Վերլուծական տեղեկանք #6 | Ռուսական տելեգրամյան ալիքների շաբաթական մշտադիտարկման արդյունքները

Ստորև ներկայացված են ռուսական տելեգրամյան ալիքների մշտադիտարկման արդյունքները։ Մշտադիտարկումն ընդգրկ...

Ստորև ներկայացված են ռուսական տելեգրամյան ալիքների մշտադիտարկման արդյունքները։ Մշտադիտարկումն ընդգրկում է 2025թ. օգոստոսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածը։

Ռուսական ՏԳ ալիքների բովանդակությունը կառուցված է «Ռուսաստան–Արևմուտք» հակադրության վրա, որտեղ ցանկացած ինքնուրույն քաղաքական քայլ ներկայացվում է որպես «օտար վերահսկողություն» կամ «դավաճանություն»։ Կենտրոնական նարատիվը Ռուսաստանին տեղադրում է միակ անվտանգային հենարանի դիրքում (Գյումրիի ռազմաբազա, «3+3» ձևաչափ, ռազմավարական ենթակառուցվածքներ), իսկ Արևմուտքը՝ «կեղծ խաղաղություն» և «գունավոր հեղափոխություններ» տարածող կենտրոն։

Խոսույթի տեխնիկան՝ ցանկացած թեմայի անվտանգայնացում, ընտրովի հիշողություն (Հայաստանի դեպքում, օրինակ, անտեսվում են 2020–2023թթ. իրադարձությունները), կեղծ երկընտրանքներ, անձնավորում ու բամբասանք, թվերի ընտրովի ցուցադրում։ Միևննույն սյուժեները տեղափոխվում են տարբեր երկրներ՝ փոքր տեղայնացմամբ, կիրառվում են երկակի չափանիշներ («բազմավեկտորությունը» մի տեղ «պրագմատիզմ» է, այլ տեղ՝ «դավաճանություն»)։

Բառամթերքը գերբեռնված է անտեղի զգացմունքային բառերով ու արտահայտություններով («կապիտուլյացիա», «միջանցք», «վերջին երաշխիք», «օտար գործակալ»), տոնը՝ նախազգուշացնող-վախեցնող, հաճախ՝ խնամակալական (պատեռնալիստական), նոստալգիկ ենթատեքստով («ուժեղ ձեռք՝ կայունություն»)։

Ընդհանուր նպատակը՝ փոքր երկրների քաղաքական դաշտը ներկայացնել որպես արտաքին կառավարվող, թուլացնել ինքնուրույն օրակարգերի լեգիտիմությունը և ամրացնել «Ռուսաստանն է երաշխիքը» բազային թեզը։

Հիմնական նարատիվներն ըստ երկրների և տարածաշրջանների. Հայաստան

  • Արևմուտքի հետ մերձեցումը նկարագրվում է որպես նպատակային կախվածություն, իսկ ռազմական համագործակցությունը՝ որպես «ռուսական անվտանգության հենասյան» վերացման քայլ։
  • Տնտեսական ու մշակութային հարաբերությունները ներկայացվում են որպես «օտար վերահսկողության» հաստատում, օրինակ՝ «ամերիկյան ընկերություններին ռազմավարական օբյեկտների վարձակալության տրամադրումը»։
  • «Զանգեզուրի միջանցքը» դիտարկվում է որպես արևմտա-թուրքական նախագծի առանցք՝ Ռուսաստանի դուրսմղման համար։
  • Ռուսական բազան և ռուսական նախագծերը ներկայացվում են որպես Հայաստանի անվտանգության վերջին իրական երաշխիք։ Կարևորվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի տնտեսական նշանակությունը Գյումրիի համար։
  • Իշխանությունների ներքին լեգիտիմությունը մշտապես կասկածի տակ է դրվում, ընդդիմության նկատմամբ ճնշումների թեման՝ ընդգծվում։ Կառավարության ներսում կոռուպցիայի և իշխող էլիտայի «ապազգային» լինելու թեմաները նույնպես շոշափվում են։

