ԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Ներբեռնել pdf տարբերակը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
- Ազգային հեղափոխություն կուսակցությունը` ազգայնական (ազգային-հեղափոխական) և անկախական գաղափարախոսությամբ առաջնորդվող քաղաքական կազմակերպություն է:
1.1 Մեզ համար ազգայնականությունը նշանակում է նախ` հետևողական և անզիջում նվիրում և աննահանջ պայքար հանուն Հայաստանի անկախության և ինքնիշխանության:
1.2 Ազգային-հեղափոխությունը`
նախ` հանրային համակարգերի շարունակական, ոլորտ առ ոլորտ և արմատական բարեփոխման նպատակն է,
երկրորդ` ազգային կյանքի շարունակական զարգացման, առաջընթացի և նորոգման գաղափարն է
երրորդ` ժառանգական կապն է մեր պատմության նոր շրջանում հայ ժողովորդի ազատագրման իդեալները ձևակերպած և հանուն այդ իդեալների պայքարած ազգային-հեղափոխական գործիչների հետ` Միքայել Նալբանդյանից, Գարեգին Նժդեհից, Հայկ Ասատրյանից մինչև մեզ ավելի մոտ ժամանակները:
- Ազգային հեղափոխություն կուսակցությունը ստեղծված է Մարտական եղբայրություն միաբանության անդամների նախաձեռնությամբ` որպես Մարտական եղբայրության մեջ մշակված գաղափարների և քաղաքական ծրագրերի իրականացման գործիք և Մարտական եղբայրության գաղափարակիցների քաղաքական համախմբման հարթակ:
- Ազգային հեղափոխություն կուսակցության գլխավոր նպատակներն են.
3.1 հանուն իրական անկախության հայ ժողովորդի պայքարի առաջնորդող քաղաքական ուժ ձևավորելը,
3.2 կառավարություն ձևավորելուց հետո ազգային-հեղափոխական ծրագրի իրականացումը` հանրային և պետական համակարգերի և հաստատությունների արմատական բարեփոխումը այնպես, որ դրանք դառնան անկախ Հայաստանի շահերի սպասարկող իրական և արդյունավետ գործիքներ,
3.3 հայ ժողովորդին տարածաշրջանային ուժային գործոնի` կարգավիճակի վերադարձը` որպես միակ իրական երաշխիք անկախության և անվտանգության,
3.4 հանուն այդ նպատակների իրականացման` հայ ժողովորդի գաղափարական և պայքարողունակ հատվածի համախմբումը և կազմակերպումը
- Ազգային հեղափոխություն կուսակցությունը խստագույնս հայաստանակենտրոն կազմակերպությունը, որով
4.1 չի ընդունում որևէ արտաքին քաղաքական կողմնորոշման գաղափարը որպես քաղաքական դիրքավորման հիմք,
4.2 չի ընդունում արտաքին հովանավորման և անվտանգության արտաքին երաշխիքի գաղափարները,
4.3 հենվում է զուտ հայկական և հայաստանյան ներուժի վրա և ձգտում է համախմբել և կազմակերպել այն
- Ազգային հեղափոխություն կուսակցությունը մերժում է անձնակնետրոն քաղաքական կազմակերպության մոդելը, որի փոխարեն ընդունում է և զարգացմում է` հանուն մեծ նպատակների տևական պայքարի համար միակ արդյունավետ` թիմային որոշումների և թիմային պատասխանատվության մոդելը:
ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Գաղափարախոսության փիլիսոփայական հիմքեր
- Ազգային հեղափոխություն կուսակցության գաղափարախոսությունը հիմնավորվում է արևմտյան և նրա մաս կազմող հայկական փիլիսոփայական ավանդույթից փոխառած և վերաիմաստավորած մի քանի առանցքային դրույթներով:
- 7. Հայկական փիլիսափայական ավանդույթից.
7.1 Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրության» երկի դրույթը քաղաքականության մասին որպես գործնական փիլիսոփայություն, համաձայն որի
ա. Փիլիսոփայությունն անկատար է առանց գործնական իրացման
բ. Գործնական փիլիսոփայության նպատակն է բարիքը
գ. Գործնական փիլիսոփայությունը նույնն է քաղաքականության հետ
դ. Հետևաբար քաղաքականության իմաստը (հանրային) բարիքի հաստատումն է
7.2 Անանիա Շիրակացու գաղափարներն ու գործունեությունը, որոնք
ա. Ներկայացնում են գիտելիքը որպես ուժ, որը պետք է գործադրվի սեփական ժողովրդի և երկրի կազմակերպման համար
բ. Գիտականորեն սահմանում են հայոց հայրենիքի տարածքը, ինչը ազգային ինքնագիտակցության, տարածքային ինքնաճանաչման և քաղաքական հավակնությունների հիմք ու նախապայման է
7.3 Մխիթար Գոշի և Սմբատ Գունդստաբլի ժամանակից առաջ ընթացող իրավական-քաղաքական մտածողությունը որպես ազգային և ազատական իրավակարգի նախատիպ, որը
ա. ձևակերպում է հայ հանրության կենսակերպից բխող ամբողջական օրենսդրություն հայկական իրականության համար,
բ. արտացոլում իր ժամանակի համար առաջավոր իրավական մտածողություն
գ. ապահովում է ազատությունը, արդարությունն ու հավասարությունը օրենքի առաջ
7.4 20-րդ դարի հայ փիլիսոփա, Գ․ Նժդեհի զինակից՝է Հայկ Ասատրյանի դրույթները.
ա. Աշխարհի ուժական, այսինքն` դինամիկ, անընդատ փոփոխվող զարգացող բնույթի մասին
բ. Հայկական ոգու ուժականության, այսինքն` դինամիզմի, դեպի զարգացում և ապագա ուղղած լինելու մասին
գ. Ոգու առավելության մասին նյութականի նկատմամբ
- 8. Ընդհանուր արևմտյան փիլիսոփայական ավանդույթից
8.1 Հերակլիտեսի ուսմունքը՝ պայքարի որպես տիեզերքի և աշխարհի հիմքում ընկած հիմնական օրենքի մասին
8.2 Արիստոտելի ուսմունքը քաղաքականության մասին որպես էթիկայի` բարոյականության մաս
8.3 Դունս Սկոթի ուսմունքն ազատ կամքի մասին
8.4 Ֆիխթեի ուսմունքն ազատ և ակտիվ սուբյեկտի մասին, որը գերակա է օբյեկտիվ աշխարհի հանգամանքների և օրինաչափությունների նկատմամբ
8.5 Հեգելի ուսմունքը հակասություններով և պայքարով զարգացման մասին, ինչպես նաև նրա դրույթը պետության մասին` որպես ազատության մարմնավորում և ազատության գլխավոր երաշխիք
8.6 Նիցշեի դրույթը կամքի մասին որպես իրականաստեղծ գլխավոր գործոն
8.7 Հայդեգգերի ուսմունքից` սեփական գոյության հաստատման դրույթը` օտարացման հաղթահարման միջոցով
8.8 Դեյվիդ Հյումի տեսակետը, որ փորձն ու ավանդույթը ցանկալի արդյունքի հասնելու լավագույն միջոցն են։
8.9 Էդմունդի Բուրքի տեսակետը համաձայն որի՝ ավանդույթը կուտակված գիտելիք է, որը պետք է փոխլրացնի տրամաբանությունը՝ կարևոր որոշումներ ընդունելիս։
- 9. Ընդհանրացված`
Ազգային հեղափոխություն կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած փիլիսոփայությունն.
9.1 ընդունում է աշխարհը որպես պայքարի և հակասությունների միջոցով զարգացող, անընդատ փոփոխվող, կայացող և դինամիկ`
մի կողմից` մշտական մարտահրավերների ու վտանգների միջավայր
մյուս կողմից էլ` ազատ հնարավորությունների գրեթե անվերջ ասպարեզ,
9.2 որում գործունյա և ինքնիշխան սուբյեկտը գերակա է օբյեկտիվ իրողությունների նկատմամբ,
և իր ազատ կամքով` պայքարով և ստեղծագործությամբ ի զորու է փոփոխել, ստեղծել, հաստատել և զարգացնել իր ցանկալի իրականությունը` համաձայն իր ինքնության պահանջների, և հաղթահարելով օբյեկտիվ օրինաչափությունների և հանգամանքների դիմադրությունը:
9.3 Միաժամանակ աշխարհում գործում են ոչ թե մեկ, այլ բազմաթիվ սուբյեկտներ` յուրաքանչյուրն իր ինքնությամբ և իր նախագծով, որով պայքարը նաև սուբյեկտների` նրանց ինքնությունների և նախագծերի մրցակցությունն է:
Որով` հաստատելու համար իր ինքնությունը սուբյեկտը պետք է հաղթահարի ոչ միայն օբյեկտիվ իրականության դիմադրությունը, այլև` մրցակցության մեջ առավելության հասնի այլ սուբյեկտների նկատմամբ:
9.4 Օբյեկտիվ իրողությունների դիմադրության հաղթահարումը և սուբյեկտների մրցակցությունն է ապահովում աշխարհի զարգացումն ու առաջընթացը, իսկ միասնությունն ապահովում է սուբյեկտների հարաբերությամբ` մրցակցային թե համագործակցային:
Ազգայնականության հիմքեր
Տեսական հիմքեր
- Ազգային հեղափոխություն կուսակցության գաղափարախոսության հիմքն ազգայնականությունն է:
10.1 Ազգայնականության մեր մեկնաբանություն բխում է.
ա. նախորդ կետերով շարադրած փիլիսոփայական հիմքերից,
բ. ինչպես նաև համաշխարհային և հայոց պատմության փորձի ընդհանրացումից:
10.2 Մյուս կողմից` այդպես բխեցված ազգայնականությունից իրենց հերթին բխում են.
ա.հայկականության և ազգային հեղափոխության հղացքները,
բ. իսկ սրանցից էլ Ազգային հեղափոխություն կուսակցության գործնական նպատակներն ու ծրագրերը:
Ազգային ունիվերսալիզմ
- Ազգային հեղափոխություն կուսակցության տեսակետից ազգայնականությունը ոչ միայն տվյալ ազգի ինքնիշխանության քաղաքական գաղափարն է, այլև ունիվերսալ` համամարդկային աշխարահայացք է:
11.1 Ըստ այդմ` համաշխարհային պատմության և միջազգային քաղաքական հարաբերությունների գլխավոր սուբյեկտն ազգերն են` ազգային ինքնություններն են, այլ ոչ թե վերացական մարդկությունը կամ առանձին անհատը: Չկա մարդկություն ընդհանրապես, այլ մարդկությունը և մարդկության պատմությունն ու գոյության կերպն առանձին ազգերի հարաբերությունն է:
11.2 Չնայած ազգերը կամ ինքնությունները սկզբունքորեն բազում են, բայց ազգի կամ ինքնության սկզբունքը միևնույնն է, և հենց այդ սկզբունքն է դրսևորվում համամարդկային պատմության մեջ` որպես դրա գլխավոր շարժիչ ուժ:
11.3 Համամարդկային համարվող բոլոր արժեքները ստեղծվել են ոչ թե վերացական մարդկության կողմից, այլ այս կամ այն ազգային կամ քաղաքակրթական ինքնության շրջանակներում` որպես տվյալ ինքնության պատմության, մշակույթի և ոգու դրսևորում, որը հետագայում փոխառվել և յուրացվել է այլ ինքնությունների կողմից:
11.4 Հետևաբար` ազգայինը` մարդկանց և մարդկության դրսևորման ունիվերսալ և հիմնական կերպն է պատմության մեջ:
- Ազգային սկզբունքը սահմանող է, յուրացնող է և ծավալվող`
12.1 այն մի կողմից իր առանձին ինքնությամբ սահմաններ է դնում իր և այլոց միջև,
12.2 մյուս կողմից` համաձայն պատմության փորձի` ի զորու է յուրացնել` ազգայնացնել ցանկացած` ի սկզբանե վերազգային, «կոսմոպոլիտ» ուսմունք կամ շարժում,
12.3 և երրորդ կողմից` ազգային ինքնությունն ինքը ծավալվում է` ստեղծելով արժեքներ, որոնք ծագելով տվյալ ազգի մեջ` դառնում են համամարդկային:
- Ազգերն ինտեգրալ անհատականություններ են, որոնց միջև
ա. թե' համագործակցությունը` ընդհուպ մինչև դաշինքներ,
բ. թե' մրցակցությունն` ընդհուպ մինչև թշնամանք բնական և մշտական երևույթ են` այնքան ժամանակ քանի գոյություն ունի մարդկությունը:
Ռեալիզմ
- Պատմության` որպես ազգերի հարաբերության և մրցակցության ասպարեզի մասին պատկերացումից բխում է ազգայնական աշխարհայացքի մյուս կարևոր տարրը` իրատեսությունը (ռեալիզմը):
14.1 Ըստ այդմ` միջազգային հարաբերությունների հիմքում ուժային կշռույթն է:
14.2 Ըստ որում` միջազգային իրավունքն այստեղ միայն օժանդակ դեր ունի`
ա. ուժային հարաբերությունները թղթի վրա ձևակերպելու, կարգավորելու առումով,
բ. կամ էլ գործիք է ծառայում ուժային դիրքորոշումները հիմնավորելու համար:
14.3 Ռեալիստական աշխարհայացքը չի հավատում որևէ համամարդկային համ տարածաշրջանային ուտոպիայի` լինի դա հավետ խաղաղություն, թե երկրի վրա դրախտ կառուցելու որևէ իդեոլոգեմ` կոմունիստական, լիբերալ և այլն:
14.4 Ուժային կշռույթով պայմանավորված հարաբերությունները միշտ եղել են, կան և կմնան միջազգային հարաբերությունների հիմքը, իսկ տարբեր ուտոպիաներն ի վերջո միշտ ծառայել և ծառայելու են որպես քող ուժի հաստատման համար:
Ինքնիշխանություն
- Ուժային կշռույթով սահմանվող աշխարհում սեփական ինքնության հաստատման` պահպման և զարգացման միակ արդյունավետ կերպն ազգային ինքնությունների համար` ինքնիշխանության ձգտումն է:
15.1 Պայմանավորված միջազգային հարաբերությունների ուժային բնույթով` ինքնիշխանության ոչ միայն հնարավոր չէ հասնել առանց պայքարի, այլև ինքնիշխանությունը և պայքարը միմյանցից անքակտելի են` ինքնիշխանության իրավունքը պետք է անընդատ հաստատվի և առաջ մղվի պայքարով և ստեղծագործությամբ:
15.2 Ըստ դասական սահմանումների ինքնիշխանությունը սեփական կամքից և նպատակներից բխող և արտաքին միջավայրից անկախ որոշումներ ընդունելու և իրագործելու կարողությունն է:
15.3 Ինքնիշխան որոշումը չի հենվում որևէ ներքին կամ արտաքին օրենքի վրա, այլ վեր է դրանցից, և ինքն է սահմանում օրենքները և պայմանները: Թեև բացարձակ ինքնիշխանությունն անհասանելի իդեալ է, քանի որ փաստացի սահմանափակվում է այլ ինքնիշխանությունների ձգտումներով, սակայն ինքնիշխանության իդեալի ձգտումը հիմնարար է որևէ ինքնության համար:
- Ինքնիշխանության իրացումն ըստ սահմանման հնարավոր է միայն նախևառաջ` սեփական ուժերի վրա հենվելով, որի դեպքում միայն կարելի է ակնկալել իրական ընկերների և դաշնակիցների ձեռքբերում:
- Ազգային ինիքիշխանության հակադիրը գերիշխանության ձգտումն է, որը հատկապես բնորոշ է կայսրությունների քաղաքականությանը, որը տարբերում ենք ազգերի ծավալման գերակայության ձգտումից:
17.1 Եթե ազգերը` միմյանց հետ մրցակցության մեջ կարող են գտել ծավալման և միմյանց նկատմամբ գերակայության հաստատման` առանց ժխտելու միմյանց գոյության իրավունքը, ապա կայսերականությունը բաց կամ քողարկված ժխտում է ազգերի ինքնիշխանության իրավունքը` հանուն վերազգային գերիշխանության հաստատման:
17.2 Կայսերական գերիշխանության ձգտումը բոլոր ազգերի միասնական հակառակորդն է:
Արիություն և քաջ գիտակցություն
- Ինքնիշխանություն բառի հիմքում ընկած երկրորդ բաղադրիչը` իշխանություն բառը իր հին և բուն (գրաբարյան) իմաստով նշանակում է` գործելու ազատություն, կարողություն, և համարձակություն:
18.1 Համարձակության դրսևորման համար էական որակներ են` արիությունը և քաջությունը` առանց որոնց հնարավոր չէ պայքարը և սեփական կամքի իրացումը մշտական մարտահրավերնեի աշխարհում: Հետևաբար արիությունն ու քաջությունն ինքնիշխան կամքի հիմնարար բաղադրիչներն են:
18.2 Արիությունն ու քաջությունը ոչ թե հավելյալ երանգներ են կամ պարզապես ևս մեկ որակներ, այլ որակների շարքում, այլ գաղափարախոսության առանցքային տարրեր` և ընդգրկում եմ ոչ միայն, օրինակ, ռազմականը, այլև քաղաքականությունն և մտագործունեությունը:
- Քաջ բառն իր նախնական և բուն իմաստով նշանակում է ոչ թե միայն քաջագործություն, այլ` ընդհանրապես` «լավ», որտեղից էլ մեր լեզվում պահպանվել է` քաջ գիտակցություն (այլև, օրինակ` քաջ առողջոթյուն) արտահայտությունը:
19.1 Քաջ գիտակցություն (այսինքն` լավ գիտակցություն) արտահայտությունը պատահականություն չէ, քանի որ միայն քաջ միտքը կարող է ստափ, իրատեսորեն և ճշգրիտ պատկերել աշխարհը. մինչդեռ անքաջ` վախեցած հոգեբանությունն անջատում է սթափ բանականությունը և ստեղծում է անիրական, չափազանցված ուրվականներ: Պատահական չէ, որ նույն հին հայերենում վատ բառն ունի վախկոտի, լքողի և դավաճանի իմաստը: Հին հայկական աշխարհայացքն, այդու, բացահայտում է առանցքային հակադրություն` մի կողմից քաջի` լավի, և մյուս կողմից վատի` վախեցածի միջև:
