«Լեգիտիմ» պաշտպանությունը պարտության գրավական
Արդյո՞ք Հայաստանի պաշտպանության լեգիտիմ նպատակը Սովետական Հայաստանի սահմաններն են, ինչպես պնդում է ՀՀ վարչապետը:
Արդյո՞ք Հայաստանի պաշտպանության լեգիտիմ նպատակը Սովետական Հայաստանի սահմաններն են, ինչպես պնդում է ՀՀ վարչապետը:
Առաջին հայացքից դա կարող է տրամաբանական թվալ՝ բա էլ ի՞նչ նպատակ ունենա Հայաստանի պաշտպանության համակարգը, եթե ոչ Հայաստանի իսկ սահմանների պաշտպանությունը:
Իրականությունը, սակայն այն է, որ սովետական սահմաններով Հայաստանն անհնար է պաշտպանել մնալով միայն այդ սահմանների մեջ։ `
` Սովետական Հայաստանի սահմանները, հատկապես դրանց Վայոց Ձոր - Սյունիք հատվածը (բայց ոչ միայն), այնպես են գծված, որ դրանք անհնար է պաշտպանել պասիվ պաշտպանությամբ: Եվ հակառակը՝ դրանք հնարավոր է պաշտպանել միայն ակտիվ պաշտպանությամբ:
Պասիվ և ակտիվ պաշտպանությունը գեղեցիկ բառակապակցություններ չեն, այլ շատ կոնկրետ ռազմագիտական եզրույթներ:
Ի՞նչ են դրանք նշանակում:
Պասիվ պաշտպանությունն այն է, երբ հատուկ ամրացված դիրքերում սպասում ես թշնամու հարձակմանը և փորձում ես հետ մղել դա: Կենցաղային մտածողությանը սա թվում է պաշտպանության շատ հուսալի ձև, մանավանդ, եթե խոսքը լեռնային տարածի մասին է: Ռազմական պատմությունը, սակայն, վկայում է, որ սա նույնիսկ բարենպաստ աշխարհագրական պայմաններում պատերազմ վարելու անհեռանկար եղանակ է:
Իսկ Հայաստանի պայմաններում պասիվ պաշտպանությունը ոչ միայն անհեռանկարային է, այլև երաշխավորված պարտություն է: Եվ սա նաև և նույնիսկ այն դեպքում, եթե ունենաս աշխարհի լավագույն զենքն ու բանակը:
Սովետական Հայաստանի սահմանների պասիվ պաշտպանություն՝ ամրություններ, դիրքային կռիվ և այլն, նշանակում է միայն մեկ արդյունք՝ «հերոսական դիմադրություն», «հերոսական մահ», «հերոսական պարտություն»: Ի դեպ, հենց այս մտածողությունն էր 2020-ին մեր պարտության պատճառներից մեկը: Ոչ միակը, բայց կարևորներից մեկը:
Սովետական Հայաստանի սահմանները հնարավոր է պաշտպանել միայն ակտիվ պաշտպանությամբ: Ակտիվ պաշտպանությունը ներառնում է նախաձեռնողականություն, պրեվենտիվ՝ կանխիչ հարվածներ, ակտիվ տեղաշարժեր, արագություն, գործողությունների տեղափոխում թշնամու տարածք և այլն: Այլ մանրամասների մեջ այս պահին չենք խորանում:
Տվյալ դեպքում ակտիվ պաշտպանության առավել կարևոր տարրը մեզ համար այն է, որ ռազմական գործողություններն ըստ հնարավորության պետք է տեղափոխվեն թշնամու տարածք: Սա, ի դեպ այն է, ինչ մենք արել ենք 1993-94 թթ.-ին: Եվ արել ենք ոչ թե քմահաճույքից, այլ որովհետև ռազմական տեսակետից այլ տարբերակ պարզապես գոյություն չունի:
Այսօր էլ նույնն է իրավիճակը: Հայաստանի պաշտպանությունը հնարավոր է միայն ռազմական գործողությունները թշնամու տարածք տեղափոխելով: Հայաստանի աշխարհագրություննն այլ ելք չի թողնում:
Սա է իրականությունը՝ սառը, սթափ և գիտակից հայացքով դիտված: Մնացածը դատարկ զեղումներ են ոչնչի մասին:
Հրանտ «Մարտական եղբայրություն» միաբանություն