Արմանն ազատության ու անկախության մարտիկ է, Արմանը Հայաստանին ու հայերին ազատության մեջ է պետք

Արմանն ազատության ու անկախության մարտիկ է, Արմանը Հայաստանին ու հայերին ազատության մեջ է պետք

«Մարտական Եղբայրություն» միաբանության անդամ Դավիթ Սանասարյանը գրում է.

Մի քիչ երկար է ստացվել, բայց մի՛ ալարեք, կարդացեք և ճանաչեք բոլորիս պաշտպանին ու ոգի տվողին՝ մեր Արմանին. նրան օրեր առաջ կալանավորեցին։

Գիտեմ, որ շատերդ և՛ չգիտեք, թե ով է Արմանը, և՛ չգիտեք նրա անցած ճանապարհն ու սխրանքները։ Չգիտեք, քանի որ չուզեցին, որ իմանաք։

Արմանը մասնակցել է 2016 թ-ից սկսած պատերազմներին ու մարտական գործողություններին (12 մարտական գործողություն):

Մարտական իր ամբողջ ճանապարհին և՛ փրկել է շատերի կյանքը, և՛ խլել թշնամու ասկյարներից շատերի կյանքը, և՛ իր ասպետական ուղու համար պարգևատրվել «Մարտական Խաչ» շքանշանով։ Բոլորը գիտեն Քյոխի մասին, բայց Եղնիկների ուղղությամբ կարևորագույն դերակատարներից մեկը եղել է հենց Արմանը, նրա հետ միասին՝ մեր հերոսներից Մենուան, ինչպես նաև Հովսեփը (ում ևս ապօրինի ձերբակալել էին և ազատ արձակեցին) և մեր մյուս մարտական ընկերները։ Այնուհետև, Եղնիկների ուղղությամբ թշնամու առաջխաղացումները կանխելուց հետո, Արմանի կարիքը զգացվել է Քարին տակ գյուղում։

Արմանը եղել է շատերի վստահությունը, հետաքրքրվողներին անձամբ կպատմեմ, ինչպես նաև նորից կգրեմ առաջիկայում։

2020 թ․ պատերազմից հետո Արմանի և մեր մյուս ընկերների հետ միասին հիմնել ենք «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը, և Արմանին հասցրել եմ ճանաչել նաև գաղափարական դաշտում. մենք գործ ունենք երդվյալ ազատամարտիկի, անկախականի և ինքնիշխանության գաղափարը կրող հայրենասերի հետ։

Որոշ ժամանակ անց Արմանը թողեց քաղաքական գործունեությունը, քանի որ հրավիրվեց Արցախ, որպեսզի բարձրացնի հատուկ ստորաբաժանման զինծառայողների ոգին, մարզի և գիտելիքներ փոխանցի նրանց։ Եվ տևական ժամանակ, նույնիսկ շրջափակման ընթացքում, թերսնվելով ու զրկանքներ կրելով, իր աշխատանքները շարունակեց մինչև Արցախի հայաթափման վերջին օրը։

Տեղում Արմանը մասնակից եղավ 2023 թ-ի մեկօրյա մարտական գործողություններին՝ այդտեղ նույնպես փրկելով իր զինակիցների կյանքն ու խլելով թշնամու կյանքեր։

Արմանը նաև «Մարտական եղբայրություն» միաբանության հիմնադիր անդամ է. Արցախից վերադառնալուց հետո սկսեց բովանդակային նոր շունչ հաղորդել միաբանության գործունեությանը։

Մի քանի օր առաջ տեղի ունեցած միջադեպի նպատակը պարզ էր՝ Հայաստանի շահի համար փողոց դուրս եկածներին պետք էր սադրել. ՈՒԱԶ-ով փորձ արվեց փակ ճանապարհը բացել, մարդկանց ինքնասիրությունը վիրավորող արտահայտություններ արվեցին, որից հետո Արմանն ու մեր մյուս ընկերները փորձեցին կասեցնել ժողովրդի վրա գնացող մեքենայի ընթացքը։ Ինչ եղավ՝ ինքներդ եք տեսել։

Արմանը 1 ամսով կալանավորվեց, այն Արմանը, որը ոչ թե զուտ բողոքի ակցիա անող ու ճամփա փակող էր, այլ թշնամու բազմաթիվ ճամփաները փակողն ու նրանց խեղճացնողը։

Արմանն ազատության ու անկախության մարտիկ է, Արմանը Հայաստանին ու հայերին ազատության մեջ է պետք:

Թեմաներ

    Social