Սահմանադրության փոփոխությունը խաղաղության չի բերելու

Հրաժարում Անկախության հռչակագրից

Այս պատկարացումից ելնելով նրանք 2020-ի նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրեցին՝ զիջելով հայկական Արցախը ռուսներին և թուրքերին ու սպասելով շուտափույթ խաղաղությանը:

Հրաժարում Անկախության հռչակագրից (որի մեջ հղում կա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թ. ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշմանը) պատերազմից ապահովագրվելու և խաղաղություն ստանալու նպատակով նորահայտ բանաձևն իրականում հերթական խաբկանքն է:

Այս քայլով (եթե իրոք անկեղծ հավատում են սրան, այլ ոչ թե մտածված ծրագիր են իրականացնում) Հայաստանի ղեկավարությունը հերթական և մի ավելորդ անգամ ի ցույց է դնում իր քաղաքական անհամարժեքությունն իրավիճակին: Բացարձակ և անշրջելի անհամարժեքությունը:

Նրանք շարունակում են հայտնի կենդանուն արժանի համառությամբ պատկերացնել, որ պատերազմի և խաղաղության խնդիրը Ղարաբաղյան հարցն է, որը զուտ հայ-ադրեբաջանական է:

Հետևաբար նրանց թվում է, որ եթե վերջնականապես մեջտեղից հանվի Ղարաբաղյան հարցը, կհասնենք խաղաղության, և նույնիսկ, Աստված ների, անկախության և ինքնիշխանության:

Այս պատկարացումից ելնելով նրանք 2020-ի նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրեցին՝ զիջելով հայկական Արցախը ռուսներին և թուրքերին ու սպասելով շուտափույթ խաղաղությանը: Ամենայն լրջությամբ օր օրի սպասում էին, որ ուր որ է հարցերը կլուծվեն և անգամ Թուրքիայի հետ սահմանը կբացվի: Չէ որ պատճառը Ղարաբաղն էր։ Բայց այդպես չեղավ բնականաբար:

2023-ի մայիսին վերջնականապես ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` կիլոմետրերով ու մետրերով՝ հրաժարվելով Արցախից՝ այս անգամ նաև պաշտոնապես: Օր օրի սպասում էին, որ այս անգամ հաստատ կնքվելու է խաղաղություն։ Չեղավ:

2023-ի սեպտեմբերին ամբողջ Արցախը մեկ օրում հանձնվեց համատեղ ջանքերով՝ Հայաստան-Ադրբեջան-Ղարաբաղի ղեկավարություն-Ռուսաստան-Թուրքիա (թե ինչու հենց այս դասավորությամբ, պատրաստ եմ ապացուցել), և դրանից հետո թվում էր՝ խաղաղությունը երաշխավորված է, չէ որ Ադրբեջանը հասավ իր բոլոր նպատակներին, և նույնիսկ Արցախի գոյության պատրանքը, որ կար մինչ այդ, վերացավ: Սպասում էին խաղաղության կնքում մինչև տարվա վերջ: Չեղավ:

Այսքանից հետո մարդ իրոք պետք է ինչ որ լուրջ խնդիրներ ունենա, որ մտածի, թե խաղաղության պայմանագրի կնքումը և ընդհանրապես պատերազմի և խաղաղության հարցը կապ ունի Արցախի հետ, և չհասկանա, որ Արցախ, Ղարաբաղյան հարց և այլն պատերազմի առիթն են, հետևաբար Արցախի անվերջ զիջմամբ բոլոր հնարավոր ձևաչափերով որևէ կերպ հնարավոր չէ հասնել խաղաղության:

Բայց արի ու տես, որ նույն անմտությունը շարունակվում է:

Հիմա էլ հրաժարվենք Հռչակագրից ու դրան հղում անող Սահամանադրությունից, որովհետև այդտեղ հիշատակվում է Ղարաբաղը, և կստանանք խաղաղություն: Այսինքն՝ նորից հրաժարվենք Ղարաբաղից, որ ստանանք խաղաղություն: Չորս տարվա մեջ սա արդեն չորրորդ հրաժարումն է:

Արդյունքը նույնն է լինելու: Խաղաղությունը չի կնքվելու մի պարզ պատճառով. Հայաստանի դեմ շարունակվող պատերազմի բուն պատճառը Ղարաբաղը չէ, իսկ պատերազմի կողմերը միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն:

Սրա մասին «Մարտական եղբայրությունը» բոլոր հնարավոր ձևաչափերով ասում է սկսած իր հիմնադրման օրվանից և առաջին իսկ հրապարակային հայտարարությունից՝ 2021-ի սեպտեմբերից։

Իհարկե, այս հարցում ունենք համախոհներ:

Բայց ոչ միայն կառավարող ուժը, այլև քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը չի ուզում հասկանալ այս պարզագույն իրողությունը, և չի փորձում սրանից ելնելով կառուցել իր գործողությունները:

Պատերազմը, որը վարվում է մեր դեմ, շարունակվում է, և դրա ստրատեգիական նպատակները չեն փոխվում, չեն փոխվում նաև պատերազմող կողմերը:

Սա անկախության պատերազմ է, ոչ թե Ղարաբաղի: Եվ մեր դեմ սա վարում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նրան հովանավորող ռուս-թուրքական դաշինքը՝ իր հայաստանյան ցանցով հանդերձ:

Մեր կառավարությունն իր հերթին երբեք չի հրաժարվելու իր որդեգրած քաղաքականությունից, որովհետև չունի որևէ Պլան Բ: Նրանց միակ «Պլանը» ամեն գնով խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելն է, որն ի սկզբանե անիրատեսական է: Դրանից դուրս նրանք չեն պատկերացնում որևէ տարբերակ, քանի որ վախներն ամուր չափած է ու բռնած: Իսկ դա նշանակում է, որ ուղեղն ու կամքն անջատած է, և նրանցից հնարավոր է ի վերջո կորզել ցանկացած զիջում, այդ թվում նաև անկախությունից հրաժարումը:

Հրանտ

«Մարտական եղբայրություն» միաբանությու

Social