Երկրպագուն գալու է արդյունքի հետևից

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի 3 ժամանոց մամուլի ասուլիսի ընթացքում հնչած բազմաթիվ բովանդակային և ոչ...

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի 3 ժամանոց մամուլի ասուլիսի ընթացքում հնչած բազմաթիվ բովանդակային և ոչ այնքան, թիրախային և ոչ այնքան, ճշմարիտ և ոչ այնքան փաստերի, մտքերի, մեղադրանքների ու այլ հայտարարությունների շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանի ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հայտարարությունը 2019թ․ ՀՖՖ այն ժամանակվա նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ․

«2019թ․ հանրությունը Վանեցյանի հրաժարականի պահանջ չի դրել։ Վանեցյանի հրաժարականը 9։1-ի համար չէր, կար այլ որոշում։ Այն ժամանակ ՀՖՖ գործկոմը ամբողջությամբ քաղաքական գործիչներից էր կազմված։ Քաղաքական որոշում ընդունվեց, որպեսզի ամբողջ ՀՖՖ-ի գործկոմից դուրս գան քաղաքական գործիչները, և ֆուտբոլը մնա ֆուտբոլիստներին։ 9։1-ը ընդամենը կատալիզատոր հանդիսացավ այդ որոշումը կատարելու համար։ Ինչ վերաբերվում է հանրային պահանջին՝ չի եղել նման բան, այն ժամանակ նման հանրային պահանջ չկար»։

Նախ, ինչ վերաբերվում է հանրային պահանջի բացակայությանը․ դեռևս 2019թ․ հոկտեմբերյան խաղերից հետո (1։1 Լիխտենշտեյնի և 0։3 Ֆինլանդիայի հավաքականների դեմ) հասունանում էր բողոքը ֆեդերացիայի ղեկավարության նկատմամբ, իսկ նոյեմբերին Հունաստանից (0:1) և Իտալիայից (1:9) կրած պարտությունները վերջնականապես ձևավորեցին հանրային պահանջը՝ ՀՖՖ ղեկավարության (գործկոմով հանդերձ) հրաժարական։ Այդ պահանջը հրապարակային հնչեցրել են առնվազն հավաքականի FAF ու Red Eagles ֆան-ակումբները: Այլ հարց է, որ այդ պահանջը կատարվել է գրեթե անմիջապես (Իտալիայից կրած խայտառակ պարտությունից 3 օր անց) և չի հասցրել դառնալ լուրջ հակամարտության պատճառ, ինչպես որ հիմա է։

Ի դեպ, այդ ժամանակ՝ հրաժարականի մասին որոշումը հայտնելիս, Վանեցյանն ու գործկոմի անդամները ընդգծել էին, որ դրա պատճառները բացառապես ֆուտբոլային են, ուստի փոքր ինչ անհասկանալի է, թե ով և երբ է խաբել հանրությանը՝ Վանեցյանն ու գործկոմը 2019-ին, թե Նիկողոսյանը հիմա։ Ինչևէ, ՀՖՖ փոխնախագահի հայտարարությունն ուշագրավ է այլ տեսանկյունից։ Նիկողոսյանի խոսքերից բխում է հետևյալ տրամաբանությունը․ ո՛չ հանրային ճնշումը, ո՛չ էլ ֆուտբոլային անհաջողությունները չեն ստիպելու ՀՖՖ ղեկավար կազմին հրաժարական տալ։ Դա կարող է տեղի ունենալ միայն քաղաքական որոշմամբ։ Այլ կերպ ասած՝ «մենք ձեզ հետ ենք, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է», կամ «քանի դեռ նրա մտքով չի անցել, որ մեր ոչ կոմպետենտ աշխատանքը ազդում է նաև իր վարկանիշի վրա»։

ՀՖՖ ղեկավարությունը չի կարող երկար պահպանել ներկայիս ստատուս-քվոն, որում հայ երկրպագուի կարծիքը կարևոր չէ, ֆուտբոլային և ոչ ֆուտբոլային արդյունքները կարևոր չեն, այլ կարևոր են միայն «քաղաքական որոշումն» ու արտաքին լեգիտիմությունը։ Երկրպագուն անհամբեր, քմահաճ և ուժեղ էակ է, նա արդյունք է պահանջելու ու գալու է այդ արդյունքի հետևից։

Թեմաներ

    Social