Թագավորը մերկ է
Ճշմարտությունը պետք է ասել
Մարտական եղբայրություն միաբանության հուլիսի 25-ի հայտարարությունը, որի հիմնական իմաստն էր՝
կոչը Հայաստանի Հանրապետությանը վերադառնալ ուժային լուծումներին Ադրբեջանի հետ հարաբերություններում, բնականաբար բազմաթիվ հարցեր առաջ բերեց, այդ թվում մեր ընկերների մեջ:
Այս հարցերին մենք կպատասխանենք քայլ առ քայլ՝ ոչ բոլորին միանգամից:
Գլխավոր հարցը՝ արդյո՞ք դիմելով պետությանը՝ մենք իրոք հավատում ենք, որ պետությունը լսելու է մեր կոչը: Սա նաև մեր ներքին քննարկումներում հնչած հարցերից էր:
Բնականաբար միամիտ չենք և հասկանում ենք, որ պետությունը ներկայացնողները չեն լսելու մեր կոչը և չեն փոխելու ուժից հրաժարվելու քաղաքականությունը:
Ոչ թե միայն հասկանում ենք, այլև վստահ ենք, որ այդպես է լինելու:
Եվ ինչո՞ւ, ուրեմն, հանդես գալ մի պահանջով, որի հասցեատերը հաստատապես չի կատարելու այն:
Նախ՝ որովհետև անկախ ամենից հրապարակայնորեն և բարձրաձայն պետք է ասվի ճշմարտությունը:
Իսկ ճշմարտությունն այն է, որ առանց ուժի կիրառման անհնար է ելք գտնել այսօրվա իրավիճակից:
Եվ որևէ գործընթացի սկիզբը պետք է դրվի հենց սկզբունքային ճշմարտությունը հրապարակայնորեն բարձրաձայնելուց:
Պետք է մեկն ասի, որ թագավորը մերկ է:
Երկրորդը՝ պետք է պահանջի ճիշտ հասցեատեր ձևակերպվի:
Չի կարող հայ ժողովորդի, Հայաստանի քաղաքացու անվտանգության պահանջի առաջնային հասցեատերը լինել որևէ արտաքին ուժ՝ լինի դա պետություն, թե միջազգային կազմակերպություն:
Այս հարցում միակ ճիշտ հասցեատերը հայկական պետությունն է, կամ հայ ժողովուրդն ինքը:
Եթե հայ ժողովուրդն ունի պետություն, ապա պետության առաջնային խնդիրը հայ ժողովորդի անվտանգության ապահովումն է, այդ թվում հարկ եղած դեպքում՝ ուժային միջոցներով:
Եթե պետությունն իրականում չկա, սա պետք է հրապարակայնորեն արձանագրվի, և այդ դեպքում պետության ինքնիշխանության աղբյուրը՝ հայ ժողովուրդը պետք է ինքն իր միջից նորից ձևավորի պետություն:
Այսպես եղել է 1988-ին:
Ըստ ձևի հայ ժողովուրդն այն ժամանակ ունեցել է պետություն՝ Սովետական Հայաստանը: Բայց երբ սկզբնական դիմումից հետո, ակնառու է դարձել, որ այդ պետությունն ի զորու չէ ապահովել հայ ժողովորդի իրավունքներն ու անվտանգությունը, հայ ժողովուրդը վերստեղծել է իր պետությունն ինքն իր միջից:
Այսօր խորքային խնդիրը հենց սա է:
Եթե Հայաստանի Հանրապետությունը չի կարող այսօր պաշտպանել ինքն իրեն և իր քաղաքացիներին նույնիսկ Ադրբեջանից, ապա նրա գոյությունն անվանական է: Հայաստանում սա շատերը կարող են չհասկանալ, բայց հենց այդ ուղղությամբ էլ տարվում է գործընթացը՝ հասնել նրան, որ մի օր «ռացիոնալ» համարվի հրաժարումը Հայաստանի անկախությունից՝ չէ՞ որ կասեն, անհնար է դա ուժով պաշտպանել, բա ի՞նչ անենք:
Հենց դրա համար էլ մենք այսօր կոչ ենք անում Հայաստանի Հանրապետությանը ցույց տալ իր գոյությունը, որը հնարավոր է միայն ուժի ցուցադրմամբ:
Ու, եթե դա չի արվում, ապա վերջնականապես հրապարակայնորեն արձանագրելով պետության փաստացի չգությունը՝ մենք պետք է այսօրվանից պատրաստվենք այն վերակերտելու գործընթացը՝ հայկական ազգային հեղափոխությունը:
Հրանտ,
«Մարտական եղբայրություն» միաբանություն