր, ժայռամագլցման համատարած տեսարաննե՞ր, արյունալի բախումնե՞ր։ Ոչ մեկը, ոչ մյուսը, երրորդը, չորրորդը... Այսօրվա իշխող ուժին եթե մնա, մի օր կարող է փորձի համոզել, թե այդ հաղթանակն ընդհանրապես անհնար էր ու ամենևին էլ տեղի չի ունեցել։ Այս հաղթանակի փիլիսոփայությունը դուրս է նրանց բանականությունից։ Հաղթանակը ստացվեց, քանի որ հայկական զինված ուժերը կարողացել էին վերագտնել հաղթանակի հայկական բանաձևը։ Սա փոքրաթիվ ուժերով հաջողության հասնելու մարտավարություն է բխած մեր ազատագրական պատերազմի բնույթից, հայկական աշխարհագրությունից, ժողովրդագրությունից, հայոց և թշնամու հոգեբանությունից, ոչ ստանդարտ լուծումներից և հաղթանակի հասնելու անկոտրում կամքից։ Այս նյութն ունի անվերջ ուսումնասիրության, զարգացման և բանակի փիլիսոփայական վերափոխման հիմքում դնելու կարիք։ Բայց հիմնական կետերով կարող ենք ասել, որ անսպասելիությունը, արագությունը, լեռնային ռելիեֆի ճիշտ օգտագործումը, փոքր, բայց կարևոր ճեղքումները և թշնամուն խուճապի մատնումն են ընկած հայկական հաղթական մարտավարության հիմքում։ Հայկական մարտավարությունն ունի դարերի, եթե ոչ ավելի երկար ժամանակի պատմություն, երբ ստիպված ենք եղել պայքարել մեծաքանակ թշնամու դեմ մեր լեռներում ու ձորերում։ Այս մարտավարությունը ոչ թե զինտեխնիկայի կիրառության արդյունք է, այլ հոգեբանության, անսպասելիության և արագության։ Ամեն դարում իր զինտեխնիկայով, բայց հիմքում նույն փիլիսոփայության վրա կառուցված մարտավարությու՛նն է, որ հաղթանակներ է պարգևել Դավիթ-Բեկի, Արցախի Մելիքների մղած պատերազմներում, 19 - 20-րդ դդ. հայ ազատագրական պայքարի, 1918 - 1921 թթ. անկախության պայքարի, 1990 ականների Արցախյան ազատագրական պատերազմի ընթացքում։ Կրկնեմ, ոչ թե տեխնիկան, այլ ճիշտ փիլիսոփայությունն է ընկած հայկական հաղթանակի հիմքում, որը դարերով չի փոխվում։ Սա մեր պատմությունն է։ Եթե մեր հոգիները բոցավառվում են նոր հաղթանակների մղումով, պետք է սերտենք պատմությունից կարևոր բանաձևերը, հաղթանակներին և պարտություններին չվերաբերվենք որպես քաղցր հերոսական հեքիաթ, կամ պարզապես դավաճանական անհաջողություն և միշտ հետամուտ լինենք «ինչպե՞ս, ինչու՞» հարցերին։ Ցավոք, հաղթական պատերազմից հետո հայկական բանաձևը չուսումնասիրվեց, ռազմական բուհերում չուսուցանվեց, մոռացության մատնվեց, իսկ փոխարենը ընդօրինակվեց ռուսական, սովետական բանակի մոդելը: «Ինչու՞» հարցը այստեղ էլ դեռ բաց է և չուսումնասիրված։ Իսկ ինչպե՞ս կորցրինք Շուշին։ Ճակատագրի հեգնանքով նույն կերպ, ինչպես ձեռք էինք բերել։ Թշնամին թեև ընդհանուր քանակական առավելությանը, հարձակողական գործողություններում (առավել ևս Շուշիում) կենտրոնացրել էր փոքրաթիվ, հատուկ պատրաստված արագ գրոհային խմբեր, որոնք ճիշտ օգտագործելով լեռնաանտառային տեղանքը կարողացան արագ ճեղքել, անակնկալի և խուճապի բերել հայկական ուժերին։ Միևնույն ժամանակ կարծես ներսում շատ բան կազմակերպված էր թշնամուն օժանդակելու համար, որպեսզի Շուշիի կորստով վերջապես դադարեցվի պատերազմն ու հայկական դիմադրությունը, Արցախի մնացորդը հանձնվի ռուսական զորքին։ Ինչուներն ու ինչպեսները շատ են։ Կարևոր հարցերից է նաև թե ինչու՞ Հայաստանի վարչապետը Շուշիի պաշտպանությունը վստահեց հենց մարդկանց, ում մինչ այդ ռուսական գործակալ էր անվանում։ Բայց նաև հարց տանք արդյո՞ք Շուշին հանձնել չցանկանալու պարագայում անհնար էր նրան պաշտպանել։ Ու իրականում պաշտպանության գոնե մինիմալ հոդաբաշխ լեզվով արտահայտվող միջոցներ ձեռնարկվեցի՞ն արդյոք: Հայաստանի վարչապետը, ով վայելում էր ժողովրդի ճնշող մեծամասնության վստահությունը, ով պնդում էր,
🔸որ Արցախի հարցում ցանկացած որոշում ՈւՂԻՂ համաձայնեցնելու է ժողովրդի հետ, 🔸որ այդ պատերազմն անկախության պատերազմ է, և կռվելու ենք մինչև վերջ (բա երանի չէ՞ր), նոյեմբերի 9-ին 🔴անսպասելիորեն, 🔴արագ, 🔴փաստի առաջ կանգնեցնելով լքում է հայ ժողովրդին, լքում է պատերազմի գլխավոր հրամանատարի իր առաքելությունը և հանձնվում, և հանձնում։ Նույն ձեռագրով անսպասելի, արագ, անակնկալ, ինչպես ընկավ Շուշին։ Թշնամին մեզ հաղթեց նույն կերպ, ինչպես մենք էինք հաղթել նրան։ Թշնամին հաղթեց մեզ հայկական բանաձևով, սա խայտառակ ամոթ է։ Ու հիմա, թշնամու պահանջները մեկը մյուսի ետևից հլու-հնազանդ կատարող վարչապետը որոշել է, որ ոչ թե ինքն է պարտություն բերել, ոչ թե ինքն է լքել հայ ժողովրդին պատերազմի կարևորագույն պահին, այլ հայ ժողովուրդն է էն գլխից ճակատագրական սխալ գործել սկսելով Արցախյան շարժումը։ Սա հայտարարում է հենց Շուշիի ազատագրման օրը` մայիսի 8-ին, 2026 թ.:


Ամեն մեկն ինքը թող այս հարցերի պատասխանը որոշի` 🔸Արդյոք հանդուրժելու՞ ես պարտության, խեղճության ու հնազանդության քարոզը։ 🔸Արդյոք հլու-հնազանդ հավատալու՞ ես քարոզին, թե իբր 2020 թ. պարտությունն անխուսափելի էր։ 🔸Արդյո՞ք կարծում ես, որ հայ ժողովուրդն ունակ չէ անգամ մի ադրբեջանի դեմն առնել։

Թեմաներ

    Social