Ռուսաստանին ամեն գնով խաղաղություն է պետք

Ռուբեն Դալլաքյանը գրում է

2022 թ., երբ սկսվեց ռուս ուկրաինական պատերազմը, հայկական (և ոչ միայն) խամաճիկ փորձագետներն ու քաղաքական գործիչները Զելենսկուն համարում էին ազգակործան արկածախնդիր` խոսելով իմաստունի դիրքերից։

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Ռուբեն Դալլաքյանը գրում է.

Ռուսաստանին ամեն գնով խաղաղություն է պետք։ Ուկրաինայի նոր հնարավորությունները և իրապես ինքնիշխան ապագան

2022 թ., երբ սկսվեց ռուս ուկրաինական պատերազմը, հայկական (և ոչ միայն) խամաճիկ փորձագետներն ու քաղաքական գործիչները Զելենսկուն համարում էին ազգակործան արկածախնդիր` խոսելով իմաստունի դիրքերից։ Այսպիսի կերպարների կարծիքով խելահեղություն է պայքարի դուրս գալ իրենից ուժեղի հետ, ընդհակառակը, պետք է ցուցաբերել խելամտություն և հեռատեսություն, հարկ եղած դեպքում զիջել սուվերենությունը` համաձայնելով աշխարհի մեծերի թելադրանքներին։ Նման «իմաստուն» խորհուրդներ նրանք տալիս են նաև հայ ազգին ու նրա` պայքարի կողմնակից ուժերին։ Սակայն «հեռատես» հարմարվողականների իմաստությունը երկար չտևեց։ Ուկրաինայի ժողովուրդը չհանձնվեց` փոխելով իրավիճակը և վախկոտների կարծրատիպերը։ Նրանցից շատերն անգամ դարձան Ուկրաինայի մոլի երկրպագուներ։ Այս օրերին, Թրամփի` Զելենսկու վրա ահռելի ճնշումներ գործադրելու պայմաններում, «հեռատես» հարմարվողականների համայնքը կրկին փառավորվել է,- «ախր մենք դեռ 3 տարի առաջ էինք ասում, ամեն ինչ անիմաստ է, տեսա՞ք...»:

Իրականում, այս օրերին Ուկրաինայի բախտը նորովի է բացվում։ Առաջին հայացքից Թրամփի կողմից ծանր թվացող հարվածը ֆանտաստիկ հնարավորություններ է բացում Ուկրաինայի` ինքնիշխան ու հզոր ապագայի համար։ Վերջին շրջանում պատերազմական գործողություններն իրենց սպառել էին, և երկար ժամանակ երկուստեք որևէ լուրջ հաջողություններ չէին արձանագրվում։ Առավել ևս, Թրամփի իշխանության գալով, Ուկրաինային սկսվեց պարտադրվել խաղաղություն խնդրողի կարգավիճակ, որի դիմաց Ռուսաստանից առանձնապես ոչ մի էական բան չէր ստանալու և չուներ էլ դրա հնարավորությունը, քանի դեռ պատերազմի մեծագույն հովանավորը ԱՄՆ էր։ Սակայն միևնույն ժամանակ կուտակել էր հարյուրավոր միլիարդների, ինչպես նաև քաղաքական կախվածության պարտք, որը այսպես թե այնպես ետ էր ստանալու արևմտյան բլոկը` այդ թվում նաև սուվերենության փոխհատուցման տեսքով։ Թրամփն ըստ երևույթին որոշեց պատերազմի այս փուլում արագ կանխիկացնել Ամերիկայի ներդրումները, սակայն Ուկրաինայի չհամաձայնելու դեպքում կկորցնի ներդրումների հիմնական մասը։ Իհարկե Ամերիկան իր շահերն ունի, և մենք չէ, որ պետք է իրենց խելք բացատրենք։ Օրինակ, դա կարող է լինել Եվրոպայի ռազմականացումը, որը լրացուցիչ զսպող ուժ կլինի Ռուսաստանին։

Ինչևէ, անդրադառնանք Ուկրաինային, որը թեև հայտնվել է դժվար իրավիճակում, բայց միևնույն ժամանակ ձեռք է բերել մեծ հնարավորություններ։

Ուկրաինան, չհանձնվելով ու պատերազմը շարունակելով, ունի իրական հնարավորություն ոչ միայն խաղաղություն պարտադրելու Ռուսաստանին, այլ անգամ տարածքի մի մասի վերադարձի հավակնելու, ոչ այնքան ռազմական գործողություններով (չնայած ամենևին բացառված չէ), որքան Ռուսաստանի ուղիղ զիջմամբ։ Բայց որ ամենակարևորն է, այդ դեպքում կարող է պատերազմից դուրս գալ որպես լիարժեք ինքնիշխան պետություն։

