🧠🎙Բաքվի քարոզչությունը և Հայաստանի ռիսկերը. Ադրբեջանական մամուլի վերլուծություն։ ViKa AI Podcast #5
📈 Մարտական Եղբայրություն միաբանության ՎիԿա վերլուծական խումբ
🇦🇿 Ադրբեջանական մամուլի շաբաթական մշտադիտարկման արդյունքները (#1, 25.08.25)։
Ստորև ներկայացված են ադրբեջանական պետական և մասնավոր (որքանով դա իրատեսական է Ադրբեջանի դեպքում) լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքները։ Մշտադիտարկումն ընդգրկում է 2025 թվականի օգոստոսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածը։
Շաբաթվա ընթացքում ադրբեջանական նարատիվները հետևողականորեն համադրում են երեք գիծ. «հաղթող Ադրբեջան», հաղորդակցությունների միջանցքային/վարձակալական բնույթ և Հայաստանի «կապիտուլյացիա»՝ իրավական-քարոզչական ճնշումների ֆոնին։ ՀՀ իշխանությունների պաշտոնական շեշտադրումները՝ «խաղաղության», «նոր իրականության», սուվերեն վերահսկվող հաղորդակցությունների վերաբերյալ, առաջին հայացքից հակադրվում են ադրբեջանական նարատիվներին, սակայն իրականում սպասարկում և լեգիտիմացնում են Բաքվի հռետորաբանությունը։
❗️«Ադրբեջանը լիակատար հաղթանակ է տարել ու խաղաղության երաշխավորն է» ↔️ «Նոր իրականություն՝ որպես փոխադարձ համաձայնությունների արդյունք»։ Ադրբեջանական թեզեր․ Երևանը վերջնականապես ընդունել է պարտությունը, խաղաղությունը Բաքվի «մեծահոգության» հետևանք է, «Ադրբեջանական գերազանցության» նարատիվը սնելու համար օգտագործվում են «Հայաստանում հազարավոր դասալիքների», «Հայաստանի թուլության» և «ռազմական պարտության» թեզերը։ Իրական վտանգը․ «պարիտետի» մերժում, «գերիշխանության» պարտադրանք միակողմանի զիջումների նորմալացում, հաջորդ պահանջների հիմնավորման ստեղծում, Հայաստանում պայքարի դիսկուրսի տապալում։
❗️Ռազմական ծախսերի ավելացում, պատերազմի պատրաստ լինելու վերաբերյալ հայտարարություններ ↔️«2026-ին ռազմական բյուջեն չի ավելանալու/կնվազի»։ Ադրբեջանական թեզեր. Հայաստանի հարմարվողականության ապացույց՝ «թուլացման» թեզի ամրապնդում։ Իրական վտանգը․ դիմադրողականության մեխանիզմի թուլացում, ռազմական և բանակցային ուժի անկում, սահմանային ու անվտանգային ռիսկերի աճ։
❗️Իրավական-քարոզչական ճնշում՝ «ցեղասպանություն/ահաբեկչություն» կաղապարներով ↔️ հաշտեցմանը, ապագային և խաղաղ գոյակցությանը միտված խոսույթ։ Ադրբեջանական թեզեր. «հայկական մեղավորության» հաստատում, Հայաստանի դեմ միջազգային դատարաններում մեղադրանքներ ներկայացնելու իրավական հիմքերի ստեղծում։ Իրական վտանգը․ ապագա միջազգային գործընթացների համար նյութական բազայի հավաքագրում և պատժիչ գործիքների ակտիվացում, տեղեկատվական-իրավական «նախադեպի» ձևավորում։
❗️ՀՀ Սահմանադրությունը փոխելու պարտավորությունը խաղաղության պայմանագրի նախապայմաններից է ↔️ սահմանադրական փոփոխությունները ներքին օրակարգ են։ Ադրբեջանական թեզեր. Երևանը ենթարկվում է նախապայմաններին, ընդունում է «անցյալի սխալները», աշխատում են միայն ուժի գործադրումը և սպառնալիքը։ Իրական վտանգը․ Անկախության հռչակագրի հղման դուրսբերումից բխող ինստիտուցիոնալ ճեղք և լեգիտիմության կորուստ, նոր նախապայմանների առաջադրում։
❗️«Ատելի» ԵԱՀԿ Մինսկի խմբի «մեռած» օրակարգ ↔️ համատեղ դիմում՝ ՄԽ լուծարման խնդրանքով։ Ադրբեջանական թեզեր. ինքնորոշման օրակարգը փակվել է, վերջնական հաղթանակը մոտ է։ Իրական վտանգը․ միջնորդական հարթակի կորուստ, ինքնորոշման իրավունքի ոտնահարում, ուժի կիրառման լեգիտիմացում։
❗️«Միջանցք», TRIPP/«99 տարվա վարձակալություն» ↔️ մաքսային/սահմանային լիարժեք վերահսկողություն, ամերիկյան ընկերության կողմից «կառավարում»։ Ադրբեջանական թեզեր․ Սյունիքում ձևավորվում է արտաքին վերահսկվող ուղի՝ առանց հայկական իրական վերահսկողության, «Զանգեզուրի միջանցքի» հաղթանակ։ Իրական վտանգը․ դե ֆակտո արտատարածքայնության ռիսկեր, սուվերեն վերահսկողության վերացում, «անխոչընդոտ կապի» պահանջի օգտագործում՝ որպես մշտական ճնշման լծակ։