Վարչապետը նշում է, որ 2020-ից դասեր է քաղել և այժմ չի ուզում կրկնել նույն սխալը
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանի գրառումը
Վարչապետը նշում է, որ 2020 թ-ից դասեր է քաղել և այժմ չի ուզում կրկնել նույն սխալը՝ այսինքն, թեկուզ զիջումներով կամ փոխզիջումներով, պետք է խուսափել պատերազմից։
Ամբողջ խնդիրն այն է, որ սկսած 1994 թվականից Հայաստանը վարել է պատերազմից խուսափելու քաղաքականություն և դա ներկայացվել է որպես հանճարեղ դիվանագիտություն։
Այս քաղաքականության գաղափարական հիմքը դրել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ երկու գլխավոր բաղադրիչով՝
1․ Մասը զիջենք, որ մյուս մասը պահենք,
2․ Հայաստանը թույլ է և պիտի խուսափի պատերազմից։
Այս հիմքի վրա իրենց քաղաքականությունը շարունակել են նաև Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։
Մեր ամբողջ ինտելիգենտ վերնախավը այս գաղափարի կրողն էր՝ պիտի փոխզիջենք, որ խաղաղություն լինի։
Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, 2020 թ-ի պատերազմի վերջում վերադարձավ այդ գաղափարին՝ ինքն իր մեջ համոզվելով, որ ճիշտ է՝ պետք էր զիջել, որ պատերազմ չլիներ։
Եվ վերոնշյալ գաղափարի փիլիսոփայական հիմքը հետևյալն է՝ աշխարհը գործում է համաձայն մեծ տերությունների կառուցած կարգի, և Հայաստանը փոքր պետություն է ու պետք է տեղավորվի մեծ տերության շահերի հոսքում, որովհետև չի կարող լինել բավարար անկախ` իր սեփական շահերը հետապնդելու համար։
Հետևաբար, անհրաժեշտ է փոխզիջել, կորցնել անկախության մի մասը և ապրել, որպես մեծ տերության շահերին հարակից միավոր։
Սրա շուրջ կար ներհայաստանյան ինտելիգենցիայի փոխըմբռնում, որոնք մինչ օրս ափսոսում են, որ 1997 թ-ին չփոխզիջեցին։
Գոյություն ունի ռուսական գաղափարական դպրոց, որի վրա մեծացել է հայ ազգը և նա չի կարող այլ բան պահանջել, քան ռուսական թևի տակ «պայքարել»-ը։
Եվ Փաշինյանի սխալը ոչ թե 2020 թ-ից առաջ չփոխզիջելն էր, այլ պատերազմը կիսատ թողնելը։
Հիմա Փաշինյանը, եթե ափսոսում է իր գործած սխալների համար, ապա այդ ափսոսանքը գոնե պիտի լինի ճիշտ ուղղությամբ՝ ինչո՞ւ համաձայնեց կանգնեցնել 2020 թ-ի պատերազմը։
Պատերազմից խուսափելը չպետք է լինի ռազմավարություն, այն կարող է լինել միայն մարտավարություն, իսկ Հայաստանը 1994 թ-ից ընտրել է պատերազմից խուսափելու ռազմավարություն, որը բնական է, պետք է ավարտվեր ձախողմամբ։
Միևնույն ժամանակ, Հայաստանի իրական շահը պետք է տարբերել կեղծ շահից, իսկ իրական պայքարը՝ կեղծ պայքարից։
Հայաստանի շահը չի կարող լինել մի բան, որը ձևավորվել է ԽՍՀՄ գաղափարական ուղղորդմամբ։
Օրինակ՝ հիմա պարզ է, որ 2020 թ-ին Ստեփանակերտ պահելը Հայաստանի շահը չէր։ Հայաստանի շահն էր ստրատեգիական խորության ապահովումը և ռուսական զորքի մուտքը թույլ չտալը։
Բայց 1988 թ-ի իներցիան մեզ համոզել էր, որ ունենք Ստեփանակերտ պահելու ազգային երազանք ու շահ։
Ու դրա համար զարմանալ պետք չէ, որ Ստեփանակերտի կորստի վտանգը ստիպեց հանձնել ամեն ինչ, Ստեփանակերտը պահելու համար, կամ թեկուզ ԼՂԻՄ-ը։
Նմանապես, կեղծ է այն պայքարը, որը նորից ռուսական թևի տակ կռվել է ենթադրում, իսկ նման կեղծ պայքարի ջատագովն է, այսպես կոչված, «ընդդիմությունը»։
Այսպիսով, կեղծ հայկական շահի համար կեղծ պայքարի կոչ անելը` ամենևին հայրենասիրություն չէ։
Դա ավելի լավ չէ, քան Փաշինյանի վարած քաղաքականությունը։