Ազգային հեղափոխություն կուսակցություն Ոլորտային ծրագրերի դրույթներ

Գաղափարախոսություն
Ազգային հեղափոխություն կուսակցությունը` ազգայնական և անկախական գաղափարախոսությամբ առաջնորդվող քաղաքական կազմակերպություն է։
Ազգային հեղափոխությունը՝
• հանրային համակարգերի շարունակական, ոլորտ առ ոլորտ և արմատական բարեփոխումն է,
• ազգային կյանքի շարունակական զարգացման, առաջընթացի և նորոգման գաղափարն է։
Ռազմաքաղաքական
Հայաստանի ԶՈՒ-ի առջև դրված խնդիրներն անհնար է լուծել պասիվ պաշտպանությամբ։ Հայաստանի յուրահատկությունը պարտադրում է ակտի՛վ պաշտպանության մարտավարություն և ռազմավարություն։
Ակտիվ պաշտպանության կարևոր տարրերն են․
ա) ռազմական գործողությունների տեղափոխումը թշնամու տարածք,
բ) որոշումների և գործողությունների արագությունը,
գ) անսպասելիությունը,
դ) ճկունությունը,
ե) տեղերում հրամանատարների ինքնուրույնությունը,
զ) դիմադրողականությունը՝ մինչև վերջ պայքարելու կամքը։
Արտաքին քաղաքականության սկզբունքներ
• Միջազգային հարաբերությունների իրատեսական փիլիսոփայություն։
• Վերոնշյալից բխում է, որ այսօր հայ ժողովրդի առաջնային նպատակն է նորից վերածվելը ուժային գործոնի։
• Անվտանգության երաշխիքի հենքը սեփական ներուժն է, ոչ թե լեգիտիմությունը կամ արտաքին հովանավորությունը։
• Արտաքին կողմնորոշումների բացառում։
• Չկան հավետ դաշնակիցներ և հավետ թշնամիներ։
Արտաքին քաղաքականության ուղղություններ
• Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանության հաստատման քաղաքականությանը հակազդում, պարիտետի վերականգնում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։
• Թուրքիայի հետ փոխադարձ շահերի փնտրտուքի վրա հիմնված հարաբերությունների զարգացում, այլ ոչ թե անհարկի միակողմանի զիջողականություն։
• Ռուսաստանի հետ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ շահերի փնտրտուքի, այլ ոչ թե հովանավորության ընդունման վրա։
• Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանում։
• ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործակցության զարգացում։
• Նորացվող Եվրոպայի հետ հարաբերությունների խորացում՝ ըստ նոր աշխարհակարգում Եվրոպայի փոփոխվող կարգավիճակի։
• Մերձավորարևելյան ակտիվ քաղաքականության մշակում և գործարկում։
Տարածքային զարգացում և բնակչություն
• Երևանակենտրոնության հաղթահարում: Երևանում գերկենտրոնացման խնդիրը լուծելու համար՝ մայրաքաղաքի դուրս բերում Երևանից: Նոր մայրաքաղաքը պետք է լինի նախ և առաջ վարչական ու կրթական կենտրոն, չունենա մեծաթիվ բնակչություն և պետք է տեղակայվի Հայաստանի աշխարհագրական կենտրոնին համեմատաբար ավելի մոտ։
• Հայաստանի բարձրադիր տարածքների յուրացման ծրագրեր՝ ժամանակակից տեխնոլոգիաների և տնտեսության պահանջների հենքով:
• Ավելի բազմազան, նոր որակ և արագություն ապահովող հաղորդակցական ուղիների նախագծում և կառուցում։
• Հայաստան օտարերկրյա քաղաքացիների ներգաղթի վերահսկելիության և հետևանքների կանխատեսման ու կառավարման ռազմավարություն։
• Մարզերի կենսունակության բարձրացում՝ վերածում ինքնազարգացող և կենտրոնական գործառույթները մասնակիորեն իր վրա վերցնող տարածքների։
Մշակույթ
Հայ ժողովուրդը պետք է իր առջև դնի հոգևոր մեծ վերածննդի՝ հայկական մշակույթի նոր ու նախորդողը գերազանցող ծաղկման նպատակ: Երկրի ներսում հասնելով մշակութային ծաղկման՝ հայ ժողովուրդը պետք է նաև արտահանի ոչ նյութական արժեքներ՝ դառնալով ոչ միայն իր, այլև աշխարհի համար արժեք ստեղծող: Համահայկական թարգմանչական ծրագիր: Ինչպես հնում թարգմանչաց դարը հիմք դրեց հայկական ինքնուրույն մշակույթի և ինքնության ձևավորմանը, այսօր էլ նոր մեծ թարգմանչական ծրագիրը պետք է լինի նորացված և վերածնված Հայաստանի հիմքը:
Քաղաքական դաշտ
Պետությունը պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի, որպեսզի երկրում ձևավորվի հայաստանակենտրոն քաղաքական դաշտ, որում արտաքին ուժերի շահերը սպասարկող քաղաքական միավորները կհայտնվեն լուսանցքում։ Քաղաքական դաշտից դուրս պետք է հայտնվեն այն ուժերը, որոնք, բաց կամ քողարկված, կասկածի տակ են դնում Հայաստանի անկախությունը, այդ թվում՝ այլևայլ վերպետական միությունների ակտիվ քարոզչությամբ։ Քաղաքական դաշտում գերակայող պետք է լինեն հայաստանյան ռեսուրսի վրա հենված ուժերը։
Եկեղեցի
Հայ Առաքելական Եկեղեցին պետք է բարեփոխվի՝ ազատվելով արտաքին ազդեցություններից, վերականգնելով իր ազգային հաստատության կարգավիճակը։ Միաժամանակ՝ բարեփոխումը պետք է իրագործվի հնարավորինս խոհեմ ու մտածված։ Ոչ ոք իրավունք չունի բարեփոխման անվան տակ վիրավորելու հայ ժողովրդի դարավոր սրբությունները, նպաստելու Եկեղեցու ներքին պառակտմանը, ինչպես նաև՝ հեղինակազրկելու Եկեղեցին արտաքին աշխարհում։ Պետությունը պետք է խրախուսի հայկական՝ ինչպես քրիստոնեական, այնպես էլ նախաքրիստոնեական հոգևոր ու նյութական ժառանգության ուսումնասիրությունը, ներկայացումն ու տարածումը։
Տնտեսություն
Տնտեսության բնական վիճակն ազատ վիճակն է, և ազատության մեջ է տնտեսությունն առավել արդյունավետ զարգանում։
Անհրաժեշտ քայլեր.
1․ Տնտեսության ապակարգավորում։ Հնարավորինս շատ ոլորտներ թողնել ազատ շուկայի կարգավորմանը՝ կրճատելով լիցենզիաները, պարտադիր պահանջներն ու վերահսկողությունը։ Ցանկացած անհատի ընձեռել իր տնտեսական գործունեությունից եկամուտ ստանալու հնարավորություն՝ առանց անհարկի ծախսերի և դժվարությունների։
2․ Հարկերի և մաքսատուրքերի նվազեցում։ Ոչ թե հարկային արտոնությունների շնորհում, այլ բոլորի՝ հավասար ու ցածր դրույքներով հարկում։
3․ Պետական ապարատի և գործառույթների կրճատում։ Հսկող, կարգավորող մարմինների, ազատ տնտեսության համար ավելորդ գերատեսչությունների ու ստորաբաժանումների կրճատում։
4․ Պետության ակտիվ քաղաքականություն ռազմավարական ոլորտներում։ Ազատականացմանը զուգահեռ՝ պետության ակտիվ միջամտություն մի շարք ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են ռազմարդյունաբերությունը, էներգետիկան և այլն։
5․ Էներգետիկ համակարգի և հանքարդյունաբերության բարեփոխում Էներգետիկ համակարգի և հանքարդյունաբերության մեջ հայկական մասնավոր կապիտալի մասնաբաժնի ավելացում։ Հանքարդյունաբերության արդյունավետության բարձրացում։
Էներգետիկա
• Միջուկային էներգետիկայի պահպանում և արդիականացում (այդ թվում՝ նոր ավանդական միջուկային էներգաբլոկի կառուցում)։
• Վերականգնվող էներգետիկայի անվտանգ և կայուն ինտեգրում (համակարգի հավասարակշռման և ճկունության բարձրացմամբ)։
• Մասնավոր ընկերությունների և պետության կողմից համատեղ ներդրումներ գիտական լաբորատորիաներում՝ զբաղվելու համար ժամանակակից էներգետիկայի հիմնախնդիրների ուսումնասիրությամբ (ջրածնի այրում, կուտակիչներ, միջուկային տեխնոլոգիաներ և այլն)։
• Էներգահամակարգի հուսալիության բարձր ռեզերվայնության ապահովում՝ առնվազն +20% արտադրող հզորություններով։
Կրթություն
- Ֆիզիկական և հոգեկան առողջություն.
-
արմատապես վերափոխել ֆիզիկական կրթության համակարգը,
-
ամրապնդել երեխաների կապը բնության հետ։
- Արժեհամակարգ.
-
ներդնել ազատասեր, ազնիվ, ընտանիքին ու ընկերությանը նվիրված անհատի դաստիարակության բաղադրիչներ,
-
ձևավորել հայրենասեր, ինքնիշխան քաղաքացի։
- Հիմնարար կարողություններ.
• զարգացնել ինքնուրույն ու քննադատական մտածողության և ցկյանս սովորելու ունակությունները։
- Կրճատել դպրոցական կրթության տևողությունը և դասաժամերի քանակը։
- Խրախուսել մասնավոր կրթական հաստատությունների զարգացումը։
- Ստեղծել առցանց որակյալ կրթական բովանդակություն.
- Արմատապես փոխել ռազմակրթությունն ու ռազմագիտությունը՝ հայկական ռազմական փորձի, ժողովրդագրության, աշխարհագրության և ազգային հոգեբանության հիմքով։
Առաջնորդական դպրոցներ
Հայկական քաղաքական և հանրային վերնախավերի դաստիարակման կամ առաջնորդման դպրոցների ստեղծում՝ առաջնային նպատակ ունենալով Հայաստանի համար քաղաքական ու հոգևոր առաջնորդման կերտումը:
Իրավական համակարգ
Իրավական համակարգի արմատական բարեփոխումների իրականացում, որոնց հիմնական թիրախ և նպատակն են՝ ա) ազատական և մրցակցային տնտեսության զարգացումը, բ) անհատի և ազգի տնտեսական, գիտական ու հոգևոր ներուժի առավելագույն դրսևորմանն անհրաժեշտ արդարադատության համակարգի ձևավորումը։
Բարեփոխումների հիմնական բաղադրիչները.
• Մասնագիտացված դատարանների (առևտրային, ֆինանսական, աշխատանքային) համակարգերի ստեղծում։
• Քրեական և քրեադատավարական օրենսգրքերի արմատական վերափոխում (թե՛ հանցակազմերի և թե՛ պատժաչափերի)՝ ըստ հայկական միջավայրի, ՀՀ անկախ պետական քաղաքականության հրամայականների՝ համաձայն ՀՀ պետական խնդիրների ու մարտահրավերների։ Կալանավորման չափանիշների ճշգրտում և հստակեցում։
• Մասնավոր իրավունքի և դրա դատական պաշտպանության (քաղաքացիական, առևտրային, մասնավոր ֆինանսներ, քաղաքացիական դատավարություն) համապարփակ բարեփոխում՝ սեփականության և այլ իրային իրավունքների առավելագույն անձեռնմխելիությամբ, պայմանագրային ազատության բացարձակ ապահովմամբ և պաշտպանությամբ (այդ թվում`որոշ բացառություններով բանավոր գործարքների)։
• Տնտեսության և մասնավոր հարաբերություններում իմպերատիվ (վարչական) բնույթի կարգավորման և վարչարարության նվազագույն անհրաժեշտ ու բացառապես թիրախային (ոչ ընդհանուր բնույթի) առկայություն՝ համաչափության սկզբունքին համապատասխան։
Սպորտ
• Սպորտը դարձնել քաղաքացու առօրյայի բնական մաս՝ ստեղծելով հասանելի ենթակառուցվածքներ և խրախուսելով հանրային ներգրավվածությունը։
• Ակտիվորեն զարգացնել մասսայական սպորտը կրթական ու համայնքային մակարդակներում՝ նոր ծրագրերով, մարզիչների պատրաստման արդիականացմամբ, դպրոցական/ուսանողական/համայնքային կանոնավոր մրցաշարերով։
• Կայացնել ակումբային համակարգը՝ որպես պրոֆեսիոնալ սպորտի հիմնասյուն (ակումբներ, լիգաներ, մրցակցային առաջնություններ)։
• Խթանել մասնավոր ներդրումները սպորտում ու հարակից ոլորտներում՝ մասնավոր սեկտորը դարձնելով սպորտի ֆինանսավորման հիմնական աղբյուր։
• Կայացնել սպորտային ինդուստրիան՝ որպես տնտեսության ինքնուրույն ճյուղ (արտադրություն, ծառայություններ, ենթակառուցվածքների շինարարություն, մարքեթինգ, սպորտային զբոսաշրջություն)։
• Ստեղծել սպորտային արբիտրաժային դատարան՝ վեճերի արագ և պրոֆեսիոնալ լուծման համար։
