Պատրանքների դեկոնստրուկցիա

Այսօրվա մեր առջև ծառացած իրողությունն այն է, որ մենք պետք է պայքարենք Հայաստանի ինքնիշխանության համար՝ նույնիսկ նրա 29000 քառակուսի կիլոմետրի համար։ Մենք պետք է պատրաստ լինենք ուժ կիրառելու՝ մեզնից խլվածը հետ վերցնելու համար։ Մեր ապագայի համար պայքարը սկսվում է հիմա.

29 հազար քառակուսի կիլոմետր Հայաստանն ունի իր ջերմ երկրպագուները:

Ցավոք նրանք ապրում են պատրանքների մեջ:

Հարցը նույնիսկ այն չէ, որ այդ տարածքով ու այդ սահմանների կոնֆիգուրացիայով Հայաստանը, հեռանկարում անկենսունակ պետություն է, և այդ սահմանները հենց այդ մտքով էլ գծվել են 1920-21 թվականին ռուս-թուրքական դաշինքի կողմից: Սա դեռ մի կողմ:

Հարցն այն է, որ այդ 29 հազարն էլ փաստացի չկա, և այն դեռ պետք է հետ նվաճել: Տվյալ դեպքում նրա մասին չենք խոսում, որ այդ տարածքի որոշ հատվածներ գրավված են թուրքերի կողմից, այդ թվում վերջին երկու տարվա ընթացքում: Ոչ էլ նույնիսկ նրա մասին ենք խոսում, որ Ադրբեջանը շարունակում է և շարունակելու է պնդել Սյունիքի միջանցքի թեման:

Խոսքը նրա մասին է, որ վերջին երկու տարվա մեջ` որպես շարունակվող պատերազմի մաս Ադրբեջանը գրավել է կարևոր ռազմավարական բարձունքները:

Եվ դրանով իսկ վերահսկողության տակ դրել Երևանի կապը երկրի հարավային հատվածի հետ:

Ավելի պատկերավոր դա նշանակում է, որ օրինակ, եթե 29 հազարի մի որևէ ջերմ երկրպագու, ասենք` Գվիդոնիկ Կիրակոսյանն, ուզենա գնալ Սիսիան, իսկ Իլհամ Ալիևն ինչ-ինչ պատճառներով չուզենա, որ Գվիդոնիկը գնա Սիսիան, ապա նա Սիսիան չի հասնի: Որովհետև ճանապարհը վերահսկող բարձունքներն Ադրբեջանի վերահսկողության տակ են արդեն, և Գվիդոնիկին պարզապես կոչնչացնեն:

Պարզ է, որ Գվիդոնիկն ու Սիսիանը միայն օրինակ են: Բայց նույնիսկ այդ մի օրինակը բավական է հասկանալու համար, որ Հայաստանի հարավի նկատմամբ մեր վերահսկողությունը զուտ թղթային է, և կախված է “վերին շնորհից”: Ցանկացած հարմար կամ անհարմար պահի այդ կապը կտրվում է: Եվ դա նշանակում է, որ փաստացի այդ հատվածն արդեն Հայաստանինը չէ: Սա կոշտ ու դաժան իրականություն է:

Այդ բարձունքներն Ադրբեջանը չի տալու:

Նույնիսկ բաղձալի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Անկախ նրանից, թե սովետական Գենշատբի քարտեզով դրանք ումն են: Թե ոնց չի տալու, ինչ հիմնավորմամբ` ձևը կգտնվի: Ադրբեջանը երազկոտ ու նրբանուրբ հայ վերնախավիկ չի, որ հանուն ինչ որ վերացական խաղաղության գաղափարի հետ տա, այն ինչ նպատակադված վերցրել է ոչ թե մի օրվա, այլ տևական հեռանկարի քաղաքականության համար:

Դրանք հնարավոր է լինելու միայն ուժով հետ վերցնել: Կարող ենք, չենք կարող, դա միայն մեզ է հետաքրքրում: Փաստը մնում է փաստ` ոչ ոք դա մեզ չի տալու, եթե մեր ուժով հետ չվերցնենք:

Այլ կերպ ասած` նույնիսկ 29 հազար քառակուսի կիլոմետր Հայաստանի համար ստիպված ենք լինելու պայքարել: Ստիպված ենք լինելու ուժ գործադրել: Կամ էլ չենք ունենալու դա:

Եվ իրականում խոսքն այսօր արդեն այդ պայքարի մասին է: Ղարաբաղում ծավալվող դեպքերը միայն նախերգանքն են:

Թեմաներ

    Social