ԼՂՀ լուծարմամբ միայն ԼՂՀ-ն չի լուծարվում

Երրորդ հանրապետության ավարտը

This image is the AI's interpretation of the text: dall-e: a group of people in a post-soviet Armenia standing at the edge of a cliff, looking down at the horizon, illuminated by a sunrise as they start to realize the end of the Third Republic and the beginning of a new independent Armenia.
This image is the AI's interpretation of the text: dall-e: a group of people in a post-soviet Armenia standing at the edge of a cliff, looking down at the horizon, illuminated by a sunrise as they start to realize the end of the Third Republic and the beginning of a new independent Armenia.

ԼՂՀ լուծարմամբ միայն ԼՂՀ-ն չի լուծարվում:

Իրականում սա նաև այսպես կոչված Երրորդ Հանրապետության, հետսովետական Հայաստանի ավարտի ազդարարումն էր: Ճիշտ է, դա նոր չի ավարտվել, այլ 2020 -ի նոյեմբերի 9-ին, բայց շատերս դա դեռ չենք գիտակցել, և շարունակում ենք կարչել դրա փրփուրներից:

Գրում եմ` հետսովետական Հայաստան, որովհետև իրապես անկախ Հայաստան մենք չենք կառուցել, և նոր պետք է կառուցենք:

Հետսովետական Հայաստանը սկսվեց 1988-ին և ավարտվում է այսօր:

Առաջնային նպատակ է դառնում այդ հետսովետական Հայաստանի մնացուկները, ներառյալ այսօրվա իշխող թիմն ու իրենց երկվորյակ զույգ ընդդիմությունը` բաղկացած "Երրորդ հանրապետության" նախկին վերնախավերից, ճամփելը` հեռու հեռուներ:

Սա միակ նպատակը չէ, և ինքնանպատակ չէ, բայց անհրաժեշտ պայման է:

Նախևառաջ պետք է վերականգնվի պատասխանատվություն երևույթը, որն այսօր ի սպառ բացակայում է` շնորհիվ այսօրվա իշխանություն-ընդդիմություն սիմական զույգի երեք տարվա փաստացի գործակցության:

Նվազագույն քայլը քաղաքական ազգ դառնալու ճանապարհին պետք է լինի պատասխանատվություն պարտադրելը:

Նախ` էսօրվա կառավարությանը` պարտության և Արցախի կորստյան համար: Չի կարող սա առանց պատասխանատվության անցնել: Սա պետք է կյանքի նպատակ դառնա: Երբեք ոչ ոք չպետք է մտածի, որ պետք է մի ամբողջ սերունդ հայերի զոհաբերությունը, ջանքը, գործը վարի տա մի քանի տարում, ու դա նորմալ է:

Երկրորդ` ՀՀ քաղաքական վերնախավի մեծ մասին` սկսած նրանցից, ովքեր քաղաքական և պետական ֆիգուրներ դարձան Ղարաբաղի անունով և պայքար, պայքար մինչև վերջի կարգախոսով: Սա էլ է պարտադիր: Իմ սերնդակիցները սզկիբն են տեսել, հիշում են: Ոչ ոք չպիտի մնա առանց պատասխանատվության: Ոչ էլ մեկը մյուսի վրա գցելով մեղքը կարող են արդարանալ:

Հասնելու համար այս նվազագույն նպատակին, պետք է ոչ թե սպասենք հերթական սուր իրավիճակին, ու հետո հարցնենք` բա հիմա ինչ անենք:

Այդպես չի ստացվի:

Երկու օրում հայրենիք չես փրկի:

Եթե սկսեինք երկու տարի առաջ, այսօր արդեն այլ իրավիճակ կունենայինք:

Դրա համար պետք է սկսել աշխատանքը` մի քանի ամսում կառուցելու համար իրապես ազդեցիկ համազգային Շարժում:

Ոչ թե տարրերային, փողոցային մի բան:

Այլ` գաղափարական, ծրագրային, կազմակերպված, Հայաստանով մեկ տարածված Շարժում:

Դա ամեն դեպքում օրերի գործ չի, որքան էլ բոլորս ուզենանք արագ լուծում:

Սա մեր ինքնիշխանության վերականգման նախնական քայլը պետք է լինի:

Շարժումը չպետք է լինի բոլորի միասնություն:

Այդպես չի լինում:

Բոլոր հայեր չկան:

Պետք է ունենալ սահմաններ` գաղափարական, արժեքային, ծրագրային, կազմակերպչական: Դրան հասնելու համար պետք է աշխատանքային պլան և ժամանակացույց:

Շարժումը չպետք է կրկնի "Երրորդ Հանրապետության" ավանդական մեթոդաբանությունը` "մենակ թե սրանք գնան", հետո կերևա: Մի անգամ արեցինք դա, տեսանք արդյունքը: Չպետք է անձնի խնդիր դրվի: Այդպես խնդիրը դնողները արդեն երեք տարի է այդ նույն անձին փրկում են:

Պետք է դրվի երկրի խնդիր, և ելքի խնդիր:

Պետք է պարզ լինի երկրիրն այս վիճակից դուրս բերելու ծրագիրը, ուղենիշները:

Մի անգամ էլ կրկնեմ:

Թող ոչ ոք չխաբվի` այսօրվա իշխող թիմը, նրա քաղաքական կուրսը, նրա էկլեկտիկ գաղափարախոսությունը միանգամայն մաս են "Երրորդ հանրապետության": Նրանք նույնպես օրգանիկ մասն են իր հետմահու գոյությունը քարշ տվող հետսովետական Հայաստանի:

Վերջինը, բայց ոչ անկարևորը:

Կա նաև Պատվի հարց:

Մենք մեր պատիվն ամբողջությամբ դեռ երկար չենք վերականգնի:

Բայց առաջին քայլը Պատվի վերականգման նա է, որ այսօրվա քաղաքական դաշտն իր հիմնական ակտորներով ճամփու դրվի, և պատասխանատվություն կրի:

Սա նվազագույն, ոչ բավարար, բայց անհրաժեշտ քայլն է:

Թեմաներ

Social