19.2 Հետևաբար քաջ գիտակցությունն հիմնարար դեր ունի ազգայնական աշխարհայացքում` որպես այդ աշխարհայացքի իրատեսական, ռեալիստական բնույթի հիմք, և հակադարձ` ուտոպիստական ուրվականներին և պատրանքներին: Ազգայնական գիտակցությունը` քաջ, այսինքն` լավ, սթափ, աշխարհին համարժեք գիտակցություն է:
19.3 Ազգային հեղափոխություն կուսակցության գաղափարախոսական ձևակերպումներից է` քաջություն` արիություն մտքում, խոսքում և գործում, որը ոչ միայն բարոյական, այլև քաղաքական դիրքորոշում է:
- Սրա հակադիրը թուլությունն է, որը նշանակում է հրաժարում պայքարից հանուն սեփական ինքնության և ապավինում արտաքին ուժերին:
20.1 Թուլությունը սիրում է ներկայացնել իրեն որպես իրատեսություն, սակայն, իրականում դա պատրանքների աշխարհայացքն է, որը հավատում է իրենից դուրս եղած ուժերի զորությանը և կարչում է արտաքին, միջազգային երաշխիքների ուրվականներից:
20.2 Թուլությունը դուրս է մղվում պատմությունից, և չի կարող պահպանել նույնիսկ իր գոյությունը, քանի որ հրաժարվելով իր սեփականից, այդպիսով, հրաժարվում է մարդկության առաջընթացի և ստեղծագործության մեջ իր մասնակցության բաժնից, և լծվում է այլոց պայքարների կառքին` հանուն որոնց էլ տալիս է իր զոհերն ու ջանքերը` մինչև վերջնական ձուլում և անհետացում:
Անկախություն
- Ցանկացած ազգային ինքնություն` անկախ իր քանակից և ռեսուրսից` ինքնին մեծ ուժ է, և այնքան ավելի է ի զորու դրսևորել իր ներուժը, որքան ավելի ինքնակազմերպված է:
- Ինքնակզամակերպման լիարժեք ձևը ազգի քաղաքական անկախությունն է:
22.1 Պատմական փորձը ցույց է տալիս, որ քաղաքական անկախությունը ոչ միայն ինքնության լիարժեք դրսևորման, այլև անվտանգության առավել արդյունավետ երաշխիքն է: Հանուն անվտանգության երաշխիքի և գոյատևման սեփական անկախությունը զիջած ազգերն ի վերջո ոչ անվտանգություն են ստանում, ոչ էլ գոյատևման իրական երաշխիք:
22.2 Ընդհանրապես` ինքնին գոյատևումը որպես նպատակ կեղծ է. միայն գոյատևման նպատակ դնող ազգերն աստիճանաբար թուլանում և ձուլվում են կամ որևէ այլ կերպով վերանում պատության ասպարեզից:
Ճիշտ ձևակերպված նպատակը ոչ թե գոյությունը կամ գոյատևումն է, այլ անկախությունը, որը միաժամանակ և գոյատևման լավագույն երաշխիքն է:
- Անկախությունը միայն արտաքին իրավական կարգավիճակը չէ, այլև`
ա. արտաքին հարաբերություններում` կոնկրետ, անընդատ վիճարկվող և փոփոխվող փաստացի անկախության չափ,
բ. իսկ ներսում` անկախության բովանդակություն` ազգային-պետական և հանրային հաստատությունների արդյունավետ գործունեությունն ու զարգացումը:
- Ազգայնականությունն իր բուն իմաստով ազգի քաղաքական անկախության ձգտման, այլև` պահպանման և զարգացման գաղափարախոսությունն է:
24.1 Ազգայնականությունը որի համար քաղաքական անկախությունը թիվ մեկ և հիմնարար նպատակը չէ` կեղծ է: Չի կարող լինել զուտ ազգային գոյության պահպանման ազգայնականություն:
- Անկախությունը ոչ թե միանգամյա գործողություն է կամ նպատակ, այլ շարունակական ընթացք, որը ոչ թե ավարտվում է, այլ սկսվում է միայն անկախության հռչակմամբ:
ա․ Ներսում անկախությունը` ազգային կյանքի շարունակական կառուցում է,
բ․ իսկ արտաքին հարբերություններում` մրցակցություն և համագործակցություն է:
Զարգացում և առաջընթաց
- Հռչակելով իր անկախությունը` ազգային ինքնությունը մտնում է քաղաքական հարաբերությունների մեջ այլ անկախ սուբյեկտների հետ, որոնց հետ թե' մրցակցությունում, թե' գործակցությունում հաջողելու համար անհրաժեշտ է անընդատ զարգացում և առաջընթաց:
26.1 Ինչպես զուտ գոյատևման, այդպես էլ զուտ պահպանման ռազմավարությունն անարդյունավետ է: Ինքնության և դրա բարձրագույն դրսևորում` անկախության պահպանման լավագույն միջոցը զարգացումն ու առաջընթացն է` շարունակական վերաիմաստավորումը, նորոգումը և համարժեքությունը ժամանակին և մարտահրավերներին:
- Այդու` ազգայնականությունն անհրաժեշտաբար զարգացման և առաջընթացի գաղափարախոսություն է:
27.1 Հենց ազգային զարգացման և առաջընթացի արդյունքում էլ ձևավորվում են համամարդկային հոգևոր և նյութական արժեքներ` երբեք մարդկությունն ինքնին չի ստեղծում դրանք, այլ դրանք ի հայտ են գալիս միջազգային մրցակցությամբ և գործակցությամբ պայմանավորված ազգային զարգացման արդյունքում:
27.2 Հակառակը` ցանկացած համամարդկային ուտոպիա` լինի գաղափարախոսական (կումունիսատական, լիբերալ և այլն) թե' կայսերական, որը խոստանում է երկրային դրախտ, հավետ խաղաղություն և այլն` վատ իմաստով պահպանողական է, քանի որ ենթադրում է բոլոր հարցերի վերջնական լուծում և պատմության ավարտ` փաստացի լճացում և ապագայի հնարավորությունների փակում:
27.3 Ի հակադրության պատմության ավարտի ցանկացած գաղափարախոսության` ազգային սկզբունքը հաստատում է պատմության շարունակելիության` ազգերի մրցակցության և գործակցության, հետևաբար զարգացման և ապագայի սկզբունքը:
Անկախության բովանդակությունը
- Ներքին հարաբերություններում անկախությունը նույնպես շարունակական ընթացք է, որը ենթադրում է կառուցում, ստեղծագործում և նորոգում:
28.1 Կառուցվողը հենց անկախության բովանդակությունն է, որը տարբեր է անկախության զուտ ձևական` իրավական-հռչակագրային առումից:
- Անկախության բովանդակությունը` ազգային, պետական և հանրային հաստատություններն են, որոնք կոչված են ապահովելու և զարգացնելու տվյալ ազգի քաղաքական անկախությունը: Դրանք են, օրինակ` պաշտպանության, անվտանգության, կրթության, կրոնական, գիտական, մշակութային, և այլ համակարգերը, այլև` քաղաքական, տեղեկատվաան և այլ դաշտերը: Համարժեք լինելու համար անկախությունն ապահովելու և զարգացնելու, նաև արտաքին հարաբերություններում անհրաժեշտ մրցակցության և գործակցության մակարդակա ապահովելու իրենց կոչմանը, այդ համակարգերը ենթակա են շարունակական կառուցման և վերակառուցման:
Նորոգում և ապագայապաշտություն
- Ազգային կյանքի նորոգման կարիքը գալիս է ինքնաօտարման մշտական մարտահրավերի դեմ պայքարի անհրաժեշտությունից:
30.1 Օտարացման վտանգն ունի թե' ներքին, թե' արտաքին պատառներ:
30.2 Ներսում օտարացումը հասունամում է ազգային համակարգերի ինքնահոսից/իներցիայից և աստիճանական մաշվելուց:
30.3 Իսկ արտաքին ազդեցությունները հիմնականում գործում են նախ վերնախավերի վրա և հաճախ աստիճանաբար օտարացնում նրանց գիտակցությունը` կտրելով սեփական պայմաններից և նպատակներից` պարտադրելով մտածածին, դոգմատիկ և «մոդայիկ» համարվող աշխարհայացքներ:
30.4 Վերջապես, մյուս կողմից` ազգային ավանդույթը` նպատակներն ու իդեալներն իրեն հերթին կարիք ունեն շարունակական վերաիմաստավորման և համապատասխանեցման ժամանակին:
Այս երեք գործոնը միասին ստեղծում են ազգային կյանքի նորոգման կարիքը:
- Հետևաբար, ազգայնականությունը շարունակական նորոգման և կառուցման գաղափարախոսություն է:
31.1 Ազգային ինքնությունն, ինչպես և անկախությունն նրա համար ոչ թե մեկընդմիշտ տրված իրողություններ են, այլ անընդատ իրականացվող նախագիծ, որով նրա հայացքն ուղղված է դեպի ապագա` ապագայապաշտ է` ֆուտուրիստական:
Ազատություն և արդարություն
- Անկախության բովանդակության մյուս հիմնարար բաղադրիչներն են` արդարության և ազատության սկզբունքները ներքին հարաբերություններում:
32.1 Ազգի քաղաքական անկախությունը լիարժեք չէ, եթե այն վերաբերվում է միայն արտաքին կարգավիճակին և հարաբերություններին:
32.2 Անկախությունը պետք է մարմնավորվի նաև ներքին հարաբերություններում՝ որպես ազատություն և արդարություն՝ իրավական կարգավորումներում և փաստացի հարաբերություներում:
- Արդարության զգացումը և ներքին արդար հարաբերությունների հաստատումն անհրաժեշտ են ազգային ներուժի բացահայտման և կազմակերպման` համախմբան համար:
33.1 Արդարությունն արտահայտվում է նախ իրավական առումով որպես Սահմանադրություն` պետական կարգ:
33.2 Սահմանադրությունը պետք է ոչ թե պատճենված դրույթների հավաքածո լինի, այլ արտահայտի տվյալ ազգի պատմությունը, կենդանի քաղաքական փորձն ու դրա միջոցով դրսևորված ձգտումներն ու իդեալները: Արդարությունը պետք է ունենա նաև ինստիտուցիոնալ և քաղաքական դրսևորում:
- Ազատության սկզբունքը նախ մարմնավորումն է բուն իսկ անկախության, և պետք է ուղղված լինի ոչ միայն արտաքին, այլև ներքին հարաբերություններին:
Ինքնիշխան և անկախ ժողովուրդն ազատ է նաև իր ներսում:
34.1. Ազատությունը ներքին հարաբերություբերում անհրաժեշտ պայման է արտաքին հարաբերություններում մրցունակության ապահովման համար:
34.2 Միաժամանակ ընդհանրական և մասնավոր ազատությունները պետք է ներդաշնակված, հավասարակշռված լինեն`
ա․ մասնավոր խմբերն ու անձինք պետք է գիտակցեն, որ իրենց ազատության ապահովման լավագույն գործիքը սեփական անկախ պետությունն է,
բ․ և մյուս կողմից` պետությունը պետք է հասկանա, որ իր անվտանգության և մրցունակության լավագույ երաշիքն ազատ ժողովուրդն է:
34.3 Միայն իր ներքին հարաբերություններում ազատ ազգը կարող է համարվել լիարժեք անկախ:
- Հետևաբար` Ազգային հեղափոխություն կուսակցության դավանած ազգայնականությունը որպես իր հիմնարար գաղափարական տարրեր ընդունում է ազատության և արդարության սկզբուքները, իր դավանանքով` ազատասեր է և արդարամիտ:
Հենք սեփական ուժերին
- Անկախության բովանդակության ստեղծումը` համակարգերի կառուցումը, ներսում արդար և ազատ հարաբերությունների ապահովումը թույլ է տալիս կազմակերպելով և բացահայտելով ազգային ներուժը, ապահովել անկախության հիմնարար խնդիրը` հենքը սեփական ուժերի վրա:
36.1 Հենք սեփական ոժերի վրա նշանակում է, որ քաղաքականապես անկախ ազգը նախ իր անկախ պետությունն է տեսնում որպես սեփական գոյության, անվտանգության և զարգացման երաշխիք:
- Սեփական ուժերի վրա հենքը գլխավոր և առացքային պայմանն է իրական ընկերներ և դաշնակիցներ, այլ ոչ թե հովանավորներ գտնելու համար արտաքին հարաբերություններում:
37.1 Սեփական ուժերի վրա հենքը ոչ թե մեկուսացնում է, այլ հակառակը լավագույն պայմաններ է ստեղծում արտաքին հարաբերությունների զարգացման համար:
- Սեփական ուժերի վրա հենքի սկզբունքը նշանակում է` բացառում որևէ արտաքին կողմնորոշման, այսինքն` արտաքին հովանավորներ փնտրելու կամ ներքին քաղաքականությունն արտաքին հարաբերությունների հիմքով կառուցելու:
38.1 Սեփական ուժերի վրա հենքը և իրապես անկախ արտաքին հարաբերություները նշանակում են` մշտական բարեկամների և մշտական թշնամիների բացառում, այլ դաշնակցային, մրցակցային և թշնամական հարաբերություններ ըստ իրավիճակի և շահի:
Ազգայնականություն
Պատմական հիմունքները, Ժառանգականություն, Հայկական ազգայնականություն
- Չնայած նրան, որ ազգայնականությունն ունիվերսալ գաղափարախոսություն է, սակայն, մյուս կողմից՝ յուրաքանչյուր ազգային ինքնություն որպես առանձին անհատականություն ձևավորում է իր ազգայնականությունը՝ համապատասխան իր եզակի տվյալների և պայմանների։
- Այսպես հասկացված ազգայնական գաղափարախոսությունը ոչ թե հորինվում է կաբինետներում՝ ելնելով տեսականորեն ճիշտ կամ ցանկալի թվացող դրույթներից, այլ պետք է լինի իմաստավորումն և ընդհանրացումը ազգային ինքնության փորձի՝ նրա պատմության և ինքնադրսևորման՝ քաղաքականության, արվեստի, գիտության, կրոնի և այլ ոլորտերի մեջ, ինչպես նաև՝ նրա երկրի առարկայական պայմանների և ցեղային՝ էթնիկ ծագման առանձնահատկությունների։
Գաղափարախոսությունն ոչ թե նախորդում է ազգային կյանքին, այլ հետևում է դրան՝ դառնալով դրա էական տարրերի իմաստավորումն ու ընդհանրացումը։
Սեփական գիտակցության ձևավորում՝ ազգայինը ոևպես նախագիծ
40.1 Ազգային պատմության մեծ մասի ընթացքում կարող է և չլինել հատուկ գաղափարախոսություն, բայց, անկախ դրանից ինքնությունը իր ներքին ուժով, իր կենսական բնազդով կարողանում է ճանապարհ գտնել իր արտահայտման և ինքնակառուցման համար։ Սակայն, երբ ինքնության փորձը և ժառանգությունը հնարավոր է լինում ճիշտ կերպով ընդհանրացնել և իմաստավորել, դա կարող է դառնալ հզոր գործիք՝ ինքնագիտակցություն, որի օգնությամբ ավելի հստակ և հասկանալի են դառնում ազգային կյանքի նպատակներն ու խնդիրները։
40.2 Սեփական գիտակցության ձեռք բերմամբ՝ ազգային ինքնության կյանքի հզոր, բայց տարերային հոսքը կարող է վերածվել մոտ և հեռակա ապագայի կառավարման նախագծի՝ մեծ նպատակները սերնդե սերունդ փոխանցող և իրականացնող մեքենայի շարժիչի։ Կարևոր է, սկայն, որ կենադնի փորձից մեկ անգամ ձևակերպված գաղափարախոսությունն անընդատ թարմացվաի և վերաիմաստավորվի՝ չվերածվելու համար իր հակապատկերի վերացական և մեռյալ դոգմայի։
Ազգայնական գաղափարախոսությունն ու ավանդական քաղաքական իդեոլոգիաները
- Այս կերպ ձևակերպված ազգայնական գաղափարախոսությունը տարբեր է և հակադիր է ավանդական քաղաքական իդեոլոգիաներից՝ այնպես ինչպես դրանք ձևակերպվել և զարգացել են մարդկության պատմության մոտավորապես վերջին երկու հարյուր տարվա մեջ։
41.1 Աջ թե ձախ թևի ավանդական քաղաքական իդեոլոգիաները՝ լիբերալիզմ, սոցիալիզմ, կոմունիզմ, անարխիզմ, կոնսերվատիզմ և այլն որպես կանոն հիմնված են լինում վերացական տեսություների վրա, և հավակնում են լինել համամարդկային ճշմարտություններ՝ անկախ ազգային ինքնություններից և պայմաններից։ Հաճախ ստեղծված լինելով իդեալիստների կողմից, գործնականում դրանք դեպքերի ճնշող մեծամասնության մեջ վերածվում են այս կամ այն մեծ տերության կամ համաշխարհային ցանցի ազդեցության և գերիշխանության հաստատման գործիքի։
41.2 Գերիշխանության տարածման այս ձևին հնարավոր է արդյունավետ հակազդել միայն ձևավորելով սեփական գիտակցությունը՝ գաղափարախոսությունը, որը հիմնված է սեփական կյանքի փորձի, այլ ոչ թե վերացական ճշմարտությունների վրա։
41.3 Ընդ որում՝ սեփական գիտակցության առկայությունը թույլ է տալիս ոչ միայն պարզապես հակազդել իդեոլոգիկ գերիշխանությանը, այլև՝ ըստ անհրաժեշտության ստեղծագործաբար յուրացնել համաշխարհային իդեոլոգիաների տարերը։ Այս դեպքում արդեն ոչ թե իդեոլոգիաներն են իրենց ենթարկում ազգային գիտակցությունը, այլ հակառակը՝ դրանց տարրերն են ենթարկվում և սկսում ծառայել ազգային ինքնիշխանությանը։
Ցեղ և հայրենիք։ Հայկական Լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք
- Հայկական ինքնության սկզբնական ձևավորող տարրերն են.
