2020 թվականի ադրբեջանական մարտավարությունը և զենքի ազատության հարցը
Ռուբեն Դալաքյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ուսուցիչ, «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ, «Մարտական եղբայրության» մարտական պարապմունքների առաջին խմբի մասնակից
Զենքի օրենքի վերաբերյալ հանրային մեծ բողոքի ֆոնին ակտիվացել է նաև հակաքարոզչությունը։
Օրինակ, ասում են, թե «քաղաքացիական զենքը ի՞նչ եք անում, ձեզ հետ առաջնագի՞ծ եք տանելու, այնտեղ զենք չկա՞»։
Նախ, քաղաքացիական զենքը առաջին հերթին մարզվելու, հմտությունները չկորցնելու ու կատարելագործվելու համար է։
Երկրորդ, զինված մարդուն ավելի դժվար է խուճապի մատնել, քանի որ նրա մոտ առողջ պայքարի ոգի է ձևավորվում։ Այս թեզերն արդեն այնքան են կրկնվել, որ կարծես թե բոլորին պետք է պարզ լիներ։
Բայց եկեք տեսնենք, թե քաղաքացիական զենքը ինչպես կարող է իրականում ԿՌՎԵԼ, այն էլ որոշ դեպքերում բանակի զենքից շատ ավելի լավ։
20-թ.-ի պատերազմում ադրբեջանական զորքերին հաջողվեց ճեղքել մեր պաշտպանությունը շնորհիվ հետևյալ մարտավարության։
Փոքր խմբերով արագ թափանցում էին մեր թիկունք ու խուճապ առաջացնում։ Օրինակ, մի տեղ մի խեղճ ծերունու էին սպանում, վիդեոն տարածում, ու խուճապը պատրաստ էր։ Բնակչությունը փախնում էր, զորքն էլ հետևից։ Դիվերսիոն այս մանր-մունր խմբերին բանակը չէր կարում արդյունավետ որսալ։ Պատճառները շատ են։ Բանակը հիմնականում փորձում էր կտոր-կտոր եղած առաջնագիծը պահել։
Բայց հիմա պատկերացնենք, որ մեր բնակչությունը զինված է թե՛ սահմանամերձ բնակավայրերում, թե՛ խորը թիկունքում։ Եվ այդ զինված բնակչությունը հսկում ու դարանակալում է թշնամուն ամենուրեք իր գյուղում, սարում ու ձորում։
Նախ, հենց ինքը բնակչությունը խուճապի չի մատնվի։
Երկրորդ, բավական մեծ հաջողությամբ կկարողանա հայտնաբերել ու ոչնչացնել թշնամու մետաստազներին, որովհետև շատ լավ է ճանաչում իր տարածաշրջանի ամեն մետր քառակուսին, անցնել դառնալու արահետները, վտանգավոր, խոցելի, ինչպես նաև ուժեղ տեղերը։ Թիկունքում այսպիսի զինված խմբերը շատ էֆեկտիվ կարող են աշխատել դիվերսիոն խմբերի դեմ, իսկ ադրբեջանական այդ «ահասարսուռ» մարտավարությունը պարզապես կփլվի ընդամենը մի քանի հազար զինված քաղաքացիների «պատճառով»։
Այսպիսով, զինված բնակչությունն ահռելի ուժ է։
Նա կարող է ՄԵԾ թիկունք դառնալ բանակի համար թույլ չտալով խուճապ, ու մեջքից թևանցումներ։
Զինված բնակչությունը կարող է խափանել թշնամու հաղթանակն ապահոված վերը նշված մարտավարությունը և ապահովել արդեն մեր` հայ ժողովրդի հաղթանակը։
Ի ԶԵ՛Ն։