Ադրբեջան

  • Ներկայացվում է որպես Թուրքիայի կրտսեր գործընկեր և ապագա հակառուսական հենակետ, որը արագորեն զինվում է, ինտեգրվում ՆԱՏՕ-ի մեխանիզմներին և ներգրավվում Ռուսաստանի դեմ գործողություններում։
  • Շեշտվում է ռեժիմի երկակի խաղը. ռազմավարական առումով սերտանում է Թուրքիայի ու Արևմուտքի հետ, բայց պահպանում խորը տնտեսական փոխկապակցվածություն Ռուսաստանի հետ։
  • SOCAR-ի հետ ասոցացված օբյեկտների թիրախավորումը ներկայացվում է որպես «քաղաքական ազդակ» Բաքվին։
  • Ռուսաստանում ադրբեջանական համայնքում «մաքրումները» ներկայացվում են որպես ազդեցության գործիք՝ «բազմավեկտորության» սահմանները հիշեցնելու համար։
  • Ընդհանուր ասելիքը՝ Ադրբեջանը տարածաշրջանում կառուցում է ուժային առավելություն և բացում «միջանցքային» նախագիծը՝ Ռուսաստանի հաշվին, բայց ստիպված է հաշվի նստել Մոսկվայի պատժող լծակների հետ։ Ալիևի հայտարարությունները ԽՍՀՄ կազմ մտնելը «օկուպացիա» համարելու մասին նույնպես նշվում են որպես ռուսաֆոբական դրսևորումներ։

Վրաստան

  • Նարատիվը պտտվում է այն մտքի շուրջ, որ Վրաստանի վրա Արևմուտքը մշտապես փորձում է գործադրել «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաներ։
  • Գործող իշխանությունը ներկայացվում է որպես ավելի «պրագմատիկ» և ինքնիշխանության պահպանման վրա կենտրոնացած։ Մասնավորապես, քաղաքապետ Կալաձեն հայտարարել է, որ Արևմուտքը Վրաստանին զենք է առաջարկել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար։
  • «Օտար գործակալների մասին» օրենսդրության շուրջ արևմտյան քննադատությունը ներկայացվում է որպես արտաքին ճնշում, ոչ թե իրավական գնահատական։
  • Ռուսաստանը ներկայացվում է որպես Աբխազիայի և Հարավային Օսիայի անվտանգության մշտական երաշխավոր։ Շեշտադրվում է Ռուսաստանի հետ ինտեգրման ձգտումը՝ հակադրելով այն «վրացական տարածքային ամբողջականության» շրջանակի հետ։

Այլ երկրներ

  • Ուկրաինա. Ռուսաստանի ռազմական գործողությունները ներկայացվում են որպես ռազմավարական անհրաժեշտություն, իսկ Արևմուտքը՝ որպես էսկալացիայի շարժիչ ուժ։
  • Ղազախստան. ներկայացվում է որպես պանթյուրքիզմի և Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու արևմտյան ձգտումների ասպարեզ։
  • Մոլդովա. ներկայացվում է որպես արևմտյան ազդեցության և ներքին քաղաքական անկայունության օրինակ։
  • Բելառուս. ներկայացվում է որպես հավատարիմ, բայց ինքնիշխան և հաշվենկատ գործընկեր։

Ռուսաստանի ներքին քաղաքականություն

  • Պետությունը կանգնած է բազմավեկտոր սպառնալիքների առաջ (պանթյուրքիզմ, միգրացիոն ճնշումներ, «օտար ազդեցություն», հինգերորդ շարասյուն), և դրա դիմակայումը պահանջում է իրավական խստացում ու էլիտար դաշտի «մաքրում»։

Մարտական Եղբայրություն միաբանության ՎիԿա վերլուծական խումբ 08 31 2025

Թեմաներ

    Social