ա․ հնդեվրոպական ծագումը, որից բխել է հին հայերի ազատ և ռազմիկ ժողովուրդ լինելը, ազնվական և ազատ հասարակարգը, վիպական՝ հերոսական աշխարհայացքը, այլև՝ հակադրությունը «արևելյան» բռնապետություններին, ոչ հնդեվրոպական ժողովուրդներով բնակեցված տարածաշրջանում սեփական առանձնահատկության գիտակցությունը, իսկ մշակույթում՝ ձգտումը տարբերակման մերձավորարևելյան ոճից։
բ․ հայոց երկիրը՝ Հայկական լեռնաշխարհը,
որին հազարամյակների ընթացքում հարմարվել է,
և որին մյուս կողմից՝ հազարամայկաների ընթացքում հարմարեցրել է իրեն հայկական ինքնությունը։
Հայկական լեռնաշխարհը շրջակա միջավայրից իր բարձրությամբ և բնական պայմաններով հստակ առանձացող, երկրաբանորեն համեմատաբար երիտասարդ՝ դեռևս իր կայացման և ձևավորման փուլում գտնվող հրաբխային երկիր է։ Որից հայ ժողովուրդը փոխառել է
մի կողմից ձգտումը դեպի շեշտված ուրույնություն, առանձնեցում,
մյուս կողմից՝ անհանգիստ, անընդատ կայացմանը ձգտող բնավորությունը ( ըստ Հայկ Ասատրյանի)։
Հայկական լեռնաշխարհին առավելագույն հարմարեցման արդյունքում է հայ ժողովուրդը ձևավորել նաև իր հոգևոր կյանքի կարևորագույն տարրերը, հատկապես արվեստում՝ պարզ և զուսպ ոճը ճարտարապետությունում, գեղանկարում, երաժշտության մեջ, որտեղ արվեստի կոթողները հաճախ բնապատկերի շարունակությունն են, և մյուս կողմից բնապատկերի գույներն ու ձևերն արտահայտվում են արվեստում։
Մյուս կողմից՝ հայ ժողովուրդը հազարամյակների ըթնացքում իրեն է հարմարեցրել Հայկական Լեռանշխարհը։ Հայ ժողովուրդնը միակն է Լեռնաշխարհում բնակություն հաստատած բոլոր ժողովուրդներից, ով կարողացել է այդ երկրում ստեղծել լիարժեք քաղաքակրթական համակարգ։ Հայկական լեռնաշխարհի այս կամ այն մասին կամ էլ Լեռնաշխարհին ամբողջությամբ հավակնող այլ ժողովուրդները դարերի ընթացքում ի զորու են եղել շահագործել երկիրը հիմնականում որպես միայն անասնապահության տարածք։
Որպես այդպիսին, անկախ ամեն տվյալ պահի քաղաքական սահմաններից, Հայկական Լեռնաշխարհն իր ամբողջության մեջ մնում է հայոց հայրենիք՝ այնքան ժամանակ, քանի դեռ հայկական ինքնության հետքերն են շարունակում գերիշխել երկրի լանդշաֆտում, և հայկական ինքնությունն է միակը, որը կարողացել է բացահայտել Լեռնաշխարհի ներուժը որպես ուրույն քաղաքակրության բնօրրան։
Հայաստանի Հանրապետությունը հին հայոց թագավորությունների և հոգևոր մշակույթի ժառանգ
- Հայկական ինքնության կարևորագույն դրսևորումներն են․
հնում՝
ա․ Ազգածին ավանդույթը՝ Հայկ նահապետի մասին, որում ի սկզբանե ամրագրված են՝ բռնապետությանը և մեծապետական գերիշխանությանը հակադրության,
ազատության ձգտման,
սեփական ուժերի վրա հիմնված պայքարի գաղափարները,
ինչպես նաև Հայկական լեռնաշխարհի և հայկական ինքնության «հպարտ և ցուրտ բարքի» հակադրությունն «արևելքին»։
բ․ Ազգային վեպը (Սասնա Ծռեր), որում կրկնված և շեշտված են ազգածին ավանդույթի բոլոր արժեքները՝ ազատության ձգտումը, սեփական ուժերի վրա հիմնված պայքարը, ինքնուրույն կյանքի կառուցումը, հակադրությունը բռնապետությանը և «արևելքին», նաև ավելանում է արդարության սպասումի գաղափարն ի դեմս Փոքր Մհերի կերպարի, այլև՝ երևում է հայ կնոջ դերը՝ որպես ազատ և պայքարող։
գ․ Հին հայկական կրոնը, որտեղ՝
հայր աստված Արամազդը մարմնավորում է արիություն,
գերագույն դիցուհի՝ Անահիտը՝ խնամակալություն,
Վահագնը՝ քաջություն,
Միհրը՝ արդարություն,
Տիրն՝ իմաստություն,
որով շեշտվում է հնագույն հայկական արժեքների աստիճանակարգը։
Հայկական դիցաբանության հնագույն նմուշ՝ Վահագնի ծննդյան երգի պատկերներում, Հայկ Աստարյանի վերլուծությամբ, երևան է գալիս հայկական ինքնության ուժականությունը՝ դինամիզմը։
դ․ Հայացված քրիստոնեությունը՝
իր ինքնուրույն ազգային կառույցով,
առանձին դավանանքով,
ուրույն ճարտարապետական ոճով
և հատուկ շեշտված խաչապաշտությամբ։
ե․ Հայկական եկեղեցու ինքնուրույնությանը դավանաբանական հարցերում ցուցիչ է եղել ինքնիշխանության բարձրագույն՝ հոգևորին հասնող մակարդակի, և հայկական ինքնության կարողությանն ու ձգտմանը հավասարը հավասարի հարաբերություններ հաստատելու աշխարհի առավել հզոր ուժերի հետ։
Բացի այդ՝ հայկական դավանանք ունի ինքնին արժեք, քանի որ պնդելով աստծո և մարդու մեկ բնությունը, ինչպես նաև Աստծո որդու մարմնի անապականությունը հաստատում է մարդու աստվածացման հնարավորությունը։
զ․ Հնագույն հայկական ազնվական բարոյական համակարգը, որը կառուցված է քաջության և վատության հակադրության վրա, ընդ որում քաջը նույնացված է լավի հետ, իսկ վատը՝ վախկոտության և լքման հետ։
է․ Հին հայկական հոգևոր մշակույթը՝ լեզու, գրականություն, արվեստ, գիտություն, որում արտահայտված է շեշտված ձգտումն ինքնուրույնության և յուրացման՝ հայացման, սեփական ոճի և համակարգերի ստեղծման՝ ուրույն գիր, հայացնող գրական լեզու, ազգային ճարտարապետական ոճ և այլն։
ը․ Հին հայկական թագավորական և իշխանական տների քաղաքականությունը․
Վանի թագավորության միավորիչ ուժը,
Արտաշիսյանների ծավալման ձգտումը,
Արշակունիների պայքարը հանուն անկախության,
Բագրատունիների և Ռուբինյանների սառը իրատեսությունը, երկաթե կամքը և ասպետականությունը։
- Ներկայիս հայկական պետությունն ուղիղ ժառանգն է և շարունակությունն է հնի բոլոր քաղաքական և մշակութային ջանքերի և արժեքների, պատմական բոլոր հայկական թագավորությունների և իշխանությունների․ այն ոչ թե ստեղծվել է քսաներորդ դարում, այլ վերստեղծվել է՝ հայկական ինքնության պատմության հին և ամուր հիմքի վրա։
Նոր ժամանակների հայկական ինքնությունը՝ հայկական հեղափոխություն։ Ժառանգության սկզբունքը
- Նոր ժամանակներում․
ա․Դավիթ բեկի գլխավորությամբ սեփական ուժերի վրա հենված պայքարը
բ․ Միքայել Նալբանդյանի և մյուսների ազգային-հեղափոխական գաղափարախոսությունը, որի էությունն է՝ ազգային անկախություն արտաքին և ժողովորդի ազատություն և արդարություն ներքին հարաբերություններում, այլև՝ սեփական ուժերի վրա հենված պայքար հանուն անկախության
գ․ Գարեգին Նժդեհի պայքարն ու գաղափարները, որոնց էությունն է՝ ժողովրդի ինքնակազմակերպում և առաջնորդում, հենք սեփական ուժերին, հոգևորի՝ ցեղի, կամքի, բանականության, կազմակերպվածության առավելությունը նյութականի՝ նկատմամբ։
ե․ Արվեստի մեջ՝ Դանիել Վարուժանի և Սիամանթոյի բանաստեղծությունը, Կոստան Զարյանի գրականությունն և արարատյան մարդու հղացքը, Մարտիրոս Սարյանի և Հակոբ Հակոբյանի հայաստանյան պատկերները, Կոմիտասի կողմից հայկական ժողովրդական երաժշտության վերաբացահայտումը, Արմեն Տիգրանյանի և Ավետ Տերտերյանի երաժշտությունը, Թամանյական Երևանի ճարտարապետության մեջ արտահայտված ձևերն ու ձգտումները։
Ազգային հեղափոխություն կուսակցությունն իրեն կրողն ու ժառանգն է համարում թվարկած բոլոր արժեքների, գաղափարների և պայքարների։
- Սրանից զատ մենք մեզ մասնակի ժառանգ ենք համարում նոր ժամանակների հայկական տարբեր քաղաքական պայքարների և գաղափարների՝ փորձելով դրանց մեջ առանձնացնել իրապես արժեքավորը, և զտել այդ արժեքավոր տարրը՝ պատահականություններից, օտար ազդեցություններից և կամա թե ակամա սխալներից։
- Այդ պայքարների և գաղափարերի մեջ են․
ա․ 1890-1920-ականների ազատագրական պայքարը՝ սկզբում Հնչակյան, ապա Դաշնակցության առաջնորդմամբ
բ․ Ազգային Միացյալ կուսակցության ընդհատակյա պայքարը Սովետական Հայաստանում
գ․ Հայաստանի ազատագրման հայկական գաղտնի բանակի պայքարը սփյուռքում
դ․ 1988-1990 Արցախյան շարժումը
ե․ Այպես կոչված «Երրորդ Հանրապետության» ժողովորդական շարժումների ձգտումը արդար և ժողովրդավար հասարակության կառուցմանը, որոնք ցավոք սրտի անընդատ դավաճանվել են այդ շարժումների առաջնորդող խավերի կողմից։
- Այս պայքարների պատմությունից որպես մեր քաղաքական պայքարի և գաղափարների ոգեշնչող կերպարներ մենք մասամբ կամ ամբողջությամբ ընդունում ենք․ Քրիստափոր Միքայելյանի, Հրայր Դժոխքի, Վազգեն Տերոյանի, Իշխանի (Նիկոլ Պողոսյան), Արամ Մանուկյանի, Ռուբեն Տեր-Մինասյանի, Դավիթ Անանունի, Հայկազ Խաչատրյանի, Ստեփան Զատիկյանի, Շահեն Հարությունյանի, Հակոբ Հակոբյանի (Հարություն Թագուշյան) և այլոց գաղափարներն ու գործը։
- Ազգային հեղափոխություն կուսակցության համար ժառանգության սկզբունքի ընդունոըմը նշանակում է ոչ թե ավանդույթի կույր պատճենում և պաշտամունք, այլ քննադատական և ստեղծագործական յուրացում, անընդատ վերաիմաստավորում և համապատասխանեցում ժամանակի պայմաններին, զարգացում և լրացում։ Մեր համոզմամբ որևէ ավանդույթ կենդանի է իր զարգացմամբ և առաջընթացով։
- Բացի հայկական ավանդույթից, մենք ընդունում ենք և հաշվի ենք առնում համաշխարհային քաղաքական մտքի ժառանգության բազմաթիվ հեղինակավոր գաղափարներ և հղացքներ։
ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ
«Ազգային հեղափոխություն» կուսակցության գլխավոր նպատակն է հայոց ինքնիշխանության լիարժեք վերականգնումը և հանուն անկախության պայքարը բոլոր մակարդակներում՝ հոգևոր, քաղաքական, ռազմական:
Հավատում ենք հայ ազգի ներուժին և խնդիր դնում ճիշտ կազմակերպել այդ ներուժը՝ ստեղծելու համար իրապես հայկական քաղաքական կազմակերպություն, որը կառաջնորդի հանուն անկախության հայ ազգի պայքարը:
Մենք ձգտում ենք ազգային հեղափոխության՝ հիմնված ազգի ներուժի բացահայտման և անկախության բովանդակության կառուցման ծրագրի վրա:
Անկախության բովանդակության կառուցման ծրագիրը նախատեսում է, որ ազգային և պետական կյանքի ամեն ոլորտ պետք է վերակառուցվի՝ սպասարկելու Հայաստանի անկախության շահերը:
Իրական անկախության հասնելու համար հայ ժողովուրդը պետք է նորից վերածվի ուժային գործոնի, որի հետ, կամա թե ակամա, պետք է հաշվի նստեն արտաքին ուժերը: Ուժային գործոնի վերածվելու համար հայ ժողովուրդը մի կողմից՝ պետք է ինքնակազմակերպվի, մյուս կողմից՝ կառուցի արմատապես նոր և իր պայմաններին համապատասխան պաշտպանության համակարգ:
Իր կյանքը վերանորոգելով ազգային հեղափոխության սկզբունքներով՝ հայ ժողովուրդը պետք է ձգտի ոչ միայն պարզապես ուժային գործոն դառնալուն, այլև ռեգիոնալ տերության վերածվելուն՝ առանց որի հետ հաշվի նստելու անհնար կլինի որևէ տևական ստատուս քվոյի հաստատումը տարածաշրջանում:
Ռեգիոնալ տերություն դառնալը ոչ թե պարզապես երազանք կամ ցանկություն է, այլ նաև միակ և լավագույն միջոցը՝ ապահովելու սեփական անվտանգությունն ու հարաբերականորեն տևական խաղաղությունը:
Հայ ժողովուրդը պետք է դառնա զինված և զինավարժ, ինչը ներքին հարաբերություններում կշեշտի ազատ ժողովուրդ լինելու նրա կարգավիճակը, իսկ արտաքին հարաբերություններում կդառնա անկախության ապահովման կարևոր տարրերից մեկը:
Երկրի իրական անկախության կառուցման ճանապարհին «Ազգային հեղափոխություն» կուսակցությունը անհրաժեշտ է համարում առաջ քաշել տոտալ (ամբողջական) քաղաքականության գաղափարը: Ամբողջական քաղաքականությունն ընդգրկում է նաև սովորաբար «ոչ քաղաքական» համարվող ոլորտները՝ գրականություն, արվեստ, գիտություն, կրթություն, սպորտ և այլն:
