Հայաստանի անկախության հարցն այսօր
անկախության նվաճումը հնարավոր է պայքարի միջոցով, ոչ թե զիջումների
Դատելով հրապարակային տեղեկատվությունից՝ հուլիսի 15-ին կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումն ավարտվել է առանց որևէ շոշափելի արդյունքի:
Այն, որ նույնիսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո, «ոչ ոք» չի շտապում Հայաստանի հետ խաղաղության թուղթ ստորագրել, պետք է ինքնին ապացույց լիներ այն՝ առանց այդ էլ պարզ փաստի, որ նույնիսկ Արցախի խնդրում արմատական նահանջը չի բերելու և չի կարող բերել բաղձալի «խաղաղության դարաշրջանի», որն իրականության հետ լիովին կապը կորցրած ավանդական հայկական քաղաքական «մտքի» վերջին դատարկաբան ուտոպիան է:
Քանի որ խնդիրը երբեք չի եղել, և առավել ևս 2020 թվականի պատերազմի ժամանակ ու հիմա չէ՛ Արցախը, այլ Հայաստանը, հենց այդ պարզ պատճառով էլ չի կարող խաղաղությունը հաստատվել Արցախի զիջմամբ:
Սա պարզագույն, բայց անհասանելի ճշմարտություն է նրանց համար, ովքեր, ինչպես մեր կառավարությունը չեն հասկացել վերջին պատերազմի բնույթը:
Հատկանշական է, որ հանդիպումից հետո լուրեր տարածվեցին այն մասին, որ հանդիպման ժամանակ Ադրբեջանը բարձրացրել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», այսինքն՝ Հայաստանի տարածք ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին]:
Այս թեմայի «անսպասելի արծարծումը» իրականում կանխատեսելի է՝ անկախ նրանից, թե տվյալ լուրը կհաստատվի հետագայում թե ոչ: Միայն սեփական իրական աշխարհն իր շուրջ տեսնել չուզող հայկական «քաղաքական» գիտակցության համար կարող է թվալ, որ այս և նման թեմաների բարձրացումն Ադրբեջանի կողմից զուտ «մարտավարական» քայլեր են կամ էլ «ներքին լսարանի» համար է:
Ադրբեջանը բարձրացնելու է այս և մյուս թեմաները՝ ռազմական կոնտրիբուցիայի հարցը, Զանգեզուրյան միջանքցի հարցը և այլն, քանի որ մի ոտանի կենգուրուն իսկ պարզ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում «խաղաղության դարաշրջանի» Հայաստանի հետ:
Ադրբեջանի ծրագիրն է ոչ թե խաղաղ գոյակցությունը Հայաստանի հետ, այլ Հայաստանի նակտմամբ գերիշխանության հաստատումը, Հայաստանը որպես իր վասալ պետություն ունենալը: Եթե այս իրականությունն ի զորու չենք վերլուծել ու հասկանալ, ապա մեզ մնալու է միայն ցանկալին իրականի տեղը դնելու այն քաղաքականությունը, որը հիմա վարում ենք:
Այս նպատակին հասնելու ճանապարհին Ադրբեջանին ի զորու չի տևական և հիմնավոր խոչընդոտ լինի ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը, ո՛չ էլ որևէ այլ ուժ, եթե միայն արմատապես չփոխվի Հայաստանի քաղաքականությունը: Վերջին դեպքում միայն հնարավոր է իրական համագործակցություն արտաքին ուժերի հետ:
Դրա փոխարեն, եթե մենք այսօր ընդունում ենք, որ մեր ռազմական պարտությունն անխուսափելի էր և անդառնալի փաստ է, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, և այլևս ի զորու չէ դիմադրել, ավելին՝ որ պատերզմի մեղավորն էլ մենք էինք, դրանով իսկ կամա թե ակամա մաս ենք դառնում Ադրբեջանի վասալ պետության վերածվելու ծրագրին:
Այդ առաջ էր, որ Հայաստանի անկախության խնդիրը կապված էր գերազանցապես ավելի հզոր արտաքին ուժերի, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ: Հայկական մեծամիտ վերնախավը բաց է թողել այն պահը, որ այսօր Հայաստանն այն կարգավիճակի է հասել, որ դրվում է արդեն Ադրբեջանից անկախության խնդիր:
Իհարկե, դրա հետ մեկտեղ ոչ մի տեղ չեն վերացել նաև անկախության սպառնալիքների այլ աղբյուրները, այդ թվում՝ ռուսականը: Բայց նրանք, ովքեր թաքուն կամ բաց մտածում են՝ Արցախը զիջենք, որ Հայաստանն անկախանա, քաղաքական մանկամիտներ են, որոնք ի վիճակի չեն իրավիճակի համարժեք վերլուծության: Ռուսական քաղաքականությանը հակադրվելու համար կար մեկ ճանապարհ՝ հաղթել ադրբեջանական բանակին: Եվ հիմա էլ կա մի ճանապարհ՝ պայքար և հաղթանակ: Բայց նույնիսկ, եթե ռուսներն այսօր հեռանան տարածաշրջանից, Հայաստանը դրանով ոչ թե անկախություն է ձեռք բերելու, այլ ստրուկի կարգավիճակ: Որովհետև թույլը, պարտվածն ու իր պարտության հետ համակերպվածն այլ կարգավիճակի արժանի չի՝ բնության, պատմության և աստվածային որևէ օրենքով:
Հայաստանի անկախությունը հնարավոր չէ ձեռք բերել անվերջ զիջումներով, այլ միայն պայքարով և այնպիսի քաղաքականությամբ, որը բխում է իրականությունից, այլ ոչ թե անհիմն երազանքներից:
Ուստա Հրանտ
«Մարտական եղբայրություն» միաբանություն