ԺՈՂՈՎՐԴԻ՞ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԹՇՆԱՄՈՒ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ

Սահմանադրական կարգի տապալման ժամանակագրությունը

⚡Նոր սահմանադրությունը չի բխում ժողովրդից, փոխարենը...

Սահմանադրական կարգի տապալման ժամանակագրությունը

⚡Նոր սահմանադրությունը չի բխում ժողովրդից, փոխարենը սահմանադրի դերում հանդես է գալիս Ադրբեջանը

Այսօր Սահմանադրության օրը, կառավարության ղեկավարը հերթական անգամ խոսում է «սահմանադրի՝ ժողովրդի կամքի» մասին։ Սակայն իրականությունն այլ է. մենք գործ ունենք ոչ թե ժողովրդի ինքնիշխան կամքի արտահայտման, այլ արտաքին թշնամական պարտադրանքի ներքո պետության հիմքերը քանդելու կեղծ ժողովրդավարական փաթեթավորման հետ։ Այն, ինչ հրամցվում է որպես «նոր սահմանադրություն», իրականում հայ ժողովրդի հավաքական կամքի չեղարկումն է արտաքին ուժերի պահանջով։ Հաստատված փաստ է, որ սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի վերջնագիրն է «խաղաղության» պայմանագրի կնքման ճանապարհին։ Այդ մասին բազմիցս նշել է հենց Ալիևը։ Մարտական եղբայրությունը 2024 թ. սկզբից մանրամասն անդրադարձել է այս հարցին։

⚡Սահմանադրի` ժողովրդի հաստատված կամքի չեղարկման փորձ

Իրավական և փաստացի իրականությունը մերկացնում է այս կեղծիքը. Անկախության հռչակագրի չեղարկում Նոր սահմանադրության գլխավոր նպատակը Մայր օրենքի Նախաբանից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելն է։ Սա ուղղակի հարված է ՀՀ Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածներին (Ինքնիշխանություն և Իշխանության պատկանելիությունը ժողովրդին)։ 1990թ. Հռչակագիրը հենց սահմանադրի՝ ժողովրդի հիմնադիր որոշումն է, որի հիման վրա ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը։ Դրանից հրաժարումը պետության իրավական լեգիտիմության ինքնակործանում է։

⚡Ժողովրդի որոշում կայացնելու իրավունքից զրկում կարևորագույն Արցախի և անկախության պատերազմի հարցում

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միանձնյա և գաղտնի ստորագրումը շրջանցեց խորհրդարանն ու ՍԴ-ն՝ խախտելով Սահմանադրության 116-րդ հոդվածը (Միջազգային պայմանագրերի վավերացումը)։

♦️ Ի հավելումն սրա, հիշեցնենք վարչապետի խոստումներն ու հավաստիացումներն այն մասին, որ առանց հայ ժողովրդի հետ ուղիղ քննարկելու և համաձայնությունը ստանալու Արցախի հարցում ոչ մի որոշում միանձնյա չի կատարելու։ ♦️ 2022-2023թթ. Արցախից հրաժարումը և այն Ադրբեջանի կազմում ճանաչելը կոպտորեն խախտեց ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումը, որն իրավականորեն արգելում է Հայաստանի անունից ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը նշված է Ադրբեջանի կազմում։

⚡ Բռնանալ ժողովրդի կամքին` սպառնալով նրան Ադրբեջանի բանակով ու պատերազմով

Տավուշի կեղծ սահմանազատման գործընթացում սեփական քաղաքացիներին ադրբեջանական բանակով և պատերազմով սպառնալը միջազգային իրավունքի և Սահմանադրության 13-րդ հոդվածի բացահայտ խախտում է, քանի որ ուժի կամ ուժի սպառնալիքի տակ արված ցանկացած տարածքային զիջում իրավականորեն առոչինչ է։ Ավելին, պետական սահմանի փոփոխությունը շրջանցեց Սահմանադրության 205-րդ հոդվածի հստակ պահանջը, որով տարածքային փոփոխության հարցերը պետք է լուծվեն բացառապես հանրաքվեով։

⚡ Սահմանադրական կարգի տապալում և իշխանությունների զավթում

Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքը հետևողականորեն ոչնչացվել է։ 2019թ. դատարանների շենքերի ապօրինի շրջափակումը վարչապետի հրահանգով կոպտորեն խախտեց Սահմանադրության 162-րդ հոդվածը (Արդարադատության իրականացմանը միջամտելու արգելքը)։ Դրան հաջորդեց Սահմանադրական դատարանի, ԲԴԽ-ի, ԿԸՀ-ի, դատախազության, ԱԱԾ-ի և Ոստիկանության ամբողջական քաղաքականացումն ու կուսակցականացումը, ինչը հանգեցրեց Սահմանադրության հիմքերի խարխլմանը։

⚡Ինքնիշխանության զիջում

Այս ամենի տրամաբանական շարունակությունն է 2025թ. օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության պայմանագիրն ու TRIPP ծրագիրը, որով 99 տարով օտարին է հանձնվում ՀՀ ինքնիշխան տարածքի վերահսկողությունը` անխոչընդոտ ճանապարհ հանձնելով թշնամական պետությանը, իսկ «ռևանշիզմի արգելքի» կեղծ ձևակերպմամբ թշնամուն իրավունք է տրվում միջամտել Հայաստանի ներքին քաղաքական կյանքին և ճնշել ցանկացած ազգային-դիմադրողական ուժի՝ խախտելով քաղաքացիների քաղաքական իրավունքները (Հոդված 45 և 46)։

🔴 Եզրակացնելով ակնհայտ է դառնում ներկա իշխանության կողմից հայ ժողովրդի կամքի արտահայտման տոտալ վերացումը և սահմանադրական կարգի հիմնահատակ տապալումը։ Այս իշխանությունը չունի ո՛չ բարոյական, ո՛չ իրավական լեգիտիմություն՝ խոսելու Սահմանադրության և ժողովրդի կամքի մասին։ Նոր սահմանադրության նախագիծը ոչ թե պետության զարգացման, ժողովրդի կամարտահայտման, այլ տրամագծորեն հակառակ Հայաստանի Հանրապետության իրավական հիմքերի և հայ ժողովրդի սուբյեկտայնության ոչնչացման փաստաթուղթն է։ Սա պետականության գոյության կռիվ է։

🔶 Ապագա հակապետական հանրաքվեի ժամանակ մեր միակ, իրավական և բարոյական պատասխանը պետք է լինի մեկը՝ ԾԱՅՐԱՀԵՂ ԵՎ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՈՉ։ ♦️ Յուրաքանչյուր շեղում Ոչ-ի օրակարգից բոյկոտի, կամ սահմանադրության տարատեսակ սեփական նախագծերի տեսքով ուղիղ աջակցություն է թշնամական պարտադրանքին։

🔥 Մարտական Եղբայրություն միաբանությունը և Ազգային հեղափոխություն կուսակցությունը շնորհավորում են հայ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Թշնամու կողմից պարտադրված և ներկա իշխանության կողմից օրեցօր ընդունվող և արդարացվող զիջումների և պարտությունների շարքը պետք է կանգնեցնել։

🔥 Սպասվող հանրաքվեն իրական հնարավորություն է հայ ժողովրդի համար սեփական ինքնիշխանությունը և սուբյեկտայնությունն ապացուցելու։ Սա կլինի 2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր մեր առաջին ՈՉ-ը պարտությունների շարքին և ապագա հաղթանակների հիմքը։

🔥Մի՛ վախեցեք, 🔥մի՛ նահանջեք և 🔥մի՛ ենթարկվեք իշխանական մանիպուլյացիաներին ու պատերազմի շանտաժին։

🔥Առա՛ջ։

Թեմաներ

    Social