Եղբայրը եղբոր դեմ դուրս կգա...
Օրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի երկրում չթողնեն հեղինակություններ
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը գրում է
Վերջին երեք ամսում համակարգված և համատարած բարոյալքում և արժեզրկում են ամեն ինչ և ում կարողանում են։
Երկիրը կանգնած է լրջագույն աղետի առջև (պետականության կորստի). այն աղետի, որը մեր օրակարգ եկավ Նոյեմբերի 9֊ից հետո։
Օրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի երկրում չթողնեն հեղինակություններ` թե' անհատներ, թե' կառույցներ, որոնք վերը նշյալ աղետի ժամանակ իրենց վրա կվերցնեն պատասխանատվությունը և երկիրը կփրկեն կործանումից։
Հիմա հերթը հասել է ուժայիններին` բանակ և ոստիկանություն. նայեք, թե ինչպես են այդ երկու կառույցներին հեղինակազրկում և նրանց դերը գցում քաղաքացիների մոտ։ Ժողովուրդն այլևս ո'չ վստահում և ո'չ էլ ապավինում է այդ ուժայիններին, մինչդեռ այդ կառույցները մեր երկրի սյուներն են, որոնք իրենց վրա է են կրում ողջ Հայաստանը։
Ասածս ինչ է, պարոնայք ուժայիններ, մի' տրվեք սադրանքներին` թե' իշխանական, թե' օտարերկրյա հատուկ ծառայությունների և թե' այն անդաստիարակների, ովքեր Ձեզ հայհոյելով կփորձեն սադրել։
Հ.Գ. ամեն դեպքում քաղաքացիների նկատմամբ չի կարելի բիրտ ուժ կիրառել և, առավել ևս, հայհոյել։ Նրանք Ձեր եղբայրներն ու քույրերն են, և նրանց զգալի մասն իր արդարացի բողոքն ու անհանգստությունը հայտնելու բոլոր պատճառներն ունի։