Համագործակցության հուշագիր Նոյեմբերյան խոշորացված համայնքի և Մարտական եղբայրություն միաբանության միջև

2023-ի մայիսի 20-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր Նոյեմբերյան խոշորացված համայնքի և Մարտական եղբայրություն միաբանության միջև: Հուշագիրն ամրագրեց կողմերի միջև արդեն գոյություն ունեցող համագործակցությունը:
Սկսած դեռ ապրիլ ամսից Մարտական եղբայրությունը՝ Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի հետ համատեղ իրականացնում է մարտական պատրաստության պարապմունքներ Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքներում՝ Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար գյուղերում:


Շեշտը՝ տակտիկական պատրաստությունն է, այդ թվում տեխնիկայի օգտագործումը: Պարապմունքներն իրացվում են շաբաթը երեք անգամ պարբերականությամբ, և տևելու են երկու ամսից ավելին:
Միաբանության և համայնքապետարանի հուշագրում մասնավորապես ասված է:
Նոյեմբերյան խոշորացված համայնքը և «Մարտական եղբայրություն» միաբանությունը երկուստեկ կարևորելով հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության պայքարը, գիտակցելով վտանգի աստիճանը, որ սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի անվտանգությանը, հասկանալով այդ պայքարում հատկապես ժողովրդական ինքնապաշտպանության, հայ ժողովրդի լայն շերտերի զինավարժ և մարտունակ լինելու նշանակությունը, նաև հասկանալով, պայքարում և ինքնապաշտպանությունում գաղափարական գործոնի դերը, սույն հուշագրով հաստատում են այդ ուղղություններով իրենց համագործակցության՝ համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացնելու պատրաստակամությունը Մասնավորապես, «Մարտական եղբայրություն» միաբանությունը, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետ համատեղ պատրաստ է մարտական պատրաստության պարապմունքների իր ծրագիրն իրականացնել Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերում, ինչը հնարավորություն կտա տեղի բնակիչներին բարձրացնել ինքնապաշտանության իրենց ունակությունները: Նոյեմբերյանի համայնքապետարանն իր կողմից պատրաստ է աջակցել այս ծրագին՝ իր հնարավորությունների սահմաններում:
Այս ծրագրի հաջողության դեպքում կողմերը կարող են շարունակել և լայնացնել իրենց գործակցությունը՝ ռազմական կրթության, հայրենասիրական գաղափարախոսության, համայնքային զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Հուշագիրը ստորագրեցին Մարտական եղբայրության կողմից՝ 2020 թվականի պատերազմի մասնակից Մասիս Շիրոյանը և Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը: