«Հայկական անկախության բանակը» դուրս է գալիս Անվտանգության և ռազմավարական ոլորտի ներկայացուցիչների միավորումից
Անվտանգության ոլորտի հայեցակարգային բարեփոխման ծրագիր ներկայացնել ինքնին նշանակում է քաղաքական հայտ ներկայացնել
Հայկական անկախության բանակը (ՀԱԲ) («Մարտական եղբայրություն» միաբանության ռազմամարզական ՀԿ-ն) հայտնում է Անվտանգության և ռազմավարական ոլորտի ներկայացուցիչների միավորման մեջ իր մասնակցության դադարեցման մասին:
Մենք անարդյունավետ և անհեռանկարային ենք համարում ԱՌ միավորման մեծամասնության շարունակական ջանքերը ներկա իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների և շփումների միջոցով Հայաստանի անվտանգության հարցերը լուծելու մարտավարությունը:
Ակնհայտ պետք է դարձած լիներ առ այսօր, որ դա որևէ պրակտիկ արդյունքի չի կարող բերել, քանի որ Միավորման ներկայացրած անվտանգության հայեցակարգը կտրուկ հակասության մեջ է ներկա կառավարության քաղաքական ռազմավարության հետ:
Եթե հայեցակարգը ենթադրում է պատրաստություն պատերազմին, ապա կառավարության պաշտոնական քաղաքականությունն է ուտոպիստական «խաղաղության դարաշրջանը»: Եթե Միավորման հայեցակարգն է պաշտպանության ոլորտի իրապես արմատական և կոնցեպտուալ բարեփոխումը, ապա կառավարությունը մանկամտորեն պաշտպանության բարեփոխումը պատկերացնում է միայն որպես զենքի ձեռքբերում կամ բունկերների կառուցում:
Ընդհանրապես կանոն է քո քաղաքական հայեցակարգերը կարող ես իրացնել միայն դո՛ւ, և երբեք ո’չ ուրիշը: Այս կանոնը հատկապես գործում է Հայաստանի պես երկրներում, ուր ինստիտուցիոնալ կայացման մակարդակը ցածր է: Անվտանգության ոլորտի հայեցակարգային բարեփոխման ծրագիր ներկայացնել ինքնին նշանակում է քաղաքական հայտ ներկայացնել:
Միամտություն է պատկերացնել, որ կարող ես անվտանգության ոլորտի հարց դնել և մնալ «ապաքաղաքական» դաշտում փորձելով համոզել իշխող խմբի այս կամ այն ներկայացուցչին, որ քո ծրագիրը լավն է:
ԱՌ միավորման մեր ընկերները, կարծես, իրենք էլ սկսում են հասկանալ այս իրողությունը: Այժմ նրանք փորձում են, շրջանցելով արգելքները, հանդիպել անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ որպես «վերջին հույս», ինչն արտահայտված է ԱՌ միավորման վերջին հայտարարության մեջ: Մենք այս մոտեցման հետ չենք կարող համաձայնվել, և «բարի թագավոր – չար իշխաններ» դարավոր լեգենդին չենք հավատում վերոնշյալ պատճառներով:
Ելքը ոչ թե այս կամ այն ծրագրի լոբբինգն է, այլ քաղաքական պայքարն է սեփական ձեռքերով սեփական ծրագրերն իրականացնելու համար:
Ու հատկապես զարմանալի ենք համարում Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն հայտնելը հենց այս իրավիճակում, երբ սրությամբ դրվել է հյուսիս-արևելյան Հայաստանի հարցը: Մեր պատկերացմամբ ռազմամարզական կառույցների ուշադրության կենտրոնը պետք է այսօր այդ ուղղությամբ լիներ, ինչը մենք այս պահին փորձում ենք անել, քանի որ համարում ենք, որ իրավունք չունենք միայնակ թողնել այդ շրջանում ապրող մեր եղբայրներին և քույրերին:
Մենք շնորհակալություն ենք հայտնում ԱՌ միավորման մեր ընկերներին համագործակցության համար, մաղթում ենք նրանց հաջողություն իրենց գործում: Պատրաստ ենք համագործակցության այլ ձևաչափերով Միավորումից դուրս, սակայն մեր գտնվելը Միավորման կազմում այլևս անիմաստ և անօգուտ ենք համարում:
Պատմության այս ճակատագրական պահին մեր անունը երբեք չի կարող լինել այնտեղ, ուր հանդիպում է ակնկալվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչնչի դիմաց ճանաչած, Արցախը միայնակ թողած և այժմ էլ հայկական դիրքերը հյուսիսում ոչնչի դիմաց զիջող, պատմական առաքելության զգացողությունից իսպառ զուրկ ղեկավարի հետ: