Անգլիական մամուլը ՆԱՏՕ-ի, Բայդենի և Ռուսաստանի հետ բանակցությունների մասին

Անգլիական մամուլն անցած շաբաթ ակտիվորեն քննարկում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հնարավոր նոր թեկնածուների հարցը: Բուն հարցն արդեն ակտուալ չէ, քանի որ հուլիսի 5-ին հաստատվեց, որ գլխավոր քարտուղարը մնալու է նույնը մինչև մյուս տարի:

Սակայն քննարկումների շնորհիվ հետաքրքիր նրբություններ բացահայտվեցին ամերիկա-եվրոպական հարաբերությունների մասին:

Հունիսի ընթացքում խոսակցություն կար, որ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար կարող է դառնալ բրիտանացի Բեն Ուալասը՝ Միացյալ թագավորության պաշտպանության նախարարը: Սակայն հուլիսի սկզբին լուրեր տարածվեցին, որ Ջո Բայդենը նախընտրություն է տալիս գերմանացի Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությանը, որը 2013-19-ին եղել է Գերմանիայի պաշտպանության նախարար:

Այս լուրերն առիթ դարձան հատկապես բրիտանական պահպանողական մամուլի սուր անդրադարձի:

Օրինակ, սուր հեգնական էր «Սփեքթեյթորի» անդրադարձը:

Դրա հեղինակը պնդում է, որ Ֆոն դեր Լեյենի կարիերայի եզակի հատկությունն այն է, որ նա միշտ նոր բարձրացում է ունենում հերթական ձախողումից հետո: Հոդվածը ծաղրում է Ֆոն դեր Լեյենի «ձեռքբերումները» որպես պաշտպանության նախարար, պնդելով, որ նրա օրոք գերմանական բանակը սուր կարիք ուներ ոչ միայն զենքի և տեխնիկայի, այլև հանդերձանքի՝ ընդհուպ մինչև տաք ներքնաշորեր և այլն:

Հոդվածի ավարտին հեղինակն ակնարկում է, որ Ֆոն դեր Լեյենի ընտրության հարցում կարող է մեծ լինել Բայդենի տիկնոջ ազդեցությունը, իսկ նրա թեկնածության ընտրությունը կլինի լավագույն լուրը Պուտինի համար՝ Վագների խռովության ճնշումից հետո:

«Դեյլի թելեգրաֆ»-ի անդրադարձն ավելի վերլուծական է:

Ըստ այդմ՝ Բայդենի համար անընդունելի է եղել Բեն Ուալասի թեկնածությունը, որովհետև բրիտանական ՊՆ-ը ուկրաինական հարցում հանդես է եկել «բազեի» դիրքերից՝ հայտարարելով, որ Լոնդոնը պատաստելու է ուկրաինական օդաչուներին F16 ինքնաթիռների համար՝ առանց ԱՄՆ համաձայնության:

Հեղինակի համար Բայդենը նախընտրում է ավելի չեզոք մի թեկնածու, որը պետք է ազդանշան լինի Պուտինին, որ բանակցությունների դռները բաց են, եթե ռուսները նման ցանկություն ունեն:

Բայդենի նման դիրքորոշումը թերթը բացատրում է ամերիկյան ներքին օրակարգով՝ ներկա նախագահի վարկանիշը անկում է ապրում, իսկ նրա մրցակիցները քննադատում են ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունն ուկրաինական հարցում: Ուկրաինական հակահարձակման ոչ տպավորիչ արդյունքների ֆոնին այս խնդիրը լրջանում է:

«Մարտական եղբայրություն» միաբանության վերլուծական խումբ

Թեմաներ

    Social