Հայ ժողովուրդը պետք է իր առջև դնի հոգևոր մեծ վերածննդի՝ հայկական մշակույթի նոր ու նախորդողը գերազանցող ծաղկման նպատակ:
Երկրի ներսում հասնելով մշակութային ծաղկման՝ հայ ժողովուրդը պետք է նաև արտահանի ոչ նյութական արժեքներ՝ դառնալով ոչ միայն իր, այլև աշխարհի համար արժեք ստեղծող:
Անկախության և ազատության համար անհրաժեշտ նախապայմանները հնարավոր է ապահովել տեխնոլոգիական առաջընթացի քաղաքականության որդեգրմամբ։
Տեխնոլոգիական առաջընթացի քաղաքականության դրսևորումը պետք է լինի ընդհանուր գիտակրթական ոլորտի զարգացման փիլիսոփայական հիմնասյուներից մեկը, այսինքն դրսևորվի ոչ միայն տեխնոլոգիական գիտակրթական միջավայրում, այլև ամենուր՝ հատկապես հումանիտար գիտություններում, տնտեսության մեջ և սոցիալական հարցերում։
«Ազգային հեղափոխություն» կուսակցությունը վստահ է, որ Հայաստանի իրական անկախացման ճանապարհին կարևորագույն տեղ է զբաղեցնում արտաքին ուժերի ազդեցության գործակալների բացահայտումը և ի հաշիվ սեփական երկրի շահերի՝ օտար ուժերի շահերը սպասարկողների արդար, օրինական և խիստ պատիժը: Հայ ժողովրդին, նրա անկախությանը, հաղթանակներին դավաճանելը հայկական «էլիտաների» համար չպետք է լինի «ջրի ճանապարհ», ինչպես, ցավոք, բազմիցս տեղի է ունեցել առնվազն վերջին 100 և ավելի տարիներին: Օտար շահերը սպասարկողները պետք է գեթ մեկ անգամ խիստ և ցուցադրական պատիժ կրեն՝ որպես դաս ապագա սերունդներին: Այն օրը, երբ դա իրականություն կդառնա, կդրվի Հայաստանի իրական անկախության անկյունաքարերից մեկը:
Մեր քաղաքականությունն ուղղված է տասնամյակների և հարյուրամյակների։ Մենք մեզ համարում ենք մեծ պատմական շղթայի մասը, ինչը նշանակում է, որ մեր այսօրվա քայլերը կառուցում ենք այնպես, որ հարյուր և հազար տարի անց էլ մեր գործը ներկայանալի լինի գալիք սերունդներին:
Այդ մեծ՝ տասնամյակների և հարյուրամյակների հեռանկարում բացվում է հնարավորությունների անսպառ աշխարհ: Մի կողմից՝ ընթացիկ խնդիրների լուծումն ավելի ակնհայտ է դառնում, երբ այդ խնդիրները դիտվում են ժամանակային մեծ հեռանկարի լույսի ներքո, մյուս կողմից՝ անընդհատ փոփոխվող պայմաններում հնարավոր է հասնել գրեթե ցանկացած՝ այսօր անիրական թվացող նպատակի, եթե այն ճիշտ ձևակերպվի և փոխանցվի սերնդե սերունդ:
ՄՈՏԱԿԱ ՆՊԱՏԱԿՆԵՐ
Բացահայտ կեղծիք է, որ Հայաստանը մտնում է խաղաղության դարաշրջան՝ հաշվի առնելով միջազգային, տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև՝ վերլուծելով Ադրբեջանի և այլ ռեգիոնալ ուժերի քաղաքականությունը։ Կա ոչ թե կայուն և տևական խաղաղության հեռանկար, այլ խաղաղության հաստատման ժամանակավոր պատրանք։
Ծայրահեղ միամտություն է հավատալ, որ այսպես կոչված «Խաղաղության պայմանագիր»-ը կարող է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղության երաշխիք դառնալ։ Տևական և կայուն խաղաղությունը չի հաստատվում թուղթ ու գրիչով, այլ միայն ուժային հավասարակշռությամբ։
Հայաստանի և Հայաստանի քաղաքական ուժերի գլխավոր կարգախոսը պետք է լինի ոչ թե «խաղաղություն», այլ անվտանգություն։ Միայն այդ կարգախոսն է համարժեք արտահայտում միջազգային և տարածաշրջանային իրավիճակը։
Պահպանելու և զարգացնելու համար իր անկախությունը, ինչպես նաև՝ օգտվելու համար այսօրվա աշխարհում ստեղծվող հնարավորություններից, Հայաստանի թիվ մեկ նպատակը պետք է լինի հնարավորինս կարճ ժամանակում նորից վերածվել ուժային գործոնի, այսինքն՝ վերականգնել ուժին ուժով պատասխանելու կարողությունը և կամքը։
Ըստ այդմ՝ ներկա փուլի կարևորագույն նպատակներն ու խնդիրներն են․
Ա․ Խաղաղության իրական, այլ ոչ թե թղթե երաշխիքների պահանջներ Ադրբեջանից.
- 2020 թ-ից հետո զբաղեցված Հայաստանի տարածքների ազատում (Ջերմուկում, Վարդենիսում և այլն),
- Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի քաղաքականությունից հրաժարում, այդ թվում՝ պետական քարոզչության դադարեցում և պետական հովանու տակ գործող կազմակերպությունների լուծարում,
- Բաքվի բանտերից հայ գործիչների և զինվորականների ազատում։ Նրանց նկատմամբ ապօրինի դատավարության ընթացքում կորզված ցանկացած վկայության Հայաստանի դեմ օգտագործման բացառման պարտավորության ստանձնում
- Հայաստանի դեմ «ագրեսիայի», «օկուպացիայի», «ցեղասպանության» և նմանատիպ մեղադրանքների և քարոզչության դադարեցում,
- Հայաստանից «կոմպենսացիաներ»-ի և ցանկացած այլ բնույթի վնասների հատուցման պահանջներից պայմանագրային հրաժարում,
- Ընդհանրապես՝ հայատյացության քարոզից և գաղափարախոսությունից հրաժարում:
Բ․ 2025 թվականի օգոստոսի ութի Վաշինգթոնյան եռակողմ հռչակագրի կետերի վերանայում։ Հատկապես անընդունելի է դրանում տեղ գտած «անխոչընդոտ հաղորդակցություն» ձևակերպումը 3-րդ կետում, ինչպես նաև՝ ռևանշի (անգլերեն տեքստում՝ revenge) բացառման մասին ձևակերպումը 5-րդ կետում։
«Անխոչընդոտ ճանապարհ» ձևակերպումը փաստացի նշանակում է միջանցք, այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանության փաստացի սահմանափակում՝ անկախ նույն փաստաթղթում տեղ գտած այլ ձևակերպումներից։
Իսկ ռևանշի բացառման կետը անսպառ լծակ է Ադրբեջանի ձեռքին՝ Հայաստանի ներքին գործերին ցանկացած պահի և ցանկացած առիթով միջամտելու համար՝ մտացածին ռևանշիզմ գտնելու պատրվակով։
Գ․ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դենոնսացիա (միակողմանի հրաժարում)։ Սա ունի և՛ գործնական, և՛ խորհրդանշական իմաստ։
Նոյեմբերի 9–ի փաստաթուղթը չի չեղարկվել, և, որպես միջազգային քաղաքական հայտարարություն, շարունակում է գործել, քանի դեռ դրա տակ կան կողմերի ստորագրություններն՝ անկախ հետագա զարգացումներից, և ցանկացած պահի այն կարող է նորից դառնալ Հայաստանի նկատմամբ պահանջների առարկա, եթե փոխվի համապատասխան միջազգային իրավիճակ։
Բացի այդ նոյեմբերի 9–ը Հայաստանի ստորացման, դիմադրության անհարկի դադարեցման և ռուս-թուրքական դաշինքի գերակայության ընդունման խորհդանիշն է։
Դ․ Կտրականապես դեմ ենք Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հեռանկարին՝ «վերադարձի» անվան տակ, որը, որպես հերթական պահանջ, մոտակա տարիներին ներկայացվելու է Հայաստանին, կամ, որի շուրջ, հնարավոր է, արդեն կան ոչ հրապարակային պայմանավորվածություններ։
«Վերադարձի» ծրագիրը, որն ակտիվորեն նախապատրաստվում է Ադրբեջանի կողմից, նպատակ ունի Հայաստանը վերջնականապես դնել վերահսկողության տակ՝ ադրբեջանցիների անվտանգության ապահովման և այլ պատրվակներով։
Ե․ Եթե Ադրբեջանը կամովին չի ազատում 2021-2022 թթ-ին Հայաստանից օկուպացված տարածքները, ապա դրանք պետք է ազատագրվեն հատուկ ռազմական գործողությամբ՝ Հայաստանի համար հարմար իրավիճակում։
Զ․ Արցախի հարցը փակ չէ։
Արցախի հարցը ձևակերպել և բարձրացրել է հայ ժողովուրդը՝ զանգվածային ժողովրդական շարժմամբ, և այն չի կարող չեղարկվել որևէ միանձնյա կամ կուսակցական որոշմամբ։
Հայության իրավունքներն Արցախում լիովին հիմնավոր են թե՛ համամարդկային արդարության, թե՛ միջազգային իրավունքի տեսակետից, և այսօր էլ ունեն միջազգային աջակցության ներուժ։
Սեփական իրավունքից հրաժարվելը, ուժի ճնշման տակ, ոչ թե իմաստության՝ այլ քաղաքական անհեռատեսության նշան է։
Արցախի հարցում այսօր էլ ունենք միջազգային աջակցության ներուժ, սակայն պետք է գիտակցենք, որ միայն միջազգային երաշխիքներով խնդրի արծարծումը պատրանք է՝ հարցն իրապես դնելու համար. այն պետք է ունենա ուժային ապահովում։
Է․ Քաղաքական, իսկ անկախ և անաչառ դատարանում՝ դատաքննության արդյունքներով, նաև իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն՝
ա․ բոլոր այն անձինք և խմբերը, որոնք 2020 թվականի պատերազմի ընթացքում գործել են որպես թշնամու փաստացի համագործակից, քարոզել են կամ այլ ձևով նպաստել են Արցախի հանձնմանը՝ դիմադրության դադարեցմանը, ռուս-թուրքական խաղաղապահ զորքի տեղակայմանն Արցախում։
բ․ Նոյեմբերի 9-ին հանձնվելու և ռուս-թուրքական զորքն Արցախում տեղակայելու համաձայնությունը ստորագրող քաղաքական ղեկավարությունը։
Համապատասխան արդյունքներով այդ անձինք և խմբերը պետք է ենթարկվեն օրինական պատժի։
Քաղաքական պատասխանատվությունը ենթադրում է նաև քաղաքական գործունեության և պաշտոնների զբաղեցման արգելք։
Ը․ Հետսովետական Հայաստանում քաղաքական վերնախավերի կողմից ապօրինի կերպով կուտակված հարստությունը պետք է արտակարգ իրավական գործընթացների (ժամանակակից աշխարհում փորձված անցումային արդարադատության գործընթացների) միջոցով վերադարձվի հանրությանը։
Քաղաքական առաջնորդները, որոնք Արցախյան հարցի շնորհիվ զբաղեցրեցին բարձրագույն դիրքեր և կուտակեցին մեծ հարստություն, իսկ հետագայում, փաստորեն, հրաժարվեցին արցախյան շարժման հռչակյալ նպատակներից, պետք է քաղաքական և իրավական պատասխանատվություն կրեն։
ՈԼՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
- Ծրագրային ելակետերը
- Հետսովետականության հաղթահարում
Մենք ապրում ենք ոչ թե անկախ, այլ հետսովետական Հայաստանում:
Իրավանաբորեն անկախանալով՝ Հայաստանը չի ձևավորել իր սեփական բովանդակությունն ու կառուցվածքները, նաև՝ սեփական գիտակցությունը, այլ շարունակում է օգտագործել գերազանցապես Սովետական Հայաստանի բովանդակությունն ու կառուցվածքները, որոնք մակերեսորեն, կամ հաճախ էլ՝ անվանապես միայն հարմարեցվել են անկախ կարգավիճակին: Սրանց հավելվել է նույնքան մակերսային, չյուրացված փոխառությունն արևմտյան մոդելների:
Սովետական համակարգերը ստեղծված լինելով Սովետական կայսրության նպատակները սպասարկելու համար՝ լավ կամ վատ ծառայել են հենց այդ նպատակներին, բայց իրենց էությամբ իսկ չեն կարող արդյունավետ ծառայել անկախ Հայաստանին:
Հայաստանի ազգային և պետական համակարգերից ոչ մեկն այսօր չի կարելի կոչել լիարժեք հայկական՝ ո՛չ դրանց բովանդակության, գաղափարախոսության և կառուցվածքի, ո՛չ իսկ՝ ում կոմղից վերահսկողության և իրական կառավարման առումով:
Խնդիրն է, ուրեմն, ազգային կյանքը սպասարկելու կոչված համակարգերի օտարացումը:
Հետսովետական Հայաստանը վերջնականապես և լիարժեքորոն պարտվեց 2020-ի պատերազմում:
Այսօր այն այլևս սպառել է իր բոլոր հնարավորությունները, և ի զորու է տանել միայն նորանոր պարտությունների և ձախողումների: Հետսովետական այս երկրորդ գոյության փուլը՝ 2020-ից նման է սարսափ կինոների կենդանի մեռյալների գոյությանը:
2018-ի հեղափոխությունը չհասունացրեց խնդրի ձևակերպումը, և իր ոչ միայն խոսքով, այլև՝ կարևորը գործով, մնաց գերազանցապես հետսովետականության սահմաններում:
Իսկ պարտություն կրելով պատերազմում, 18-ի ազդակը վերջնականապես կորցրեց իր հեռանկարը: Հեղափոխական ժողովուրդը չպետք է պարտվեր: Իրական հեղափոխությունը գալու է բովանդակային և արմատական փոփոխության ծրագրով:
- Անկախության բովանդակության կառուցում
Հայկական քաղաքականության գերխնդիրն է այսօր՝ անկախության բովանդակության կառուցումը:
Որով պետք է հաղթահարվի հետսովետականությունը և կառուցվի իրապես անկախ հայկական քաղաքական կյանք:
Անկախության բովանդակության կառուցումը նշանակում է.
ազգային-պետական համակարգերի կառուցում և վերակառուցում
այնպիսի հիմքերով, որ դրանք համապատասխանեցվեն անկախ Հայաստանի պայմաններին, նպատակներին և գիտակցությանը:
Ազգային պետական համակարգերի մեջ են՝ ռազմական, քաղաքական, մշակութային, կրթական, գիտական, տնտեսական, իրավական, սպորտ և այլն։
Այս բոլորի արմատական վերակառուցման ծրագրերը միասին պետք է կազմեն ազգային հեղափոխության մեծ ծրագիրը:
ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՈԼՈՐՏ
Ա. Բարեփոխման հիմքերը
- 2020թ. պատերազմի արդյունքից բխում է ռազմաքաղաքական ոլորտի ոչ թե սովորական, այլ արմատական բարեփոխման անհրաժեշտությունը։ Այն պետք է հիմնվի 2020թ. պատերազմի քաղաքական էության և ռազմական ընթացքի ճշգրիտ ու սթափ, այլ ոչ թե վախվորած ու միֆականացված վերլուծության վրա։
- Քաղաքական իմաստով պարտության պատճառը պատերազմի քաղաքական էությունը չհասկանալն էր։ Պատերազմը ոչ թե Արցախյան, այլ Հայաստանյան էր՝ հանուն անկախության։ Հետևաբար՝ Արցախի կորստով կամ Արցախից հրաժարմամբ հարցը չի լուծվել և չի կարող լուծվել, և տևական անվտանգության և խաղաղության հաստատումն անհնար է։ Ռազմաքաղաքական իմաստով ճակատագրական սխալ էր 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին դիմադրությունը դադարեցնելն ու պարտությունն ընդունելը։
- Ռազմական իմաստով պարտության պատճառներն էին՝ հետխորհրդային Հայաստանում բանակի կառուցման խորհրդային մոդելի կույր պատճենումը, որն իր հերթին մասն էր անվտանգության կեղծ երաշխիքների դիմաց անկախությունը զիջելու շարունակական քաղաքականության՝ սկսած դեռ 1990-ականներից։
Բ. Բարեփոխման սկզբունքը, նպատակը և արտաքին պայմանները
- Արմատական բարեփոխման հեշտ թվացող ճանապարհներից է մի փոխառյալ մոդելի փոխարինումը մեկ այլ փոխառյալ մոդելով (օրինակ՝ ՆԱՏՈ-յի մոդելով), սակայն իրական ճանապարհը նոր պաշտպանության համակարգի կառուցումն է՝ ելնելով սեփական փորձից, պայմաններից և միջավայրից։
- Պաշտպանության ոլորտի բարեփոխումը երբեք պետք չէ շփոթել «զինվելու», պաշտպանական կառույցներ կառուցելու, բյուջեն ավելացնելու և այլնի հետ. դրանք բոլորը կարևոր գործիքներ են, որոնց ինչպիսին լինելը, սակայն, պետք է բխի Պաշտպանության համակարգի մոդելից և հայեցակարգից։
- Արմատական բարեփոխման նպատակը պետք է լինի ոչ թե պարզապես պաշտպանության համակարգ, այլ հաղթող համակարգ կառուցելը՝ հանուն Հայկական ապագա Հաղթանակի և Վերածննդի։
- Արմատական բարեփոխումը պետք է պարտադիր հաշվի առնի նաև միջազգային համատեքստը՝ աշխարհակարգի շարունակվող ճգնաժամը, միջազգային հարաբերությունների՝ փաստացի պատերազմի և անկայունության դարաշրջան մտնելը, որից հնարավոր չէ փախչել թաքնվելով ցանկալիի մտածողությունից բխող և հայկական քաղաքական ուժերի մեծ մասի կողմից առաջարկվող դատարկ կարգախոսների՝ «խաղաղության դարաշրջան», «արժանապատիվ խաղաղություն», «իրական խաղաղություն», «իրապաշտական խաղաղություն», հետևում։ Մինչ աշխարհում և տարածաշրջանում՝ բոլոր մակարդակներում, ծավալվում է ուժային պայքար, մեր ժողովրդին խաբեությամբ պահում են պարտվածի, խեղճի, աղետավորի կարգավիճակում։
Գ. Բարեփոխման աշխարհայացքային, պատմական և կրթական հիմքերը
- Արմատական բարեփոխումը պետք է սկսվի աշխարհընկալման արմատական փոփոխությունից։ Հատկապես պետք է ընդունվի ոչ թե լեգիտիմիստական, այլ ուժային աշխարհի ճշմարտությունը բխած միջազգային հարաբերությունների ռեալիստական տեսությունից։ Բարի, անվտանգ և կայուն աշխարհի ուտոպիայի փոխարեն պետք է ընդունվի մշտավտանգ, հարափոփոխ, ուժային հարաբերությունների վրա հիմնված աշխարհի իրողությունը։
- Բարեփոխումն անպայման պետք է հաշվի առնի հայ ժողովրդի պայքարի բնույթը` հանուն անկախության և ազատության, քանի որ ազատագրական պայքարներն ունեն իրենց կանոնները, ինչը ենթադրում է կռիվ ավելի ուժեղի դեմ և սովորականից բարձր դիմադրողականություն։
Այն նաև պետք է հաշվի առնի հայ ժողովրդի վերջին մեկուկես դարերի պատմական փորձը, որը վկայում է, որ ռազմական հաջողությունները ձեռք են բերվել այն ժամանակ, երբ համադրվել են ժողովրդական՝ ազատագրական, և պրոֆեսիոնալ կանոնավոր ուժի սկզբունքները։ Իսկ երբ փորձ է արվել հիմնվել զուտ պրոֆեսիոնալ կանոնավոր ուժի սկզբունքի վրա, անխուսափելիորեն պարտվել ենք։ Ելնելով այդ սկզբունքից, ինչպես նաև վերջին շրջանի առավել ծավալուն ռազմական գործողությունների, օրինակ, ուկրաինական պատերազմի փորձից՝ պետք է ձգտենք բազմամակարդակ ԶՈՒ-ի կառուցմանը, որում իրենց դերը պետք է ունենան առավել պրոֆեսիոնալ ստորաբաժանումները, աշխարհազորը և գաղափարական-կամավորական խմբերը։
- Նոր Զինուժի կարևորագույն հենքը պետք է լինի բարձրորակ ռազմական կրթությունը, որը պետք է ներառի ոչ միայն նեղ մասնագիտականը, այլև ընդհանուր աշխարհայացքայինը՝ քաղաքական, գաղափարական, պատմական, բարոյական, տեխնիկական:
Նոր ռազմակրթական համակարգը պետք է ձգտի ոչ միայն կրթություն տալ, այլև Հայաստանում պարտադիր կերպով զարգացնել ռազմական տեսությունը։
ԶՈՒ Գլխավոր շտաբը պետք է դառնա ինտելեկտուալ կենտրոն ոչ միայն ռազմական առումով, այլև՝ երկրի մասշտաբով։
Ավելին՝ ռազմական տեսության և ռազմական պատմության տարրական գիտելիքը պետք է մտնի քաղաքացու նվազագույն կրթության մեջ, բայց հատկապես քաղաքական վերնախավի։
Դ. Բարեփոխված բանակի ռազմավարությունը՝ ակտիվ պաշտպանություն
- Հայաստանի ԶՈՒ-ն պետք է կարողանա արդյունավետ պաշտպանել փոքր, նեղ՝ օպերատիվ խորություն չունեցող, զգալի մասով անմարդաբնակ, բարդ ու բազմազան ռելյեֆով, սահմանների անբարենպաստ կոնֆիգուրացիայով տարածքը։
- Սրանից բխում է, որ Հայաստանի ԶՈՒ-ի առջև դրված խնդիրներն անհնար է լուծել պասիվ պաշտպանությամբ, ընդհանրապես զուտ պաշտպանությամբ: Հայաստանի յուրահատկությունը պարտադրում է ակտիվ պաշտպանության մարտավարություն։
- Ակտիվ պաշտպանության կարևոր տարրերն են.
13.1 Անընդհատ նախաձեռնողականությունը
13.2 Առաջին իսկ հնարավորությամբ՝ ռազմական գործողությունների տեղափոխում թշնամու տարածք, ինչպես նաև՝ գործողություններ թշնամու խորը թիկունքի դեմ:
13.2 Արագություն՝ իրավիճակն օպերատիվ վերլուծելու, արագ որոշումներ ընդունելու կարողություն քաղաքական և ռազմական մակարդակներում, շարժունակ խմբերի առկայություն բանակի կառուցվածքում և առաջնորդման համարձակ հոգեբանություն։
13.3 Կանխարգելիչ հարվածներ։ Ոչ թե սպասել թշնամու հարձակմանը կամ ամրանալ «անառիկ» ամրոցներում, այլ թշնամու հարձակումից առաջ՝ կանխել դա սեփական գործողություններով։
13.4 Անսպասելիություն, ոչ կոնվենցիոնալ մեթոդներ՝ կետային հարվածներ, քաոսի ստեղծում թշնամու թիկունքում։
13.5 Ճկունություն, մարտավարությունների տարբերություն, որի հիմքում նաև Հայաստանի աշխարհագրության հիմնատիպերի տարբերությունն է։
13.6 Ինքնուրույնություն՝ ստորինից մինչև վերին մակարդակ։
13.7 Դիմադրողականություն. հայկական ԶՈՒ-ն, ելնելով երկրի պաշտպանության խնդիրների յուրահատկությունից, պետք է կառուցվի բոլոր միջոցներով և մինչև վերջ դիմադրելու սկզբունքի շուրջ:
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (հիմքեր և սկզբունքներ)
Արտաքին քաղաքականությունն անխուսափելիորեն ազդվում և պայմանավորվում է որոշակի հիմնարար գործոններով, և մյուս կողմից էլ պետք է հիմնված լինի որոշակի սկզբունքների վրա` լինելու համար համակարգված, միջավայրին համարժեք և արդյունավետ:
Արտաքին քաղաքականությունը պայմանավորող կարևոր հիմնարար գործոններն են.
Ա. Աշխարհագրություն
Բ. Պատմություն և ազգային ինքնություն
Գ. Միջազգային հարաբերությունների դինամիկա
Դ. Քաղաքակրթական և մշակութային կապերի ազդեցություններ
Աշխարհագրություն
Միջազգայն և տարածաշրջանային ուղիները
Թե' պատմական, թե' ներկայիս Հայաստանի արտաքին հարաբերությունները հիմնովին ազդվում են մեր տարածաշրջանով անցնող հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք մեծ համաշխարհային և տարածաշրջանային ուղիներով, որոնք ունեցել են և ունեն` ռազմական, աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակություն: Հնուց ի վեր այս ուղիները նաև մեծ տերությունների քաղաքականության ուշադրության կենտրոնում են:
Հարավային Կովկաս
Ներկայիս Հայաստանն ընկալվում է որպես Հարավային Կովկաս տարածաշրջանի մաս, որն իր հերթին հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք մեծ ուղիների կիզակետերից մեկում է:
Հարավային Կովկասի լանդշաֆտով պայմանավորված` դարերի և հազարամյակների ընթացքում նույնն են մնում տարածաշրջանի ուղիները և հետևաբար մոտավորապես նույն ուղղություննեւով է ընթանում մրցակցությունը դրանց շուրջ:
Արցախ և Սյունիք
Հարավային Կովկասում, առանձնահատուկ դեր ունեն Արցախի և Սյունիքի լեռնային շրջանները: Արցախը (այդ թվում Հյուսիսային Արցախը) մասն է ծալքալեռնային անտառային գոտու և առանձնահատուկ է նրանով, որ վերահսկում է մի կողմից Կուր գետի հոսանքով անցնող ցածրադիր հարթավայրային ճանապարհները, մյուս կողմից՝ իր հարավային հատվածում Արաքսի ստորին հոսանքի երկայնքով ճանապարհները: Այդ իսկ պատճառով ամենա հին ժամանակներից ի վեր Արցախի տարածքի վերահսկողությունը կարևոր է եղել ոչ միյան տեղական այլ տարածաշրջանային մակարդակով` ապահովելով վերահսկողին ուժի պրոյեկցիա Հարավային Կովկասի մեծ մասի վրա` մինչև Թբիլիսի, Բաքու, Երևան:
Սովետական Հայաստանի սահմանները
Ներկայիս Հայաստանի սահմանները (Սովետական Հայաստանի) գծված են մի կողմից 1921 թ.-ի ռուս-թուրքական պայմանագրով` համաձայն այդ պայմանագրի կողմերի շահերի և նպատակների, մյուս կողմից դրանք մոտավորապես այնքանին են և այնպիսին են, որքանի հայ ժողովուրդը կարողացել է կազմակերպված պայքար մղել իր կենսատարածքի համար:
Ռուս-թուրքական դաշինքի կողմից Հայաստանի սահմանները գծված են այնպես, որպեսզի հնարավորինս դժվար լինի այստեղ անկախ, անվտանգ և կենսունակ պետություն ձևավորել, և որպեսզի հայ ժողովորդը մշտական կախվածության մեջ լինի:
Սահմանների կոնֆիգուրացիան այնպիսին է, որ պաշտպանության խնդիրը` մշտական և ծանր ծախսերի բեռ է ենթադրում:
Ադրբեջանի խնդիրը
Սովետական Հայաստանի տարածքը իր չափով և իր կոնֆիգուրացիայով հատկապես դիսբալանսի մեջ է իր արևելյան հարևան` Ադրբեջանի հետ: Սահմաններն այնպես են գծված, որ Ադրբեջանի գերակա ուժային դիրք են ստեղծում Հայաստանի նկատմամբ: Եթե նույնիսկ չլինեին այլ հանգամամքներ, միայն ուժային-տարածքային այս դիսբալանսը բավական է լարում մտցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններում, քանի որ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված Ադրբեջանի որևէ ղեկավարության պարագայում մեծ է, եթե ոչ անհաղթահարելի գայթակղությունը գերակայող քաղաքական դիրք զբաղեցնել Հայաստանի նկատմամբ:
Պատմություն
Առանց պատմական անցյալի կարևոր գորշոնները հաշվի առնելու, անհնար է հասկանալ այսօրվա Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրները։
Ցայսօր հիմնարար ազդեցություն ունեցող կարևոր տարրերից են․
Հայ ժողովորդի ենթակա կարգավիճակն անցյալում
Պատմականորեն հայ ազգը` կորցնելով նախ իր քաղաքական ինքնուրույնությունը դադարել է լինել քաղաքական և ռազմական գործոն, և ենթակա է դարձել օտար պետություններին և ուժերին:
Հայ ժողովորդի մեծ մասն այդ ընթացքում եղել է ենթակա և ստորադաս գյուղացի կամ էլ քաղաքների մանր առևտրականներ և արհեստավորներ: Իսկ փոքրամասնությունը` բարձրաստիճան հոգևորականության և խոշոր առևտրականների զգալի մասն այս կամ այն չափով մաս են կազմել հայ ժողովորդի մեծամասնությունը շահագործող օտար համակարգերի:
Ավելի ուշ սրանց ավելացել է նաև հայ մտավորական խավը, որի մի մասը նույնպես ծառայել է օտար համակագերին, իսկ փոքրամասնությունը ձևակերպել է իր ազգի անկախության նպատակը:
Պատմությամբ թելադրված` հայ ժողովորդի նկատմամբ գերակայության հավակնությունները
Այս հանգամանքով պայմանավորված` հայ ազգի նկատմամբ նախկինում գերիշխողների մեջ ցայսօր մնացել է հայ ժողովորդի նկատմամբ որպես ենթակայի կամ ոչ քաղաքական և ոչ ռազմունակ, հովանավորյալ գործոնի, հոգեբանական վերաբերմունքը, ինչն արտահայտված է ոչ միայն Ռուսաստանի և Թուրքիայի, այլև` Ադրբեջանի մոտ: Ադրբեջանում այս հոգեբանությունը ամրապնդվել է նաև սովետական շրջանում, երբ հայաբնակ ԼՂԻՆ-ը Բաքվին ենթակա ինքնավարություն էր:
Հայ վերնախավերի ժառանգական օտարակենտրոնությունը
Նույն հանգամանքի ժառանգությունն է նաև այն, որ հայ վերնախավերի զգալի մասը ցայսօր փաստով կամ թեկուզ միայն հոգեբանությամբ մնում են օտար ուժերի սպասարկուներ:
Այստեղից է բխում նաև քաղաքական գիտակցության թուլությունը հայ վերնախավերի մեջ, և հատկապես միջազգային քաղաքականության ուժային բնույթի չընկալումը, ինչը բնորոշ է նախկինում գերազանցապես` գյուղացի, արհեստավոր, առևտրական` ապաքաղաքական, ռազմական տարրից զուրկ ազգին:
Հանուն Հայոց անկախության պայքարն անցյալում
Մյուս կողմից հայ ազգի որոշ ներկայացուցիչներ նույնիսկ պատմության ամենամռայլ փուլերում ձգտել և հիշել են հայկական ինքնուրույնության գաղափարը, իսկ հայ ժողովրդական զանգվածների մեջ ապրել է Հայոց թագավորության վերածնման պատկերացումը:
Պատեհ իրավիճակներում հայ ազգը կամ նրա առանձին հատվածներ ձգտել են քաղաքական ինքնուրույնության վերականգնման: 19 -րդ դարի վերջից այդ ձգտումը վերածվեց զինված ազատագրված պայքարի, որը հայտնի էր հայկական հեղափոխություն անվամբ: Իր բոլոր թերիներով, կիսատությամբ, անհետևողականությամբ և դրանցից բխող խոշոր ձախողումներով հանդերձ հենց հայ ժողովորդի զինված պայքարից ի վերջո վերածնվեց հայոց անկախությունը: Այդ պայքարի հիմնական զինվորը հայ գյուղացիությունն էր, իսկ առաջնորդողը նույն գյուղացիությունից հինականում դուրս եկած երիտասարդ հայ մտավորականների մի մասը:
Հայկական օտարակենտրոն վերնախավերի` «դիվանագիտությունը»
Մյուս կողմից օտար համակագերի մաս կազմող հայկական վերնախավերը, որոնց միշտ խորթ մնաց սեփական ուժերի վրա հենված պայքարի գաղափարը, ապավինում էին մեծ տերություններին և դիվանագիտությանը` որպես Հայկական հարցի լուծման բանալի: Հենց այս` օտարակենտրոն և «դիվանագիտական» մարտավարությունը հանգեցրեց հայ ժողովորդի մեծագույն կորուստների և ողբերգությունների, այդ թվում` Մեծ Եղեռնի:
Այսօր էլ այդ կեղծ «դիվանագիտությունը» գերակայող պատկերացում է քաղաքական ուժերի մեծ մասի համար։
Հանուն անկախության պայքարի կիսատության հետևանքներն այսօր
Հանուն անկախության հայ ժողովորդի պայքարը` երբեք չունենալով միասնական ծրագիր և իրապես համազգային համախմբում և նպատակների հստակություն հասավ կիսատ արդյունքի` Հայաստանի մի փոքր հատվածում հայկական անկախության վերականգնմանը:
Պայքարի կիսատ արդյունքները` անբավարար տարածք, իրապես քաղաքական գիտակցությամբ և հայաստանակենտրոն վերնախավի չձևավորում պայմանավորում են այսօրվա մարտահրավերները: Հատկապես Հայաստանի առկա տարածքը թույլ չի տալիս կայուն անվտանգութուն ապահովել հայ ժողովորդի համար, այլև` լուրջ ժողովրդագրական խոչընդոտ է` թույլ չտալով հայ ժողովորդի մեծ մասի համախմբում մեկ տարածքում:
Փաստացի անկախ Հայաստանը դեռ կայացման փուլում է, և դեռ ստիպված է դիմակայելու իր նկատմամբ գերիշխանություն հաստատել ցանկացող ուժերին, և լուծել տարրական անվտանգության խնդիրը:
Երրորդ Հանրապետության արտաքին քաղաքականությունը
Երրորդ Հանրապետության արտաքին քաղաքականությունը հենց սկզբից կառուցված է եղել անվտանգության կեղծ երաշխիքների դիմաց անկախությունը մաս-մաս զիջելու սկզբունքի վրա, որը տարիների ընթացքում միայն խորացել է և դարձել 2020թ. պատերազմի ելքի պատճառներից մեկը, և կատարելապես մարմնավորվել է 2020 թ․-ի նոյեմբեիրի 9-ի համաձայանգրում։ Ոչինչ էականորեն չի փոխվել նաև հիմա, բացի, անվտանգության արտաքին ենթադրյալ երաշխավորների անուններից։ Այսօր էլ գործում է «անկախության զիջում՝ անվտանգության կարծեցյալ երաշխիքների դիմաց» քաղաքականությունը, որի մարմնավորումներից է 2025թ. օգոստոսի 8-ի Հռչակագիրը։
Միջազգային հարաբերություններ
Հայաստանի արտաքին քաղաքականությունը տասնամյակներ շարունակ կառուցվել և կառուցված է արտաքին հովանավորության ու միջնորդների վրա հենվելու տրամաբանությամբ, որով փորձ է արվել դիվանագիտությունը դարձնել ուժի փոխարինիչ, ոչ թե ուժի բազմապատկիչ։
«Ազգային հեղափոխություն» կուսակցության առաջարկները բխում են այդ մոտեցման այլընտրանքային փիլիսոփայությունից։ Դրա սկզբունքներն են.
