Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Կարմեն Մարտիրոսյանը գրում է՝

Բաքվում մարդակերպ գազանների կողմից հայերի ջարդերի շաբաթն է։ Նախորդ օրերին արդեն ատելություն էր գեներացվել հայերի նկատմամբ, շատերին աշխատանքից ազատել էին, ահաբեկել, ծեծ ու ջարդի ենթարկել։ Հակահայկական հիստերիան առկա էր դեռևս 1988 թվականի դեկտեմբերի վերջից։ 1990 թվականի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը' խմբերի բաժանված, նախապես ցուցակագրված հասցեներով ներխուժեց հայերի բնակարաններ. սկսվեցին դաժան բռնարարքները տներում' մարդկանց դուրս էին նետում պատուհաններից, սպանում երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարում կանանց, շատերին ողջակիզում։ Հետո հայտնվեցին ԱԺՃ-ի ներկայացուցիչները' այլ գլխարկներով թուրքեր (հաճախ՝ բնակարանի համար այսպես կոչված «օրենքներով ձևակերպված» փաստաթղթերով)՝ «կյանքը փրկելու» պատրվակով անմիջապես նավահանգիստ մեկնելու առաջարկությամբ։ Հայ բնակչությունից խլեցին դրամը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը։ Նավահանգստում ԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկեցին տեղահանվածներին, կողոպտեցին, հաճախ նաև ծեծեցին նրանց ու Կասպից ծովով լաստանավերով ուղարկեցին Թուրքմենստան։ Նույնը' նաև օդանավակայանում։ Ջարդերին աջակցում էին իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրում էին հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները' հայերի մահը վերագրելով սրտային խանգարումների։ Սա մնաց չճանաչված Ցեղասպանություն։ Անցյալ երկու տարիներին ես հավաքեցի վկայություններ Արցախյան վերջին դեպքերի ականատեսներից. նրանց պատմություններն ադրբեջանցիների' 2020-ից 2023-ի ցեղասպանական գործողությունների մասին հաճախ ընդմիջվում էին երեսուն - հիսուն - հարյուր տարվա վաղեմության նմանատիպ արարքների վերհուշով։ Ցեղասպանությունը շարունակվել է ու հիմա էլ ընթանում է... Թուրքը, ադրբեջանցին երբեք չի դադարել իր թուրը սրել մեր ոսկորների վրա, երբեք չի փոխել տարածաշրջանն առանց հայերի տեսնելու իր ծրագրերը... ու երբեք էլ չի փոխվելու։ Չի' փոխվելու թուրքը, նայեք նրանց վերջին քարտեզները, լսեք ելույթները, թերթեք դասագրքերը... չի' փոխվելու։ Վերջապես, դա պիտի դնենք մեր պետական ռազմավարության հիմքում, որ դադարենք կորցնել ու կոտորվել...