Հասկանալու համար, թե ինչու պետք է Ռուսաստանը գնա զիջումների, նախևառաջ հասկանանք, թե ինչ գին ունի խաղաղությունն ուկրաինական ճակատում հենց Ռուսաստանի համար։

Այս պատերազմն արդեն չափազանց երկար է ձգվում, և Ռուսաստանը ետ է մնում ակտիվ ձևափոխվող աշխարհակարգում աշխարհը բաժանելու իր հնարավորությունից։ Մասնավորապես արդեն արել է զգալի զիջումներ Սիրիայում, իսկ Անդրկովկասում Թուրքիան ու Ադրբեջանը գնալով իրենց օրակարգն են թելադրում։ Ռուսաստանի դիրքերը թուլացել են նաև ամբողջ աշխարհում։ Որպեսզի Ռուսաստանը կարողանա պահել ու զարգացնել իր ազդեցությունը անգամ իր ավանդական տիրապետության տակ գտնվող տարածաշրջաններում, նրան ամեն գնով, շուտափույթ պետք է վերջացնել Ուկրաինական ճակատում ձգվող մղձավանջային պատերազմը։ Աշխարհը չի սպասում, ժամանակն անսպառ չէ։

Բացի այս կարևոր է նաև ընդգծել, որ ուկրաինական պատերազմ վարելն ինքնին բավական դժվար գործ է Պուտինի համար։ Եթե մինչ այս նա ռուս ժողովրդին ներկայացնում էր, թե իրականում պատերազմում են Ամերիկայի դեմ, ոչ թե արյունակից Ուկրաինայի ժողովրդի, այսուհետ է՛լ ավելի բարդ կլինի ստիպել սեփական ժողովրդին պատերազմել։ Թեև սեփական ռեսուրսների հաշվին Ռուսաստանը դեռ դիմանում է պատժամիջոցներին և միգուցե ԱՄՆ-ի հետ համագործակցելով նոր ֆինանսական հնարավորություններ ստանա, սակայն գնալով կարող են ծագել նոր խնդիրներ։ Եթե մինչ այս Ուկրաինայի տարածքի օկուպացիան բացատրում էր Նատոյի ներխուժման պարագայում անվտանգության գոտի ստեղծելով, հիմա դա էլ է դառնում հեքիաթ։

Բայց որ պակաս կարևոր չէ, շարունակելով պատերազմը ԱՄՆ-ի` խաղից դուրս գալու պարագայում, Պուտինը ստիպելու է Եվրոպային ոտքի կանգնել` ձևավորելով իր քթի տակ նոր հզոր միացիալ ռազմական ուժ։

Ահա թե ինչու է Ռուսաստանին ամեն գնով պետք ուկրաինական խաղաղությունը, և ինչու է Ռուսաստանի համար պատերազմելը ոչ պակաս դժվար, քան Ուկրաինայի համար։ Հետևաբար Պուտինը ստիպված է լինելու զիջումների գնալ։

Կշարունակի՞ Ուկրաինան կռվել, չի՞ կոտրվի նրա կամքը մինչև վերջ պայքարելու։ Հույս ունենանք, որ Ուկրաինան կդիմանա նաև այս նոր փորձությանն ու փառահեղ հաղթանակ կտոնի։ Սա ասում եմ թե՛ որպես համակրանք սեփական անկախության համար պայքարող ժողովրդի նկատմամբ, թե՛ որպես հայ, ում համար ուկրաինական պատերազմը էականորեն դանդաղեցրել է Հայաստանի դեմ տարվող պատերազմը և շարունակում է այդ դերը կատարել։

Ես միայն ցանկանում եմ, որ Ուկրաինան Եվրոպայի ու ՄԹ-ի հետ համագործակցի որպես հավասարը հավասարի` չզիջելով նրանց իր սուվերենությունը, որպեսզի ապագայում Թրամփի փոխարեն իրեն խաղաղություն չստիպեն մյուս գործընկերները։

Որպես վերջաբան անդրադառնամ Թրամփ - Զելենսկի հանդիպմանը, որտեղ շատ կցանկանայի Զելենսկու կողմից լսել հետևյալ արտահայտությունը։

  • Պարոնայք, մինչ ուկրաինական պատերազմը Ռուսաստանը ձեր թշնամին էր։ Ուկրաինացի ժողովրդի պատերազմելու շնորհիվ է, որ դուք այժմ հասել եք որոշակի արդյունքների և այժմ ցանկանում եք համագործակցել ռուսների հետ։ Իսկ դուք շնորհակալություն հայտնե՞լ եք ուկրաինացի ժողովրդին ձեր թշնամու դեմ կռվելու համար։

Հաղթանակի բերկրանքը տրվում նրանց, ովքեր չեն հանձնվում։

Social