Ուժային գործոնը
Միջազգային հարաբերությունները հիմնված են պետությունների միջև ուժային հավասարակշռության վրա: Ամեն տվյալ ժամանակաշրջանի ուժային հարաբերությունների հիմամբ ձևավորվում են միմյանց փոփոխող աշխարհակարգերը, որոնք միջազգային հարաբերությունների երկորդ կարևոր գործոնն են:
Ուժը բարդ և բազմաշերտ երևույթ է բաղկացած` հոգևոր, քաղաքական, ռազմական, տնտեսական և այլ տարրերից: Համեմատաբար ավելի փոքր պետությունների համար հատկապես կարևոր ճիշտ կազմակերպման և ժողովրդական համախմբման ռեսուրսը, որը թույլ է տալիս հաջողությամբ դիմակայել ավելի խոշոր ուժերին: Համեմատաբար փոքր պետությունն ինքնին թույլ չէ, և կարող է մեծ ուժ լինել, եթե ճիշտ կազմակերպի և համախմբի իր կարողությունները:
Աշխարհակարգերի օրենքը
Միջազգային հարաբերություններում` դարերից ի վեր միմյան փոխարինում են տարբեր աշխարհակարգեր` հիմնված մեծ, միջին և փոքր պետությունների ուժային փոխհարաբերության վրա: Որևէ աշխարհակարգ հավետ չէ, այն անխուսափելիորեն մի օր փոխվում է նորով: Բացի այդ ամեն աշխարհակարգ ունենում է իր ճգնաժամային փուլերը, որոնք ավարտվում են կամ եղած կարգի վերաձևակերպմամբ կամ նոր կարգի հաստատմամբ: Ճգնաժամերը պայմանավորված են լինում եղած ուժային փոխհարաբերություններում ուժային վակուումների առաջցմամբ:
Հատկապես աշխարհակարգերի ճգնաժամերի պահերին է բացահայտվում է միջազգային քաղաքականության ուժային բնույթը և միջազգային իրավունքի փխրուն մակերեսային բնույթը:
Աշխարհակարգային ճգնաժամերի և անումային փուլերում է վճռվում պետությունների և ազգերի ճակատագիրը` հետագա տասնամյակների համար: Առավել քաղաքականապես կազմակերպված ազգերը շահում են ճգնաժամերից, իսկ մյուսները` տուժում:
Աշխարհակարգային ճգնաժամերը ոչ թե անցանկալի են համեմատաբար փոքր պետությունների համար, այլ հակառակը` ցանկալի, քանի որ այդ ժամանակ է հնարավոր լինում արագ փոխել և ամրապնդել ուժային հարաբերություններում փոփոխությունները և նոր կարգավիճակ ձեռք բերել միջազգային հարաբերություններում: Միայն քաղաքականապես տհաս ազգերն են վախենում ճգնաժամերի, իսկ հասունները` հետևողականորեն պատրաստվում են դրանց:
Արտաքին քաղաքականության ռազմավարությունը
Արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակը պետք է միշտ լինի տվյալ աշխարհակարգի ճգնաժամային փուլին պատրաստվելը համեմատաբար կայուն ժամանակահատվածներում` նախ` պաշտպանվելու, իսկ երկրորդ` ըստ հնարավորության ծավալվելու նպատակով: Երկու դեպքում էլ պատրաստվելով ուժային անմիջական մրցակցության:
Հայաստանի քաղաքականությունը երբեք չի կառուցվել մեծ հարցադրումներից, այլ միշտ վարվել է այնպես, կարծես, պայմանները, միջազգային և տարածաշրջանային ուժային բալանսները, որոնցում ձևավորվել և գոյատևում է անկախ Հայաստանը մեկընդմիշտ տրված են և անփոփոխ:
Մինչդեռ ուժային այդ բալանսները շատ նուրբ էին և յուրահատուկ: Դրանք հիմնականում պայմանավորված էին մի քանի հիմնական գործոնով՝ ԱՄՆ համաշխարհային գերակայություն, Ռուսաստանի համեմատական թուլացում և հեռացում տարածաշրջանից, Թուրքիայի համեմատական կրավորական դիրք տարածաշրջանում և ռուս-թուրքական համեմատաբար պաիսվ հարաբերությունների փուլ:
Հարց չի տրվել, ի՞չ կլինի, եթե այդ հիմնական, այլև հավելյալ պայմաններից մեկը կամ մի քանիսը փոխվեն:
Այդ հարցերի հեռանկարից պետք է կառուցվեր և այսօր էլ պետք է կառուցվի Հայասռանի ռազմավարական քաղաքականությունը։
Հայկական քաղաքականության աշխարհի պատկերը միշտ եղել է և մնում է ստատիկ, ներկայի պայմանները՝ դեպի ապագա մեխանիկորեն պրոյեկտող:
Այս պատկերացումներին հակառակ՝ միջազգային հարաբերությունների ներկա փուլը պայմանավորված է աշխարհակարգային խորը ճգնաժամով, որի հետևանքներն են՝ ռազմական գործողությունների քանակի և ինտենսիվության անընդատ աճը, ներքին համակարգային անկայունության անշեղ աճն այդ թվում առավել զարգացած և կայուն համարվող պետություններում, դաշինքների և անվտանգության երաշխիքների խարխլում և քաոտիկ ու իրավիճակային բնույթ, ուժային գործոնի է՛լ ավելի շեշտված դերն ի համեմատություն միջազգային իրավունքի և լեգիտիմության։ Այս միտումները մոտակա տասնամյակում ոչ միայն չեն մեղմանալու, այլև աճելու են՝ հաճախ անճանաչելիության աստիճան փոխելով աշխարհի քարտեզը։
Որևէ արտաքին քաղաքականության հայեցակարգ պետք է ամուր կառուցված լինի այս պատկերի վրա։ Դա նշանակում է, որ մոտակա հեռանկարում շահելու են կամ գոնե իրենց գոյությունն են պահպանելու միայն այն պետությունները, որոնք զարգացնելու են սեփական ուժային կարողությունները։ Հակառակը՝ բոլորր արտաքին քաղաքական հայեցակարգերը, որոնք հակասության մեջ են համաշխարհային հիմնական միտման հետ՝ շեշտը դնելով երկարատև դաշինքների և անվտանգության արտաքին երաշխիքների
Արտաքին քաղաքականության ուղղություններ
Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանության հաստատման քաղաքականությանը հակազդում, պարիտետի վերականգնում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։
Թուրքիայի հետ փոխադարձ շահերի փնտրտուքի վրա հիմնված հարաբերությունների զարգացում, այլ ոչ թե անհարկի միակողմանի զիջողականություն։
Ռուսաստանի հետ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ շահերի փնտրտուքի, այլ ոչ թե հովանավորության ընդունման վրա։
Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանում։
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործակցության զարգացում։
Նորացվող Եվրոպայի հետ հարաբերությունների խորացում՝ ըստ նոր աշխարհակարգում Եվրոպայի փոփոխվող կարգավիճակի։
Մերձավորարևելյան ակտիվ քաղաքականության մշակում և գործարկում։
ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Պետությունը և քաղաքական ուժերը պետք է նպաստեն, որ Հայաստանում կայանա գաղափարական լայն համաձայնություն հայկական քաղաքականության՝ ազգային-դեմոկրատական և հայաստանակենտրոն բնույթի վերաբերյալ, և որ ներքին բանավեճրն ու ներքին մրցակցությունն ընթանա ազգային-դեմոկրատական կոնսեսուսի շրջանակներում: Սա պետք է ապահովի Հայաստանի գաղափարական և քաղաքական դաշտի արտաքին ազատությունը՝ դրսից եկող ներթափանցումների նկատմամբ, և պետք է դիտարկվի որպես ազգային անվտանգության խնդիրներից մեկը:
Գաղափարական լայն փոխհամաձայնությունը պետք է բխի այն փաստցից, որ հայ ժողովորդի վերջին 100 և ավելի տարվա քաղաքական փորձը, ավանդույթները և ձգտումները դրսևորվել են որպես ազգային-դեմկարտական կամ ազգային-հեղափոխական, և հակառակը՝ հայ ժողովորդին ենթարկելու, նրա նկատմամբ գերիշխանություն հաստատելու բոլոր փորձերը ուղեկցվել են՝ կա՛մ ազգային, կա՛մ դեմոկրատական բաղադրիչի ժխտման փորձերով կամ էլ դրանց աղավաղված մեկնաբանությամբ:
Պետությունը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը քաղաքական դաշտի ձևավորման համար նպաստավոր պայմաններ ապահովելու խնդրում:
Պետությունը և հանրությունը պետք է գիտակցեն, որ քաղաքական դաշտը երկրի անվտանգության, ինքնիշխանության և անկախության կարևորագույն մասերից է, և որ անկախ Հայաստանի շահերը սպասարկող քաղաքական դաշտի ձևավորման համար պետք է որոշակի սահմաններ դրվեն և պայմաններ ստեղծվեն՝ նախևառաջ բացառելու անհամաչափ արտաքին ազդեցությունը:
Քաղաքական դաշտը պետք է ընկալվի ոչ թե որպես միմյանիցից լիովին առանձին, չկապակցված միավորների խառնարան, այլ որպես բազմազան, բազմաճյուղ, բայց ի վերջո միասնական համակարգ, որն իր հերթին կարևոր, առանցքային տարրերից է երկրի ինքնիշխանության մեծ համակարգի: Քաղաքական դաշտն իր ամբողջության և միասնության մեջ կոչված է սպասարկել երկրի շահերը:
Քաղաքական դաշտի միասնությունը պետք է ապահովվի հայաստանակենտրոն դիրքով, արտաքին շահերի սպասարկման բացառմամբ, համահայաստանյան գաղափարական լայն փոխհամաձայնության ընդունմամբ:
Հայաստանակենտրոնությամբ և գաղափարական փոխհամաձայնությամբ սահմանված սահմաններից ներս, մնացած հարցերում քաղաքական դաշտը պետք է լինի առավելագույն բազմազան, մրցակցային և ճկուն:
Թե՛ միասնությունը, թե՛ մյուս կողմից՝ մրցակցային ճկունությունը պետք է յուրաքանչյուրն իր կերպով ծառայի երկրի շահերին: Միասնությունը պետք է պաշտնեշ դառնա արտաքին ներթափանցումների համար, իսկ մրացկցությունն ու ճկունությունը թույլ տա բազմազան պատասխաններ ունենալ այևայլ ներքին և արտաքին իրավիճակներին ու մարտահրավերներին:
Քաղաքական դաշտում գերակայող պետք է լինեն հայաստանյան ռեսուրսի վրա հենված ուժերը։
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Գաղափարական հիմք
Հայաստանի տնտեսությունը պետք է հիմնվի ազատական տնտեսության փիլիսոփայության վրա՝ հստակ տարանջատվելով սոցիալ-շուկայական տնտեսական գաղափարախոսություններից և մոդելներից։ Նման համոզման հիմք են հետևյալ փիլիսոփայական մոտեցումները.
- Ռեսուրսները ոչ թե տրված են բնության կողմից, այլ հայտնաբերվում են մարդու կողմից։ Հետևաբար՝ ռեսուրս միշտ կա, անհրաժեշտ է միայն դրանք հայտնաբերել։
- Ռեսուրսները հայտնաբերվում են փորձի միջոցով՝ «գործողություն-արձագանք-նորից գործողություն» շղթայով։
- Գիտելիքը մասնատված է և ապակենտրոնացված ու գտնվում է յուրաքանչյուր մարդու մոտ։
- Գինը տեղեկատվական ազդակ է, որը կոորդինացնում է ապակենտրոնացված գիտելիքը։
- Բանականության հետ միասին, որոշումների ընդունման համար անհրաժեշտ է օգտվել փորձից սերունդների ժառանգականությամբ ՝ կուտակված և փոխանցված գիտելիքից։
- Միայն ազատ շուկան է ի վիճակի մշակել, վերլուծել և տնտեսության մեջ օգտագործել ապակենտրոնացված ու փոփոխվող գիտելիքը։
Հետևաբար ռեսուրսների հայտնաբերման և տնտեսության մեջ կիրառման համար, անհրաժեշտ է հնարավորինս ազատ տնտեսական համակարգ, որովհետև ազատության մեջ է մարդու վարքագիծը ձեռք բերում անսահման ստեղծագործականություն, այսինքն անսահման փորձի հնարավորություն, կատարելագործման հնարավորություն իսկ միլիոնավոր մարդկանց մասնատված գիտելիքը, նաև ազատ ձևավորված գնի ազդակների միջոցով համատեղման ու վերլուծման հնարավորություն։
Տնտեսության մեջ կատարվելիք քայլեր
- Տնտեսության ապակարգավորում։Հնարավորինս շատ ոլորտներ պետք է թողնել ազատ շուկայի կարգավորմանը՝ կրճատել լիցենզիաները, պարտադիր պահանջները, վերահսկողությունը։ Սա թույլ կտա պակաս ծախսատար դարձնել բիզնես սկսելն ու զարգացնելը, էժանացնել ապրանքներն ու ծառայությունները, նվազեցնել կոռուպցիան, զսպել մենաշնորհները։ Թե՛ փոքր ձեռնարկությունները, և թե՛ մեծ ընկերությունները կստանան գործունեության առավել ազատ պայմաններ։ Ցանկացած անհատ կկարողանա իր տնտեսական գործունեությունից եկամուտ ստանալ, առանց անհարկի ծախսերի և դժվարությունների։
- Հարկերի և մաքսատուրքերի նվազեցում։Հայաստանը պետք է հնարավորինս բարենպաստ լինի տնտեսվարման համար, ինչին հասնելու համար պետք է ավելի արդյունավետ դարձնել նաև հարկային համակարգը։ Կնվազեցվեն հարկերի չափերը և տարատեսակները։ Կպարզեցվի՝ հարկերի հաշվարկման կարգը։ Զգալիորեն կնվազեցվեն նաև մաքսատուրքերը։
- Պետական ապարատի և գործառույթների կրճատում։Պետք է կրճատել պետության գործառույթները՝ հսկող, կարգավորող մարմինները, ազատ տնտեսության համար ավելորդ գերատեսչությունները և ստորաբաժանումները։ Պետությունը պետք է պաշտպանի ազատ կարգը։
- Արտաքին ներդրողների համար բարենպաստ միջավայրի ստեղծում։Արտաքին ներդրողների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ նրանց հնարավորություն կտրվի փաստաթղթաշրջանառությունը վարելու անգլերեն, ներդրումային տեղեկատվությունը հասանելի կլինի աշխարհի ցանկացած կետում, կզարգացվեն դատական համակարգի և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները։
- Ազատականացմանը զուգահեռ՝ մի շարք ռազմավարական ոլորտներում պետությունը պետք է ակտիվորեն միջամտի, օրինակ՝ ռազմարդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև այնպիսի ռազմավարական ոլորտներում, որոնք պետությանն անհրաժեշտ են, սակայն շուկային կարող են չհետաքրքրել։ Պետությունը պետք է մեծացնի ներդրումները հետազոտությունների և զարգացման (R&D) մեջ։ Սա նշանակում է ոչ միայն պետական բյուջեից ֆինանսավորման մեծացում, այլև խրախուսում և խթանների ստեղծում, որպեսզի մասնավոր հատվածը ևս մեծացնի ներդրումներն այդ ոլորտում։ Պետությունը պետք է ավելի արդյունավետ դարձնի բնական գիտությունների ասպարեզում բարձրագույն կրթությունը, որպեսզի մշտապես հիմք լինի հետագա հնարավոր տեխնոլոգիական ներդրումների համար։ Անհրաժեշտ է նաև պետական քաղաքականություն՝ արագացնելու բարձր տեխնոլոգիաների զարգացումը. արտաքին ներդրողների ներգրավում, ներդրումներ բնագիտական և տեխնիկական կրթության մեջ, աջակցություն նոր տեխնոլոգիաների ներդրմանը, արտաքին ֆինանսավորման ներգրավում և բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման շուկաների որոնում։
- Էներգետիկ համակարգի, ինչպես նաև հանքարդյունաբերության մեջ հայկական մասնավոր կապիտալի մասնաբաժնի ավելացում։ Անհրաժեշտ է գիտակցել, որ արդյունավետ կառավարման պարագայում հանքարդյունաբերությունը կայուն կապիտալի աղբյուր կարող է դառնալ ամբողջ տնտեսության զարգացման համար։
ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ
ա. Բնակչության և կառավարման գերկենտրոնացումը Երևանում
Դա ստեղծում է միանգամից մի քանի առանցքային խնդիրներ. անվտանգության տեսակետից՝ երկրաշարժ և այլ տարրերային աղետների դեպքում մեծ զոհեր և երկրի կաթվածահարում,
ռազմական գործողությունների դեպքում՝ երկրի կենտրոնի բացարձակ անպաշտպան վիճակ,
հանրային կյանքի տեսակետից՝ երկրի մնացած մասից կտրված, դրսակենտրոն մտածողության ծաղկում:
Հայաստանի կառավարումն աստիճանաբար, բայց հնարավորինս արագ և առաջնահերթ պետք է դուրս բերվի Երևանից: Երևանը կմնա խոշոր կենտրոն՝ տնտեսական, մշակութային և այլն, բայց քաղաքական և պետական կենտրոնը քայլ առ քայլ դուրս է բերվելու այստեղից:
Դա կնպաստի նաև Երևանում բնակչության կենտրոնացման խնդրի լուծմանը:
բ. Հայաստանի նոր մայրաքաղաք
Հայաստանը կամ պետք է ունենա նոր մայրաքաղաք, կամ մեկ այլ տարբերակով՝ պետական կառավարումը պետք է ապակենտրոնացվի և բաշխվի մի քանի կենտրոններով:
Նոր մայրաքաղաքը կամ մի քանի նոր կառավարման կենտրոնները չպետք է լինեն խոշոր բնակավայրեր՝ նախատեսված միլիոնավոր կամ հարյուր հազարավորների համար, այլ ավելի փոքր քանակի բնակչության համար նախատեսված:
Դրանք պետք է բաշխված լինեն աշխարհագրորեն ավելի ապահով կամ բազմազան վայրերում:
Ընդհանրապես պետք է ըստ հնարավորության իրարից տարանջատվեն քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ կենտրոնների գործառույթները:
Պետք է մշակվեն նախագծեր համաձայն որոնց Հայաստանը կունենա ոչ թե մեկ բնակավայր, ուր կենտրոնացած է ամեն ինչ, այլ առանձին-առանձին կենտրոններ՝ քաղաքական, կրթական, տնտեսական և այլն:
գ. Անմարդաբնակ տարածքները
Հայաստանի մյուս հիմնարար խնդիրը անմարդաբնակ տարածքների մեծ ծավալն է:
Դա նույնպես ունի բնական հիմք, քանի որ երկրի տարածքի զգալի մասը բարձրադիր է, և իր կլիմայական պայմաններով բարդ է ապրելու համար: Հնում դրանց մի մասն օգտագործվել է երկրի հոգևոր և պաշտպանության համակարգերում՝ որպես վանքերի և բերդերի տեղանք և կազմել է երկրի այսպես ասած երկրորդ հարկը:
Այսօրվա տեխնոլոգիական զարգացումը թույլ է տալիս հաղթահարել նախկինի խոչընդոտների զգալի մասը, և զգալի չափով անտեսել կլիմայական խիստ պայմանները:
Բարձրադիր գոտիները պետք է նորից վերածվեն երկրի «երկրորդ հարկի»՝ հոգևոր և ռազմական անվտանգության կենտրոնների: Այստեղ պետք է կառուցվեն փոքր բնակավայրեր, որոնց հիմնական գործառույթը կլինի մի կողմից կրթական և գիտական, մյուս կողմից՝ անվտանգության կենտրոններ լինելը: Այդ կենտրոնները պետք է բաշխվեն ըստ մարզերի, և մասը դառնան առանձին տարածաշրջանների զարգացման ծրագրերի:
դ. Հաղորդակցության ուղիները
Հայաստանի տարածքներն ու բնակավայրերը, այդ թվում նոր կենտրոններն ու բարձրադիր գոտիները պետք է իրար հետ կապվեն ավելի արագ և խիտ հաղորդակցության ուղիների ցանցով քան այսօրվանը:
Դրա համար պետք է ոչ միայն շարունակվի ավտոճանապարհների վերանորոգումն ու շինարարությունը, այլև՝ նախագծվեմ այլ հաղորդակցության ուղիներ՝ երկաթուղիներ, օդային հաղորդակցություն և այլն: Հայաստանը պետք է դառնա արագությունների երկիր և խիտ ու բազմազան կապ պետք է ապահովվի երկրի տարբեր հատվածների միջև՝ հակառակ բնական խոչընդոտներին: Սա պետք է նպաստի մինագմաից մի քանի խնդիրների լուծմանն ու ոլորտների զարգացմանը՝ անվտանգություն, ինքնապաշտպանություն, տնտեսություն, բարձրադիր տարածքների յուրացում, ապակենտրոնացում և այլն:
ե. Ներգաղթը
Ինչպես արևմտյան մեծ աշխարհի մյուս երկրների դեպքում է, Հայաստանը նույնպես մոտակա մեկ-երկու տասնամյակների հեռանկարում հավանաբար բախվելու է երրորդ աշխարհի երկրներից անհամաչափ ներգաղթի խնդրի հետ:
Հայաստանը պետք է նախապես պատրաստվի այս հեռանկարին՝ այն կառավարելի, վերահսկելի և հնարավորինս անվտանգ, այլև՝ Հայաստանին շահավետ ուղղությամբ առաջնորդելու համար: Սա ենթադրում է իրավական, քաղաքական, տնտեսական նախապատրաստություններ, ծրագրեր և որոշումներ:
Չնայած որոշ ուշացմամբ, Հայաստանը կարող է փորձել հայրենիք դառնալ Մերձավոր և Միջին Արևելքի ազգային և կրոնական փոքրամասնությունների համար, ինչպես որ այժմ հայրենիք է ոչ միայն հայերի, այլև՝ ասորիների, եզդիների, մոլոկանների համար: Միաժամանակ պետք է գիտակցվի Հայաստանի Հանրապետության հայկական բնույթը:
զ․ Մարզերի խնդիրը
Կազմակերպել մարզերի կենսունակացման քաղաքականություն՝ մարզերը դարձնելով ինքնուրույն, ինքնազարգացող և կենտրոնական գործառույթների մի մասն իրենց վրա վերցնող տարածքներ։
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Հայաստանի իրավական համակարգը խորհրդային հիմքերի վրա կառուցված և արևմտյան համակարգերից՝ կուրորեն փոխառված ու վատ գործադրվող նորմերի համակցություն է, որը չի կապվում անկախ պետական քաղաքականության հետ։ Նորմատիվ դաշտում առկա են ներքին հակասություններ ու լեզվական անորակություն, գերակշռում են իմպերատիվ կարգավորումները՝ առանց գործադրման արդար և անաչառ, կայուն քաղաքականության, իսկ տնտեսական ազատությունը ճնշվում ու սահմանափակվում է փոխառված և Հայաստանի շահերին հակասող օրենսդրությամբ, ինչպես նաև դրա հատվածական ու անհետևողական գործադրմամբ։
Դատական համակարգն ախտահարված է հիմնարար խնդիրներով՝ ոչ պրոֆեսիոնալիզմ, ձևի ու ընթացակարգի գերակայություն բովանդակության նկատմամբ, բարեխղճության ճգնաժամ, կոռուպցիոն իներցիա, արդարադատության ուշացում ու իմաստազրկում, վճիռների անարդյունավետ կատարում։ Մասնավոր (քաղաքացիական) իրավունքը բավարար մեխանիզմներ չի տալիս բարոյական հիմնարար նորմերի պաշտպանության համար (ազնվություն, թափանցիկություն, բարեխղճություն, խոստումը պահելու մշակույթ)։ Քաղաքացիական իրավունքին բնորոշ են օտարերկրյա համակարգերից ընդօրինակված և վատ թարգմանված նորմերը, պայմանագրային ազատության ճնշումը, իսկ քրեական իրավունքի նորմերին (հանցակազմերին) չափազանց ընդհանրացվածությունն ու վերացարկվածությունը, ու հանցակազմերի պատժաչափերի անհամապատասխանությունը ժամանակակից մարտահրավերներին և ՀՀ հանրային շահին։
«Ազգային հեղափոխությունը» միտված է կառուցելու Հայաստանի ազգային առանձնահատկությունները հաշվի առնող ինքնաբավ, հարակա և ինքնակատարելագործվող իրավունքի ու արդարարության համակարգ, որը պայմաններ կստեղծի անհատի, հանրության և ազգի ներուժի առավելագույն իրագործման համար, ինչը գործարկելու հարցում առաջնային ենք համարում հետևյալի իրականացումը՝ որպես իրավական համակարգի համապարփակ ռեֆորմ.
- արագ, արդյունավետ և պրոֆեսիոնալ դատական համակարգի կայացում, այդ թվում՝ մասնագիտացված դատարանների (առևտրային, ֆինանսական, աշխատանքային) ստեղծմամբ, դատավարական նորմերի արմատական վերանայմամբ, վերաքննության արդյունավետ համակարգի կայացմամբ, դատական պաշտպանության իրավունքի չարաշահման դեպքերի կանխման արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ,
- տնտեսական կարգավորման հնարավոր առավելագույն ազատականացում՝ անհրաժեշտ նվազագույն, թիրախային, տարբերակված կարգավորմամբ, սակայն նորմերի հավասար, համահարթ և արդյունավետ գործադրմամբ,
- մասնավոր իրավունքի համապարփակ ռեֆորմ՝ միտված գործարար հարաբերությունների նկատմամբ կիրառվող կարգավորումներն անհատների նկատմամբ կիրառվող նորմերից հստակ սահմանազատելուն (առաջինների դեպքում՝ և իմպերատիվ պայմանագրային ազատության բացարձակ կիրառմամբ միջամտությունների հնարավոր նվազեցմամբ) պաշտպանելու գործարքները, այդ թվում՝ բանավոր և հասարակ գրավոր ձևով կնքված (բացառությամբ անշարժ գույքի և պայմանագրային հատուցման/օտարման արժեքի բարձր շեմը գերազանցող գործարքների), հստակ սահմանելու իրերի և իրային իրավունքի այլ ակտիվների առարկա հանդիսացող ակտիվների տիրապետման, օգտագործման և օտարման/տնօրինման պարզ և կայուն ռեժիմ՝ զերծ հակասություններից՝ մասնավոր իրավունքի դասական հայեցակարգերի հիման վրա, ճնշելու անբարեխիղճ վարքի, խարդախության և նենգության հնարավորությունը իրավահարաբերության բարեխիղճ կողմին տրամադրելով բացարձակ պաշտպանություն,
- արմատապես վերափոխել քրեական և քրեադատավարական օրենսգրքերը՝ ՀՀ պետական խնդիրներին և մարտահրավերներին համապատասխան՝ մասնավորեցնելու և վերադասակարգելու համար հանցակազմերն ու պատժաչափերը` համաձայն հայկական միջավայրի և ՀՀ անկախ պետական քաղաքականության հրամայականների, մասնավորապես ստեղծելու համար համակարգ, որտեղ պետությունը ոչ թե ճնշում է և ծանրաբեռնում ազնիվ ու բարեխիղճ քաղաքացուն կամ բիզնեսին՝ կանխելու համար անօրինական վարքի հնարավորությունը, այլ արդյունավետ միջոցներ է կիրառում արդեն իսկ ի հայտ եկած անբարեխիղճ և օրինազանց վարքի դեմ՝ ապախրախուսելու համար այդպիսինի ի հայտ գալը. ճշգրտել և հստակեցնելու անձանց կալանավորման չափանիշներլ
- Վարչական իրավունքի ոլորտում դադարեցնել Վարչական իրավախախտումների օրենսգրքի գործողությունը, վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանել համապատասխան վարքի կանոնը սահմանող օրենքներում։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի կրթական համակարգն անկախ պետականության ավելի քան երեք տասնամյակում մեծապես պահպանել է խորհրդային մոդելի նպատակներն ու մեթոդները, ինչի հետևանքով դպրոցը լիարժեք չի ձևավորում անկախ և ինքնիշխան քաղաքացի։ Այն չի ծառայում անկախ, ինքնիշխան Հայաստանի պետական և հասարակական նպատակներին։ Բարձրագույն կրթությունը մեծ մասամբ կտրված է տնտեսության ու արտադրության պահանջներից, իսկ գիտության ոլորտում բացակայում է հստակ պետական պատվերը և կիրառական ուղղվածությունը հատկապես ազգային կարիքներին համապատասխան հումանիտար ու հասարակագիտական դպրոցների ձևավորման մասով, ինչի հետևանքով կրթություն– գիտություն–պետական նպատակներ կապը չի դառնում միասնական համակարգ։ Ծրագրի գլխավոր նպատակն է ձևավորել ֆիզիկապես և հոգեպես առողջ, բարձր արժեհամակարգով, բարձր մասնագիտական կարողություններով, ճկուն և բազմակողմանի զարգացած սերունդ, որը պատրաստ է ապրել և գործել արագ փոփոխվող աշխարհում՝ սեփական պետության շահերից ելնելով։
- Ֆիզիկական և հոգեկան առողջություն.
- արմատապես վերափոխել ֆիզիկական կրթության համակարգը,
- ամրապնդել երեխաների կապը բնության հետ։
- Արժեհամակարգ.
- ներդնել ազատասեր, աշխատասեր, ազնիվ, ընտանիքին ու ընկերությանը նվիրված անհատի դաստիարակության բաղադրիչներ,
- ձևավորել հայրենասեր, հայրենատեր, ինքնիշխան քաղաքացի։
- Հիմնարար կարողությունների զարգացում.
- խրախուսել հետաքրքրասիրությունը վաղ տարիքից, զարգացնել ինքնուրույն մտածելու և սովորելու ունակությունը,
- ապահովել բազմակողմանի զարգացում։
- Կրճատել դպրոցական կրթության տևողությունը և դասաժամերի քանակը.
- վերանայել դպրոցական կրթության կառուցվածքը, օպտիմալացնել դասաժամերի ծանրաբեռնվածությունը։
- Հիմնել էլիտար դպրոցներ
- Ստեղծել անկախ Հայաստանի ապագա էլիտայի ձևավորման հատուկ դպրոցներ
- Ներդնել Սփյուռքում ազգային կրթական համակարգ.
- կազմակերպել ազգային կրթության միասնական չափանիշներով գործող ցանց։
- Խրախուսել մասնավոր կրթական հաստատությունների զարգացումը.
- աջակցել մասնավոր դպրոցների, ԲՈՒՀ-երի հաստատությունների ստեղծմանն ու գործունեությանը։
- Ստեղծել առցանց որակյալ կրթական բովանդակություն.
- մշակել առցանց դասընթացներ, պատրաստել ուսումնական ուղեցույցներ և այլ կրթական
- Վերափոխել բարձրագույն կրթության համակարգը.
- զարգացնել համաշխարհային միտումներին և պետության ռազմավարական կարիքներին համապատասխան մասնագիտությունները, գիտության, բացել ԲՈՒՀ-երում դասախոսության հնարավորությունը տնտեսության և արտադրության առաջատար մասնագետների համար, ինտեգրել տեսական և գործնական ուսուցումը, ներգրավել ուսանողներին մասնագիտական գործունեության մեջ, արմատապես փոխել ռազմական կրթությունն ու ռազմական գիտությունը՝ հայկական ռազմական փորձի, ժողովրդագրության, աշխարհագրության և ազգային հոգեբանության հիմքով։
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- Կայացնել գիտության պետական պատվերի համակարգը։
- Ձևակերպել պետական կարիքները գիտության համար և ներդնել արդյունավետ պետական պատվեր։
- Ընտրել ռազմավարական գիտական ուղղություններ և ապահովել հատուկ ֆինանսավորում։
- Զարգացնել ֆունդամենտալ գիտությունը՝ որպես կիրառական ուղղությունների հիմք։
- Ծառայեցնել գիտությունը՝ անկախ Հայաստանի քաղաքական, պետական և հասարակական նպատակներին։
- Հիմնել հումանիտար և հասարակագիտական ազգային գիտական դպրոցներ։
Առաջնորդական դպրոցներ
Պետք է մտածել բազմամակարդակ և բազմաճյուղ կրթական համակարգի ստեղծման մասին, որը կտարբերվի այսօրվա մոդելից, ուր գերակայումը համահարթ մոտեցումը: Տարբեր խնդիրների համար պետք է ստեղծվեն տարբեր կրթական հաստատություններ: Սա նաև կհեշտացնի բարեփոխման խնդիրը, քանի որ հեշտ ու արագ չի լինելու միանգամից ամբողջ համակարգի փոփոխությունը՝ միևնույն համափարփակ ծրագրով:
Որպես առաջնային այս ոլորտում պետք է դիտարկվի մտածողությամբ հայկական վերնախավերի դաստիարկման կամ առաջնորդման դպրոցների ստեղծման ծրագիրը:
Այս դպրոցների առաջնաին նպատակը պետք է լինի քաղաքական և հոգևոր առաջնորդման կերտումը Հայաստանի համար: Այս նպատակն առաջնային է, որովհետև առաջնորդման խնդիրը չի կարող սպասել այնքան ժամանակ՝ մինչև լուծվի ընդհանուր կրթական հաստատությունների դանդաղ լուծվող բարեփոխման խնդիրը: Եվ հակառակը՝ առաջնորդման դպրոցների ստեղծումը կարող է նպաստել ընդհանուր կրթական համակարգի բարեփոխման արագացման հարցը:
Առաջնորդման դպրոցները պետք է տան այնպիսի կրթություն, որը միաժամանակ և հայկական է, և համաշախարային: Մինչև չլուծվի այս խնդիրը, չենք ունենա իրապես արդյունավետ կրթված խավ:
Դպրոցը պետք է մի կողմից բավարար պատկերացում տա հայկականության մասին՝ պատմություն, երկիր, ժողովուրդ, քաղաքական ավանդույթ, արտաքին հարաբերություններ, մյուս կողմից համաշխարհային մշակույթի մասին՝ հնարավորինս լայն մտահորիզոնով: Ընդ որում՝ համաշխարհայինը պետք է ընդգրկի ոչ միայն մեզ համար սովորական՝ արևմտյանը և ռուսականը, այլև ավելի լայն սպեկտր՝ Մերձավոր, Միջին և Հեռավոր Արևելքը, այլև՝ Աֆրիկայի և այլ «հեռավոր» մշակույթներ: Սա պետք է հեղափոոխի մեր վերնախավերի պատկերացումներն «աշխարհի» մասին, որոնք որպես կանոն սահմանափակվում են «զարգացած երկրներով» և Ռուսաստանով: Առանց այս հեղաշրջման հնարավոր չէ որևէ առաջընթաց հայկական քաղաքականությունում: Հայկական քաղաքական և մտավոր առաջնորդները պետք է սովորեն նայել ոչ միայն դեպի Արևմուտք և Հյուսիս, այլև դեպի Արևելք, և ապա՝ Հարավ:
Առաջնորդման դպրոցների համար որպես օրինակ, մոդել կարող են ծառայել անգլիական «հանրային դպրոցները»:
Անգլիական հանրային դպրոցների օրինակից պետք է փոխառվի նաև ներդաշնակ կրթության մոդելը: Առաջնորդման դպրոցները պետք է պատրաստեն ոչ միայն մտավոր, այլև հոգեբանորեն և ֆիզիկապես զարգացած մարդուն:
Առաջնորդման դպրոցները պետք է մեծ դեր ունենան Հայաստանի ապակենտրոնացման, սակավաբնակ տարածքների յուրացման, երևանակենտրոն Հայաստանի խնդրի լուծման գործում: Դրանք պետք է պարտադիր տեղադրվեն ոչ միայն Երևանից, այլև բնակչության խոշոր կենտրոնացման այլ վայրերից համեմատական հեռավորության վրա, համեմատաբար բարձրադիր գոտիներում: Նրանց ցանցը պետք է տարածվի Հայաստանի տարբեր վայրերում՝ ընդգրկելով ի վերջո Հայաստանի բոլոր մարզերը՝ սկսած առավել հեռավոր համարվողներից:
ՍՊՈՐՏ
Հայկական սպորտի գլխավոր խնդիրը ոչ թե առանձին թերություններն են, այլ ամբողջական համակարգի բացակայությունը։ Այսօր ոլորտը գործում է հատվածական՝ հենվելով խորհրդային ժառանգության, առանձին մարդկանց ջանքերի կամ պատահական ֆինանսավորման վրա, իսկ պետական աջակցությունը հիմնականում վերածվել է մեդալ ստացած մարզիկներին պարգևատրելու՝ գրեթե անտեսելով զարգացման ճանապարհը, մրցակցային միջավայրը և հնարավորությունների ստեղծումը։ Պետության սպառողական ու մեդալակենտրոն մոտեցման և մասնավոր ներդրումների գրեթե բացակայության (ֆուտբոլում՝ միայն մասնակի ակտիվության) հետևանքով սպորտը մնում է իբրև պետական բեռ և բարեգործության թիրախ։
«Ազգային հեղափոխությունը» սպորտի զարգացումը տեսնում է ինքնավար և ինքնավերարտադրվող սպորտային համակարգի ստեղծման մեջ, որը կհիմնվի «ժողովրդականացում ← պրոֆեսիոնալ սպորտ ← հաղթանակներ ← նոր ժողովրդականացում» շղթայական տրամաբանության վրա, և որտեղ պետության դերը և մշտադիտարկման կսահմանափակվի կարգավորիչ, արբիտրաժային գործառույթներով։ Այդ համակարգի կայացման համար անհրաժեշտ է.
- ստեղծել ինքնաբավ համակարգի իրավական և ինստիտուցիոնալ հիմքեր, ստեղծել սպորտային արբիտրաժային դատարան՝ վեճերի արագ և պրոֆեսիոնալ լուծման համար, խթանել մասնավոր ներդրումները սպորտում և հարակից ոլորտներում՝ մասնավոր սեկտորը դարձնելով սպորտի ֆինանսավորման հիմնական աղբյուր,
- ակտիվորեն զարգացնել մասսայական սպորտը կրթական ու համայնքային մակարդակներում՝ նոր ծրագրերով, մարզիչների պատրաստման արդիականացմամբ, դպրոցական/ուսանողական/համայնքային կանոնավոր մրցաշարերով,
- սպորտը դարձնել քաղաքացու առօրյայի բնական մաս հասանելի ենթակառուցվածքներով և հանրային ներգրավվածության խրախուսմամբ, կայացնել ակումբային համակարգը որպես պրոֆեսիոնալ սպորտի հիմնական հենասյուն (ակումբներ, լիգաներ, մրցակցային առաջնություններ),
- կայացնել սպորտային ինդուստրիան՝ որպես տնտեսության ինքնուրույն ճյուղ (արտադրություն, ծառայություններ, ենթակառուցվածքների շինարարություն մարքեթինգ, սպորտային տուրիզմ),
- վերանայել Սփյուռքի հետ սպորտային համագործակցության մոդելը համակարգային ծրագրերով, ակումբային և մրցաշարային ձևաչափերով,
- Հայաստանը դարձնել տարածաշրջանային և միջազգային սպորտային կենտրոն՝ մրցաշարերի կազմակերպմամբ և սպորտային տուրիզմի զարգացմամբ։
ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
Էներգետիկան տնտեսության հիմնարար ճյուղերից մեկն է։ Էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիայից և անխափան աշխատանքից է կախված տնտեսության մյուս ճյուղերի զարգացման հնարավորությունը։ Էներգետիկ անվտանգությունը պետական քաղաքականության անբաժան մասն է։ Էներգետիկայի ոլորտում առկա բոլոր տեսակի խնդիրների հիմքում ընկած է զարգացման պետական ռազմավարության բացակայությունը։ Անհրաժեշտ է ներդնել էներգետիկ համակարգի զարգացման առաջիկա 10-30 տարվա ռազմավարություն, որը կապահովի ՀՀ էներգետիկ անվտանգությունը։ Այդ ռազմավարությունը հիմնված է հետևյալ նպատակների վրա
- Միջուկային էներգետիկայի պահպանում և արդիականացում (նոր ավանդական միջուկային էներգաբլոկի կառուցում),
- Մոդուլային միջուկային էներգետիկայի ներդրում, ինչը զարկ կտա ոլորտի գիտական մտքի զարգացմանը,
- Ակումուլյացիոն կայանների պահանջների ներդրում և խթանում,
- Էլեկտրաէներգետիկ համակարգի շուկայի ազատականացման պրոցեսի դադարեցում և վերադարձ պետական սակագնային կարգավորման քաղաքականությանը,
- Բնական մոնոպոլիաների արդյունավետ կառավարման պայմանների ներդրում (էլեկտրաէներգետիկ և գազաբաշխման համակարգերի սեփականատերերը պետք է համակարգերը շահագործման հանձնեն երրորդ կողմերի),
- Էներգաարդյունավետության և էներգախնայողության շահագրգռում,
- Վերականգնվող էներգետիկայի անվտանգ և կայուն ինտեգրում (համակարգի հավասարակշռման և ճկունության բարձրացմամբ),
- Պետական պատվերի ձևավորում ուղղված գիտա-կրթական համակարգին, մասնավոր ընկերությունների և պետության համատեղ ներդրումներ գիտական լաբորատորիաներում, որոնք կզբաղվեն ժամանակակից էներգետիկայի հիմնախնդիրների ուսումնասիրմամբ ջրածնի այրում, կուտակիչներ, միջուկային տեխնոլոգիաներ և այլն,
- Տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցվածության և տրանզիտային դերակատարության զարգացում (ԻԻՀ-ՀՀ Վրաստան ուղղությամբ),
- Էներգահամակարգի հուսալիության բարձր ռեզերվայնություն՝ առնվազն +20% արտադրող հզորություններով,
- Էլեկտրաէներգիայի արտահանումը հասցնել ներքին սպառման 30%-ի։
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏ
Տեղեկատվական-լրատվական դաշտը պետք է բարեփոխվի այնպես, որպեսզի այն սպասարկի երկրի ներքին և արտաքին շահերը:
Ներքինի առումով: Պետք է պայմաններ ստեղծվեն և սահմաններ մշակվեն, որպեսզի ԶԼՄ-ներում հնարավորինս ճշգրիտ արտացոլվեն հանրային տարբեր շերտերի շահերն ու տեսակետները՝ սահմանափակելով ագրեսիվ փոքրամասնական խմբերի գերիշխանության ձգտումները՝ օրակարագեր ձևավորելու և տեսակետներ պարտադրելու, այլև՝ հանրային կարծիք կեղծելու, հանրայինն ուզուրպացնելու: Մյուս կողմից էլ՝ պետք է զսպվեն նույն ձգտումներն ունեցող արտաքին ազդեցությունները:
Արտաքինի առումով, տեղեկատվական դաշտը պետք է դառնա աշխարհին հայկական, հայաստանակենտրոն հայացք ձևավորող առանցքային համակարգը: Այսօր Հայաստանում ի սպառ բացակայում է աշխարհի իրադարձությունների նկատմամբ սեփական հայացք: Նույնիսկ հարևան երկրների ու սեփական տարածաշրջանի մասին տեղեկություները՝ լուրերը և վերլուծությունները հայաստանցին ստանում է միջնորդավորված՝ արևմտյան կամ ռուսական աղբյուրներից փոխառած: Իսկ դա նշանակում է, որ լուրերի միջոցով հայաստանցու մեջ աշխարհի մասին ձևավորվում է այն պատկերը, որն արտացոլում է Հայաստանից դուրս եղած հայացքները և շահերը: Սստեղծվում է պատրանքային, վիրտուալ իրականություն, որի մեջ հայաստանցին չի զգում իր երկրի իրական, նյութական, աշխարհագրական տեղը, կապերը, հարևանությունը, չի հասկանում, թե որ տարածաշրջանում է ապրում:
Սրա արդյունքն է նաև այն, որ Հայաստանն ի զորու չի լինում ձևակերպել նախաձեռնություններ տարածաշրջանային և միջազգային քաղաքականությունում, քանի որ չունի սեփական հայացք և գիտակցություն աշխարհի և տարածաշրջանի նկատմամբ:
