Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է՝

Այսպես կոչված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության կրկնվող թեզերից մեկն այն է, որ անվտանգության երաշ...

Այսպես կոչված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության կրկնվող թեզերից մեկն այն է, որ անվտանգության երաշխիքը լեգիտիմությունն է։ Իրականում չկա ավելի, մեղմ ասած, տարօրինակ պնդում։ Եթե լեգիտիմությունը, իմա տվյալ դեպքում՝ միջազգային իրավունքը, երաշխիք լինեին անվտանգության, ապա միջազգային հարաբերություններում ընդհանրապես որևէ խնդիր չէր լինի, ավելին՝ չէին լիներ հենց միջազգային քաղաքական հարաբերությունները, քանի որ բոլոր հարցերը կլուծվեին զուտ իրավարար վճիռներով։ Մինչդեռ համաշխարհային ամբողջ պատմությունն իր ստեղծված օրվանից մինչ այսօր ծավալվում է նրա շուրջ, որ, չնայած բոլոր ժամանակների միջազգային նորմերին, գոյանում են անվտանգության խնդիրներ, որոնց հիմքում պետությունների միջև ուժային և մրցակցային փոխհարաբերություններն են։ Եվ պատմությունը զարգանում է հենց այդ խնդիրների շուրջ և այդ խնդիրներով։ Այսօրվա միջազգային իրավիճակը հերթական վառ ապացույցն է դրա։ Եթե «անվտանգության երաշխիքը լեգիտիմությունն է» պնդումը զարմանահրաշ է ինքնին, ապա այսօրվա միջազգային հարաբերությունների միտման շրջառքում այն պարզապես աներևակայելի աստիճան ոչ ադեկվատ է իրականությանը՝ փոխառված լինելով 1990-ականների «պատմության ավարտի» մասին հովվերգական ու այսօրվա աչքով՝ ծայրահեղ միամիտ պատկերացումներից։ Լեգիտիմությունը կարող է, իհարկե, հավելյալ գործիք կամ խաղաքարտ լինել անվտանգության խնդիրներ լուծելիս, բայց երբեք չի կարող լինել անվտանգության երաշխիք ըստ սահմանման։ Անվտանգության հարցը գալիս է հենց այնտեղից, որ լեգիտիմությունն ի զորու չէ ինքնին ապահովել պետությունների միջև կայուն հարաբերություններ։ Անվտանգությունը հենց այն հարցն է, որ գալիս է լեգիտիմության ոչ երաշխիք լինելուց։ Այսինքն՝ անվտանգությունը և լեգիտիմությունը որոշ իմաստով հակադիր բևեռներում են՝ լեգիտիմությունը բավարար գործոն չէ միջազգային հարաբերություններում կայունություն ապահովելու, որից էլ ծագում է անվտանգության ապահովման խնդիր։ Այլ կերպ՝ պետություններն ունենում են անվտանգության խնդիր և ստիպված են լուծել այն, որովհետև լեգիտիմությունն ինքնին բավարար հիմք չէ կայուն ու վտանգներից զուրկ կյանքի։ Անվտանգության խնդրի հիմքը ուժային հարաբերություններն ու մրցակցությունն է պետությունների միջև, և անվտանգության խնդիրը լուծում ունի նախ այդ դաշտում, որտեղ լեգիտիմությունը, կրկնեմ, ընդամենը խաղաքարտերից մեկը կարող է լինել և ոչ երբեք երաշխիքը։

Ուստա Հրանտ 2025 11 26

Թեմաներ

    Social