Ռուս-ուկրաինական պատերազմը
հաշտությո՞ւն, թե՞ հակամարտության խորացում
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Արման Պետրոսյանը գրում է.
Արդյոք կլինի՞ ռուս-ուկրաինական հաշտություն մոտակա ամիսների ընթացքում, և ո՞ր պետությունը կամ կազմակերպությունը միջնորդ կհանդիսանա, թե՞ պատերազմը կերկարաձգվի։
Ռուս-ուկրաինական հաշտության կնքումը ներկայիս պայմաններում շատ բարդ է և անորոշ, սակայն որոշ գործոններ կարող են ազդել այդ գործընթացի վրա:
Հաշտության կնքման հավանականությունը կախված է կողմերի դիրքորոշումներից: Ռուսաստանն ու Ուկրաինան ունեն տարբեր դիրքորոշումներ և նպատակներ: Ուկրաինան ձգտում է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, իսկ Ռուսաստանը պահանջում է որոշակի գոտիների նկատմամբ վերահսկողություն: Այս հակասությունները բարդացնում են բանակցությունների հնարավորությունը:
Ռազմական իրավիճակ
Մինչ ռազմական գործողությունները շարունակվում են և կողմերը հույս ունեն հաջողության հասնել ռազմի դաշտում, դժվար է ակնկալել, որ նրանք կհամաձայնեն հաշտության:
Միջազգային ճնշում և դիվանագիտական ջանքեր
Միջազգային համայնքը, հատկապես արևմտյան երկրները, կարող են մեծ դեր խաղալ հաշտության հաստատման գործում՝ դիվանագիտական ճնշում գործադրելով և միջնորդելով բանակցություններում:
Հավանական երկրներից և կազմակերպություններից կարող են դերակատար լինել՝
Թուրքիան, որը մի քանի անգամ հանդես է եկել որպես միջնորդ՝ առաջարկելով իր հարթակները բանակցությունների համար:
Թուրքիայի դիրքորոշումը որպես ՆԱՏՕ-ի անդամ և Ռուսաստանի հետ ունեցած կապերը նրան դարձնում են կարևոր թեկնածու միջնորդի դերի համար:
ՄԱԿ-ը կարող է աջակցել խաղաղ գործընթացի կազմակերպմանը:
ԵԱՀԿ-ն ունի մեծ փորձ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում և կարող է դերակատար լինել այս գործում:
Նորմանդական ձևաչափը՝ Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա կազմով, նախկինում ունեցել է որոշ հաջողություններ Մինսկի համաձայնագրերի կնքման գործում:
Չինաստանը վերջին շրջանում ցուցաբերել է հետաքրքրություն հակամարտության կարգավորման գործում և կարող է նույնպես հանդես գալ միջնորդի դերում:
Միջնորդ գտնվելու դեպքում հնարավոր սցենարը կարող է զարգանալ հետևյալ հաջորդականությամբ.
հրադադարի համաձայնագրի կնքում, որը կարող է նպաստել ժամանակավոր խաղաղությանը, բանակցությունների շարունակմանը: Բանակցությունների մեկնարկ՝ առանց նախապայմանների. կողմերին հնարավորություն կտա քննարկել և գտնել փոխզիջումներ մինչև միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում հակամարտության գոտիներում:
Միջնորդ երկրների կամ կազմակերպությունների դերակատարությունը կարող է լինել առանցքային, սակայն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են երկկողմանի կամք և փոխզիջումներ:
Սա բարի ցանկությունների շարքից մի փոքր հատված է։
Հիմա իրականությունը
Հաշտություն կկնքվի այն ժամանակ, Ռուսաստանը աշխարհագրորեն կհասնի իր քաղաքական նպատակներին:
Պատերազմի երկարաձգումը պայմանավորված է մի շարք՝ քաղաքական, ռազմական, տնտեսական և հասարակական գործոններով:
Ռուսաստանը ռազմավարական նպատակներից ելնելով՝ ձգտում է վերականգնել իր ազդեցությունը Ուկրաինայի վրա և կանխել նրա ինտեգրումը Արևմուտքի հետ՝ ներառյալ ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության անդամակցությունը։
Իր հերթին Ուկրաինան կտրականապես դեմ է իր տարածքային ամբողջականության խախտմանը և պայքարում է իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար:
Իրենց հերթին ձախողվում են ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ միջազգային դիվանագիտական բոլոր փորձերը։
Ռազմական գործոնների վերաբերյալ
Կողմերը չեն հասել այն կետին, որտեղից մեկը կարող է հստակ հաղթանակ արձանագրել, և շարունակական ռազմական գործողությունները բարդացնում են իրավիճակի արագ լուծումը:
Արևմուտքը Ուկրաինային մատակարարում է ժամանակակից ռազմական տեխնիկա և աջակցություն, ինչը երկարացնում է Ուկրաինայի դիմադրողականությունը:
Տնտեսական գործոնների վերաբերյալ
Պատժամիջոցները և տնտեսական պատերազմը: Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ազդում են նրա տնտեսության վրա, սակայն չեն հանգեցնում պատերազմի դադարեցմանը, քանի որ Ռուսաստանի տնտեսական ռեսուրսները թույլ են տալիս դեռևս շարունակել ռազմական գիրծողությունները:
Կա նաև կարևոր մի գործոն Ուկրաինայի օգտին.
պատերազմի ընթացքում Ուկրաինայում բարձրացել է ազգային ինքնագիտակցությունը և ինքնորոշման ձգտումը, ինչը խրախուսում է շարունակել պայքարը:
Ռուսաստանը պատերազմն օգտագործում է ներքին քաղաքականության մեջ որպես գործիք՝ պահպանելու հասարակական աջակցությունը և շեղելու ուշադրությունը ներքին խնդիրներից:
Այս ամենը բերում է տարածաշրջանային և գլոբալ անորոշության և անկայունության, ինչը բարդացնում է երկարաժամկետ խաղաղության հաստատումը:
Այս խնդիրները հաշվի առնելով էլ երեկ մերժվել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրադադարի առաջարկը Ուկրաինայի կողմից: