Կայսրությունը ներկայիս իշխանության ձեռքով է կերտում մեր պատմությունը
անդրադարձ վարչապետի ԱԺ-ում հնչեցրած խոսքին
Մարտական եղբայրության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է
Ասում է՝ մեր պատմությունը կայսրությունն է գրել(Նիկոլ Փաշինյան)։
Լավ է ասում, և որպես մանավանդ «Ռուս-թուրքական վանդակ»-ի հեղինակ՝ զարմանալի կլիներ, որ չհամաձայնեի:
Բայց:
Ասել չի նշանակում հասկանալ, թե իրականում ինչի մասին է խոսքը, առավել ևս չի նշանակում չկերտել այդ պատմությունը հենց այդ նույն կայսրության սցենարով:
Հիմա ես օրինակներ բերեմ, թե ինչպես է դա ասողն ինքը վերջին երեք տարվա մեջ ոչ թե գրել, այլ կերտել մեր պատմությունը Կայսրության սցենարով:
-
Պատերազմն ավարտելը Շուշիի գրավումով նշանակում է միլիմետրի ճշտությամբ կատարել ռուս-թուրքական դաշինքի կողմից նախապես գրված սցենարը: Մինչև հիմա հավատարիմ մնալ ու դուրս չգալ նոյեմբերի 9-ից նշանակում է հավատարիմ մնալ ռուս-թուրքական դաշինքին:
-
Պարտությունը որպես անխուսափելի, միակ հնարավոր ելք ընդունելը, պարտությունը հիմք և գաղափարախոսություն ընդունելը, որպեսզի հայ ժողովուրդը երբեք այլևս չմտածի դիմադրելու և պայքարով հաղթելու հնարավորության մասին:
-
Տարածաշրջանում Կայսրության գլխավոր գործիք Ադրբեջանի բանակի բոլոր պահանջներին ու վերջնագրերին ընդառաջ գնալը և դրա դեմ երեք տարում արդյունավետ հակագործիք չստեղծելը ի դեմս արմատապես բարեփոխված հայկական զինուժի:
-
Ի դեմս Հայաստանի ղեկավարի պատերազմի մեղքը սեփական անձի վրա վերցնելը: Ինչը նշանակում է, որ Հայաստանն է մեղավոր պատերազմում` դրա բոլոր հետևանքներով, այսինքն՝ պատերազմի մեղքը Ադրբեջանից և ռուս-թուրքական դաշինքից մաքրելը: Նույնիսկ չհասկանալով (կամ գուցե հասկանալով), որ դա ռուս-թուրքական դաշինքի գլխավոր նպատակներից է քարոզչական պատերազմում:
-
Փաստացի Սովետական Հայաստանը միակ լեգիտիմ հայկական պետություն ճանաչելը, միակ իրական Հայաստան: Որովհետև Սովետական Հայաստանի սահմաններն են սրբության սրբոցը: Միջազգային հանրության մասին հեքիաթներ չպատմել: Փաստացի այսօրվա քաղաքական կուրսն ասում է, որ միակ լեգիտիմ Հայաստանը Սովետական Հայաստանն է, ո’չ Երրորդ, ո’չ էլ Առաջին Հանրապետություններն ըստ այդմ այդպիսին չեն: Ինքնիշխանություն գոռալը հաշիվ չէ, փաստերն են կարևոր:
-
Ռուս-թուրքական դաշինքի կողմից 1920-21 թթ. Հայաստանի համար գծված սահմանները որպես միակ լեգիտիմ և իրական Հայաստան ընդունելը: Ավելորդ է ասել, որ այդ սահմանները գծվել են այնպես, որ հայ ժողովուրդը չունենա անկախության և անվտանգության որևէ տևական հեռանկար:
-
«Եթե այսպես չանենք կամ անպես անենք, Թուրքիան մեզ վրա կհարձակվի» հին ու կեղտոտ ԿԳԲ-իստական մեթոդի օգտագործումը հայ ժողովրդի դեմ:
-
Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, ԼՂՀ ղեկավարությունների հետ համատեղ այնպես անել, որ 2023թ. սեպտեմբերին Արցախում հանկարծ մեկ օրից ավել դիմադրություն չլինի, որպեսզի նույն այդ՝ իբր այդքան սիրելի միջազգային հանրությունը չհասցնի ինչ-որ քայլեր անել, նշանակում է ամենավճռական պահին նորից հավատարիմ մնալ ռուս-թուրքական դաշինքին: Դրա դիմաց ստանալով Հայաստանի դեմ հարձակման հետաձգում և Երևանի ընտրությունների հանգիստ անցկացում:
Կարող եմ դեռ շարունակել...
Իսկ ի՞նչն են ամենամեծ խնամքով թաքցրել մեզնից մեզ համար պատմություն գրողները:
Ամենախնամքով թաքցրել են ու թաքցնում են այն, որ անկախ իր փոքր քանակից, կազմակերպված և ճիշտ առաջնորդվող հայ ժողովուրդն ի զորու է հաջողությունների և հաղթանակների հասնել իր պայքարում` հենվելով սեփական ուժերի վրա:
Եվ այսօրվա ամբողջ քաղաքականությունն էլ հիմնված է այդ իրողությունը թաքցնելու վրա: Այստեղից էլ միջազգային իրավունքը մեզ ապավեն ու պահապան, այստեղից էլ պատերազմի վախով ժողովրդին կառավարելու մեթոդը և այլն:
Կարդացե՛ք, լռե՛ք, վրդովվե՛ք:
Բայց հակափաստարկ չունեք այս ամենի: