Ո՞վ է պատասխան տալու
Ո՞վ է պատասխան տալու
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Ռուբեն Դալլաքյանը գրում է.
2020 թ. պատերազմից հետո ոչինչ չի փոխվել. դեռ շարունակում են մի մեքենայով 30-40 զինվոր տեղափոխել։
ԱԹՍ-ի մեկ հարվածով քանի՜ այսպիսի մեքենաներ են պայթել` խլելով բազմաթիվ կյանքեր։
Ինչքա՜ն ասվեց, որ սա անթույլատրելի է, որ անհրաժեշտ են համեմատաբար փոքր մեքենաներ, որպեսզի հնարավոր վտանգի դեպքում կորուստները նվազագույնի հասցվեն...
Մինչև հիմա մատը մատին չեն տվել։
Փաստորեն անգամ ավտովթարից զոհեր ու տասնյակ վիրավորներ ենք ունենում։ Մարդկանց տեղափոխում են բեռնատարի թափքում` առանց անվտանգության տարրական կանոնների։
Սա հանցագործությու՛ն է, տոտալ անպատասխանատվություն, տոտալ ձախողում։
Սա պարզապես դժբախտ պատահար չէ, այլ` սպանություն։
Բանակի բարեփոխումներից մեծ-մեծ խոսող պաշտոնյաները սովորական մեքենաներ անգամ չեն կարողանում գնել։
Այսպիսի տարրական հարցերի մասին էլ չե՞ք մտածում, սա է՞լ չեք կարողանում կազմակերպել։
Այս անգա՞մ ով չի թողել, որ բանակի համար տարրական մեքենայի գնումներ անեք` ռու՞սը, թու՞րքը, թե՞ Պակիստանը։
Ո՞վ է ձեզնից պատասխան տալու։
Թե՞ էլի մեղքը բարդելու եք միայն վարորդի կամ մեկ այլ սովորական կատարողի վրա։
Սա այսօրվա ղեկավարության դեմքն է` հանցագործ, անպատասխանատու, անկարող, տգետ։