Հայաստանի ներսում հայկական ազգային օրակարգի ճնշման և ադրբեջանական օրակարգի հաստատման հերթական օպերացիան

Հայաստանի ներսում հայկական ազգային օրակարգի ճնշման և ադրբեջանական օրակարգի հաստատման հերթական օպերացիան
2020 թ. Անկախության պատերազմը նոյեմբերի 9-ի համաձայնագրով դադարեցնելով Հայաստանի կառավարությունը սկիզբ դրեց անկախության զիջմանը։ Այնուհետև սկսեց հայկական քաղաքական ինքնության դեմ արշավ, որը Հայաստանի դեմ շարունակվող պատերազմի հոգեբանական, քարոզչական մաս է։
Հանրապետության հրապարակում թուրքերի (ադրբեջանցիներ, Իրանի քաղաքացիներ) մասնակցությամբ Ղարաբաղ երգի կատարումը այս շղթայի հերթական մասն է։
Դրա նպատակներն են.
-
Հայ ժողովրդի մեջ սերմանել վախի, անվստահության մթնոլորտ, զրկել սեփական երկրի ներսում անվտանգ ու պաշտպանված լինելու զգացումից։
-
Հայաստանում ստեղծել հերթական նախադեպը, քրեական գործեր հարուցելով ադրբեջանական օրակարգի դեմ հանդես եկող մարդկանց և խմբերի նկատմամբ, հենց Հայաստանի պետական համակարգերի միջոցով (ԱԱԾ, ՔԿ, ոստիկանություն, դատախազություն, դատական համակարգ)։
-
Աստիճանաբար հասունացնել թուրքերի (ադրբեջանցիներ) Հայաստան վերադարձի օրակարգը` սկզբում քննարկելու, իսկ հետո իրականացնելու նպաստավոր մթնոլորտ:
Առայժմ, մի կողմ թողնենք տեսագրությունը տարածած անձի կերպարը։ Այստեղ ավելի կարևոր են սկզբունքները, քան անձերը։ Իսկ սկզբունքայինն այն է, որ նախադեպ է ստեղծվում Հայաստանի քաղաքացուն սեփական իշխանության և ոստիկանության քննադատման համար քրեական պատասխանատվության ենթարկելը։ Սրան ապագայում ավելանալու է, ըստ էության, «ազգային թշնամանք» տարածելու հոդվածով մեղադրանքը, որտեղ ազգային թշնամանք կարող է համարվել ցանկացած ելույթ, բողոք ադրբեջանական և ավելի լայն ռուս-թուրքական դաշինքի պարտադրվող օրակարգերի դեմ: