Ադրբեջանի գերակայությունը տարածաշրջանում
Հայաստանի Հանրապետության չգոյության հաշվին
Ձեզ ենք ներկայացնում «ՎիԿա» վերլուծական խմբի՝ ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների խոսույթի և քարոզչության մայիս ամսվա ամփոփումն ու վերլուծությունը:
Դիտարկվող ժամանակահատվածի հիմնական թեմաներն են.
- ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Իլհամ Ալիևի թիրախում:
- Ֆրանսիա–Ադրբեջան հարաբերությունների սրացումը, բացահայտ թշնամանք և ատելության խոսքի քարոզ:
- Ռուսաստանի հյուպատոսություն՝ Ստեփանակերտում: Ռուս խաղաղապահների դուրսբերումն ու դրա դիմաց քաղաքական ներկայության շուրջ պայմանավորվածությունները:
- Ադրբեջանի հերթական պահանջը՝ Հայաստանի Հանրապետությանը: Լեռնային Ղարաբաղը՝ ռազմականացված գոտի:
- «Արևմտյան Ադրբեջան»–ի միջոցով՝ միջազգային հանրության հետ խոսելու Բաքվի մարտավարությունը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Իլհամ Ալիևի թիրախում
▪️Սկսենք ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ Ալիևի հռետորաբանությունից և այս համատեքստում՝ հայկական կողմին ուղղված հայտարարություններից:
«Մինսկի խմբի 28 տարվա գործունեությունն ուղղված էր ադրբեջանական ժողովրդի դեմ. պատահական չէին նրանց սուտ խոստումներն ու անգործությունը»,– այս մասին, ըստ Ադրբեջանի նախագահի կայքի, ասել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը՝ օկուպացված Շուշի տեղափոխված ադրբեջանցիներին բնակարանների բանալիների հանձնման արարողության ժամանակ։
«Նրանք չէին ցանկանում լուծել խնդիրը. նրանք այս հողերը հայերին են խոստացել: Ինչպես խորհրդային տարիներին Գորբաչովը, իսկ հետո Ելցինն էին այս հողերը խոստանում հայերին, այնպես էլ Ֆրանսիան ու Ամերիկան»,– իր ելույթում ասում է Ալիևը։
«Տեսեք, թե ովքեր են այսօր մեր դեմ խաղում՝ Ֆրանսիան և Ամերիկան, հատկապես Ֆրանսիան։ Սա պետք է բացահայտ ասել։ Նրանք նաև պետք է իմանան, որ առանց մեր կամքի՝ այս տարածաշրջանում ոչ մի հարց չի լուծվի»,– ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։
▪️ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակության հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Ալիևը կրկնել է առանց իրեն տարածաշրջանում հարց լուծելու անկարելիությունը, նշելով, որ եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը ու դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը։ Ըստ նրա, որևէ պատճառ չկա, որպեսզի հայկական կողմը չհամաձայնի դրան։
▪️Փաստորեն, ի տարբերություն ՀՀ ներկա իշխանությունների, Ադրբեջանի իշխանությունները շատ լավ գիտակցում են նոյեմբերի 9–ի հայտարարության իրավական և քաղաքական սնանկությունը և շտապում են վերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորող միակ լեգիտիմ կառույցը և այդ գործընթացում ներկա ՀՀ իշխանություններին խոչընդոտ չեն համարում:
▪️Ֆրանսիա–Ադրբեջան հարաբերությունների սրացում՝ պայմանավորված Փարիզի կողմից Հարավային Կովկասում Ֆրանսիայի ակտիվացմամբ
«Այսօր կրկին տեսնում ենք, որ Հայաստանում ռևանշիստներն են գլուխ բարձրացնում, Ֆրանսիան մահաբեր զենք է տեղափոխում Հայաստան, ու եթե նկատենք, որ այդ զենքերի թիվը հասնում է կրիտիկական մակարդակի, ապա ոչ ոք թող մեզանից չնեղանա»,– օկուպացված Շուշիում հայտարարել է Իլհամ Ալիևը:
▪️Երկու երկրների միջև հարաբերությունների սրացման առիթ է դարձել նաև Նոր Կալեդոնիայում (Խաղաղ օվկիանոսում Ֆրանսիայի անդրծովյան տարածք) առկա լարված իրավիճակը:
▪️Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին՝ աջակցելով քաղաքական այն շարժումներին, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայի Հանրապետությունից՝ կղզեխմբի անկախացման օգտին:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դա երևակայություն չէ, այլ իրականություն։ Ցավում եմ, որ Նոր Կալեդոնիայի անկախության օգտին հանդես եկող խմբերի ղեկավարների մի մասը համաձայնագիր է կնքել Ադրբեջանի հետ»,– արձագանքել է ֆրանսիացի պաշտոնյան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այս սրման պարագայում խոսքը ստեղծված ճգնաժամին Բաքվի միջամտության մասին է։ Դարմանենը Ադրբեջանն անվանել է դիկտատորական երկիր:
Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է ֆրանսիական կողմի մեղադրանքները.
