Մարտական Եղբայրություն միաբանությսն անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է.

Մի քանի օր էլ կքննարկենք Իրան-Իսրայել թեման` հանկարծակի հիշելով, թե ի՛նչ տարածաշրջանում և ինչպիսի՛ դ...

Մի քանի օր էլ կքննարկենք Իրան-Իսրայել թեման հանկարծակի հիշելով, թե ի՛նչ տարածաշրջանում և ինչպիսի՛ դարաշրջանում ենք ապրում մե՜ծ հայտնություն: Բարձրաճակատ քաղաքագետներն առավոտ ծեգից, մեկը մյուսին հերթ չտալով, կգրեն խելոք գրառումներ վերջում անպայման գուժելով հայ ժողովրդի գլխին աղետ և կործանում (ուրիշ էլ ինչի՞ համար են հայ քաղաքագետն ու փորձագետը, եթե ոչ՝ Ներսեսի նզովքը շարունակ վերարտադրելու): Հետո նորից ամեն բան կդառնա ի շրջանս յուր: Կդառնանք մեր ամենօրյա սաղմոսերգություններին՝ մինչև հաջորդ «հանկարծակի հայտնաբերում»: Իսկ ինչու՞ է այդպես և ի՞նչ անենք: Պատասխանս առաջին հայացքից տարօրինակ կթվա. ոչինչ էլ չանենք: Ինչու՞: Որովհետև եթե մեր քաղաքական, փորձագիտական ու չգիտեմ է՛լ ինչական վերնախավերի ճնշող մեծամասնությունը մեր ժողովրդին այս կամ այն կերպ քարոզում է հրաժարում պայքարից (որովհետև, դե՜, մենք թույլ ենք, ոչինչ չենք կարող), եթե բոլորի կոնսենսուսն է, որ պատերազմում չէինք կարող հաղթել, եթե բանավեճը ոչ թե նրա մասին է, թե ինչպես էր պետք հաղթել, այլ երբ էր ճիշտ հանձնվել, երբ այսօր էլ թեման ոչ թե հաղթանակն ու վերածնունդն է, այլ թե ինչպես մի կերպ մի բան փրկենք և կամ ով ավելի լավ կբանակցի, կամ խաղաղության դարաշրջա՞ն կլինի, թե՞ արժանապատիվ խաղաղություն, ապա, բնականաբար, ոչինչ հնարավոր չի անել և ոչ մի պատասխան չկա իրավիճակին: Եթե պայքարի գաղափարից հրաժարվում ենք, ինքնաբերաբար հրաժարվում ենք սուբյեկտությունից, իրավիճակում որևէ բան անելու կարողությունից: Դա ե՛ս չեմ ասում, դա աշխարհի պարզ օրենքն է, որը «չար» Հրանտը չի հորինել: «Չար» Հրանտը չի հորինել նաև այն պարզ տրամաբանությունը, որ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում հնարավոր չի խաղաղության կղզյակ կառուցել մեկ առանձին Հայաստանում: Երբ դու «թույլ ես», «ոչինչ չես կաԼող անել», «պաԼտությունդ անխուսափելի էր», բնականաբանար շուրջդ ինչ էլ կատարվի, քեզ միմիայն վատ է, չկան լավ սցենարներ. ով ում խփի՝ քեզ միայն վատ է: Որովհետև լավ տարբերակներ ունի միայն պայքարողը: Դրա համար էլ հայ մեծագլուխները չեն կարող աղետից ու կործանումից բացի ոչինչ առաջարկել՝ որպես հեռանկար, թեկուզև անգիտակցաբար գիտեն, որ իրենց աշխարհայացքից միայն դա է բխում: Եթե դու իրոք այդքան անկարող ու թույլ ես, բնական է, որ վերջում կործանվելու ես: Ոչ մի թույլ բան այս աշխարհում գոյատևելու շանս չունի: Ու դա լավ է: Թուլությունը զզվելի է: Սուբյեկտությունից՝ պայքարից հրաժարված հանրության համար կա միայն մեկ ելք հանձնվել: Հայկական գործիչների ու խոսող գլուխների մեծ մասը մեծ հաշվով սրա շուրջ է բանավիճում՝ ու՛մ հանձնվել: Տարբերակները շատ չեն՝ ռուսներ, մեծ թուրքեր, փոքր թուրքեր: Թարսի պես էլ ներկա պայմաններում երեքն էլ, թեկուզ որոշ կարևոր երանգներով, գրեթե նույնն են, ու դեռ պարզ չէ՝ դա որքան կտևի:
Անկախության ամրապնդման և այլնի մասին բոլոր խոսակցությունները զուտ խոսքեր են. չկա անկախություն առանց պայքարի։ Իսկ խոսողներն էլ առաջինն են հանձնվելու՝ հենց որ հարցը լուրջ դրվի: Իսկ կարո՞ղ էր լիներ այլընտրանք: Իհարկե՛, կարող էր և է: Միշտ կարող է: Իրականությունն այն է, որ հենց համեմատաբար փոքր՝ մեզ նման ազգերի համար համաշխարհային ու տարածաշրջանային անկայուն իրավիճակները շանս են։ Ու շանս են նա՛խ մեզ համար: Ոչ թե աղետի ու կործանման մթնշաղ են, այլ հնարավորությունների պատուհան, երբ խելացիներն ու ուժեղները (իսկ խելացիները երբեք չեն լինում թույլ, ոչ էլ ուժեղները հիմար), վերցնում են իրենց բաժինները: Մեր ավագ սերունդը դա արեց 1990-ականներին, իսկ մեր սերնդի վրա հավետ խարան կմնա, որ ամենաանտաղանդ ձևով լավ էլ նպաստավոր պայմաններում տանուլ տվեցինք ամենը, եթե, իհարկե, մեր կյանքով, ջանքով, գործով չապացուցենք հակառակը ու հետ չշրջենք անիվը վերադարձնելով հայերին ուժային քաղաքական ազգերի շարքին սաղմոսերգող կրոնական համայնքի փոխարեն, որը հիմա փորձում են մեզնից նորից կերտել: Լավ կլինի ամեն ինչ: Հայ ազգը չի կործանվի: Դեռ պայքարներ ունի հաղթելու: Ու Ներսեսի նզովքը թուլության ու արտաքին փրկության մասին գորշ ուսմունքը, սև ամպի պես իր վրայից ցրելու:

Թեմաներ

    Social