ՆԱՏՕ-Ռուսաստան պատերա՞զմ մոտակա տարիներին
«Մարտական եղբայրություն» միաբանության վերլուծական խմբի («ՎիԿա») տեղեկանք
1
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև մոտակա տարիներին հնարավոր անմիջական ռազմական բախման հնարավորության մասին խոսակցություններն այս տարվա սկզբից և հատկապես վերջին շաբաթների ընթացքում ավելի ու ավելի հաճախակի ու շեշտակի են դառնում Եվրոպայում և ԱՄՆ-ում:
Ընդ որում՝ ոչ միայն փորձագիտական և վերլուծական մակարդակում:
Թեման հստակ հնչում է նաև բարձրաստիճան պաշտոնական մակարդակում:
Այսպես՝ Մեծ Բրիտանիայի Գլխավոր շտաբի պետ գեներալ սըր Պատրիք Սանդերսը դեռևս հունվարի 24-ի իր ելույթում հայտարարեց, որ ներկայիս բրիտանացիներն իրենց պետք է համարեն «նախապատերազմյան սերունդ», որը պետք է պատրաստ լինի «պայքարի և պատերազմի ընդդեմ Ռուսաստանի»:
Գրեթե միաժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը գերմանական «Թագեշպիլե» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր, որ չի կարելի բացառել, որ Ռուսաստանը մի օր կհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա, և որ Գերմանիան պետք է պատրաստ լինի պատերազմի:
Նույն ոճով վերջերս արտահայտվել են նաև Շվեդիայի պաշտպանության նախարարը, Գերմանիայի կանցլեր Շոլցը, Ֆրանսիայի և Չեխիայի նախագահները (սրանց մասին կներկայացվի ստորև):
Ռուսական հնարավոր հարձակման հաջորդ ուղղությունը՝ որպես Ուկրաինային հաջորդող, հաճախ նշվում է Բալթիկան: Այս մասին հայտարարել է, օրինակ, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում:
Խոսում են նաև հնարավոր ժամկետների մասին: Այսպես, գերմանական «Թագեսշաու» լրատվականի նյութում նշվում է, որ շատ վելուծաբաններ խոսում են 5-6 տարվա հեռանկարի մասին: Նմանատիպ ժամկետների մասին ակնարկների կարելի է հանդիպել և այլուր: Ցանկացած դեպքում խոսքը տարիների մասին է:
2
Պետք է հստակ նշել և գիտացել, որ թեմայի այս քանակի և այս որակի շեշտադրումը նորույթ է․ դա չի եղել դեռևս նախորդ տարի կամ ամիսներ առաջ, այլ վերջին երկու-երեք ամսվա և շաբաթների միտում է:
Ըստ որում՝ խոսքը բարձրագույն պաշտոնական մակարդակի մասին է, այլ ոչ թե զուտ փորձագիտական դաշտի:
Իհարկե, Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրումը նորույթ չէ, իսկ ՆԱՏՕ-Ռուսաստան անուղղակի, ոչ անմիջական պատերազմը Ուկրաինայում փաստ է, սակայն անմիջական, ուղղակի պատերազմի հնարավորության մասին խոսակցությունն այս մակարդակում նորույթ է:
Պարզ է նաև այն, որ անուղղակի և ուղղակի ռազմական բախումը երկու կողմերի միջև լիովին տարբեր երևույթներ են: Բնականաբար, անմիջական ռազմական բախման սցենարի դեպքում պետք է նկատի առնվի նաև միջուկային պատերազմի լուրջ հնարավորությունը (որի մասին մեր հետագա տեղեկանքներում):
3
Կարևոր է, որ թեման ոչ միայն խոսվում է, այլև գործնական քայլեր են արվում հնարավոր պատերազմին պատրաստ լինելու առումով:
Ուշագրավ է այս առումով, որ խոսվում է զորակոչի համակարգի վերականգնման մասին: Այսինքն՝ ներկայիս եվրոպական պրոֆեսիոնալ բանակների փոխարեն քննարկվում է զորակոչիկային բանակի վերականգնման հարցը: Դա բնական է, քանի որ մեծ պատերազմի դեպքում պրոֆեսիոնալ բանակները չեն կարող համարժեք գործիք լինել:
Նույն սըր Պատրիկ Սանդերսն անկարկ արեց զորակոչի վերադարձի հնարավորության մասին իր՝ արդեն հիշատակված ելույթում:
Ճիշտ է, Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը «Գարդիան» թերթի հարցին ի պատասխան ժխտեց նման նպատակի առկայությունը, սակայն հաշվի առնելով թեման անդրադարձողի կարգավիճակն ու մակարդակը՝ այդ ժխտումը վերջական և համոզիչ համարվել չի կարող:
Գերմանական Շպիգելը հաղորդում է, որ համաձայն իրենց աղբյուրների՝ փակ կառավարական փաստաթղթերում քննարկվում է Գերմանիայում զորակոչի համակարգի վերականգնման հնարավորությունը մինչև 2025 թվականի Բունդեսթագի ընտրություններ:
Խոսքը լիարժեք զորակոչի մասին չէ, այլ մոտավորապես այն մոդելի, որն այժմ գործում է Շվեդիայում:
Կարևոր են նաև ռազմական տնտեսության ոլորտոմ ծրագրվող քայլերը:
Եվրամիության Ներքին շուկայի կոմիսար Տյերի Բրետոնը (նախկինում Ֆրանսիայի ֆինանսների, տնտեսության և արդյունաբերության նախարար) հայտարերել է, որ Եվրոպան պետք է անցնի ռազմական տնտեսության ռեժիմի: Դա նշանակում է ռազմական ծախսերի և արտադրության աճ, ինչպես նաև՝ ԱՄՆ-ից անկախ եվրոպական ռազմական ներուժի զարգացում:
Միաժամանակ ներկայացված է ԵՄ պատմության մեջ առաջին ռազմական արդյունաբերության ստրատեգիան:
4.
Նոր քաղաքականությանը տրվում է նաև լայն աշխարհայացքային հիմնավորում:
Այսպես՝ Չեխիայի արտգործնախախար Լիպավսկին ասում է, թե կոմունիզմի ավարտով «․․․մենք հավատացինք, որ եկել է խաղաղության, ժողովրդավարության և բարգավաճման դարաշրջանը»: Սակայն, նա համարում է, որ դեպքերը ցույց տվեցին այդ ամենի պատրանք լինելը:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նույն Չեխիայի նախագահ Պյոտր Պավելի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «պատերազմը վերադարձել է մեր հող», և որ «Եվրոպայի պատմության մեջ մոտենում ենք ժամանակի, երբ անհրաժեշտ է վախկոտ չլինել»:
Ճիշտ է, Մակրոնի խոսքը նրա մասին, թե հնարավոր է մոտ հեռանկարում արևմտյան զինվորականների ուղարկելը Ուկրաինա, ակտիվորեն ժխտվեց Եվրոպայի և ԱՄՆ բարձր պաշտոնյաների մակարդակում: Սակայն փաստն այն է, որ այս թեման նույնպես նետված է հրապարակային դաշտ, և արդեն քննարկելի է: Իսկ Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնաբանեց Մակրոնի խոսքն այնպես, թե դա կոչված է «ստրատեգիական երկիմաստություն» ստեղծել Ռուսաստանի համար:
5
Ի դեպ, Ռուսաստանում նույնպես անմասն չեն Արևմուտքի հետ ուղիղ պատերազմի նախապատրաստման թեմային:
Այսպես՝ Ռուսաստանի ՊՆ «Վոյեննայա Միսլ» պաշտոնական ասմագիրը հրապարակել է մի հոդված, որում քննարկվում է Ռուսաստանի դեմ հնարավոր «գոլբալ հարվածի» պատասխան գործողությունների սցենարը:
Իսկ BBC-ին ծավալուն նյութ է հրապարակել՝ նվիրված վերջին շրջանում Ռուսաստանում ծավալվող «ռազմական ազգայնացման» մասին: Խոսքը ռազմական նշանակություն ունեցող խոշոր տնտեսական միավորների ազգայնացման՝ պետականացման մասին է:
6
Որքանո՞վ լուրջ կարող ենք համարել Արևմուտք-Ռուսաստան
անմիջական պատերազմի հեռանկարը:
Հաստապես լուրջ է սրա քարոզչական նախապատրաստությունը: Եվ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական մակարդակում (վերջինի մասին կխոսենք մեկ այլ առիթով):
Միանշանակ է արմատական, հեղափոխոկան փոփոխությունը եվրոպական պաշտոնական խոսույթում: Դա երկար նախապարատվել է, հասունացել է նախորդ տարիներին, բայց այսօր որակապես նոր փուլ է մտնում:
Խաղաղության դարաշրջանը Եվրոպայում ավարտվել է, և ոչ միայն խոսքերը, այլև գործնական ծրագրերը վկայում են այն մասին, որ վերջնականապես մուտք ենք գործում համաշխարհային պատերազմի դարաշրջան:
Այլ բան է, թե որքանով իրական պետք է գնահատենք Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակման սցենարը: Դա քիչ հավանական կարող է թվալ: Բայց տվյալ դեպքում դա շատ էական չէ:
Կարևորն այստեղ ոչ թե Ռուսաստանի իրական նպատակներն են, այլ այն, որ արևմտյան վերնախավերը միացրել են Ռուսաստանի դեմ անմիջական պատերազմի քարոզչական մեխանիզմն ու համապատասխան գործնական քայլեր են իրականացնում:
Իսկ թե ինչը կարող է դառնալ պատերազմի առիթ, դա երկրորդական է: Պատերազմի մեջ որևէ պետություն ներքաշելու հին ու մշակված շատ տարբերակներ կան: Դա նշանակում է, որ անկախ նրանից, թե ինչ է այսօր ծրագրավորում Ռուսաստանը, վերջինս կարող է իր կամքից էլ անկախ ներքաշվել պատերազմի մեջ, ընդ որում այնպես, որ արտաքին դիտողի համար միանաշանակ լինի հենց ռուսների ագրեսիվությունը:
7
Ի՞նչ է այս ամենը նշանակում Հայաստանի համար
Սա երկար խոսակցություն է, բայց մի քանի պարզ բան ակնհայտ է:
«Խաղաղության դարաշրջանի», «խաղաղության խաչմերուկի» մասին խոսակցությունները պետք է օր առաջ նետվեն աղբանոց՝ որպես միջազգային իրավիճակին բացարձակապես անհամարժեք հիմարություններ և ֆանտազիաներ:
Պատերազմի դարաշրջան թևակոխող աշխարհում նույնիսկ Հայստանից շատ ավելի մեծ պետությունները չեն կարող կառուցել աշխարհի ընդհանուր մթնոլորտից անկախ «խաղաղության կղզյակ»: Սա դաժան ճշմարտություն է: Դա ոչ մի կապ չունի մեր ցանկությունների հետ:
Նյարդերից թույլ բոլոր մարդիկ, որոնք չենք կարողանում մարսել այս նոր աշխարհը, ավելի լավ է հեռու մնան քաղաքականությունից:
Հայաստանի առաջ ծառացող խնդիրներն ահռելի են:
Մենք ոչ միայն պետք է պատրաստ լինենք մեր՝ տեղական պատերազմին, այլև պետք է շատ լուրջ ընդունենք ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմի հեռանկարը և պատրաստ լինենք դրան:
Պետք է հասկանանք նաև, որ մեր պատերազմն արդեն վերածվում է, և դեռ ավելի բացահայտ կարող է վերածվել մեծ պատերազմի ճակատներից մեկի: Սա նույնպես մեր կամքից անկախ կարող է լինել:
Իսկ ավելի մանրամասն վերլուծություններ Հայաստանի անելիքների մասին մեր հետագա տեղեկանքներում:
Հ.Գ
Մեր վերուծական տեղեկանքներն ուղղված են հանրությանը, դրա մտածող հատվածին, և այդ պատճառով հրապարակային են: Մենք հավատացած ենք, որ միայն հանրության այդ հատվածն է ի զորու իրավիճակ փոխել:
Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր համախոհ ընկերներին, որոնց աջակցությամբ հնարավոր է դառնում մեր այս նախագծի իրականացումը:
Մարտական եղբայրության Վերլուծական խումբ («ՎիԿա»)