«Լիովին հերքում ենք մեր երկրի հասցեին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենի հերթական անհիմն մեղադրանքները, ինչպես նաև նրա հայտարարությունները Ադրբեջանի և Նոր Կալեդոնիայում անկախության շարժման առաջնորդների միջև ենթադրյալ կապերի մասին»,– ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
▪️Ադրբեջանի ԱԳՆ–ն Փարիզից պահանջել է նաև դադարեցնել հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ Ադրբեջանին ուղղված մեղադրանքները:
▪️Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների սրացումը այսքանով չի ավարտվել:
▪️Ադրբեջանական «Թուրան» գործակալության տվյալներով, մայիսի 29–ին Բաքու է ժամանել Ֆրանսիական Պոլինեզիայի խորհրդարանի և իշխող կուսակցության պատվիրակությունը։
▪️«Թուրան»–ի փոխանցմամբ՝ նախատեսված են հանդիպումներ Միլլի Մեջլիսում և այլ պետական կառույցներում, ինչպես նաև համաժողով՝ «Ֆրանսիական Պոլինեզիայի ապագաղութացման իրավունքը» թեմայով։
▪️Այս այցելությանը բավականին կոշտ է արձագանքել Ֆրանսիացի քաղաքական գործիչ, եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա–Քսավյե Բելամին, ով X սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է արել.
«Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելուց հետո Ադրբեջանն այսօր հյուրընկալում է Պոլինեզիայի ընտրված պաշտոնյաներին՝ նախապատրաստվելու «ապագաղութացման» և «այն ազատելու ֆրանսիական ստրկությունից»։ Մինչև ե՞րբ է մեր պետությունը թույլ տալու Ալիևին աշխատել Ֆրանսիան պառակտելու ուղղությամբ»։
▪️Ինչպես տեսնում ենք, հարաբերությունների սրացումը այս ամենով չի ավարտվելու, և մեծ է հավանականությունը, որ գնալով այն կարող է թշնամական բնույթ ստանալ:
▪️Ռուսաստան–Ադրբեջան փոխհարաբերություններ. Ստեփանակերտում հյուպատոսություն բացելու Մոսկվայի ցանկությունը
«Ռուսաստանը մտադիր է Ստեփանակերտում Գլխավոր հյուպատոսություն բացել և այդ հարցում ակնկալում է Ադրբեջանի աջակցությունը»,– Մոսկվայում ադրբեջանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը:
▪️Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, Մուսաբեկովի գնահատմամբ՝ Մոսկվան այդ քայլով ցանկանում է վերականգնել իր ներկայությունը Ղարաբաղում։
▪️UDudaka ադրբեջանական տելեգրամյան ալիքը Ստեփանակերտում՝ ռուսական հյուպատոսություն բացելն անվանել է խաղաղապահ առաքելության դուրս բերման և Ռուսաստանի կողմից Զանգեզուրի միջանցքի թեմայի ակտիվացման համար Բաքվի կողմից վճարելիք գին:
▪️Հետաքրքրական է նաև Կարասինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի խոսքերը.
«Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացրել են տարածաշրջանում հարաբերությունների նոր հայեցակարգ, որը համապատասխանում է միջազգային սկզբունքներին, օրենքներին և նորմերին, ինչպես նաև ծառայում է իրենց ամենամոտ հարևանների հետ համագործակցության ամրապնդմանը»:
▪️Ըստ պատգամավորի՝ ներկայիս ջերմ հարաբերությունների հիմքը դրվել է 2001 թ–ին, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինն այցելել է Ադրբեջան և հանդիպում ունեցել այն ժամանակ նախագահող Հեյդար Ալիևի հետ:
▪️Եղած ինֆորմացիայից կարելի է ենթադրել, որ ռուս–ադրբեջանական հարաբերությունների ջերմացմանն այս փուլում խանգարող հանգամանքներ չկան, ավելին, այն խորացման միտումներ ունի:
▪️Ադրբեջանի հերթական պահանջները Հայաստանի Հանրապետությանը
▪️Ադրբեջանի նախագահը, օկուպացված Իվանյանում, ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ հերթական պահանջն է հնչեցրել՝ «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի»։
▪️Նույն հանդիպման ընթացքում Ալիևը նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պիտի դառնա ռազմականացված գոտի, որպեսզի հավուր պատշաճի արձագանքի Հայաստանի Հանրապետությանը:
▪️Ադրբեջանի առաջնորդը կրկին շեշտել է Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու և զինվելու անթույլատրելիությունը:
▪️«Արևմտյան Ադրբեջանը»՝ միջազգային հանրության հետ խոսելու միջոց
▪️Ադրբեջանական պաշտոնական շրջանակների կողմից կառավարվող այս մարմնի ցինիզմը հասել է այն աստիճանի, որ միջազգային հանրությանը կոչ է արվել հայ առաքելական եկեղեցու դեմ գործընթաց սկսել՝ վերջինիս մեղադրելով ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքից ադրբեջանցիների բռնի տեղահանությանն ակտիվ մասնակցություն ունենալու համար:
▪️Նույն կազմակերպությունը անց է կացրել նաև միջազգային կոնֆերանս, որտեղ քննարկվել են Հայաստանի Հանրապետության տարածք՝ ադրբեջանցիների բնակեցման պայմանները:
▪️«Արևմտյան Ադրբեջանը» արձագանքել է նաև Նիդերլանդների խորհրդարանին և Եվրոպական միությանը և խորհուրդ տվել՝ չխառնվել Ադրբեջանի ներքին գործերին, հատկապես, երբ հարցը վերաբերում է մարդու իրավունքներին և դատական մարմինների գործունեությանը:
▪️Հատկանշական է, որ այս ամենի ֆոնին, Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները շարունակում են ամեն կերպ ճնշել բոլոր այն ուժերին, որոնք բարձրացնում են Արցախից տեղահանված մեր հայրենակիցների՝ հայրենիք վերադառնալու և այնտեղ իրական անվտանգության երաշխիքներ ունենալու հարցը: