Հանրությունը պետք է ճանաչի իր իրական և կենդանի հերոսին
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Ալեքսանդր Բուռնազյանը գրում է
Արմանի մասին այս օրերին գրում և արտահայտվում են շատերը, և իրոք նրա պես անձնավորության մասին մեր ապատիայով տառապող հասարակության մեջ պետք է իմանան բոլորը։
Այդպես ստացվեց, որ Արմանի կենսագրությանը սկսեցի ծանոթանալ հակառակ հերթականությամբ։
2023թ. հունվարն էր կամ փետրվարը, նոր էի սկսել Մարտականի գրասենյակ այցելել, Հրանտի դասախոսություններից մեկն էր, զգացի, որ ինչ-որ աժիոտաժ կա։ Մեկն ասաց՝ իմացե՞լ ես, Արմանն է եկել Ղարաբաղից։ Ես էլ դեռ չգիտեի՝ Արմանն ով է, և, երևի թե, իմ դեմքի տարակուսած արտահայտությունից ելնելով, ավելացրեցին. «Էդ ինքն է եղել, որ Ղարաբաղի սպեցնազի հետ Ջերմուկի դիրքերում ադրբեջանցիների թիկունքն է մտել ու հանել այնտեղ մնացած մեր զինվորներին»։
Գիտե՞ք, Մարտականում, որի կորիզը կազմում են 2020թ. պատերազմի գաղափարական և մինչև վերջ կռիվ տված տղերքը, այն մարդիկ, ովքեր Քարվաճառն անառիկ են պահել, Շուշիի տակ կռվել, յուրաքանչյուրն էլ իրենից մի ուրույն կերպար է ներկայացնում, ինչ-որ մեկի շուրջ ստեղծված այսպիսի մթնոլորտը իմ համար վկայում էր, որ էստեղ մի ուրիշ կարգի երևույթի հետ գործ ունենք։
Հետո իմացա, որ Արմանը բնավ Ջերմուկի դիրքերից մոլորված զինվորներին տարհանելով չէ հայտնի առաջին հերթին, իմացա, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իրականացրել է մեծ վարպետություն և խիզախություն պահանջող բազմաթիվ գործողություններ, ներառյալ դիվերսիոն բնույթի՝ հակառակորդի թիկունք ներթափանցելով և պատճառելով մեծաթիվ կենդանի ուժի ու տեխնիկայի վնասներ։
Ավելի ուշ իմացա, որ նա նաև 2016թ. Ապրիլյանի մասնակից է եղել, և վերջերս էր արդեն, որ իմացա, որ իրականում Արմանը ռազմական գործում սկսել է աչքի ընկնել և իր առաջին մեդալը ստացել է դեռ 2012թ.-ին՝ իր զինվորական ծառայության ընթացքում։
Արմանի հետ արդեն անձնական շփումից ճանաչեցի նրան որպես շատ խելացի, ոչ ստանդարտ մտածողությամբ մարդու, տաղանդավոր, երբեմն ծանր բնավորությամբ, վառ անհատականություն և միաժամանակ՝ կարգապահ թիմային խաղացող։
Արմանին կալանավորելը ֆանտաստիկ սխալ է ներկա իշխանության կողմից, քանի որ Արմանը դուրս կգա նաև այս փորձությունից՝ կոփված, ավելի ուժեղացած անձնավորություն։
Մենք էլ առիթն օգտագործենք՝ հանրությանը ծանոթացնելու իր իրական և կենդանի հերոսի հետ։
Մարդ, որը, վստահ եմ, մեծ դեր ունի խաղալու մեր երկիրը նորից հաղթանակած դարձնելու գործում։