Մարտական Եղբայրության մասին
Մարտական եղբայրության անդամ Ռուբեն Դալլաքյանը գրում է
Ես հասկանում եմ, որ մարդկանց մոտ վստահության մակարդակը շատ ցածր է այսօր կուսակցությունների ու ամենատարբեր կազմակերպությունների նկատմամբ, ու հնարավոր է, որ շատերը դեռ ծանոթ չեն Մարտական Եղբայրություն միաբանության գործունեությանը։
Այն հիմնադրվել է 2021 թ. հիմնականում պատերազմի մասնակից անձանց կողմից, ովքեր չհանձնվող տեսակն են և նվիրված են ու հավատում են Հայաստանի ինքնիշխանության գաղափարին։ Իսկ դա նշանակում է Հայաստան հիմնված սեփական ուժերի վրա զերծ ռուսական կամ արևմտյան ստրկությունից։
Մարտական եղբայրությունը ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ Է, և դա է մեր հիմնական տարբերություններից մեկը քաղաքական դաշտում գործող կուսակցական, քաղաքական տարատեսակ կազմակերպություններից։
Միևնույն ժամանակ Մարտական եղբայրությունը զինված կառույց չէ, այլ քաղաքական։ Սա շատ կարևոր է նշելը, որովհետև շատ ուժեր մեզ փորձում են ներկայացնել իբրև զինված ռոմանտիկների խումբ, ովքեր չեն պատկերացնում աշխարհաքաղաքական իրադրությունը։
Ոչ, մենք այդպիսին չենք։
Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, տարբեր աշխատանքային խմբերով, ունենք իրավիճակի սեփական հիմնավոր և գիտական վերլուծությունը։
Պատրաստել ենք ու շարունակում ենք պատրաստել կարևոր վերլուծական ծրագրեր, հաղորդումներ (ռուս-թուրքական վանդակ, Մեր պայքարը, Քաղաքական օրագիր և այլն), որոնք շատ արժեքավոր են և հիմնված են ինչպես պատմական օրինաչափությունների, այնպես էլ ներկա աշխարհաքաղաքական զարգացումների ուսումնասիրության վրա։
Կարող եք հետևել մեր ֆեյսբուքյան, յութուբյան էջերին։
Մենք հստակ գիտենք, որ պատերազմը շարունակվում է Հայաստանի դեմ և պայքարն է միայն, որ մեզ կարող է անկախ ապրելու հնարավորություն տալ։
Իսկ խաղաղության քարոզը պարզապես քաղցր թույն է ժողովրդի ականջին և նրան ինքնապաշտպանությունից զրկելու փափուկ բարձ։
Կարևոր է նշել, որ մեզնից ոչ մեկն էլ պատերազմ չի՛ տենչում, սակայն հստակ հասկանում է, որ պետք է պատրաստ լինել պատերազմին, որպեսզի այս անգամ չկորցնենք մեր անկախությունը։
Ռուսաստանի հիմնական գործիքը մեր դեմ Ադրբեջանի բանակն է, և դրա միջոցով է փորձելու կոտրել Հայաստանը և մտցնել այն միութենական պետության մեջ։
Սակայն ով ով, մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանն ունակ է ադրբեջանական բանակին դիմակայելու։
Մեր անդամները եղել են պատերազմի ու հետագա մարտական գործողությունների (առաջին արցախյան պատերազմ, 2016-ից ընդհուպ մինչև 23 թ Արցախում) տարբեր ճակատներում, ունենք թշնամու ռազմական մարտավարության վերլուծության մեր փորձը և վստահ ենք մեր հաղթանակի վրա, եթե այն ճիշտ ղեկավարվի և կրի համաժողովրդական բնույթ։
Ցավոք այսօրվա իշխանությունը չափազանց հեռու է այդ գիտակցումից և զուրկ է պայքարի կամքից անգամ։
Մարտական եղբայրությունը գաղափար է, հավատամք` Անկախ Հայաստանի, և մենք կհասնենք մեր նպատակին հայ ժողովրդի հետ միասին։