Պատերազմը չի ավարտվել...
Մարտական Եղբայրության անդամ Արամայիս Աղաբեկյանը գրում է.
«Հայաստանի Հանրապետության դեմ վարվող պատերազմի մարտավարությունը. ինչպե՞ս է հնարավոր հակադարձել դրան» .
Մարտական Եղբայրությունն այսօր, ժամը 19:00-ին Երևանում, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, այս թեմայով քաղաքական քննարկում է կազմակերպում:
Քննարկման նպատակներից է նաև ժողովրդական լայն զանգվածներին իրազեկելը առ այն, որ պատերազմը միայն անմիջական ռազմական գործողությունները չեն։
Ռազմական բաղադրիչից զատ օգտագործվում են տեղեկատվական, քաղաքական, հոգեբանական գործիքներ։
Հասարակությունը, ցավոք սրտի, ժամանակավոր լրջանում է այն դեպքում, երբ հակառակորդը դիմում է ռազմական գործոնին, երբ լսում է գնդակոծության և սահմանին տեղի ունեցող ռազմական սադրանքների մասին։
Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմը միայն մարտի դաշտում չէ, այն շարունակվում է մշտական ռեժիմով և երբեք էլ չի ընդհատվել։
Այն չի ավարտվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, չի ավարտվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։
Այժմ Հայաստանի Հանրապետության պետականության թշնամիները դիմելու են ցանկացած գործիքի։
Ընդ որում, դա անելու են հաշվի առնելով իրենց ռեսուրսները թե' դրսում, թե' ներսում։
Հայաստանի Հանրապետության պետականության համար պայքարը շարունակվում է, այն պահանջում է հասարակության լայն շրջանակների համախմբում և իրական ուժի ցուցադրություն։